ՇԱՔԷ ԵՐԻՑԵԱՆ
Յունիսի 6ին Գրողների միութեան Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց երիտասարդ գրողների 12րդ համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Հայաստանից, Արցախից եւ Վրաստանից: ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնեանը, ողջունելով ներկաներին, կարեւորեց մարդկային յարաբերութիւնները, երիտասարդ գրողների շփումները, աւագ եւ երիտասարդ գրողների միջեւ երկխօսութիւնը: Նրա հաւաստմամբ՝ այս խորհրդակցութիւնները փորձի փոխանակման հնարաւորութիւն տալով, միաժամանակ օգնում են գտնելու նոր անուններ, ինչպէս նաեւ ստեղծելու նոր, հետաքրքիր գործեր: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճեանը խօսեց երիտասարդական գրականութեան մի քանի հիմնախնդիրների շուրջ, անդրադարձաւ մասնաւորապէս այն հարցադրումներին, թէ 90ականներից յետոյ եկած սերունդը ինչպէս է նայում կեանքին, մեր ազգային արժէքներին, ինչ մտածողութիւն ունի, ինչպէս է գնահատում այսօրուայ իրականութիւնը եւ ինչ հեռանկարներ է տեսնում: Ընդգծելով ժամանակի մէջ շփոթուածութեան, այսօրուայ արժէքների փնտռտուքի, մենութեան, ընկճուածութեան, յուսահատութեան դրսեւորումները. նա նշեց, որ միեւնոյն ժամանակ երիտասարդական գրականութեան մէջ շրջանառւում են նաեւ դասական արժէքները՝ «Կայ համոզուածութիւն, որ մենք ունենք արժէքներ, որ անցեալից են գալիս եւ կան իդէալներ, որոնց մենք ձգտում ենք»:
Գրականագէտ Արմէն Աւանեսեանը՝ «Երիտասարդական արձակի արդի վիճակը» զեկուցման մէջ, ներկայացնելով 2012-2014թթ. պետական աջակցութեամբ տպագրուած գրքերը, որոնք աչքի են ընկնում իրենց բազմազանութեամբ, ուրուագծային երանգներով անդրադարձաւ հայ արձակին: Նա ընդգծեց այն փաստը, որ պօէզիան պայմանականութիւնները քանդում է, գնում դէպի աւելի անմիջական խօսակցութեան, փորձում է դառնալ կեանքի հայելային արտացոլանքը: Այնինչ արձակը առաւելապէս գնում է դէպի պայմանականութեան, վիրտուալ տարածքներն են հիմնականում դառնում արձակի գեղարուեստական հիմքը: Այնուհետեւ Ա. Աւանեսեանը արժեւորեց գրական մամուլի՝ «Գրանիշ», «Նարցիս», «Գրական Թերթ», «Անդին» հանդէսների դերը, որոնց էջերում ներկայանում են երիտասարդներն իրենց ստեղծագործութիւններով, իսկ «Գրեթերթ»ն ու «Ցոլքեր»ը երիտասարդական միտուածութիւն եւ յատուկ շեշտադրութիւն ունեն: Այդ թերթերը, ըստ բանախօսի, փորձադաշտ են, որտեղ թրծւում են երիտասարդ գրողները: «Այն հեղինակները, ովքեր մամուլի միջով են հասնում գրքի, աւելի հասունացած, աւելի կայացած են լինում, քան նրանք, ովքեր ինչ գրում, միանգամից տպագրում են. վերջիններս թափթփուած եւ թոյլ կառուցուածք են ունենում շտապողականութեան, հապճեպութեան պատճառով», ասաց նա:
Բանաստեղծ Արտէմ Յարութիւնեանը կարեւորեց պատմական իրադարձութիւնների, կեանքի տուեալ հատուածի շատ երեւոյթների, հասարակական, պատերազմական, հանրային զգացողութիւնների անդրադարձը ստեղծագործութիւններում: «Բառը ունի նաեւ հասարակական եւ քաղաքական աստառ, պէտք է հասնել այդ աստառին», ասաց նա: Ըստ գրականագէտ Յասմիկ Յակոբեանի՝ անկախութեան սերնդի համար ժամանակակից գրականութեան ամենաբնորոշ գիծը յստակ ժամանակազգացողութիւնն է, ժամանակափնտռտուքը, մենութեան ձգտումը, անձնականացումը: Նրա բնորոշմամբ՝ ժամանակակից գրականութիւնը ոչ մի իդէալ չի փնտռում, բոլոր մոլորութիւնները, ժամանակի մէջ բոլոր շրջանառութիւնները, ինքնափնտռտուքը, մենութիւնը ոչ թէ երջանկութեան կամ դժբախտութեան որոնումներ են, այլ ինքնավերացարկուած ապրելու մոդել: «Այսօր երիտասարդ գրողների գործերում աշխարհը աւելի գեղեցիկ դարձնելու ճիգը չկայ, պարզապէս ապրում ու գրում են այն, ինչ տեսնում են, եւ դա կարող է ո՛չ գեղեցիկ լինել, ո՛չ էլ իդէալի փնտռտուք», մասնաւորեց նա: Բանաստեղծ Կարէն Անտաշեանն իր մտահոգութիւնները յայտնեց փորձարարութիւն անելու ճիգի բացակայութեան մասին եւ կարեւորեց պօէզիայում լեզուական վերարժեւորումներ անելու փորձը: «Պէտք է շեշտը դնել գեղարուեստական տարբեր փորձարարութիւնների վրայ», նշեց նա:
Արձակագիր Ալիս Յովհաննիսեանն անդրադարձաւ երիտասարդ գրողների գործերին բնորոշ միայնութեան թեմային, ընդգծեց գեղագիտական իդէալով առաջնորդուելու գաղափարի անհրաժեշտութիւնը: Բանաստեղծ Վահէ Արսէնի հաւաստմամբ՝ չի գործում կարեւոր էատարրերից մէկը՝ ընթերցողը, որն ուղղակիօրէն ազդեցութիւն ունի գրողի վրայ ենթագիտակցական մակարդակում: Նա վստահեցրեց, որ գրողների եւ գրականագէտների միջեւ ներքին լարուածութիւնը պայմանաւորուած է ընթերցողների բացակայութեամբ: Երիտասարդական արձակի արդի վիճակի մասին իրենց դիտարկումներն արեցին նաեւ բանաստեղծներ Արեւշատ Աւագեանը, Նշան Աբասեանը եւ ուրիշներ: Այնուհետեւ տեղի ունեցաւ պետական աջակցութեամբ տպագրուած երիտասարդ գրողներ Քրիստինէ Յովսէփեանի «Սեւ թուղթ», Կարէն Անտաշեանի «Ծիլի-ծով», Էլֆիք Զոհրաբեանի «Հոգեվիճակ 13» գրքերի գինեձօնը:
Վրացի գրողներ Իլիա Կիլաձէն, Գէորգի Լիպարիշվիլին, երիտասարդ հայ գրողներ Սոֆիա Մանուկեանը, Լուսինէ Եղեանը, Անի Յովնանը, Քրիստինէ Յովսէփեանը, Նելլի Սահակեանը, Արամ Մամիկոնեանը, Նշան Աբասեանը եւ ուրիշներ կարդացին իրենց բանաստեղծութիւններից:
Երկրորդ օրը բանաստեղծ Վահէ Արսէնը ելոյթ ունեցաւ «Երիտասարդական պօէզիան գրական մամուլում» խորագրով զեկուցմամբ: Նրա դիտարկման առանցքում Արամ Մամիկոնեանի, Ռուզաննա Ոսկանեանի, Մանէ Գրիգորեանի, Անի Յովնանի եւ Լուսինէ Եղեանի ստեղծագործութիւններն էին, որոնց ուսումնասիրութեան հիման վրայ Վ. Արսէնը նկատում է, որ երիտասարդների պօէզիան հիմնականում պտտւում է ներանձնային խնդիրների շուրջ, ինչը ունի թէ՛ դրական, թէ՛ բացասական կողմեր: Դրականն այն է, որ երիտասարդները խոստովանում են իրենց թէկուզ փոքրիկ, բայց յաճախ հարուստ եւ որոշ դէպքերում դեպրեսիւ կենսափորձը, իսկ բացասականը՝ երիտասարդները սեւեռւում են սեփական անձի, ապրումի շուրջ՝ յաճախ թէ՛ իրականութիւնից, թէ՛ գրականութիւնից փախուստի միջոցներ փնտռելով. այստեղ փորձերը երբեմն յաջող են եւ պօէտական: «Երիտասարդութիւնը յստակօրէն արտացոլում է ժամանակակից մարդու հոգեվիճակը, նրա տուայտանքները, ներկայացնում է այն, ինչի հետ այսօր կապւում է մարդը: Այսօր մարդն սկսում է փակուել իր խխունջապատեանի մէջ եւ այլ ելք կարծես դրսում չի գտնում», ասաց նա:
Փաստելով, որ հայերէնն ահռելի հնարաւորութիւններ է ընձեռում՝ Վ. Արսէնն ընդգծեց լեզուական նորարարութեան կարեւորութիւնը եւ երիտասարդ գրողներին խորհուրդ տուեց լեզուական կաղապարները յաղթահարելու փորձեր անել: Նա, բանաստեղծական պատկերները բաժանելով երկու խմբի՝ սուբյեկտիւ (բանաստեղծի) եւ օբյեկտիւ, շեշտեց, որ չափից աւելի օբյեկտիւ պատկերները հեղինակին, հեղինակի եսը դանդաղօրէն դուրս են մղում, ինչի հետեւանքով կառոյցը իր մէջ լիցք չի պարունակում: Անդրադառնալով բանաստեղծութեան մեր գերակշռող ներանձնային խնդիրներին՝ Վ. Արսէնը կոչ արեց այդ տարածքից հնարաւորինս հրաժարուել եւ տեղափոխուել աւելի լայն տիրոյթ: «Պէտք է կարողանալ սեփական զգացմունքը յաղթահարել եւ վերածել զգացումի, տրանսֆորմացիայի (ձեւափոխութեան-Խմբ.) ենթարկել զգացմունքը: Եթէ տրանսֆորմացիա չկայ, եթէ ապրումը չի յաղթահարւում եւ մնում է, ունենում ենք օբյեկտիւ, լճացնող տարր, ինչը համահարթեցնում է ամէն ին»չ, ամփոփեց բանախօսը: Վահէ Արսէնի զեկոյցում արծարծուած գրական խնդիրների մասին կարծիքներ յայտնեցին նաեւ բանաստեղծներ Էդ. Միլիտոնեանը, Ա. Յարութիւնեանը, Ն. Աբասեանը, Ա. Աւագեանը, Կ. Անտաշեանը, գրականագէտներ Ս. Աբրահամեանը, Ա.Պետրոսեանը:
Երրորդ օրը ելոյթ ունեցաւ գրականագէտ Արքմենիկ Նիկողոսեանը՝ «Երիտասարդական գրականութիւնը եւ քննադատութիւնը» թեմայով: Ըստ նրա՝ 70, 80, 90ականների Հայաստանի գրական մամուլից պարզ է դառնում, որ քննադատութիւնը ժամանակակից գրականութեանը ուշադրութիւն էր դարձնում առաւելապէս տարեկան անդրադարձների, համագումարային զեկուցումների առիթով, եւ այդ պարագծում նոր-նոր գրական ասպարէզ մտնող, գրականութեան յայտ ներկայացնող գրողները յայտնւում էին որոշակի լուսանցքում, եւ նրանց անդրադարձը կատարւում էր անունների յիշատակման մակարդակում: Այնինչ 2001ից գրական ասպարէզ մտած երիտասարդ գրողները անմիջապէս զգացին քննադատութեան ներկայութիւնը իրենց թիկունքին եւ իրենց կողքին: Քննադատութեան դաշտն էլ այս շրջանում համալրուեց տաղանդաւոր երիտասարդ քննադատներով՝ Ք. Յովհաննիսեան, Ս. Դվոյեան, յետագայում նաեւ Ա. Նիկողոսեան, Հ. Համբարձումեան, Վ. Դանիէլեան, Հ. Յակոբեան, Ա. Աւանեսեան, ովքեր իրենց ուսերին վերցրին իրենց սերնդակիցներին հանրութեանը ճանաչելի դարձնելու առաքելութիւնը: Ա. Նիկողոսեանը գնահատեց 2003ի վերջին եւ 2004ի սկզբին «Գրական Թերթ»ում յաւելուածի ստեղծումը, որտեղ հնարաւորութիւն էր տրւում դրսեւորուել գրողներին: Այդ յաւելուածի էջերում երիտասարդ գրականագէտները ներկայացրին իրենց սերնդակցին՝ շրջանառելով նրա անունը գրական շրջանակներում: Ա. Նիկողոսեանը անդրադարձաւ նաեւ «Գարուն» ամսագրում իրականացուող «Գրականութիւն» նախագծին, որը յետոյ տեղափոխուեց «Գրեթերթ»: Այդ շրջանում քննադատութիւնը փորձեց ընդհանուր միտումների մէջ ամրագրել երիտասարդների բերածը: «Երբ խօսւում էր ժամանակակից գրականութեան զարգացման օրինաչափութիւնների, խնդիրների, տարբեր ժանրերի պարագծում նոր միտումների երեւան գալու մասին, արդէն գնահատում էին նաեւ ժամանակակից երիտասարդ գրողների գործերը», ասաց նա եւ յաւելեց. «Այսինքն՝ քննադատութիւնը կարողացաւ ոչ միայն երիտասարդ գրողների ստեղծածը ներհիւսել ընդհանուր գրական պրոցեսին, այլեւ կարողացաւ գրողներին ինչ որ չափով կողմնորոշել», ասաց նա: Անդրադառնալով վերջին տարիներին ի յայտ եկած գրող-քննադատ հակասութեանը՝ բանախօսը վստահեցրեց, թէ որքան էլ գրողը ներքին գիտակցումը ունենայ իր ստեղծածի հանգրուանային արժէքների, հանգրուանային փուլերի մասին, այնուամենայնիւ քննադատութիւնն է, որ պիտի առարկայացնի դա, որպէսզի գրականութիւնը շարժուի մէկ քայլ առաջ: Բանաստեղծ Արեւշատ Աւագեանի համոզմամբ՝ գրականութիւնը պէտք է ունենայ կրթելու, դաստիարակելու, մարդուն դէպի ազատութիւնը, արդարութիւնը, բարեկեցութիւնը տանելու ուղղութիւն, գրողները պէտք է համամարդկային բարձր արժանիքների կրողները լինեն՝ չմոռանալով ազգայինը: Գրական չափանիշների, առողջ քննադատութեան մասին ելոյթ ունեցան նաեւ Էդ. Միլիտոնեանը, Պ. Դեմիրճեանը, Հ. Համբարձումեանը, Ա. Յարութիւնեանը, Կ. Անտաշեանը, Ս. Աբրահամեանը, Ն. Աբասեանը, Վ. Արսէնը: Համաժողովի օրերին տեղի ունեցան նաեւ հանդիպումներ թեմատիկ խմբերում, ինչը, անկասկած, լաւագոյն հարթակ է փորձի փոխանակման, գրական սերունդների միջեւ շահագրգիռ երկխօսութեան կայացման համար:
«Գրական Թերթ»