ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».- Երկրաշարժին իբրեւ հետեւանք անօթեւան մնացած ընտանիքներուն բնակարանային հարցերուն լուծման վերաբերող եւ պետական աջակցութիւն վայելող Բնակարան ապահովելու ծրագիրով (2008-2020) յառաջիկայ տարի 3 միլիառ դրամով պիտի լուծուի 226 ընտանիքներու բնակարանային հարցը։ Լրագրողներու հետ հանդիպման մը ընթացքին այս մասին յայտնեց Հայաստանի քաղաքաշինութեան կոմիտէի Բնակարանային ֆոնտի կառավարման եւ ենթակառուցուածքներու վարչութեան պետ Տանիա Արզումանեան:
Ան նշեց, որ 2019-ի ծրագիրով նախատեսուած էր 288 ընտանիքներու հարցի լուծումը՝ 1,85 միլիառ դրամով: «2019 թուականի ծրագիրը նախատեսուածից անհամեմատ արագընթաց տեմպերով ստացուեց առաջ տանել», յայտնեց Տ. Արզումանեան։
Երկրաշարժին իբրեւ հետեւանք անօթեւան մնացած ընտանիքներու բնակարանային հարցերու լուծման պետական աջակցութեան կարիք ունեցող նկատուած են 5396 ընտանիքներ՝ Շիրակի, Լոռիի եւ Արագածատոնի մարզերէն: 2008-2017-ին 4838 ընտանիքներու բնակարանային հարցերու լուծման համար տրամադրուած է շուրջ 65 միլիառ դրամ։ 2018-ի դրութեամբ բնակարանային պայմաններու բարելաւման կարիք ունէին 558 ընտանիքներ: 2018-ի ծրագիրով բարելաւուած է 44 ընտանիքներու հարցերը (0,46 միլիառ դրամ):
Տ. Արզումանեան յայտնեց, որ աղէտի գօտիի բնակավայրերը ընդհանուր առմամբ տակաւին չեն թօթափած երկրաշարժի ծանր հետեւանքները, խնդիրը ո՛չ միայն բնակարանային եւ ընկերային է, այլ նաեւ այդ քաղաքները քաղաքաշինական միջավայրի առումով արժանաւոր կերպով վերականգնուած չեն: «Դրան «նպաստում են» ոչ-հիմնական շինութիւնները, որոնք կան քաղաքների տարբեր մասերում: Փաստագրուել են ոչ հիմնական 7219 շինութիւն՝ աւտոտնակներ, սովորական քարաշէն կառոյցներ, մետաղական, փայտեայ, կիսաքարաշէն վագոն տնակներ: Ոչ-հիմնական շինութիւններից 3531-ը Շիրակի մարզում է, 3530-ը՝ Լոռիում, 158-ը՝ Արագածոտնում: Գիւմրիում տնակների թիւը 2800-ն է», տեղեկացուց ան:
Տ. Արզումանեանի համաձայն՝ անոնց 99 տոկոսը բնակութեան նպատակով կ՛օգտագործուի. «Ովքե՞ր են այդ ընտանիքները: Մեծ կտորը բաժին է ընկնում ներքին միգրացիային (գաղթին-Խմբ.), մի մասը ընտանեկան ներքին անհամաձայնութիւնների պատճառով գնել է տնակ ու ապրում է այդտեղ, զգալի մասը երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներն են: Բայց այս մասով եւս շատ տարբեր են նրանց կարգավիճակները. նրանց մէջ կան ընտանիքներ, որոնք նախկինում ստացել են բնակարաններ, վաճառել են, ընտանիքներ, որոնք ստացել են բնակարաններ, սակայն ընտանիքի մեծ լինելու պատճառով մի մասը տնակում է ապրում, մի հատուած կայ, որ կորցրել են երկրաշարժի հետեւանքով բնակարանները, սակայն սահմանուած ժամկէտում տարբեր պատճառներով չեն դիմել պետական ծրագրերում ընդգրկուելու համար, մի հատուածը նրանք են, ովքեր թէեւ դիմել են, բայց կորցրել են նախկինում պետական ծրագրերի շրջանակներում իրենց բնակարանային պայմանները բարելաւելու իրաւունքը: Ձեւաւորուել է մօտեցում՝ փուլ առ փուլ, ըստ խմբերի անդրադառնալ ոչ հիմնական շինութիւնների խնդրին»:
Ան տեղեկացուց, որ այս տարի կարելիութիւն ունեցած են 2020-2022 թուականներու պիւտճէէն ֆինանսական միջոցներ նախատեսել Գիւմրիի մէջ 3, մէկական՝ Սպիտակի եւ Վանաձորի մէջ բազմաբնակարան շէնքեր կառուցելու համար։