Մերրի Սահակյան
Էլի գարուն կգա՞։ Կբացվի՞ վարդը։
Կհալչի՞ ձյունը արնոտ լեռներում…
Ինչ գորշ օր է։ Առավոտից ձյուն է մաղում։
Հիասթափությունը բռնել է օձիքիցս։
Ագռավի երգը օդն է քերծում։
Սենյակս բուրում է դեղահոտ վարդերով։
Երկինքն այսօր աչքերիս դեղ չի անում։
Ինչ գորշ օր է։ Առավոտից արև չկա։
Փակ աչքերով դրախտ եմ մտել,
Խնձորի այգիներ են՝ լի իմաստնության պտուղներով,
Ինձ երջանկության մեկ պտուղ է պետք,
Բայց ոչ մի ծառ գիրկս չնետեց այդպիսի մեկը,
Որ ինձ իսկական Եվա զգամ։
Ինչ գորշ օր է։ Գրիչս չի շարժվում։
Մուսան էլ ինչպես աշխարհի բոլոր հաճույքները
Սկսում է մի օր զզվեցնել։
Գրում եմ առանց հանգի։
Մեկ է՝ չես կարդալու,
Մեկ է՝ գորշ է օրը ու
Այսօր այլևս արև չի ծաղկելու…