ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում հունվարի 28-ին տեղի է ունեցել Հայոց բանակի կազմավորման 26-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչներ, զինված ուժերի տեսակների, պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության բարձրաստիճան սպաներ և պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական և ռազմադիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը, Իրանի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Տ. Սարգիս Եպս. Դավթյանը, Թեհրանի, Թավրիզի և Սպահանի հայկական համայնքային իշխանությունների և մշակութային միությունների ներկայացուցիչներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը:
Ելույթներում ներկայացվել է Հայոց բանակի անցած ուղին և անդրադարձ եղավ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքին, «Ազգ-Բանակ» ծրագրի նպատակներին: Խոսվել է նաև պաշտպանության և անվտանգության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մասին: