«Տարիներ Շարունակ Մեզ Խելօք Ենք Պահել, Ռազմական Գործողութիւնները Պէտք Է Տեղափոխել Հակառակորդի Դաշտ». Վահրամ Բալայեան
Արցախի Հանրապետութեան ԱԺ փոխխօսնակ Վահրամ Բալայեանը Փաշինեան-Ալիեւ բանակցութիւններից մեծ սպասելիքներ չունի: «Թերթ»ի հետ զրոյցում նա ընդգծեց, որ բանակցութիւնների օրակարգից պէտք է հանուեն մադրիդեան սկզբունքները, դրանցով յաջողութեան հասնել հնարաւոր չէ, հայկական կողմին ձեռնտու չեն:
Վահրամ Բալայեանը նաեւ ընդգծեց, որ տեղին է համարում Դաւիթ Տօնոյեանի կողմից հնչեցուած յայտարարութիւնները՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքի համատեքստում:
«ԹԵՐԹ».- Նիկոլ Փաշինեանը մանրամասներ է ներկայացրել Ալիեւի հետ բանակցութիւնների վերաբերեալ: Նա նշել է, որ քննարկուել են Արցախը բանակցային սեղան վերադարձնելու, մադրիդեան սկզբունքների եւ հանրութիւններին խաղաղութեան նախապատրաստելու հարցերը:
ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Ընդհանուր առմամբ, ցանկացած բանակցութիւն դրական եմ համարում, եթէ չկայ բանակցութիւն, չկայ սեղանի շուրջ երկխօսութիւն, դրան յաջորդում է պատերազմը: Նախընտրելի է, որ բանակցային գործընթացները շարունակուեն: Բայց, իհարկէ, մեծ սպասելիքներ չկան, որովհետեւ այս պահին երկու կողմերի մօտեցումներն այնքան տարբեր են, մասնաւորապէս, Ադրբեջանի դիրքորոշումը շատ ծայրայեղական է, անհնարին է որեւէ համաձայնութեան հասնել: Վերջին շրջանում որեւէ պայմանի չեն համաձայնում, իրենք պայման են դնում, որ արցախահայութիւնը պէտք է հրաժարուի իր պետականութիւնից, որը, իհարկէ, անհնար է իրագործել, ինչպէս ասում են, վերադարձ անցեալին չկայ, ստեղծել ենք պետականութիւն, պիտի ամրապնդենք:
Իհարկէ, Ալիեւը չի համաձայնի բանակցային գործընթացին ներգրաւել Արցախը: Ես մտածում եմ, որ միգուցէ դրանով են նրանք փորձում ձախողել յետագայ բանակցութիւնները: Ըստ էութեան, եթէ արցախեան կողմը չմասնակցի բանակցութիւններին, անհնարին է հասնել հարցի որեւէ կարգաւորման: Բայց, ինչպէս ասում են, խօսել պէտք է, քննարկել պէտք է, եւ կարծում եմ, որ կարող են նաեւ հումանիտար (մարդասիրական-Խմբ.) բնոյթի ծրագրեր իրականացնել, որոշակի ծրագրեր, որոնք հնարաւորութիւն կը ստեղծեն, որ Ադրբեջանի ժողովրդի մօտ որոշակի տրամադրութիւն ձեւաւորուի:
Մենք խնդիր չունենք որպէս երկիր, պետականութիւն, մեր հարցը վաղուց՝ 1994թ. պատերազմի աւարտից յետոյ ենք լուծել, մենք ունենք մեր հրամանները, Սահմանադրութիւնը, բանակը, կառավարութիւնը, մնում է այդ ամէնի իրաւական ձեւակերպումն ապահովել: Պետական, ժողովրդի կողմից ընտրուած Արցախի իշխանութիւնը պէտք է մասնակցի եւ լուծում ապահովուի: Նիկոլ Փաշինեանի ասածի մէջ ճշմարտութիւն կայ, վերջիվերջոյ Արցախի ժողովուրդը վստահութեան քուէ չի տուել ՀՀ վարչապետին եւ չի ընտրել: Իհարկէ, ԱՀն իր ժողովրդի ընտրած ղեկավարութեամբ պէտք է այդ ամէնին մասնակցի: Բանկցութիւնները կարող է վարել ծնունդով շիրակցի, բայց ներկայացնի Արցախի իշխանութիւններին:
«ԹԵՐԹ».- Մադրիդեան սկզբունքների քննարկումը որքանո՞վ է ձեռնտու հայկական կողմին: Նիկոլ Փաշինեանն ասում է, որ այդ մասով անհրաժեշտ են պարզաբանումներ:
ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Մեզ համար անընդունելի են այդ սկզ-բունքները, բանակցութիւնները, ամենայն հաւանականութեամբ, մինչեւ հիմա այդ սկզբունքների շուրջ են ընթանում, որը, բնականաբար, մեզ հետ չի քննարկուել: Կարծում եմ, որ պէտք է մադրիդեան սկզբունքները օրակարգից հանել, մաքուր էջից սկսել, շատ-շատ հարցեր կան, որոնք լուծումներ են պահանջում: Անհնարին է այդ փաստաթղթի շուրջ բանակցութիւններով որեւէ յաջողութեան հասնել:
«ԹԵՐԹ».- Կարո՞ղ ենք ասել, թէ հանդիպումից յետոյ վստահութեան մթնոլորտ է ստեղծուել, թէ սահմանին լարուածութիւն կարող է լինել:
ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Կարծում եմ՝ սկզբնական շրջանում որոշակի բեռնաթափում կը լինի, բայց վստահ լինել, որ Ադրբեջանը չի գնայ սադրանքների, դժուար է, վերջիվերջոյ միլիարդաւոր դոլարների զէնք է ձեռք բերում, միայն հետապնդելով մի նպատակ. ոչնչացնել Արցախի Հանրապետութիւնը, հասնել Սեւանայ լիճ, Երեւան:
«ԹԵՐԹ».- Մի կողմից խօսւում է հանրութիւններին խաղաղութեան նախապատրաստելու մասին, միւս կողմից էլ Նիւ Եորքում հայ համայնքի հետ հանդիպմանը պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը խօսում է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքի մասին, նրա յայտարարութեանն ինչպէ՞ս էք վերաբերւում, հակասութիւն չկա՞յ:
ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Տօնոյեանի յայտարարութեան հետ համամիտ եմ: Մենք տարիներ շարունակ մեզ խելօք ենք պահել, որ բանակցային գործընթացը չձախողուի, մենք փորձել ենք Ադրբեջանի հետ քաղաքակիրթ ձեւով վարուել, բայց Ադրբեջանն ամէն սահման անցնելով՝ անընդհատ ռազմատենչ յայտարարութիւններ է անում, այլ դիրքերից է խօսում:
Պաշտպանութեան նախարարը ճիշդ է, ԱՀ նախագահն էլ էր վերջին տարիներին այդ մասին խօսում: Աստուած չանի, ռազմական գործողութիւններ լինելու պարագայում դրանք տեղափոխուելու են հակառակորդի դաշտ՝ Ադրբեջանի տարածք:
Ադրբեջանում 1994թ.ից մինչեւ հիմա հակահայական հիստերիայի (ջլախտի-Խմբ.) պայմաններում խօսել են այն մասին, որ Ադրբեջանում պատրաստ են խաղաղութեան, դժուար է, դա բաւականին երկարատեւ գործընթաց է, բայց Ադրբեջանի ղեկավարութիւնը պիտի իր մէջ քաջութիւն գտնի՝ քայլեր կատարելու այդ ուղղութեամբ, այդ ժամանակ կը խօսենք եւ գնահատական կը տանք:
«ԹԵՐԹ»