ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ
ՀՄԸՄ-ի սգակիր իմ սիրելի քոյրերին ու եղբայրներին,
Մկրտիչեան ընտանիքի բոլոր անդամներին,
Լիբանանի հայ համայնքի իւրաքանչիւր վշտակիր անդամի
Արցունքները խեղդում են կոկորդս, ցաւը պարուրել է հոգիս, քանզի Գառնիկի մասին պէտք է գրեմ անցեալ ժամանակով:
Անկարող եմ նկարագրել սրտիս մորմոքն ու հոգեկան ապրումներս, երբ ստացաանսպասելի ու անհաւատալի բօթը մեր այնքա՜ն սիրելի, ազգային գործիչ Գառնիկի մահուան մասին:
Խորապէս վշտակցում եմ բոլորիս, քանզի նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն Մկրտիչեան ընտանիքի, հարազատների, այլեւ ողջ հայ համայնքի, նրան ճանաչողների համար:
Այս ծանր ու դժնի օրերին, ողբի ու որբի Հայաստանում, վշտի, արեան ու արցունքի անտակ ծովում, երբ ալեկոծուած է հայ ժողովուրդը, երբ կրել ենք ցաւալի պարտութիւն, ունեցել անչափ թանկ կորուստնէր, վիրաւոր են մեր սրտերն ու հոգիները, բզկտուել ու անդամահատուել է երեսուն տարուայ մեր համազգային հպարտութիւնը` հայոց սրբազան Արցախ աշխարհը, գիտեմ, թէ ինչպիսի՜ հոգեկան խռովք ու տագնապ էր ապրում այդքան հայրենասէր, այդքան մարդասէր, ջերմ ու պայծառ անհատը: Արժանաւոր հայորդին տառապում էր համազգային ցաւի ու վշտի պայմաններում, Արցախի ծուէն-ծուէն լինելու մասին լուրերը լսելիս: Նա զանգահարում էր եւ անընդհատ լաւ լուրի էր սպասում Արցախից, բայց, աւա՜ղ․․․գառնիկ Մկրտիչեանը պարզապէս ապրում էր Հայրենիքի հոգսերով ու խնդիրներով: Ես տեսել եմ նրա հրճուանքը` Հայաստանի եւ Արցախի նուաճումների մասին լսելիս, զգացել նրա ուրախութիւնն ու հպարտութիւնը` Մայր Հայրենիքի իւրաքանչիւր յաջողութեամբ: Անհաւանական է, որ այդքան խելացի ու պայծառ, այդքան կենսասէր, այդքան ազգասէր ու հայրենասէր գործիչնայսօր մեզ հետ չէ:
Բնութիւնը չափազանց շռայլ էր գտնուել նրա նկատմամբ` օժտելով մարդկային առինքնող հմայքով, այլոցոգեշնչելու եւ ի գործ մղելու բացառիկ ունակութեամբ, անսահման բարութեամբ ու վսեմ առաքինութիւններով:
Գառնիկ Մկրտիչեանի անուն-ազգանունը ոսկէ տառերով կը գրուի ՀՄԸՄ-ի պատմութեան մէջ: Նա իր պատանեկան, երիտասարդական եւ հասուն կեանքը նուիրեց Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեանը, իր գործունէութեամբ նպաստեց հայ երիտասարդների սկաուտական շարժման զարգացմանն ու աշխուժամանը: Նրա ատենապետութեան տարիներին առաւել ծաղկում ապրեց ՀՄԸՄ-ը, հիմնուեցին տարածքային միութիւններ Եւրոպայում, Ռուսաստանում: Հիանալ կարելի էր, թէ ինչպէս էր ընկեր Գառնիկը խնամքով եւ ոգեւորութեամբ, իր ընկերների հետ նախապատրաստում ՀՄԸՄ 100-ամեայ յոբելեանը: 2018 թուականին գրեթէ բոլոր հայկական համայնքներում տեղի ունեցան համահայկական այդ ամենախոշոր կազմակերպութեան 100-ամեակին նուիրուած բազում միջոցառումներ:
Գառնիկը ծրագրում էր ու կատարում, հետեւողական էր ու կարգապահ, խստապահանջ էր իր եւ իր ընկերների հանդէպ, աշխատասէր էր ու պատասխանատու, միաժամանակ, չափազանց բարի էր, ազնիւ ու մարդասէր: Ընկեր Գառնիկը հզօր, կենսասէր ու աշխոյժ անձնաւորութիւն էր, հոգով շռայլ, մարդկային բարձր որակներովօժտուած անհատ:
Նրա հետ իրականացրած մեր բազում ծրագրերն ունենում էին լայն տարածում եւ մեծ արձագանք երիտասարդների շրջանում եւ ծառայում էին իրենց նպատակին: Նա լաւ ընկեր էր, հոմեթմենական իսկական եղբայր, լուսաւոր ՄԱՐԴ, վստահելի բարեկամ, ում հետ ցանկացած հարց կարող էի քննարկել ու խորհրդակցել: Ցաւալի է, որ այլեւս չկայ հայրենասէր հայը, հոգատար ու նուիրեալ ամուսինը, բացառիկ հայրը, սիրասուն պապիկը, հաւատարիմ ու վստահելի ընկերը, համայնքի արժանաւոր զաւակը․․․
Համոզուած եմ, որ Գառնիկի անունը երբեք չի բացակայի համայնքային կեանքից, նրան ճանաչողների յիշողութիւնից:
Նա ի Տէր ննջելուց յետոյ եւս կը շարունակի իր հոգեւոր ներկայութիւնը, կը շարունակի ապրել իր երեխաների մէջ, ՀՄԸՄ-ի հզօր ընտանիքի անդամների սրտում ու մտքում, հարազատների եւ ընկերների, նրան ճանաչող մարդկանց յիշողութիւններում:
Գիտեմ, որ մեր ազնիւ ու ժպտերես եղբօր հոգին լոյս է դարձել եւ վերեւից ժպտալու է մեզ, նաեւ բարեխօս է լինելու իր ընտանիքի, հայ համայնքի, մեր եկեղեցու, ժողովրդի եւ պետութեան համար:
Թող լոյս իջնի Գառնիկ Մկրտիչեանի շիրիմին:
Յարգա՜նք ու խոնարհում նրա պայծառ յիշատակին:
Սգում եմ Ձեզ հետ միասին, կիսում եմ Ձեր վիշտը:
«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի եւ վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի»։
Խորին յարգանքով եւ վշտակցութեամբ`
ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ