Ստամբուլի (Պոլսոյ-Խմբ.) Շիշլի նահանգի քաղաքային խորհրդի եւ Պոլսոյ պատրիարքական ընտրութիւնները կազմակերպող յանձնաժողովի անդամ Սելինա Դողանի խօսքով՝ Պոլսոյ պատրիարքական ընտրութիւններն անցկացնելու համար դեռեւս անհրաժեշտ է հասկանալ, թէ որոնք պէտք է լինեն ընտրական գործընթացի կանոնադրութեան մէջ փոփոխութիւնները: Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց, որ լաւ կը լինի, որ համայնքը ներկայացնի իր կարգաւորումները:
«Նախկինում, երբ մենք խօսում էինք ընտրութիւններից, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ նշել է, որ մենք պէտք է պատրաստենք այդ կանոնադրութիւնը: Մենք չունենք վերջնական կանոնադրութիւն պատրիարքական ընտրութիւնների վերաբերեալ: Մենք ունէինք որոշակի կարգաւորումներ՝ Օսմանեան կայսրութիւնից մնացած, բայց Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրումից յետոյ, այդ կարգաւորումներից որոշները փոխուեցին», ասաց նա:
Սելինա Դողանը նկատեց, որ հիմա օրէնսդրական կարգաւորումների պակաս կայ պատրիարքական ընտրութիւնների գործընթացում. իհարկէ, այն կազմակերպւում է նաեւ կրօնական աւանդոյթներով, բայց օրէնսդրական մասը եւս պէտք է լրացուի:
«Մենք հիմա պէտք է Թուրքիայի իշխանութիւններին ներկայացնենք մեր կողմից առաջարկուող կանոնադրութիւնը: Բայց եթէ մենք դա չանենք, նրանք կը պարտադրեն իրենց պահանջները», ասաց նա:
Հիմա, ըստ նրա, համայնքի թուի սակաւութեան խնդիր կայ. այլեւս 100 հազարաւոր հայեր չկան Թուրքիայում: «Մենք պէտք է հաշուի առնենք բնակչութեան սակաւութեան հանգամանքը: Պէտք է ներդաշնակ դառնանք նոր իրադրութեան հետ: Միւս կողմից՝ մենք պէտք է յստակ որոշենք մեր ընտրողների քանակը, բացի այդ, պատրիարք ընտրողների տարիքային շեմը պէտք է սկսի 18ից, որովհետեւ հիմա ընտրողների տարիքային շեմը բարձր է», ասաց նա՝ նշելով, որ դա իր անձնական կարծիքն է, վերջնական որոշումը, իհարկէ, պատկանելու է յանձնաժողովին, որի մէկ անդամն է ինքը:
Սելինա Դողանը նշեց, որ գուցէ յանձնաժողովի վերջնական որոշումը լինի չսպասելը, այլ ընդունել Թուրքիայի իշխանութիւնների կողմից առաջարկուող կարգաւորումները:
«Իմ կարծիքով՝ մենք պէտք է ամէն ինչ անենք, որ ընտրողների ձայնը լսելի լինի: Մենք պէտք է գտնենք արդար ճանապարհը՝ ցոյց տալու նրանց կամքը, իսկ մեր առաջարկած փոփոխութիւններով՝ ընտրութիւնները աւելի առողջ մթնոլորտում եւ անվտանգ կ՛անցնեն», ասաց նա՝ յաւելելով, որ դրա համար նաեւ ճանապարհ պէտք է գտնեն Թուրքիայի կառավարութեան հետ աշխատելու:
«Ես հաւատում եմ, որ մենք կարող ենք անել դա: Այդպէս մի կողմից մենք կը բաւարարենք մեր կարիքները, միւս կողմից, իհարկէ, կը փորձենք շարժուել նաեւ երկրի սահմանադրութեան եւ տեղական օրէնսդրութեան շրջանակում», ասաց նա:
Այս ամէնով հանդերձ՝ Սելինա Դողանը նշեց, որ իր ասածը չի նշանակում, որ Թուրքիան չի փորձի իր ազդեցութիւնն ունենալ Պոլսոյ պատրիարքական ընտրութիւնների վրայ:
«Թուրքիայի իշխանութիւնները դեռեւս Օսմանեան կայսրութեան շրջանից փորձել են ունենալ սեփական թեկնածուն ընտրութիւններին: Դա կանի նաեւ ներկայիս կառավարութիւնը, բայց դա չի նշանակում, որ մեր համայնքի կարծիքը չի յարգուի: Մենք պէտք է կարողանանք գտնել ընդհանուր լեզու, մօտեցում, եւ ես վստահ եմ, որ կարող ենք դա անել: Մենք ունենք ժամանակ՝ սահմանելու մեր կարիքները, չպէտք է յետաձգենք դրանք բաւարարելու ժամանակը», ասաց նա:
Ըստ Սելինա Դողանի՝ հիմա կարեւոր է նաեւ, որ համայնքում այս ընթացքում կուտակուած հիասթափութիւնն անցնի: Նա նկատեց, որ մինչ հիմա պատրիարքարանում տիրող վիճակի պատճառով համայնքում ստեղծուել էր ոչ այդքան հաճելի մթնոլորտ:
«Կային տհաճ քննարկումներ: Եւ այդ մթնոլորտի պատճառով՝ հայ համայնքի մի մասն արդէն ասում էր, որ այլեւս իրենց պէտքը չէ, թէ ինչ է կատարւում պատրիարքարանում: Հիմա արդէն նրանց տրուած է հնարաւորութիւն փոխելու իրավիճակը: Սա մի հաւատ պէտք է արթնացնի համայնքի մէջ՝ իրենց իշխանութիւնը վերականգնելու, իրենց ապագայի նկատմամբ», ասաց նա:
Սելինա Դողանի խօսքով՝ հիմա, որպէսզի վստահ լինեն, որ պատրիարքական ընտրութիւնները դեմոկրատական ճանապարհով կը գնան, պէտք է իրենք ամբողջութեամբ ներգրաւուած լինեն գործընթացում, ստուգեն թեկնածուներին. «Նրանք պէտք է զգան, որ համայնքի համար կարեւոր են դեմոկրատական ընտրութիւնները»:
Համայնքը հիմա, ըստ նրա, սպառուել է պատրիարքարանի շուրջ տեղի ունեցողից:
«Արդէն 10 տարի է անցել, որ չենք կարողանում ընտրել պատրիարք: Մենք չէինք կարողանում աշխատացնել մեր հիմնադրամները: Դրանց ղեկավարները կախուած էին պատրիարքից ինչ-որ ձեւով, իսկ դա ստեղծում էր յոռետեսական տրամադրութիւններ, ամենօրեայ մեր գործունէութեան մէջ՝ անաշխատունակութիւն: Դպրոցները, մշակութային հաստատութիւնները նորմալ (բնականոն ձեւով-Խմբ.) չէին աշխատում: Դրան էլ գումարւում էր Թուրքիայում տիրող աւտորիտար (մենատիրական-Խմբ.) մթ-նոլորտը: Պատրիարքի ընտրութիւնները, կարծում եմ, պէտք է որ թարմութիւն բերի համայնքում», ասաց նա՝ յոյս յայտնելով, որ համայնքային կեանքում ակտիւութիւն արդէն կը ցուցաբերեն երիտասարդները, կանայք եւ նրանք կը վերակազմակերպեն համայնքային կրթական, մշակութային կեանքը:
Հարցին, թէ այս ընտրութիւններին գուցէ Պատրիարքի աթոռի համար պայքարում յաղթի 8 տարի Պոլսոյ պատրիարքի փոխանորդ նշանակուած Արամ արքեպիսկոպոս Աթէշեանը, այդ դէպքում ինչպէ՞ս պէտք է իրավիճակը փոխուի, նա պատասխանեց. «Իհարկէ, շատ հնարաւոր է, որ նա կ՛ընտրուի: Ես յոյս ունեմ, որ այդ դէպքում նա նոր սկիզբ կը դնի նոր մօտեցումներով»:
Եզրափակելով իր խօսքը՝ Սելինա Դողանը նշեց, որ պատրիարքարանի ընտրութիւնները կարեւոր են նաեւ Թուրքիայի համար՝ միջազգային հարթակում իր դէմքը պահելու համար: Նա նշեց, որ ԵՄ զեկոյցներում մշտապէս է անդրադարձ կատարւում Թուրքիայում Հայոց պատրիարքի ընտրութեան հարցին:
«Այս հարցը կարեւոր է Թուրքիայի միջազգային յարաբերութիւնների, հայկական Սփիւռքի համար», ասաց նա:
«ԹԵՐԹ»