https://www.pastinfo.am-Թուրքիան շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա խոսքով գուցե հնարավոր լինի հարաբերությունները կարգավորել այն պարագայում, եթե ընդունենք Թուրքիայի նախապայմանները, իսկ ավելի լայն առումով՝ եթե նրանց ենթակա պետություն դառնանք։
«Համոզված եմ, որ այլ պարագայում Թուրքիան մեզ հետ հարաբերությունները կարգավորելու ոչ մի իրական ցանկություն չունի։ Նա մեզ չի դիտարկում որպես իրեն հավասար պետություն։ Նախկինում նրանց նախապայմանները երեքն էին, իսկ հիմա ավելացել է նաև չորրորդը՝ Զանգեզուրի միջանցքը։ Եթե այդ բոլոր նախապայմաններն ընդունենք, նույնիսկ այդ ժամանակ էլ կասկածում եմ, որ նրանք կհամաձայնվեն հարաբերություններ կարգավորել»,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ էլ ուրիշ նախապայմաններ առաջ կքաշեն։
Նրա կարծիքով՝ Թուրքիան կարող է հետագայում էլ այլ նախապայման դնել, օրինակ՝ որ ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերվի Հայաստանից կամ Հայաստանը խզի իր պայմանագիրը Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ-ից դուրս գա և պայմանագիր կնքի Թուրքիայի հետ ու ընդունի Թուրքիայի գերակայությունը։ Ըստ նրա՝ միայն այդ պայմաններում է հնարավոր, որ Թուրքիան համաձայնվի Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները։
«Էրդողանը կամ մյուսները, երբ հայտարարում են, որ Հայաստանի հետ պատրաստ են ինչ-որ բանի, դա բացարձակ չի համապատասխանում իրենց իրական նպատակներին։ Պատերազմից հետո նրանք Ադրբեջանի հետ փորձում են հնարավորինս ճնշումներ գործադրելով՝ զիջումներ կորզել»,-նշեց թուրքագետը։
Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիան Սյունիքը Հայաստանից պոկելու նպատակ ունի։ Հայաստանի նկատմամբ Թուրքիան երկու նպատակ ունի՝ կա՛մ Հայաստանը վասալ պետություն լինի, կա՛մ էլ ընդհանրապես Հայաստան չլինի։
«Երբ 1920թ.-ին թուրքական բանակը Հայաստան էր ներխուժել, նոյեմբերի 8-ին կանգնած էր Ալեքսանդրապոլի մատույցներում, Անկարայից գաղտնի հրաման է գալիս, որտեղ գրված է՝ Հայաստանը պետք է մեջտեղից վերացվի»,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։