https://radar.am-Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Վիեննայում։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Հանդիպման ակնկալիքների վերաբերյալ Radar Armenia-ն զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։
– Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հերթական հանդիպումից։
-Ես, ճիշտն ասած, առանձնապես ակնկալիք չունեմ, որովհետև և՛ Չավուշօղլուի, և՛ Ալիևի հայտարարությունները վկայում են այն մասին, որ, փաստորեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բնագավառում այդ բանակցային գործընթացը Թուրքան իրականացնում է՝ սերտորեն համագործակցելով և կոորդինացնելով իր քայլերը Ադրբեջանի հետ, իսկ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ոչ մի կառուցողական մոտեցում ցույց չի տալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բնագավառում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան էլ, ըստ էության, ձևականորեն հայտարարելով, որ հրաժարվում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմաններից, դրանք կդարձնի բանակցային գործընթացի խնդիրներ, և դա նշանակում է, որ Թուրքիան այս բանակցությունները Հայաստանի հետ դիտարկում է ոչ թե որպես հարաբերություններ կարգավորելու բանակցություններ, այլ որպես միջոց՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու, Հայաստանից զիջումներ ուզելու։ Ես կարծում եմ, որ բանակցային գործընթացը ներկա փուլում ոչ մի դրական արդյունքի միտում չունի։
– Չավուշօղլուն, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խոսելիս, նշել է նաև համարձակ քայլերի անհրաժեշտության մասին, և նրա, որ կցանկանային՝ հանդիպումը լիներ Հայաստանում կամ Թուրքիայում։
– Այստեղ մի քանի խնդիր կա։ Թուրքիան ցանկանում է, որ այս բանակցությունները տեղի ունենան՝ առանց միջնորդի։ Սա Թուրքիայի պահանջն է։ Հիշեցնեմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախորդ երեք փորձերից երկուսը տեղի են ունեցել ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Այս բանակցային գործընթացից առաջ Հայաստանը դիմել էր Ռուսաստանին, որ նա ստանձնի միջնորդական գործունեություն, Ռուսաստանը համաձայնվել էր, և առաջին հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայում, բայց Թուրքիան պնդում է, որ չպետք է լինի միջնորդություն, պնդում է նաև, որ պետք է լինի երկու երկրների մայրաքաղաքներում՝ Անկարայում և Երևանում։ Ինչու՞ է սա արվում։ Ես համոզված եմ, որ սա արվում է, որպեսզի Թուրքիան, օգտագործելով այն հանգամանքը, որ ինքը շատ ավելի հզոր պետություն է, քան Հայաստանը, այդ բանակցությունների ընթացքում ճնշման իր հնարավորությունները օգտագործի Հայաստանի վրա։
– ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ասել է, որ կարգավորման նախորդ փորձերի ժամանակ հանդիպումներ Հայաստանում և Թուրքիայում եղել են, բայց դրանք արդյունքի չեն հանգեցրել: Պատճառը դա՞ է, որ այդ երկրներում չեն անում բանակցություն։
– Չեմ կարծում։ Իհարկե, ռեալ ոչ մի բան չի նշանակում, թե բանակցությունները որտեղ են տեղի ունենում, կարևորը, որ Թուրքիան իր դիրքորոշումը կառուցողական դարձնի, որը ես դեռ չեմ տեսնում։ Կարևոր է որ Թուրքիան կառուցողական մոտեցում ցույց տա, իսկ Հայաստանը հստակ պահպանի իր այն սկզբունքները, որ կապված են Ցեղասպանության և Արցախի ինքնահասցեի հետ։
– Հայաստանը թուրքական կողմին առաջարկել է առաջին փուլով դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար բացել ցամաքային սահմանը, սակայն թուրքական կողմը հապաղում է: Ինչու՞։
– Թուրքական կողմը մտածված չի դրան ընթացք տալիս։ Պետք է հայկական կողմը մի պարզ ճշմարտություն հասկանա, որ Թուրքիան ոչ մի քայլի չի գնա ի օգուտ մեզ՝ դրա դիմաց շատ ավելի մեծ առավելություն չստանալով։ Եվ այդ հարցը, որ Հայաստանը բարձրացրել է, Թուրքիան հենց այնպես չի անի, չի զիջի այդ հարցում, ինչ-որ բան կպահանջի, սա է թուրքական դիվանագիտության գործելակերպը։
Անուշ Մկրտչյան