Էմիլ Օրտուխանյան
Ռուս-թուրքական (Մոսկվայի պայմանագիր կամ Եղբայրության պայմանագիր) պայմանագրի 100 ամյակին ընդառաջ Թուրքիան իր ռազմավարական դաշնակից Ադրբեջանի հետ փետրվարի սկզբին նախատեսում է անցկացնել համատեղ զորավարժություններ Կարսում։ Մեկ տարվա կտրվածքով դրանք կլինեն Ադրբեջանի հետ Թուրքիայի երկրորդ համատեղ զորավարժությունները, որի ընթացքում փորձարկվելու են նաև իրենց մշակած և արտադրած ռազմամթերքը և տեխնիկան, որոնց մի մասը հաջողությամբ փորձարկվել է նաև սիրիական և արցախյան ռազմաճակատներում հենց ռուսական ռազմական տեխնիկայի դեմ։ Մինչ Ռուսաստանը փորձում է տարածաշրջանում ռազմավարական խնդիրներ լուծել և տեղակայվել, Թուրքիան իր և իր դաշնակցի օգտին ռազմավարական նպաստավոր պայմաններ է ստեղծում` ընդարձակվելով նաև տարածապես։
Հատկանշական է, որ թուրք-ազերիական երկու զորավարժություններն էլ արվում են ռուսաստանամերձ գոտիներում։ Տարածաշրջանի ապաշրջափակման ծրագրի իրականացման դեպքում Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա ցամաքային կապի առաջին և գլխավոր շահառուն լինելու է թուրքական գործոնը, որը ձգտում է ինքնաբավության թե՛ տնտեսապես, թե՛ էներգապես, թե՛ ռազմավարական դիրքի ամրապնդման առումով։ Գործարկելով TAP և TANAP նախագծերը (Հարավային միջանցք)` Թուրքիան էլ ավելի է կարևորում իր դերը և նշանակությունը առնվազն Արևելյան Եվրոպայի համար։
Ի դեպ` Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ուղիղ նայում է Կարսին, այսինքն` զորավարժությունները կլինեն Հայաստանի սահմանին մոտ և ռուսների քթի տակ։ Եվ ի՞նչ է ուզում դրանով Թուրքիան հասկացնել Ռուսաստանին։ Ըստ էության` նա ցույց է տալիս, որ կարող է թակել Ռուսաստանի շահերի գոտու դուռը, ինչն անում է նաև Ադրբեջանից` երկու դեպքում էլ ուղղությունը դեպի Հայաստան։ Ղրիմի հարցում Թուրքիան նույնպես պասիվ չէ, գոնե խոսութային մակարդակում։
Ինչևէ` արցախյան ճակատում հաջողությունից հետո Թուրքիան կարող է էլ ավելի վտանգավոր դառնալ, և ո՞վ ու ինչպե՞ս է զսպելու նրա ախորժակը, եթե Թուրքիան ձգտում է նաև ստեղծել թուրանի բանակ` միևնույն ժամանակ լինելով ՆԱՏՕ-ի անդամ։ Արցախյան պատերազմից հետո մեղմացել է Թուրքիայի` Արևմուտքին ուղղված խոսույթը. կոնֆլիկտելու փոխարեն այժմ փորձում է համագործակցել։ Կարսում թուրք-ազերիական զորավարժությունները խոշոր հաշվով նաև ուղերձ են Ռուսաստանին, որ Արցախյան հարցում զիջումների ակնկալիք չունենա։
Ի դեպ` 1921թ. ռուս-թուրքական պայմանագրից հետո Քեմալն այդպես էլ չարդարացրեց Լենինի ակնկալիքները։ Թուրքերը սիրում են խաղալ իրենց խաղը, և նրանք նաև պայմանավորվածությունները խախտելու դիվանագետ են…