Akunq.net-ը թուրքերէնից թարգմանաբար եւ առանց կրճատումների ներկայացնում է ծագումով Թուրքիայի Ռիզէ նահանգից համշէնահայ պլոկըր Տենիզ Պուրճայի հրապարակումը` համշէնահայերի հայկական արմատների վերաբերեալ:
ՏԵՆԻԶ ՊՈՒՐՃԱՅ
«Իրականում վերնագիրն այդ կերպ գրեցի, որպէսզի մի փոքր էլ խայթող լինի, եւ որպէսզի ամէն մի գործողութեանս դէպքում, համշէնցի լինելուս պատճառով, իմ արածների դէմ «կ՛անի, բա հայ չի՞» ասողներին հետեւեալ պատասխանը տամ. «այո՛, ի՜նչ անեմ… ծիներիս մէջ կայ»:
Հայութիւնը որպէս հայրենիքի դաւաճանութիւն համարողները եւ դա որպէս վիրաւորանք օգտագործողները թող իմանան, որ ես անձամբ այն երբեք վիրաւորանք չեմ ընկալել: Եւ քանի որ մեր հայկական արմատների մասին իմանալուց առաջ էլ ոչ մի ատելութիւն չեմ տածել որեւէ ցեղի հանդէպ, հետեւեալ կերպ եմ արձագանգել. «Յետոյ ի՞նչ: Ի՞նչ է եղել, որ հայ եմ»:
Նախ նշեմ, որ սոյն յօդուածս համշէնական ՏՆԹ-ին մօտենալու է ոչ թէ գիտական, այլ` տրամաբանական ձեւով: Եթէ գիտական ուսումնասիրութիւն էք որոնում, ապա արդէն իսկ համացանցում բազմաթիւ աղբիւրներ կարող էք գտնել: Ես անձամբ ընտանիքիս (հօրական կողմից) ՏՆԹ-ին տրամաբանական կերպով մօտենալով` ցանկացայ ձեզ հետ կիսուել իմ այս մտորումներով:
Ես ո՛չ ցեղապաշտ եմ, ո՛չ էլ ՏՆԹ-ի նման գիտական ուսումնասիրութիւններն եմ ցեղապաշտութիւն համարում: Համայնավարական շրջանակները կտրականապէս դէմ են ՏՆԹ քննութիւններին, սակայն չեմ կարծում, թէ համայնավարութիւնը հանդէս է գալիս գիտութեան դէմ: Նմանապէս յարգանք եմ տածում այն անձանց նկատմամբ, ովքեր սոյն հարցին մօտենում են «ինձ համար կարեւոր չէ, թէ ով եմ» տրամաբանութեամբ: Սակայն լաւ կը լինի, եթէ ինձ յարգանքով մօտենան նաեւ նրանք, ովքեր ասում են, թէ` «ՏՆԹ-ն ոչ մի բան չի կարող ապացուցել, թո՛ղ այդ հարցերը»: Գիտական առումով, այո՛, ՏՆԹ-ն չի կարող ապացոյց լինել, քանի որ ՏՆԹ քննութեան մէջ էական է, թէ որքան ես յետ գնում: Եթէ 8000 տարով յետ գնանք, արդէն իսկ բազմաթիւ ցեղեր նոյն ՏՆԹ-ն կ՛ունենան: Այդ պատճառով ես ձեզ հետ կիսուելու եմ ներկայիս եւ ոչ հեռաւոր անցեալի հետ կապուած քննութիւնների արդիւնքներով:
Քննութեան կառուցուածքը բաւականին դիւրին է: Մուտք գործելով «Familytreedna.com» հասցէն` քննութիւն էք պատուիրում: Արդէն իսկ տուեալ կայքէջում մանրամասն կերպով ներկայացուած է, թէ ինչպէս պէտք է ձեր բերանից նմուշ վերցնելով` ուղարկէք այն:
Ես չեմ ցանկանում քննութեան արդիւնքների թուային տուեալները հրապարակել: Որպէս Y-ՏՆԹ-ի հապլոխումբ երեւում է G-M201-ը: Համառօտ ակնարկով անդրադառնանք այդ հապլոխմբի վերաբերեալ համացանցում առկայ մանրամասներին եւ այդ ՏՆԹ-ն ունեցող գերդաստանների կապերին:
Այդ ՏՆԹ խմբի մէջ ընդգրկուած գրեթէ բոլոր մարդիկ համշէնահայ են, արտագաղթած կամ դեռ մեր շրջաններում ապրող Խոփայի եւ Ռիզէի համշէնցիները:
Նրանց ազգանունները թաքցնելու նկատառմամբ չեմ ցանկանում ազգանունների ցանկը հրապարակել.
Կարծում եմ` վերոյիշեալ ցանկը բաւարար կը լինի վերլուծութեան համար: Երբ անդրադառնում ենք G հապլոխմբի մէջ ընդգրկուած անձանց, տեսնում ենք, որ նրանք բոլորն էլ կամ Համշէնի, կամ էլ Անատոլիայի հայեր են: Կարմիրով նշուած` ինձ պատկանող համարի արդիւնքներն են (Ռիզէ/Փազար/Խաչափիթ), իսկ կապոյտով նշուածները` այլ` G-M201 ծինի պատկանող եւ այդ քննութիւնը պատուիրած անձանց:
Այս ցանկին նայելիս հանդիպեցի՞ք արդեօք որեւէ միջինասիական թուրքի: Ես ցանկում տեսնում եմ ոչ թէ Ասլանպէյ կամ Թիմպիրլենք տիպի, այլ` միայն հայկական անուններ: Այսինքն, երբ ազգակցական կապի առումով ենք անդրադառնում, դրանք բոլորն են համշէնական կամ հայկական են դուրս գալիս: Ուշագրաւ է, այնպէս չէ՞, որ համշէնցիներն ընդհանուր ՏՆԹ ունեն ոչ թէ միջինասիական թուրքերի, այլ` հայկական ծիներ կրողների հետ: Ոմանք անընդհատ ասում են, թէ «Մենք հայերէնը հայերից ենք սովորել, բայց հայերն այս վայրերից հեռացել են. մենք որեւէ կապ չունենք նրանց հետ»: Լա՛ւ, ընդունենք` իբր հայոց լեզուն հայերից ենք սովորել, սակայն մի՞թէ հայերը հեռանալիս մեր ծիներում թողել են նաեւ հայկական ծիներ: Իմ ՏՆԹ քննութեան մէջ այդ ինչպէ՞ս է պատահում, որ ես Աբխազիայի կամ Ռուսաստանի միւս համշէնցի հայերի հետ ազգական եմ դուրս գալիս: Կամ Իսպիրից (Սպեր, «Ակունք»-ի խմբ.) գաղթած հայերի հետ եմ ազգական դուրս գալիս: Ի դէպ, արդէն իսկ յայտնի փաստ է, որ Իսպիրը համշէնցիներով է բնակեցուած եղել:
«G հապլոխումբ» նախագծի անուան տակ հրապարակուած https://sites.google.com/site/haplogroupgproject/g-m201 կայքում թարգմանաբար հետեւեալն է նշուած G-M201-ի մասին. «Յայտնի է, որ G հապլոխմբի` աշխարհում եղած կեդրոնը գտնւում է հարաւարեւմտեան Ասիայում, եւ որ այդ խմբին պատկանող մարդիկ մինչ այս պահը միշտ ունեցել են հայկական ծագում»:
Ներքոյիշեալ պլոկում ներկայացուած է 3 հայկական ՏՆԹ: Սոյն ցանկում, չգիտես` թէ ինչո՛ւ, 3 հապլոխմբից մէկը` G-ն, տիպիկ համշէնական ՏՆԹ է:
Կայքէջում, ընդհանուր առմամբ, գրուած է հետեւեալը.
3) G2
«Գ հապլոխումբը բնութագրւում է որպէս M201-ի մուտացիա, որն ունեցած` գիտութեանը յայտնի առաջին մարդն ապրել է 30 հազար տարի առաջ (1200 սերունդ), ամենայն հաւանականութեամբ` Կովկասեան լեռնաշղթայի, Վանայ լճի կողմերում»:
«Այդ հապլոխմբի մայր հայրենիքը, ենթադրաբար, եղել է արեւելեան Անատոլիան, Հայաստանը եւ արեւելեան Իրանը»:
«Մեր ենթադրութիւններով, Գ հապլոխմբի աշխարհագրական տարածքը գտնւում է Արեւելեան Անատոլիայում, Հայաստանում կամ արեւելեան Իրանում»:
Ամենայն հաւանականութեամբ, ինձ վրայ յարձակումներ կը լինեն` այս ամէնը հրապարակելուս պատճառով: Համայնավար համշէնցիները կ՛ասեն` «Ի՞նչ կարիք կար»: Եթէ որոշ հայեր կ՛ուրախանան, հայերի մի մասն էլ կասի` «ՏՆԹ-ն ոչ մի բան չի ապացուցում», իսկ իրենց թուրք լինելը պնդող համշէնցիներն ու ազգայնամոլ հատուածն ինձ հայհոյելով` «հայրենիքի դաւաճան» կը հռչակի:
Այո՛, ՏՆԹ-ն թերեւս որեւէ բան չի ապացուցում, սակայն առնուազն հարկ է շեշտել, որ երբ անդրադառնում ենք մեր ազգակցական կապերին, տեսնում ենք, որ թուրքական ծագմամբ մէկն իսկ չի հանդիպում, եւ մեր ազգականներից գրեթէ բոլորը հայկական արմատներ ունեն: Արդէն ձեր գործն է` դա որպէս ապացոյց ընդունե՞լ, թէ՞ ոչ:
Ինչպէս գիտական առումով ասացի, մեր հայկական կապերը կարող են փոխուել` ըստ այն բանի, թէ որքա՛ն ենք յետ գնում: Սակայն ներկայ պահին G հապլոխումբ ունեցող մեր գրեթէ բոլոր ազգականները հայկական ծագում ունեն:
Չի կարող պատահական լինել այն փաստերը, որ հայերէն ենք խօսում (անցեալում կամ մեզնից ոմանք` նաեւ ներկայում), եւ որ հայերի հետ նոյն ծիներն ենք կրում: «Հայերը գնացել են, մենք ենք եկել» թեզն էլ լիովին կորցնում է իր հիմնաւորումը այս ՏՆԹ քննութեան շնորհիւ: Եթէ մենք հայ չենք, այդ ինչպէ՞ս է պատահում, որ հեռացած հայերի հետ ազգական ենք դուրս գալիս:
Դժուար է իրականութիւնն ընդունել: Եթէ անգամ ամէն տեսակի ճանապարհով էլ ապացուցուի, միեւնոյնն է, դեռ կը յայտնուեն մարդիկ, ովքեր կ՛ասեն` «Մենք հայ չենք, թուրքական ծագում ունենք»: Կամ կը հանդիպեն ձախակողմեան հայեացքներ ունեցողներ, ովքեր յամառօրէն կը վիճեն ինձ հետ, թէ` «Ցեղը նշանակութիւն չունի: Մեզ իրար դէմ մի՛ հանիր»:
Իւրաքանչիւր ոք ազատ է իր իմացածով կիսուելու հարցում: Ես էլ իմ անձնական պլոկում հրապարակում եմ իմ տեղեկութիւնները:
Այս հրապարակումիցս յետոյ թերեւս առաջինը հէնց մօտ ազգականներիցս բացասական արձագանգ ստանամ: Կարող էի տարիներով դա թաքցնել, բայց ցանկացայ իմ ներդրումն ունենալ վերջերս հրապարակուած անհիմն պնդումները ժխտելու գործում:
Թող որ այս ցանկը եւ մեզ հետ նոյն ՏՆԹ-ն ունեցող հայերը մտնեն այն բոլոր կոյրերի աչքը, ովքեր չնայած համացանցի զարգացմանը եւ դրա` բոլորին հասանելի լինելուն` ուսումնասիրելու փոխարէն հաւատում են կամ նախընտրում են հաւատալ 100-ամեայ ստերին:
Վերոյիշեալ ցանկից բացի` իմ 3 մօտ ազգականներից 2-ը հայ են եւ հայկական ազգանուն են կրում, իսկ մէկը Ռիզէի համշէնցիներից է:
Իմ սիրելի համշէնցի՛ եղբայրներ, ցաւում եմ, որ մեր ազգականները խըրխըզական գիւղերից չեն ծագում:
Խնդրում եմ, բացե՛ք ձեր աչքերը եւ օգտագործե՛ք ձեր ուղեղները:
Յարգանքներով` ՏԵՆԻԶ ՊՈՒՐՃԱՅ
https://denizburcay.wordpress.com/2018/05/07/ne-yapayim-ermenilik-genlerimde-var/
Թարգմանեց ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ
«Ակունք»