Մարիամ Մուղդուսեան, արուեստի գործիչ, Թորոնթօ
Հայաստանն այս պահին գտնւում է օրհասական վիճակում, և թերեւս աշխարհասփիւռ հայերն արագօրէն պէտք է կողմնորոշուեն ինչ անել։ Մօտաւոր պատկեր, այնուամենայնիւ, արդէն սկսում է գծագրուել, գոնէ ինձ համար։
Քայլերից առաջինը համարում եմ միաւորումը ազգային գաղափարախօսութեան ձեւավորումն ու մէկ միասնական օրակարգով առաջ գնալը։ Ի՞նչ տեսլական ունենք մենք 100-200 տարուայ համար և ինչպէ՞ս ենք դէպի այդ տեսլականը գնում։ Ապրելով մի քանի ամիս հայրենիքից հեռու՝ կարող եմ ասել, որ հայաստանցիներս լաւ չենք ճանաչում սփիւռքի հայութեանը, և սփիւռքն էլ մեզ լաւ չի ճանաչում, ուրեմն այստեղից կարելի է հանգել եզրակացութեան, որ մենք պէտք է նաեւ սկսենք միմեանց աւելի լաւ ճանաչել, ըստ դրա ձեւաւորենք մէկ ընդհանուր տեսլական։
Միաժամանակ, գուցէ պէտք է ձեւաւորել նաեւ մէկ այլ համահայկական տնտեսական հարթակ, որտեղից գումարներ կ’ուղղուեն Հայաստանի Հանրապետութեան (ՀՀ) տնտեսութեան զարգացմանը, կը լինի մասնաւոր հատուածին, առանձին ծրագրերի, թէ նախագծերին։ Գուցէ իդեալիստական մտքեր են և ոչ բաւականաչափ մասնագիտական՝ հաշուի առնելով, որ չունեմ բաւարար գիտելիքներ երեւմտական (ֆինանսական) ոլորտում, սակայն պատկերացնում եմ մէկ ընդհանուր համահայկական, իսկապէս վստահելի ելեւմտական հարթակի ձեւաւորում, որտեղ ցանկացողները նուիրատւություններ կը կատարեն, և որի միակ ու բացառիկ նպատակը ազգային շահից բխող ծրագրեր իրականացնելը կը լինի, այդ թւում՝ ՀՀ տնտեսութեան զարգացմանը, անվտանգութեան ապահովմանը, լոբբինգի իրականացմանը։
Գուցէ կ’ասէք՝ արդէն կայ Համահայկական հիմնադրամը, բայց հարցն այն է, որ շատերի համար այն բաւականաչափ վստահելի չէ և կախուած է օրուայ իշխանութիւններից, շատերն էլ կ’ասեն, թէ կան հայկական կառոյցներ, բայց այստեղ էլ գալիս է այն մտահոգութիւնը, որ շատ հայկական կառոյցներ վաղուց դադարել են բացառապէս ազգային շահին ծառայել։ Դրանցից որոշները դարձել են իրենք իրենց համար առանձին գործող կառոյցներ՝ գուցէ հայկական անուանմամբ, բայց այլեւս իրենք իրենց շահին ծառայող կազմակերպութիւններ, և համահայկական վստահութիւն նոյնպէս չունեն։ Հետեւաբար, գուցէ անհրաժեշտ է մէկ համահայկական, նոր ու վստահելի ելեւմտական հարթակի ձեւաւորումը, որը կը կենտրոնացնի նուիրատուությունները՝ ուղղուած որոշակի նպատակների՝ Հայաստանի պետական շահին։
Ոչ պակաս կարեւոր եմ համարում նաեւ հայկական մշակութային ժառանգութեան պահպանումն ու փոխանցումը սերունդներին, դրսում հայապահպանութեան գործօն գործիքակազմի ներդրումը։ Գործիքակազմերից շատերն արդէն հնացել են եւ չեն բաւարարում երիտասարդ սերնդի պահանջմունքներին։