Հ.Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, ռադիո և հեռուստաներկայացումներում երկու տասնյակից ավել դերեր կերտած, բազում ֆիլմերում, այժմ, արդեն, նաև սերիալներում հանդես եկած դերասան Գուժ Մանուկյանը, ով արդեն 50 տարուց ավել է՝ աշխատում է իր հանդիսատեսի համար, կարծում է, որ իր լավագույն դերը կերտելու է ապագայում: Life.panorama.am-ը դերասանի հետ զրուցել է նրա անցած ուղու, ոլորտի ներկայիս խնդիրների և այլ թեմաների շուրջ:
–Դուք արդեն 40 տարուց ավել է՝ աշխատում եք Երևանի Դրամատիկական թատրոնում, որի հիմնադիր Հրաչյա Ղափլանյանը ժամանակին իր առջև խնդիր էր դրել հասնել ավանդույթի և նորարարության միավորմանը: Հիմա թատրոնը շարունակու՞մ է այդ սկզբունքով աշխատել:
-Քանի որ թատրոնի ղեկավարը եղել է Ղափլանյանի աշակերտը, փորձում է հետևել նրա թողած ավանդույթներին: Այնպես որ, այդ առումով հեռուն չենք գնացել: Իհարկե, ինչպես բոլոր պարագաներում, առկա են որոշ բացթողումներ:
–Դուք այդ թատրոնի հիմնադիրներից մեկն եք, սակայն բեմում հաճախ չեք երևում, ի՞նչն է պատճառը:
–Հիմա խաղացանկը հարմարեցվում է ջահելներին: Հին դերասաններից շատ քչերն են մնացել: Ցավոք, ես շատ զբաղված չեմ թատրոնում, երևի արդեն ծերերի շարքին եմ դասվում, (ծիծաղում է): Հաշվի չեն առնում, որ դեռ կարողանում ենք ձուկը ջրից հանել:
–Հաճա՞խ եք այցելում թատրոններ, հայաստանյան թատերական կյանքին հետևու՞մ եք:
-Աշխատում եմ չգնալ, եթե հյուրախաղերով անվանի դերասաններ չեն գալիս: Մերոնց արդեն գիտեմ թե´ ռեժիսորայի, թե´ դերասանական խաղի մասով: Ես չեմ ուզում գնամ, ներկայացումը դիտեմ ու հիասթափություն ապրեմ, կոլեգաներիս նեղացնեմ: Թե չէ՝ ստիպված կլինեմ ներկայացումից հետո փախչել, ինչպես որ մեկ-մեկ լինում է, որպեսզի կարծիք չհայտնեմ: Ուզում եմ լավ գործ տեսնել ու շնորհավորել կոլեգաներիս, բայց քանի որ գիտեմ, որ դա չի լինելու, չեմ ուզում խղճիս վրա ծանրացնել:
–Մի՞թե երիտասարդների շրջանում տաղանդավոր, աշխատասեր դերասաններ չկան:
-Կան՝ հատուկենտ, նրանք փոքր տոկոս են կազմում: Բայց ինձ ուրիշ հարցեր են հուզում…Որոշ երիտասարդներ հենց մի քիչ ճանաչում են ստանում, միանգամից գոռոզանում են, համարում են, որ վերջ, իրենք կայացել են: Հետո՝ լավ դաստիարակված չեն. անվանի դերասանը կարող է գնալ նկարահանման հրապարակ ու ժամով սպասել, թե նրանք երբ են ժամանելու: Մի բան էլ կա, որ ինձ դուր չի գալիս. ջահելները սիրում են միանգամից մի քանի գործ բռնել, ինչը սխալ եմ համարում:
– Երկու տասնյակից ավել դերեր եք կերտել հեռուստաթատրոնում: Այն վերականգնելու անհրաժեշտություն և որևէ ելք տեսնու՞մ եք:
-Անհրաժեշտություն շատ կա: Ես հիշում եմ, որ ժամանակին բոլորը սպասում էին երանելի երկուշաբթիներին, որպեսզի դիտեն հերթական ներկայացումը: Սպասում էին անգամ այն մարդիկ, ովքեր, ըստ էության, կապ չունեին թատրոնի հետ: Հեռուստաթատրոնը վերականգնելու համար պետք է լինեն սրտացավ մարդիկ, ովքեր ֆինանսապես կօգնեն, որպեսզի ներկայացումները թվայնացվեն: Այն բոլոր գործերը, որոնք մեր քրտինքով ստեղծել էինք, հիմա չկան, գալիք սերունդն ի՞նչ պետք է իմանա դրանց մասին, եթե չտեսնի: Պետության համար դրանք չնչին գումարներ են, եթե հաշվի առնենք այն ֆինանսները, որոնք ներդրվում են օրինակ, «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար:
–Հայաստանում ֆիլմարտադրության ոլորտը երկարատև դադարից հետո սկսել է կրկին «շնչել». հետևու՞մ եք նոր թողարկվող ֆիլմերին:
-Առհասարակ, մի երևույթ եմ նկատել. երբեմն այդ ֆիլմերը ռեժիսորի համար հասկանալի են, հանդիսատեսի համար՝ ոչ: Այնինչ, ֆիլմը 10 հավասարումներով խնդիր չէ, որ մտածես՝ ինչպես է լուծվում, պատասխանը ստանաս, կամ՝ ոչ:
Ցավ եմ ապրում, որ այլևս մասնակից չեմ այդ նկարահանումներին: Անհիշելի ժամանակներում էր, երբ վերջին անգամ նկարահանվեցի ֆիլմում: Այդ բացը մասամբ լրացնում եմ սերիալների միջոցով:
–Հիմա, կարծես, կատակերգական ֆիլմեր են շատ արտադրվում…
-Գուցե բոլորը զվարճության են ձգտում, երևի մենք լացկան ազգ ենք դարձել, տեղի անտեղի փորձում են ծիծաղեցնել հանդիսատեսին, ու երբ ստացվում է, համարում են, որ վարկանիշ ունեն: Մենք տարիներ շարունակ փորձել ենք բարձր պահել հանդիսատեսին մատուցվող նյութի որակը, հիմա տասնամյակներ են պետք այն վերականգնելու համար: Իսկ ինչ վերաբերում է կոմեդիային, իմ համոզմամբ, դերասանը պետք է այնպես խաղա, որ լինի ծիծաղելի իրավիճակում, բայց ինքն իր վրա չծիծաղի: Ամենաբարդ բանը կոմեդիա խաղալն է…
–Շատերը զարմացան, երբ ձեզ տեսան սերիալներում, ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնվեցիք դրանցում հանդես գալ:
-Դերասանը միշտ պետք է լինի ֆորմայի մեջ, գոնե մի բանով պետք է զբաղվի, սրտի թրթիռով գնա խաղահրապարակ. դա նրա մասնագիտությունն է: Ես, անկախ այն հանգամանքից, թե որտեղ եմ նկարահանվում, իմ դերի սահմանում անում եմ առավելագույնը:
–Ձեր մասնագիտությունը ձեզ ընկերներ պարգևե՞լ է:
-Այո, իհարկե. Վլադիմիր Մսրյան, Լևոն Թուխիկյան, Արթուր Ութմազյան, Ժան Նշանյան, Երվանդ Ղազանչյան…Շատ կան:
–Ձեր խաղացած լավագույն դերը ո՞րն եք համարում:
-Իմ լավագույն դերը ես դեռ նոր պետք է խաղամ:
–Հիմա ձեր մասնագիտությանն առնչվող ի՞նչ մտադրություն ունեք, որ կուզենաք իրագործել:
-Արտաշես Ալեքսանյանի հետ ուզում ենք «Ֆայտոն Ալեքը» բեմադրել, Դաշտենցի այդ գործին բեմական հնչողություն հաղորդենք, արդեն դերերը բաշխել ենք…Տեսնենք՝ ինչ կստացվի:
–Ձեր խոսքը՝ ձեր հավատարիմ հանդիսատեսին, մարդկանց, ովքեր 50 տարուց ավել է՝ հետևում են ձեր արվեստին:
-Ես շնորհակալ եմ բախտից նրանց համար, այդ առումով չեմ դժգոհում: Շատ կցանկանամ, որ նրանք թատրոնից չկտրվեն: Ասում են, թե թատրոնը մեռնում է. չկա նման բան: Այն, ինչ տալիս է թատրոնը, չի կարող տալ ոչ մի կինոնկար: Մանավանդ հիմա, երբ ամեն մարդ իր պատյանի մեջ է մտել, կողքինի նկատմամբ անտարբեր դարձել, թատրոնը կարող է և պետք է նրանց ճիշտ «գծերի» վրա գցել: