Նայրի Հոքհիքեան- Մաս 8
Պատերազմը հայկական կողմի ամենածանր շրջաններից մեկն էր ապրում։ Հարավից ավելի ու ավելի շատ էին լուրեր հասնում, որ մերոնք նահանջում են, չունեն թշնամուն կանգնեցնելու ռեսուրսներ։ Մենք էլ զարմանում էինք, թե ինչու են Արցախի կենտրոնական ու հյուսիսային հատվածներում կուտակվել մեծ թվով զորքեր, իսկ հարավը նոսրանում է՝ առանց համալրման։ Բայց դե բանակի գործերը զինվորականների խելքի բանն են, իսկ մենք թեպետ կամավորագրվել էինք հայրենիքի պաշտպանությանը, բայց զինվորական չէինք, հետևաբար մեր խելքի բանը չէր։
Ստեփանակերտի և Կարմիր շուկայի մեջտեղում կար մի կարևոր պահեստ, որտեղ անհրաժեշտ աշխատանքներ պետք է արվեին։ Փոխգնդապետ Յարամիշյանը դիմեց մեզ՝ գործն արագ կազմակերպելու համար։ 10 րոպե հետո մեկնեցինք նշանակված վայր։
Մեր ջոկատն արդեն մասնատված էր։ Բոլորս նույն առաջադրանքը չէինք կատարում, մեզ ուղարկում էին տարբեր տեղեր, ինչը հետո հնարավորություն էր տալիս միմյանց պատմել մեր տեսածը, լսածն ու ապրածը։
Պահեստի հետ կապված առաջադրանքն ավարտելուց հետո տեղեկացանք, որ մոտակայքում են ՀՀ ԱԻՆ բեռնատարները, որոնք մեկ ուրիշ պահեստում հումանիտար ապրանք էին դատարկում։ Մեզ խնդրեցին օգնության մեկնել այնտեղ, որ արագ դատարկեն՝ թշնամու կողմից չդիտարկվելու համար։ Գնացինք։
Գործն ավարտելուց հետո վարորդներից մի քանիսի հետ զրույցի բռնվեցինք։ Պատմեցին, թե ինչ փութաջանությամբ են Արցախ բերում սննդի ու հագուստի մեծ պաշարներ։ Վարորդներից մեկն էլ ծիծաղով ավելացրեց, թե ապրանքը բերում են Արցախ, հետ են տանում դասալիքներին․․․ Դա ինձ շոկի մատնեց։
«Ինչպե՞ս թե դասալիքներին, դուք առաջնագծից փախածներին տանում ե՞ք ՀՀ»,-հարցրի։
Վարորդը չհերքեց՝ ավելացնելով, թե հաճախ են այդպիսի հրահանգներ ստանում։ Հավաքվում են Բերձորի մոտակայքում, այնտեղ էլ տասնյակներով նստում են իրենց բեռնատարների թափքում ու օգտվելով ԱԻՆ մեքենաների անձեռնմխելիությունից՝ ճանապարհին խուսափում ոստիկանության ստուգումներից։
Վարորդի պատմածը բառացիորեն կաթվածահար էր արել ինձ։ Չէի կարողանում հասկանալ՝ իրականություն է՞ր, թե՞ հորինվածք։ Որոշեցի անպայման այդ խոսակցությունը փոխանցել պատասխանատու մարմիններին։
Հաջորդ օրը Ստեփանակերտում էինք։ Իմացա, թե որտեղ են տեղակայված ՀՀ-ից ժամանած ԱԻՆ խմբերը, մոտեցա հումանիտար բեռների մատակարարմամբ զբաղվող մայորին։ Պատմեցի վարորդի հետ խոսակցությունը։ Անակնկալի եկավ։ Անմիջապես գրանցեց և խոստացավ արագ ընթացք տալ, ճշտել եղելությունը և թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, նաև հասնել նրան, որ հանցանք կատարած վարորդները պատժվեն։
Հաջորդ օրերին տվյալ տեղակայման վայրում այդ մայորին այլևս չտեսա։
Շտաբում մեզ հարազատ դարձած Լիրան շարունակ թաց աչքերով էր շրջում։ Փորձում էի ոգևորել՝ ասելով, թե ամեն ինչ լավ կլինի, հարավը թեպետ նահանջում է, բայց հյուսիսում ու կենտրոնում մեր գործերը շատ լավ են։
Տխուր ժպտաց․ «Նաիրի ջան, ախր մեր գործերը շատ վատ են, մենք քեզ հետ հո գիտե՞նք, որ վատ են։ Արի մեզ չխաբենք․․․»։
Չգիտեի՝ ինչ ասել։ Ինքնագնահատականս անասելի ընկել էր՝ լավ հասկանալով, որ մեր տղաները սահմանին զենքով դիմադրում են թշնամուն, իսկ ես չեմ կարող միանալ նրանց, քանի որ իմ զինկոմիսարիատը չի տվել առաջնագիծ մեկնելու հրահանգ։ Եթե լսեի ՀՀ ՊՆ-ին, ապա պիտի նստեի տանը և սպասեի իմ հերթին, որն այդպես էլ չեկավ։
Ինքնագնահատականս ընկնում էր, որ աշխատանքներ էի անում թիկունքում, որ թշնամուն դեմ դիմաց գնալ չէի կարող, այլ պարտավոր էի մեր ջոկատի ընկերներիս հետ պահել զորքի թիկունքը։
Փոխգնդապետ Յարամիշյանին տեղեկացրել էին, որ Ակնայի հատվածից 8 պահեստազորային լքել է իրեն վստահված դիրքերն ու գնացել Ստեփանակերտ։ Պատճառաբանել էին, թե իրենց «անտեր են թողել», ստիպված գնացել են այդ քայլին։
Փոխգնդապետին խնդրեցի մեր ջոկատի հաշվին լրացնել այդ դիրքի բացը։ Մերժեց՝ ասելով, որ մեր ջոկատի աշխատանքները շարժման մեջ են արդյունավետ, մենք պետք է արագ լինենք տարբեր տեղերում, իսկ դիրքում կկանգնեն այլ զինծառայողներ, այդ հարցը արագ կկարգավորվի։ Իսկ մենք շատ էինք ուզում գնալ դիրքեր։
Հոկտեմբերի 12-ին իմացանք, որ թշնամին մտել է Հադրութ քաղաք։ Գիտեի, որ մանկությանս ընկերը՝ Վաղինակը, ում հետ ընկերություն էինք անում դեռևս դպրոցական ճամբարային անհոգ օրերից, կամավորագրվել ու հենց Հադրութ է մեկնել։ Զանգում էի, բայց հակառակ կողմից լսում էի նույն պատասխանը․ «Բարի գալուստ Ղարաբաղ տելեկոմ․․․»։ Անհանգստությունս մեծանում էր։
Արցախում տեղեկատվական բլոկադա էր։ Նորմալ չէր գործում հեռախոսակապը, չկար ինտերնետ, հեռուստացույց դիտելու հնարավորություն ու ժամանակ չկար։ Երբեմն ստացվում էր օգտվել շտաբի Wi-Fi-ից, բայց գերադասում էինք չմտնել ինտերնետ ու չտեսնել այն սուտը, որ տարածվում էր «# հաղթելու ենք» խորագրի ներքո։
Կինս մի քանի անգամ անձնական նամակով հարցրեց, թե ինչու եմ խուսափում այդ արտահայտությունից։ Չէի կարողանում ասել, որ այնքան էլ վստահ չեմ մեր հաղթանակի վրա՝ տեսնելով, թե ինչ ուժեր է թշնամին բերել և ինչպես ենք մենք դիմակայում նրան։
Կնոջս չէի կարողանում ասել, որ հայ զինվորը կռվում է հերոսաբար, մինչդեռ դրա կողքին պետք է լինի մարտավարություն, այլ ոչ թե անընդհատ նահանջ։ Բայց դա էլ զինվորականների խելքի բանն էր, ոչ թե իմ։
Հոկտեմբերի 13-ի երեկոյան Ստեփանակերտում էինք։ Քայլեցի քաղաքում։ Օդային տագնապը հնչում էր պարբերաբար, բայց ինձ ոգևորում էր այն, որ կային մի քանի գործող խանութներ, մարդիկ երբեմն դուրս էին գալիս փողոց, նույնիսկ հումորով ասում, թե հրետանու հարվածների արանքում հասցնում են սուրճ խմել դրսում։
Ինտերնետ հասանելություն ունենալով՝ այդ մասին հրապարակում արեցի։ Քիչ անց անձնական նամակ ուղարկեց ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, դաշնակցական, իմ վաղեմի ծանոթ Արթուր Խաչատրյանը։ Ինձ մեղադրեց հանրությանը խաբելու համար, որ պիտի խոսեմ Ստեփանակերտում շատ ծանր վիճակի մասին։ Մեր միջև փոքրիկ բանավեճ եղավ, որը գնալով սրվեց։ Հասկանում էի Արթուրի հոգեբանական վիճակը։ Դաշնակցական ծանոթ տղաները պատմել էին, որ մեծ թվով կամավորներ էին ուղարկել Արցախ ու ամեն օր ստանում էին զոհերի մասին լուրեր։ Արթուրը գրում էր, թե ինչքան տեսարանների է ականատես եղել ու ինչ ծանր ապրումներ ունեցել։ Ընթացք չտվեցի վեճին՝ գիտակցելով այդ պահի լարվածությունը, չպատմեցի իմ տեսածի մասին։ Ի վերջո, օրեր առաջ ինքս էի երկու հարազատ մարդու կորցրել։
Հաջորդ օրը Հադրութից զանգեց ընկերս՝ Վաղինակը։ Ասաց, որ ուզում է տեսնել ինձ, բան ունի փոխանցելու։ Պայմանավորվեցինք, որ ես կմեկնեմ Կարմիր շուկա, այնտեղ կհանդիպենք։
Մեր ջոկատի տղաներին ասացի, որ պիտի թույլտվություն ստանամ՝ մի քանի ժամով մեկնելու։ Սպասում էի ժամին, որ մեկնեմ։ Հանկարծ զանգեց Վաղինակը՝ ասելով, որ թեժ մարտեր են սկսվել, չի կարողանա գալ։ Խոստացավ զանգել հաջորդ օրը և նոր հանդիպման համար պայմանավորվել։
«Չկորես, եղբայր, զանգիս կպատասխանես, կարևոր բան ունեմ ասելու»,-Վաղինակի խոսքերն էին։ Երևի վերջին խոսքերը։ Ժամեր անց թշնամու ռումբն ընկել էր Վաղինակենց մեքենայի վրա։ Ընկերոջս փակ դագաղով վերադարձրին իր ընտանիքին, իսկ ես նրան հողին հանձնելուն ևս չկարողացա մասնակցել։
Արցախին պետք էինք․․․
Շարունակելի․․․
Սկիզբը՝ (https://www.facebook.com/nhokhikyan/posts/10157917759198831)