Մաս 3
Նայրի Հոքհիքեան
Ստեփանակերտի հացի խոշոր արտադրամասի նկուղից մի կերպ դուրս եկանք և վազեցինք դեպի մեզ օգնության եկած մեքենան: Արցախցի երկու դեռահաս տղաները մեծ արագությամբ վարեցին այն դիմացից, մեզնից ոմանք էլ տեղավորվեցին բեռնատար Կամազն, ու շարժվեցինք Նիվայի հետևից: Ես Կամազի խցիկում էի, ամեն վայրկյան սպասում էի, որ հերթական ռումբը կպայթի հենց մեզ վրա:
Հասանք բունկեր և մտովի շնորհակալություն հայտնելով Աստծուն՝ այդ օրը չզոհվելու համար, նստեցինք շունչ քաշելու: Փոքրինչ քայլեցի դեպի կառույցի խորքերը, և աչքերիս առաջ բացվեց այլ աշխարհ՝ աթոռների, նստարանների վրա, գետնին քնած ծերեր և երեխաներ, անկյուններում արտասվող կանայք: Հանկարծ մթության մեջ նշմարեցի պատի տակ նստած մեկին: Մոտեցա: 35-40 տարեկան, առողջ կազմվածքով տղամարդ էր, Ասկերանի բնակիչ: Ծխում էր, չէր կարողանում քնել: Ծանոթացանք: Հարցրի, թե ինչու է այստեղ: Կարճ լռությունից հետո ասաց, որ իր եղբայրն առաջնագծում է, ինքը վախենում է։ Պատասխանը մտահոգեց ինձ։ Այսպիսի մարդիկ են, որ սխալ տպավորություն են ստեղծում արցախցիների վարքի մասին։
Առավոտյան այդ մասին պատմեցի մեր փոխգնդապետին։ Ասաց, որ կան այդպիսի դասալիքներ, բայց հիմա իրենք աշխատանքներ են տանում՝ կռվելուց խուսափողներին թիկունքային աշխատանքների մեջ ներգրավելու ուղղությամբ։
Հոկտեմբերի 8-ի կեսօրին կրկին մեկնեցինք «Հաց» գործողությունը շարունակելու: Այդ օրը ՀՕՊ-ը աշխատում էր, Ստեփանակերտի երկնքում թշնամական ԱԹՍ-ներ չկային: Փլատակների վերածված արտադրամասում հանկարծ գտանք մեծ քանակությամբ «բուխանկա» հաց, առնվազն 10 օրվա հնության, փոքրինչ բորբոսած, խոնավ։ Մեր ուրախությանը սահման չկար։ Այդ հացն էլ տեղավորեցինք մեզ միացած դեղին բեռնատար «ֆորդ»-ի մեջ՝ մտածելով, որ ինչ-որ տեղ կօգտագործվի։ Հացն այդ օրերին մեզ համար դարձել էր երազանքի նման բան։ Մեր ջոկատի Արշակը, ում հնարամտության համար բարեկամաբար կոչում էինք «Գյուտարար գորտ», նստեց հացի կողքը, որ ոչ ոք ձեռք չտար։ Այդ հացը ապաստարաններում տեղավորված մարդկանց համար էր։
Հացի թխման սարքավորումները տեղավորեցինք բունկերում, ժամեր անց տարածվեց թարմ հացի հոտը, մեքենաները սկսեցին արագ-արագ հաց մատակարարել առաջնագիծ։ Մեր ջոկատի ատամնաբույժ Հայկի աչքերում արցունքներ նկատեցի։ Դրանք միաժամանակ ոգևորության ու ցավի արցունքներ էին։
Ուշ գիշեր վերադարձանք մեր տեղակայման վայր։ Պարզվեց, ժամեր առաջ թշնամու հրթիռներից մեկն ընկել էր այդ վայրից մի քանի տասնյակ մետր հեռու։ Հարվածի ալիքից ամենուր կոտրված ապակիներ էին, մեր ապաստարանում բացվել էին պատուհանները։ Գիշերը ծանր անցավ։ Չքնեցինք անընդհատ ընկնող արկերի ու հրթիռների, օդային տագնապի ձայներից։ Հագուստով, քնապարկերի մեջ էինք պառկում, որ անհրաժեշտության դեպքում գոնե հասցնենք այլ վայրում պատսպարվել, եթե հերթական արկի թիրախում մենք հայտնվեինք։ Եթե, իհարկե, հասցնեինք պատսպարվել։
Հոկտեմբերի 10-ին հայտարարվեց, որ հրադադար է լինելու։ Մարդիկ ուրախացան, մենք էլ ոգևորվեցինք, որ մահվան շունչը գոնե մի քանի օր կլքի մարդկանց։ Մեր շտաբում իր ամուսնու հետ ծառայություն էր իրականացնում արցախցի մի կին։ Տիկին Լիրային միշտ տեսնում էի խոնավ աչքերով, փորձում էր թաքցնել հուզմունքը, մեկուսանում, արտասվում էր, հետո վերադառնում ժպիտով, սուրճ ու թեյ առաջարկում։ «Թորքերը թխալ են, չվախենաք, չայ խմե՞նք, նոր գնաք»,-ամեն անգամ հարցնում էր Լիրան։ Ամուսինը մասնակցել էր առաջին պատերազմին, այս անգամ առողջական խնդիրները թույլ չէին տալիս զենք վերցնել ձեռքը, տեղը չէր գտնում, ուզում էր գնալ իր ծննդավայր Հաթերք գյուղը, բարձրանալ Արցախի հյուսիսային սահմանները պաշտպանելու։ Փոխգնդապետ Յարամիշյանը, սովորության համաձայն, մեղմ ժպտում էր, հետո ավելացնում՝ քո աշխատանքն այս անգամ թիկունքում է, զորքին ամուր թիկունք է պետք։ Նույն օրը երեկոյան սրտի շրջանում սուր ցավեր ունեցավ Լիրայի ամուսինը, նյարդային լարվածությունն իր գործն անում էր։ Դեղերի շնորհիվ վիճակը կարգավորվեց։
Հաջորդ օրը՝ առավոտյան 6-ին մենք մեկնեցինք Ասկերան՝ նոր առաջադրանք կատարելու։ Զորամասում հանդիպեցինք 300-ից ավելի կամավորների, որոնց տեղակայել էին այնտեղ՝ առանց հստակ առաջադրանքների։ Ազատ ժամանակ հետաքրքրվեցինք՝ երբ են եկել, ինչ են անում։ Եղավ պատասխան․ «մեզ բերել են այստեղ, մեկ-մեկ տանում են պոստեր, բայց հիմնականում պարած նստած ենք․․․»։ Ինձ համար անհասկանալի էր մարդկային ռեսուրսի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը․ չէ՞ որ Արցախի նախագահն իր հերթին, ՀՀ վարչապետն իր հերթին օրեր շարունակ հայտարարում էին, թե մարդիկ խուսափում են կամավորագրվել։ Ես մեկ շաբաթ շարունակ Երևանում պայքարեցի կամավորագրվելու համար, ինձ նման շատերը։ Իսկ այստեղ՝ Արցախում, մեկ զորամասում տեղակայված է 300 կամավոր, որոնք պարապ նստած են, մինչդեռ հարավում ծանր մարտեր են ընթանում։ «Ռազմական հարցեր են, որոնց մանրամասներին չենք տիրապետում․․․»,-ասացինք ինքներս մեզ և շարունակեցինք մեր առաջադրանքի կատարումը։
Ուշ երեկոյան վերադարձանք մեր տեղակայման վայր։ Շտաբ այցելեցին երկու երիտասարդներ՝ Երևանից։ Թարմ, արդուկած, զինվորական կամ ինչպես ընդունված է ասել՝ «նատովկա» համազգեստով տղաները մեր փոխգնդապետին ներկայացան որպես ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ուղարկած ջոկատ։ Նայում էի այդ տղաների համազգեստին, հետո՝ մեր փոշոտ, կեղտոտ հագուստին ու հասկանում, որ գուցե օրեր անց նրանք էլ մեզ նման լինեն։ Հանկարծ այդ երիտասարդներից մեկը պահանջեց, որ իրենց ուղարկեն ամենավտանգավոր վայրերը՝ ծառայության։ Փոխգնդապետ Յարամիշյանն ասաց, որ նրանք և մեր ջոկատից մի քանի հոգի կգնան Ստեփանակերտի հոսպիտալ՝ վիրավորներին օգնելու։ Ես չկայի ցանկում։
Հաջորդ օրը մեր ջոկատը բաժանվեց երկու մասի՝ մենք մեկնեցինք Շուշի։ Այն, ինչ ուղարկել էին Արցախի զորքին, Շուշիում անձամբ տեսնելու էր եկել նաև Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Բեռը արագ տեղափոխեցինք ապահով տեղ, վերադարձանք մեր տեղակայման վայր։ Վերադարձան նաև հոսպիտալ մեկնած մեր մյուս տղաները։ Ծանր տեսարանների էին ականատես եղել, գերադասում էին չպատմել։ Մեր ջոկատի Համլետը հիշեցրեց նախորդ օրը Արցախ եկած «նատովկա»-ով տղաների մասին։ Հասցրել են հնարավոր բոլոր վայրերում լուսանկարվել զինվորական համազգեստով, իսկ հոսպիտալում այդ տղաներից մեկը ուշաթափվել է՝ տեսնելով վիրավոր և արնաքամ լինող զինվորի։ Հաջորդ օրերին այդպես էլ չտեսանք վտանգավոր վայրերի ձգտող այդ տղաներին։ Պարզվեց՝ վերադարձել են Երևան։
Շարունակելի…
(Մաս 1. https://www.facebook.com/nhokhikyan/posts/10157917759198831
Մաս 2. https://www.facebook.com/nhokhikyan/posts/10157921349623831)
Մաս 4
Հոկտեմբերի 13-ին՝ գիշերվա ժամը 3-ին հնարավորություն ունեցա ծանոթանալ առաջնագծում տեղի ունեցող ակտիվ մարտական գործողությունների տրամաբանությանը առաջին ձեռքից։ Թշնամու մարտավարությունը բավական լավ էր մտածված, ինչպես մեր ջոկատի Արշակն էր սիրում կրկնել, ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաները «կարել են Ադրբեջանի բանակի վրա»։
Ռազմի դաշտում առաջին շարքում հրետանու կրակի ուղեկցությամբ գալիս էին թշնամու տանկերը և հարձակողական մյուս զրահամեքենաները։ Նրանց թիկունքում հետևակն էր, որի կազմում պարտադիր գործում էր ռազմական լրագրողների երկու ջոկատ։ Այս երևույթը իմ ուշադրությունը հատկապես շատ գրավեց։
Երբ թշնամուն հաջողվում էր գրավել մեր դիրքը, առաջ էր գալիս դրոշ դնողների ջոկատը, հանդիսավոր բարձրացնում էր Ադրբեջանի դրոշը, ինչը նկարահանում էին ռազմական պայմաններում աշխատելու պատրաստություն անցած ադրբեջանական լրագրողական խմբերը։ Հնարավորինս շատ էին նկարում, որ հետո դրանք նաև այլ տեսանյութերում օգտագործեն։ Ապա լրագրողական խմբերից մեկը արագ վերադառնում էր մոտ 10կմ թիկունքում կայանած դաշտային մոնտաժային տեխնիկայի մոտ, պատրաստում հերթական տեսանյութը և ուղարկում Բաքու։
Այս գործողությունը այնքան մանրակրկիտ էր մշակված, որ մեծ հարված էր հասցնում հայկական կողմի տեղեկատվական դաշտին։
Իսկ ի՞նչ էր անում Արցախը։ Ստեփանակերտում լրագրողներին ստիպում էին նստել ապաստարաններում և սպասել, թե երբ է հերթական արկն ընկնելու որևէ տան վրա, որ նկարեն ու ցույց տան, թե ինչքան թշվառ վիճակում է Արցախը։ Այդ օրերին ստացվեց զրուցել գործընկերներիս հետ։ Լրագրողները պայքարում էին առաջնագիծ գնալու և հանրությանը մարտնչող հայ զինվորի ցույց տալու համար։ Պատասխանատու պետական մարմինները հատուկենտ դեպքերում էին ստեղծում այդ հնարավորությունը, այն էլ առանց կոնկրետ ասելիքի կամ տեղեկատվական ռազմավարության։
Այդ օրերին առաջնագիծը ցույց տալու համար հայկական կողմը ակտիվ օգտագործում էր ռուսական «War gonzo»-ի հեղինակ Սեմյոն Պեգովի ռեսուրսը, մինչդեռ նա ոչ այնքան լրատվություն էր տալիս, որքան զբաղված էր բլոգ վարելով, խոսում էր, քարոզչություն տանում, ոգևորում հայ հանրությանը։
Ինչո՞ւ լայնորեն և պրոֆեսիոնալ աշխատանքի հնարավորություններ չկան հայկական մեդիադաշտի ներկայացուցիչների համար։ Ստեփանակերտում եղած օրերին այդ հարցը տվեցի Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանին։ Վաղուց գիտեինք իրար, կարող էի ազատ խոսել Արտակի հետ։ Նույն անկեղծությամբ պատասխանեց․ «Չունենք պրոֆեսիոնալ այնպիսի լրագրողներ, որ կարողանան առաջնագծից պատերազմի ընթացքը լուսաբանել»։ հակադարձեցի, թե ես լավ գիտեմ հայ լրագրողներից շատերի կարողությունները և վստահ եմ, որ կան շատ պատրաստված լրագրողներ։ Առաջարկեցի ինձ ուղարկել այդպիսի վտանգավոր վայրեր՝ հաշվի առնելով 2016-ի ապրիլյան պատերազմը 11 օր հենց առաջնագծից լուսաբանելու փորձը։ Եղավ Արտակի պատասխանը․ «Եղբայր, ես հասկանում եմ, որ շատերն են ուզում հերոսանան, նույնիսկ կան լրագրողներ, որ հոգու խորքում ուզում են վիրավորվել, որ հերոսանան․․․»։
Այդքանով ավարտվեց մեր զրույցը, անիմաստ էր շարունակելը։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ, իմ գործընկեր Վահրամ Պողոսյանի հետ զրույցից էլ հասկացա, որ տեղեկատվական դաշտում անմխիթար վիճակում ենք, քանի որ ՀՀ իշխանությունը արգելում է հաղորդել որևէ այլ բան, բացի իր տվածից, իսկ ՀՀ իշխանությունը Արծրուն Հովհաննիսյանի բերանով տալիս էր միայն հաղթանակի լուրեր։
Այդ օրերին Արցախի իշխանության տարբեր օղակներ, զինվորականությունը անթաքույց դժգոհություն ունեին ՀՀ իշխանության կազմակերպչական աշխատանքից։
Կամավորականների և բանակի ռեզերվի ուժերը շատ դանդաղ էին տեղ հասնում, եկողներն էլ պատմում էին, որ օրերով ծեծում են զինկոմիսարիատների դռները, որ իրենց թույլ տան մեկնել Արցախ։ Մոբիլիզացիան ՀՀ-ում ձախողված էր՝ թափթփված աշխատանքի հետևանքով կամ միտումնավոր։
Արցախ հասած քիչ կամավորական խմբերից մեկի հետ մի քանի անգամ սեփական աչքով տեսնելով առաջնագծի հարավային թևի խնդիրները՝ Ստեփանակերտում եղած ժամանակ կեսգիշերից հետո հանդիպեցի Արցախի նախագահի խորհրդական, իմ վաղեմի ընկեր Դավիթ Բաբայանի հետ։ Երկուսիս մտահոգությունը նույնն էր։ Մինչև ժամը 4-ը քայլեցինք փողոցում, քննարկեցինք այն խնդիրները, որոնց լուծումն անհրաժեշտություն էր օր առաջ։ Դավիթին, սակայն, այդ օրերին քիչ մարդիկ էին լսում, քանի որ պատերազմը ամենից առաջ նաև լավ հնարավորություն էր սկսնակների համար ինքնահաստատվելու։ Դավիթը խնդրեց ռազմավարական կարևորության մի շարք հարցեր բարձրացնել նաև իմ ունեցած ազդեցության լծակներով։
Ավելի քան 2 տասնամյակ Արցախի ամեն կտորի իրական արժեքն ուսումնասիրած Դավիթ Բաբայանը տեսնում էր, որ հայրենիքի այս կտորի գլխին կախված «դամոկլյան սուրը» պահող թելը օր օրի ավելի է բարակում, և մի օր այն անպայման կտրվելու է։
Լուսադեմին մոտ հանդիպեցինք գեներալ Վարդան Բալայանի հետ։ Զորքը կռվում էր հերոսաբար, ժամանակին ոչ բոլոր զինվորներն էին ստանում անհրաժեշտ զինամթերք, գրեթե բացակայում էր պաշտպանիչ համազգեստը (բրոնե ժիլետ)։
Գիշերվա ժամերին, երբ ինտերնետի փոքր ինչ հասանելիություն էր լինում, կապվում էի ՀՀ-ի ընկերներիս հետ։ Վահրամ Միրաքյանի նախաձեռնությամբ «Մանթաշով» գործարարների միության 60 անդամները փող էին հավաքում՝ նախևառաջ բրոնե ժիլետներ ու գիշերային տեսանելիության սարքեր գնելու համար։ Ամեն օր ժամը 2-ին մեր օնլայն հանդիպման պահն էր։ Գործընկերներիս պատմում էի առաջնագծի վիճակի ու զորքին անհրաժեշտ պարագաների մասին։ Որոշվել էր 1 շաբաթվա ընթացքում հավաքել 300,000 դոլար, բայց սահուն կերպով այդ թիվը գրեթե կրկնապատկվեց։ Միության անդամ գործարարները ակտիվացրել էին իրենց բոլոր կապերը, փող էր պետք՝ բանակի համար զինամթերք գնելու։ Ամեն օրը մի կորուստ էր։
Հերթական առաջադրանքը կատարելուց առաջ մեր ջոկատի Դավիթի հետ ներկայացանք փոխգնդապետ Յարամիշյանին։ Նա էլ մտահոգված էր, որ փորձառու մասնագետները ռազմական ոլորտում մղվել են հետին պլան, ինչը հղի է մեծ վտանգներով։
Նախկին պատերազմներում թրծված զինվորականներին ու սպայական անձնակազմին գործելու հնարավորություն տալու անհրաժեշտություն կար, մինչդեռ ավագ սերժանտին հանձնարարվում էր վաշտ գլխավորել, իսկ հրետանավորին տալիս էին հետախուզական վաշտեր առաջնորդելու հրահանգ։ Տրամաբանությունը և նպատակը անհասկանալի էր։
Հոկտեմբերի 16-ին առաջադրանք ստացանք Շուշիում։ Բերդաքաղաքը թեպետ գրեթե դատարկ էր, բայց ոչ ոքի մտքով չէր անցնում, որ թշնամին կարող է մոտենալ անմատչելի բարձունքին։
Այնտեղ մի հատուկ պահեստ կար։ Ծանոթացա արցախցի Սամվելի հետ։ ՏՏ ոլորտի ռուսախոս տղա էր։ Զրույցի ընթացքում հանկարծ ծնկի եկավ ու որովայնը բռնած՝ մի քանի րոպե մնաց կծկված։ Չէինք համարձակվում որևէ բան անել կամ ասել։ Հետո վեր կացավ, հագուստը թափ տվեց։ Առողջական լուրջ խնդիրներ ուներ, բայց չէր կարողանում հանգիստ նստել, կամավոր մտնում էր ամենածանր գործերի մեջ։
Սամվելի հետ զրույցի ժամանակ լսում էինք երկնքում պտտվող թշնամական ԱԹՍ-ի ձայնը։ Դա այնքան սովորական էր դարձել, որ այլևս ուշադրություն չէինք դարձնում։ Ձայնից միայն տարբերում էինք, որ հարվածային դրոն է, ինչ-որ տեղ պիտի ընկնի։
Եկավ բեռնված մեքենան։ Անցանք առաջադրանքի կատարմանը, հանկարծ լռեց թշնամու աթս-ի ձայնը։ Հասկացանք, թե ինչ է մեզ սպասում։ Մի քանի վայրկյան լռությունից հետո լսվեց ընկնող աթս-ի ուժգնացող շարժիչի ձայնը։
«Бегом-бегом…»,-գոռաց Սամվելը, և բոլորս հասկացանք, որ թշնամու թիրախի էպիկենտրոնում մենք ենք։ Ամեն մեկս վազեց մի կողմ՝ փորձելով պատսպարվելու տեղ գտնել։ Մեր ջոկատի Հայկի հետ մտանք պարկերի արանքը։ Մինչ թշնամու աթս-ն կհարվածեր, փակեցի աչքերս և սկսեցի խավարի մեջ փնտրել անորոշությունից եկող մահվան շունչը։
Շարունակելի․․․
(Սկիզբը՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10157925448763831)