ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊՅԱՆ, զրուցավար
Մեր զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանը
-Նախօրէին Վլատիմիր Փութինը շնորհաւորել է Ռոբերտ Քոչարեանին և նրան գործընկեր ու ընկեր համարել: Արդէն քանի տարի Փութինը դա անում է, մինչդեռ նոյնը չի անում Սերժ Սարգսեանի դէպքում: Այստեղ քաղաքական ենթատեքստ կայ՞:
-Ես կարծում եմ՝ մենք պէտք է մի փոքր յստակ անդրադառնանք պատմութեանը, յատկապէս տնտեսական պատմութեանը, ու յիշենք, թէ ում օրոք են Հայաստանի հիմնական տնտեսական ոլորտները յանձնուել ռուսներին չնչին գներով, նաեւ անվճար ու արտօնեալ պայմաններով: Դա եղել է Ռոբերտ Քոչարեանի իշխանութեան տարիներին: Երբ Ռոբերտ Քոչարեանը եկաւ իշխանութեան, եթէ յիշում էք, Փութինը նշեց, որ մեր տնտեսական յարաբերութիւնները չեն համապատասխանում մեր ռազմաքաղաքական յարաբերութիւններին: Դրանից յետոյ սկսուեց մասսայաբար (զանգուածաբար Ա.Խ.), ոլորտ առ ոլորտ տնտեսութեան յանձնումը ռուսներին: Արդէն երբ եկաւ Սերժ Սարգսեանն իշխանութեան, ըստ էութեան, հիմնական ոլորտները յանձնուած էին, և գնաց շահերի յանձնումը: Նաեւ ասեմ, որ Լեւոն Տէր-Պետրոսեանի ժամանակ էլ է դա տեղի ունեցել, բայց այն ժամանակ ոչ թե ոլորտային յանձնում էր օտար երկրներին, այլ տարբեր ձեռնարկութիւնների յանձնումն էր նորածին օլիգարխներին: Բնականաբար, եթէ նայում ենք Ռուսաստանի շահերի տեսակէտից, Քոչարեանը ամենալաւն է եղել Ռուսաստանի համար, Մոսկուան էլ նրան պաշտպանում է: Գումարած, ես հասկանում եմ, որ կարող է նաև մարդկային յարաբերութիւններ զարգանան իրենց միջեւ: Չմոռանանք, որ ի տարբերութիւն Սերժ Սարգսեանի, որն ամէն դէպքում հայկական բանասիրական կրթութիւն ունէր, Քոչարեանը ռուսական մշակոյթի կրող էր: Այսինքն՝ իր մտածողութեամբ ինքը ռուս էր և աւելի հեշտ էր լեզու գտնելը Փութինի հետ:
-Փութինը ցոյց է տալիս իր սառը յարաբերութիւնները Սերժ Սարգսեանի հե՞տ: Այն ժամանակ էլ չէին դադարում ռուսական կողմի մեղադրանքները նախկին իշխանութիւններին՝ տեղի ունեցած յեղափոխութեան համար, նաեւ յիշում ենք, որ ապրիլեան պատերազմի հետ կապուած Սերժ Սարգսեանը որոշակի յիշեցումներ էր անում Ռուսաստանին:
-Այո, Սերժ Սարգսեանն այեւս ոչինչ չունէր տալու ռուսներին, բացի Հայաստանի շահերից, որն արդէն շատ դժուար էր: Ինքը չէր կարող հող տալ: Օրինակ, խնդիրներից մէկը Ղարաբաղի յանձնումն էր, բնականաբար, Սերժ Սարգսեանը նման խնդիր չէր կարող լուծել: Նման խնդիր դրուած չի եղել Քոչարեանի առջեւ, թէեւ Քոչարեանի իշխանութեան վերջին տարիները յիշէք, երբ 2007-ին նա պաշտօնապէս ընդունեց Մատրիտեան սկզբունքները, բայց արդէն այնտեղ շատ քիչ ժամանակ էր մնում իր պաշտօնավարմանը: Ես կարծում եմ, որ նա պատահական չի արել դա: Դա արել է, որ իր յաջորդը փաստի առջեւ կանգնի, իսկ արդէն ակնյայտ էր, որ յաջորդը լինելու էր Սերժ Սարգսեանը, որն արդէն վարչապետ էր: Հետեւաբար, Սերժ Սարգսեանի առջեւ դրուած պահանջները եղել են այլ բնոյթի, նա չի կարողացել դրանք բաւարարել, Փութինը դժգոհ է եղել և շարունակում է դժգոհ մնալ: Սա է բուն դրդապատճառը:
-Լավրովի պլան, Մատրիտեան սկզբունքներ… հիմա դրանք կա՞ն: Տեսակէտ կայ, որ Լավրովի պլանը հիմա էլ կայ, պարզաէս երկրորդ պլան է մղուել:
-Իհարկէ, հիմա էլ կայ Լավրովի պլան: Ցանկացած փաստաթուղթ, որը չի չեղարկուել, պէտք է չեղարկուի, կամ փոխարինուի այլ փաստաթղթով: Այն չի փոխարինուել, ուրեմն կայ: Կամ փաստաթուղթը պէտք է չեղարկուի, կամ փոխարինուի այլ փաստաթղթով: Լավրովեան պլանն ու Մատրիտեան սկզբունքները ոչ չեղարկուել են, ոչ էլ փոխարինուել են: Կոնկրետ Մատրիտեան սկզբունքներից արտածուել են մի շարք այլ փաստաթղթեր՝ աւելի մանրամասներով, մասնաւորապէս, Կազանի փաստաթուղթը: Կարո՞ղ էք վկայակոչել որեւէ յայտարարութիւն կամ փաստաթուղթ արուած եռանախագահողների կողմից, որ բանակցութիւնների սեղանին այլ փաստաթուղթ է դրուած: Վերջինը գիտեմ, որ Նիկոլ Փաշինեանը խնդրել է պարզաբանումներ երեք սկզբունքների եւ 6 տարրերի վերաբերեալ: Բայդ դա չի նշանակում հրաժարուել փաստաթղթից, ընդհակառակը, դա նշանակում է, որ մենք այդ փաստաթղթի նկատմամբ որոշակի ուշադրութիւն դարձնում ենք: Դրա համար ենք խնդրում բացատրութիւններ տալ:
-Վերջերս Սամուէլ Բաբայեանն իր հարցազրոյցում նշել էր, որ իր ձեռքի տակ կան այնպիսի կարեւոր փաստաթղթեր, որտեղ երեւում է, թէ ինչ փաստաթղթեր են դրուած եղել բանակցային սեղանին Սերժ Սարգսեանի օրոք և ինչ վտանգաւորութիւն են իրենց մէջ պարունակել, այդ թւում տարածքների վերադարձի հետ կապուած: Սրանք ունե՞ն հիմքեր։
-Դրանք ինտերնետում(համացանցում Ա.Խ.) բաց դրուած են, դրանք Մատրիտեան սկզբունքներն են: Դա նորութիւն չի, վաղուց գաղտանզերծուել են: Դրանք են սեղանին դրուած և այո, դրանք խիստ վտանգաւոր են: Դա ենթադրում է ազատագրուած տարածքների յանձնում փուլային տարբերակով, 5+2 սկզբունքով, միայն միջանցքի պահպանում միջազգային վերահսկողութեան տակ, գաղթականների ու փախստականների վերադարձ և յետաձգուած ազատ կամարտայայտութիւն: Դրանից վատ էլ ի՞նչ պէտք է լինի: Սրա մասին գիտէինք, շատերը դէմ են խօսել ու ի սկզբանէ չեն ընդունել: Լավրովի պլանն էլ ածանցւում է դրանից: Լավրովն էլ ասում է՝ փուլային լուծում: Մեզ մօտ ի սկզբանէ, Լեւոն Տէր-Պետրոսեանի ժամանակուանից բանակցութիւնների հիմքում դրուած է եղել «տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքը: Սկսած Բիշքեկի զինադադարից մենք միշտ դա ենք ասել, որ պատրաստ ենք այդ հողերը տանք, մենակ դուք համաձայնէք, որ ինչ-որ կարգավիճակ տաք Արցախին: Սա է եղել հիմքում, և բանակցութիւնները գնացել են մանրամասների շուրջ: Այսինքն դա կը կոչուի պլեբիսցի՞տ, թէ՞ հանրաքուէ, 5 տարի յետոյ՞ կ’արուի, թէ՞ 15 տարի յետոյ, դա կ’արուի՝ յետոյ՞ կը վերադառնան փախստականները, թէ դրանից առաջ, կամ սկզբից դա կը լինի հարցախոյզի տեսքո՞վ, արդեօք դա տեղի կ’ունենայ ամբողջ Ադրբեջանի տարածքում, թէ՞ դա տեղի կ’ունենայ միայն Լեռնային Ղարաբաղի տարածքում: Սրանք մանրամասներն են, բայց ի սկզբանէ սկզբունքը դրուած է եղել: Այդ վատ սկզբունքի հայրը եղել է Լեւոն Տէր-Պետրոսեանը, որից յետոյ եկել է Քոչարեանը խորացրել է, Սերժ Սարգսեանն էլ իր հերթին է դա արել:
Lragir.am