1920 թվականի դեկտեմբերի 25-ին Տաթեւի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը: Որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն, մինչեւ պարզ կդառնար Հայաստանի Հանրապետությանը միանալու հնարավորությունը: Նորաստեղծ հանրապետության սպարապետ դարձավ Գարեգին Նժդեհը: 1921 թվականի ապրիլի 27-ին դարձյալ Տաթեւի վանքում կայացավ համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան: Այսօր լրանում է Լեռնահայաստանի 100- ամյակը, որին նվիրված միջոցառումներ է նախաձեռնել «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» օր օրի մեծ թափ հավաքող շարժումը:
Հարյուր տարի անց, հետադարձ հայացք նետելով անցյալ, ո՞րն է գնահատականը, ի՞նչ արժեք էր իրենից ներկայացնում Լեռնահայաստանը, եւ ինչո՞ւ հարյուր տարի անց էլ թշնամին շարունակում է իր նկրտումները Սյունիքի նկատմամբ: Հարցերի պատասխանը «Իրավունքը» փորձեց ստանալ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻՑ, ով պատմական հայացք նետելով տարիների խորքը, նախ փաստեց.
– Առաջին հերթին պետք է փաստել, որ Լեռնահայաստանն իր գոյությամբ լուծեց շատ կարեւոր աշխարհաքաղաքական խնդիր: Լեռնահայաստանը իր գոյությամբ թույլ տվեց ոչ միայն, որ Սյունիքը մնա Խորհրդային Հայաստանի կազմում, այլ նաեւ հնարավորություն չտվեց, որ պանթուրքիստական ծրագիրը իրականացվեն, որով որ կապ կհաստատվեր Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Փաստորեն, Սյունիքը մի երեւույթ էր, որը փոխեց ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ համաշխարհային խաղաքարտերը: Ճիշտ է Սյունիքը փոքր տարածք էր, բայց իր լուծած խնդիրը շատ մեծ էր: Սա է Լեռնահայաստանի ամենակարեւորագույն դերակատարումը: Հարյուր տարի առաջ այս օրը շատ մեծ աշխարհաքաղաքական խնդիր լուծեց Գարեգին Նժդեհը՝ պահելով Սյունիքը մեր տարածքում` Հայաստանում:
– Պարոն Սաֆրաստյան, ո՞վ կմտածեր, որ 100 տարի անց Սյունիքը կրկին վտանգի առաջ է կանգնելու:
– Որպես պատմաբան՝ կարող եմ փաստել, որ դեռեւս հարյուր տարի առաջ ակնհայտ էր, որ Սյունիքը աշխարհաքաղաքական նշանակություն ունի: Այսօր էլ` հարյուր տարի անց Սյունիքի աշխարհաքաղաքական նշանակությունը նույնն է: Եվ պատահական չէ, որ կրկին մենք տեսնում ենք, որ Սյունիքը այսօր էլ պատնեշ է պանթուրքիստական ծրագրի իրականացման դեմ: Սյունիքը աշխարհաքաղաքական կարեւորագույն խնդիր է իրենից ներկայացնում մեր թշնամիների համար: Եվ երբ ասում են, որ Հայաստանը սեպ է պանթուրքիստական ծրագրերի իրականացման համար, առաջին հերթին նկատի ունեն Սյունիքը: Դրա համար մենք տեսնում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ջանք չի խնայում, որ այն խնդիրը, որը փորձում էր լուծել 100 տարի առաջ, կրկին օրակարգ մտցնի: Այդ մասին են վկայում «Զանգեզուրի միջանցքի» մասին ծրագրերը, դրա մասին են վկայում Ադրբեջանում տարածվող քարտեզները, դրա մասին են վկայում պաշտոնական հայտարարությունները, որոնք հնչում են ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի կողմից: Այդպիսով մենք տեսնում ենք, որ 100 տարի անց Սյունիքը շարունակում է սեպ լինել պանթուրքիստների համար: 100 տարի առաջ Նժդեհի եւ նրա համախոների հերոսական պայքարի շնորհիվ այդ խնդիրը թշնամուն չհաջողվեց լուծել: Հիմա նորից փորձում են այդ խնդիրը լուծել այսօր` օգտվելով մեր թուլացած վիճակից: Ամփոփելով խոսքս՝ կասեմ հետեւյալը. Սյունիքը շատ կարեւոր նշանակություն ունի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային առումով, այն առհասարակ մեր երկրի ամենակարեւոր հատվածն է:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ