Գրող եւ դրամատուրգ (թատերագիր-Խմբ.) Հրանդ Մարգարեանը ձեռնամուխ է եղել գրելու Հայոց Ցեղասպանութեան զոհ դարձած 13 ականաւոր հայ գրողների մասին: Նոր ժողովածուն կոչւում է «1915-1922թթ. Նահատակուած Հայ Գրողները», armeniangenocide100.org-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է «The Armenian Weekly» պարբերականը:
2015ի սկզբին լոյս տեսած գիրքը սկսւում է հայոց պատմութեան նախաբանով, որում յատուկ տեղ են գրաւում Օսմանեան կայսրութեան հայերը եւ օսմանեան հայ գրականութիւնը: Ապա Մարգարեանն ընթերցողին է ներկայացնում Հայոց Ցեղասպանութեան հակիրճ պատմութիւնը, որը մեզ է հասել ականատեսների վկայութիւնների եւ հոգեշնորհ տէր Գրիգորիս Բալաքեանի յուշագրութիւնների շնորհիւ: Մարգարեանն առանձին տեղ է յատկացնում նաեւ այն բանտերին, որտեղ Կոնստանդնուպոլսից ուղարկում, իսկ Ապրիլի 24ից՝ սպաննում էին հայ գրողներին եւ մտաւորականներին:
Յաջորդիւ Մարգարեանը ներկայացնում է նահատակուած 13 գրողների (Ռուբէն Զարդարեանի, Գեղամ Բարսեղեանի, Երուխանի (Երուանդ Սրմաքեշխանլեան), Հրանդի (Մելքոն Կիւրճեան) եւ Դանիէլ Վարուժանի եւ այլոց) համապարփակ կենսագրութիւնները եւ պատմում նրանց գրական առանձնայատկութիւնների եւ ձեռքբերումների մասին: Դանիէլ Վարուժանի, Ռուբէն Սեւակի եւ Ինտրայի (Տիրան Չրաքեան) վերջին ժամերը մանրամասն նկարագրուած են ականատեսներ Միքայէլ Շամդանջեանի եւ Օհան Բեդիկեանի յուշերում: Կարեւոր է նաեւ գրողների աշխատանքների թարգմանութիւնը:
Հեղինակը թարգմանել է խնամքով ընտրուած եւ ընդգրկուն գրական ոճով ու ժանրերով ստեղծագործութիւնները՝ սկսած դրամաներից (Սմբատ Բիւրատի «Աւարայրի Արծիւը») մինչեւ բանաստեղծութիւններ (Սիամանթոյի «Պարը»), ինչպէս նաեւ գեղարուեստական (Գրիգոր Զոհրապի «Պատասխանատուութեան Բեռը») եւ ոչ գեղարուեստական (Հրանդի «Պանդուխտի Կեանքէն») աշխատութիւնները: