Ատրպատականի հայոց թեմի հայկական քաղաքների ու գիւղերի եւ դրանցում գտնւող հայկական յուշարձանների պատմութեան եւ ներկայ իրավիճակի գիտական ու դաշտային ուսումնասիրութիւնը կատարելով, հինգ տարիներ առաջ, 2017 թւին, թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեան հրատարակել էր սոյն նիւթին նւիրւած իր Ա. հատորը: Այն ընդգրկում է Թաւրիզի, Ուրմիոյ, Արդաբիլի եւ դրանց շրջակայ գիւղերի 98 հայկական եկեղեցիներն ու դրանց պատմութիւնը, առաջին գիրքը լինելով սոյն վերնագրով եռահատոր մատենաշարին:
Սոյն մատենաշարի Բ. հատորը 2021 թւին լոյս տեսաւ Թաւրիզում, որը հեղինակը ամբողջութեամբ յատկացրել է Ղարադաղի վեց գաւառակների հայկական գիւղերի ուսումնասիրութեանը: Այնպէս ինչպէս գրքի յառաջաբանում ասում է Սրբազանը, հեշտ չի եղել սոյն ուղեւորութիւնը դէպի Ղարադաղ՝ ներկայի Քալէբար եւ Արասպարան շրջանը: Գիւղերի մեծ մասը հարթ ճանապարհ չի ունեցել, իսկ ոմանք ամբողջութեամբ անանցանելի ճանապարհներ ունենալով, ստիպողաբար օգտւել են չորքոտանի փոխադրամիջոցներից:
Բ. հատորը, որը բաղկանում է 620 որակեալ էջերից, ներառում է Ղարադաղի նախկին հայկական 82 գիւղերի պատմութիւնը, որոնք գիտական ուսումնասիրութիւնից բացի, սոյն գիւղերին Սրբազան հօր կողմից տրւած այցելութեամբ եւ այժմու տեղացի թուրք գիւղացիների հետ զրոյցներով՝ բանաւոր աղբիւրների օգտագործմամբ, նոր լոյս է սփռում տարածաշրջանում ապրած հայոց անցեալի պատմութեան վրայ: Ղարադաղի վեց գաւառակները՝ Քէյւան, Մեշափարա, Մնջեւան, Հասանով Դզմար եւ Արաքսպար այցելելով, անցեալ հինգ տարիների ընթացքին Սրբազան հայրը տեղագրել եւ ուսումնասիրել է սոյն գաւառակներում գտնւող բոլոր հայկական եկեղեցիների, գերեզմանատների եւ սոյն գիւղերի հայ բնակիչներից մնացած տների եւ այլ յիշատակների հետքերը, նոյնիսկ դրանց աւերակներում վերապրած վերջին քարը:
Սոյն Բ. հատորը, ինչպէս նախորդը, նոյնպէս ճոխացւած է գունաւոր բարձրորակ լուսանկարներով, որոնք կենդանի պատկեր են հաղորդում ուղեւորութիւնների ընթացքի մասին: Հատորի էջերում ներկայացւել եւ ուսումնասիրւել են նաեւ այն ձեռագրերն ու կիրառական արւեստի նմոյշները, որոնք սոյն գիւղերում են գրւել կամ ստեղծւել, եւ որոնք այսօր գտնւում են թեմի կամ այլ երկրների մատենադարաններում եւ թանգարաններում: Գիտական սոյն մատենաշարի գրքերի վերջում զետեղւած են անձնանունների եւ տեղանունների ցանկերը, հեշտացնելով ուսումնասիրողների աշխատանքը:
Մատենաշարի բովանդակութիւնը մասնագիտական լինելով հանդերձ, լեզուն հանրամատչելի է եւ դիւրընթեռնելի, յատկապէս ինքնախօս լուսանկարների յարակցութեամբ: Ատրպատականում ապրած մեր նախնիներից ժառանգ մնացած մշակութային անգին հարստութեանց վերանորոգութիւնը կամ բոլորի պահպանութիւնը իբրեւ շէնք ու կառոյց անհնարին լինելով, յատկապէս հայաթափւած շրջաններում, սոյն գիրքը եւ ամբողջ մատենաշարը, հայ դպրութեան միջոցով դրանց պահպանումն է եւ Սրբազան հօր կողմից կտակումը՝ յաջորդող սերունդներին: