Նարինէ Աւագեան
Լուսանկարիդ ժպիտով եմ նայում՝
աչքերս դեպի ներս քաշելով,
որ խոռոչներում լճանա արցունքն ու
վայր չընկնի․․․
Սովորեցինք ապրել՝ մեզ սնելով
հպարտությամբ,
արթնանալ, քնել ու նորից արթնանալ
ցավի մեջ․․․
Ապրել ցավի մեջ՝
քեզ չունենալու և միևնույն ժամանակ
այնքան շատ ունենալու համար․․․
Դու իմ եղբայրը դարձար
և իմ տանն ես ապրում,
և ամեն լուսադեմ ես հարուստ եմ ավելի․․․
Եվ ամեն լուսադեմ ինձ նոր որդիներ,
հայրեր ու եղբայրներ է նվիրում,
որոնց լուսանկարներին ես միմիայն
ժպիտով եմ նայում․․․
Միայն թե աչքերս հետզհետե
դադարում են նշմարվել ակնափոսերիս
այն երբեմնի լճակում,
որ հիմա ավելի շատ օվկիանի է նման․․․
Իմ հոգում և նրանից դուրս
ես սովորեցի քնել, արթնանալ ու նորից քնել
ցավի մեջ․․․
Ապրել ցավի մեջ․․․
Եվ լինել հարուստ․․․
Եվ լինել հպարտ․․․
Եվ լինել․․․․