Հերմինե Օհանյան
Լուսինե Մովսիսյանը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի [1] հայցորդ է: Սովորում է թուրքագիտության բաժնում: Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն և թուրքերեն լեզուներին: Ուսումնասիրում է «Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների դերը ՀՀ ազգային անվտանգության համատեքստում» թեման։ Գիտական ղեկավարը պ․գ․թ․, դոցենտ Վահրամ Պետրոսյանն է։
Լուսինե Մովսիսյանը ձեռնարկել և մեկ տարվա կենտրոնացած աշխատանքի արդյունքում հրապարակել է հայերեն-ադրբեջաներեն զրուցարան: Այստեղ տեղ են գտել ավելի քան 4000 առօրյա-խոսակցական բառեր, արտահայտություններ և թեմատիկ երկխոսություններ: Ձեռնարկն օգտակար կլինի և՛ ուսանողների, և՛ այն անհատների համար, ովքեր ձտում են տիրապետել լեզվին:
–Ի՞նչ նմանատիպ ձեռնարկներ ենք ունեցել:
-Զրուցարանն իր տեսակով առայժմ եզակի է: Մինչ այժմ ադրբեջաներենի դասագրքից [2] բացի այլ ձեռնարկ չի եղել։ Ընդհանրապես, ՀՀ-ում ադրբեջաներենի ուսուցումը նույն մակարդակում չէ, ինչ Ադրբեջանում՝ հայերենինը։ Հայաստանում ադրբեջաներենի խորացված ուսուցումը սկսվել է 2012թ․-ին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի կովկասագիտության բաժնում։ Մինչ այժմ մեր հասարակության վերաբերմունքը բացասական է ինչպես լեզվի, այնպես էլ լեզուն ուսումնասիրողների հանդեպ, սակայն իմ խորին համոզմամբ լեզվին տիրապետելը բխում է ՀՀ անվտանգային շահերից։
-Ի՞նչն է խթան հանդիսացել, որ ուսումնասիրեք ադրբեջաներենը:
-Հակառակորդ պետության ուսումնասիրությամբ զբաղվելը միշտ իմ հետաքրքությունների շրջանակում է եղել: Մեծ էր ցանկությունը նաև պարզելու, թե ինչ մակարդակում է գտնվում Ադրբեջանում հայոց լեզվի ուսուցումը։ Ուսումնասիրության ընթացքում պարզեցի, որ Ադրբեջանում առնվազը 2 համալսարանում ուսումնասիրում են հայոց լեզուն։ Բացի այս 2 համալսարաններից, գործում են նաև հայերենի ուսուցման անհատական խմբակներ՝ մեծամասամբ անվճար։ Հայոց լեզվի ուսուցումը պետության ուշադրության կենտրոնում է: Անգամ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի [3] պատգամավորներն են նշում, որ հայոց լեզվի ուսուցումն ամենևին բարեկամական նպատակով չեն իրականացնում, այլ հակառակը՝ լեզուն սովորում են հարկ եղած դեպքում հակառակորդին իր իսկ լեզվով պատասխանելու համար։
–Ի՞նչ ուսումնասիրություն եք նպատակահարմար գտնում իրականացնելու հաջորդիվ:
-Նախատեսում եմ տպագրել զրուցարանի ավելի ընդարձակ տարբերակը, որը կներառի ադրբեջանական ասացվածքներ, ինչպես նաև կունենա քերականական փոքր հատվածներ։ Նաև, նպատակ ունեմ տպագրել հայերեն-ադրբեջաներեն բառարան։
–Ձեր գիտական թեմայի շրջանակներում ի՞նչ այլ ուսումնասիրություն եք իրականացրել:
-Ուսումնասիրել եմ Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին: Դիտարկել եմ վերջիններիս դերը ՀՀ ազգային անվտանգության համատեքստում։
–Ի՞նչ հրապարակումներ ունեք թեմայի շուրջ:
–Անգլերեն երկու հոդված եմ հրապարակել՝ “The importance of studying a foreign language, Azerbaijani in particular, as a component of Ensuring the national security of the republic of Armenia” [4] և “Education in the conditions of the new Coronovirus, trainings of foreign languages in the days of pandemia” [5]:
–Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:
-Հզորացման և կայացման միակ երաշխիքը ոչ պաթետիկ և իսկապես կիրթ սերունդն է։
Լուսինե Մովսիսյանի հայերեն-ադրբեջաներեն զրուցարանի գլխավոր խմբագիրն ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանն է: Զրուցարանի մասին դրական կարծիք է հայտնել բ․գ․թ․Արտյոմ Տոնոյանը։ Երաշխավորվել է «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդի կողմից:
Հղումներ
- Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ինստիտուտ: Մասնագիտացումը՝Մերձավոր և Միջին Արևելքի պատմություն, ժամանակակից խնդիրներ և բանասիրություն՝ https://www.sci.am/orgsview.php?id=35&langid=1
- Լիլիթ Մովսիսյան, «Ադրբեջաներենի դասագիրք», ԵՊՀ, Երևան, 2012թ.՝ https://www.scribd.com/document/500651615/Ադրբեջաներենի-դասագիրք-Լիլիթ-Մովսիսյան
- 1918թ.-ի մայիսի 28-ին Ադրբեջանն իրեն անկախ պետություն է հռչակել՝ կազմելով նորաստեղծ երկրի իշխանության բարձրագույն մարմինը՝ Ազգային Ժողովը (Միլլի Մեջլիս)` https://hy.wikipedia.org/wiki/Ադրբեջանի_Ազգային_ժողով
- Գոհար Գրիգորյան, Լուսինե Մովսիսյան «Օտար լեզվի՝ մասնավորապես ադրբեջաներենի ուսումնասիրության կարևորությունը որպես ՀՀ ազգային անվտանգության ապահովման բաղադրիչ», Լեզու և խոսք-2, գիտական հոդվածների ժողովածու՝ http://language.sci.am/sites/default/files/grigoryan_gohar.pdf
- Գոհար Գրիգորյան, Լուսինե Մովսիսյան «Կրթությունը նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում, օտար լեզուների ուսուցումը պանդեմիայի օրերին», ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Կաճառ գիտական պարբերական, 2021թ․՝ https://arar.sci.am/dlibra/publication/294309/edition/270130/content