https://armeniatoday.news-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումը պետք է իրականացվի այն քարտեզների միջոցով, որոնք գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում։ Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ դելիմիտացիայի համար պետք է օգտագործվի ԽՍՀՄ քարտեզը։ ՀՀ սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերի շուրջ Armenia Today-ը զրուցել է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ։ «Խորհրդային Միության միութենական հանրապետությունների սահմանները սահմանազատման և սահմանագծման համար հիմք չեն կարող լինել, քանի որ վարչական սահմաններ էին, այլ ոչ թե պետական»,- նշեց ադրբեջանագետը՝ հավելելով, որ անդրկովկասյան բոլոր հանրապետությունները մինչև 1936-ը եղել են մեկ ընդհանուր խորհրդային համադաշնային հանրապետության կազմի մեջ, և միայն 1936-ից հետո են առանձին մտել ԽՍՀՄ-ի կազմի մեջ։ «Ինչ վերաբերում է սահմաններին, ապա այստեղ խոսքը առաջին հերթին ոչ թե 20-30-ականների սահմանների մասին է, որը նույնպես խնդրահարույց է, այլ խոսքը կոնկրետ ԽՍՀՄ գոյության վերջին շրջանի սահմանների մասին է, որի հետ կապված մի քանի հանգուցային պահեր կան։ Առաջինն այն է, որ Ադրբեջանը հրաժարվեց Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ լինելուց, այսինքն՝ նաև Խորհրդային Ադրբեջանի սահմաններից, մինչդեռ հենց ԽՍՀՄ ժամանակահատվածում են Նախիջևանն ու Արցախն Ադրբեջանի խնամակալության տակ հայտնվել։ Երկրորդ՝ մենք չենք կարող սահմանագծում և սամանազատում անցկացնել առանց խաղաղության պայմանագրի կնքման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման։ Երրորդ հանգամանքն այն է, որ դրանով Հայաստանի կողմից մեկընդմիշտ խաչ է քաշվում արևմտահայության դատի վրա, քանի որ ստացվում է, որ Հայաստանն առաջին անգամ ճանաչվում է որպես անկախ պետություն՝ ըստ Մոսկվայի և Կարսի ապօրինի պայմանագրերի, այն է՝ Խոհրդային Հայաստանի արևմտյան սահմանը ճանաչվում է որպես պետական սահման։ Այսինքն՝ Սևրի պայմանագրի, արևմտահայության, Արևմտյան Հայաստանի, Հայոց ցեղասպանության հիմնահարցերն առնվազն բարոյական և իրավական առումով մեկընդմիշտ փակված կլինեն»,- նշեց Այվազյանը։ Ըստ փորձագետի՝ այս վիճակը ստեղծվել է Հայաստանի տատանողական քաղաքականության հետևանքով, քանի որ մի կողմից ռուսական զորքերն են ավելանում Հայաստանի սահմաններին, մյուս կողմից՝ շարունակվում է արևմտյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցը մեր երկիր։ «Եթե շարունակենք ռուսական զորքերը մտցնել Հայաստան, իսկ մյուս կողմից հավատարմության երդումներ տալ արևմուտքին, ապա մեծապես կտուժենք այդ, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման գործընթացում»,- նշեց նա՝ հավելելով, որ մասնագետների մեծ շրջանակներ միակարծիք են, որ դա աղետ կլինի ՀՀ-ի համար։ Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից՝ փորձագետը նշեց. «Ադրբեջանը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, որպեսզի չփոխհատուցի ադրբեջանահայությանը կրած վնասի համար, և երկրորդ՝ լինել Ադրբեջանի, այսպես կոչված, Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, որը մեծ տարածքային պահանջներ ուներ այս տարածաշրջանում»։ Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Այվազյանի, Ադրբեջանը փորձում է սահմանազատման և սահմանագծման այս գործընթացում որոշակի զիջումներ կորզել և դրանք ամրագրել իր օգտին։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: https://armeniatoday.news/hy/exclusive/378004/?fbclid=IwAR2s91fMHiHPaaBwNgB75ycY39V2RGgz_iCHUTFUcgGOBJKkiJ0rXdBK9YA
© 2021 Armenia today