ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ծրագրի շրջանակում հուլիսի 24-ին կազմակերպվել է քննարկում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի առաջին շրջանավարտների զինծառայության սոցիալ-հոգեբանական ադապտացիայի թեմայով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկման ընթացքում շրջանավարտները ներկայացրել են զինվորական ծառայության վերաբերյալ իրենց պատկերացումները, սպասումները և մտահոգությունները: Անդրադարձ է կատարվել կանանց կողմից տղամարդկանց կոլեկտիվների կառավարման խնդիրներին, դրանց լուծման վերաբերյալ փորձագետների կողմից տրվել են առաջարկություններ:
Դիտարկվում է հարցազրույցների ձևաչափով ևս մեկ հանդիպում-քննարկման կազմակերպման նպատակահարմարությունը, ինչը հնարավորություն կտա առաջարկություններ մշակել զորամասերի հրամանատարության համար՝ իգական սեռի սպաների սոցիալ-հոգեբանական ադապտացիայի գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար: