ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագծին: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ Սահմանադրությունը ենթադրում է գործադիր իշխանության հետևյալ կառուցվածքը: «Կան նախարարություններ, նախարարություններին ենթակա մարմիններ, վարչապետին ենթակա մարմիններ և նախարարներին ենթակա մարմիններ: Մենք հստակ սահմանել ենք, թե որ մարմիններն են ենթակա նախարարություններին, վարչապետին ու նախարարներին»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ այժմ իշխանությունը գնում է դեպի անձնական քաղաքական պատասխանատվության ինստիտուտի ամրապնդում: «Բայց որոշակի մարմիններ ունեն առանձնահատկություն, օրինակ՝ տեսչական մարմինները: Մենք փորձում ենք կրճատել տեսչական մարմինները, ինչի նպատակն է ունենալ 6 տեսչական մարմին, որոնք ծառայելու են ողջ կառավարության առջև դրված խնդիրներին, չեն վերաբերում կոնկրետ նախարարությունների, հետեւաբար, պատասխանատվությունը պետք է լինի կոլեկտիվ, ոչ թե անձնական»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է վարչապետին ենթակա մարմիններին, ապա ըստ Հարությունյանի, դրանք թվով 4-ն են՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, Վարչապետի վերահսկողական ծառայությունն ու Պետական պահպանության ծառայությունը: