ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ արդյունքում նախատեսվում են մոտեցումներ, որոնք կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և կխթանեն տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը:
«ՀՀ-ում դեռևս լիարժեք թվայնացված չեն ենթակառուցվածքները և ծառայությունները։ Արդյունքում կներդրվեն էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ծառայություններից օգտվելու հնարավորություններ: Կստեղծվի տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաներով հագեցված՝ թվայնացված տարածք, որը նախատեսված է խելացի լուծումների նախագծման, լաբորատոր փորձարկումների և արտադրության համար՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցված կենտրոններով»,- «Արմենպրես»–ի փոխանցմամբ, ասաց Մարտիրոսյանը:
«Խելացի քաղաքի» ստեղծումը միտված է նաև ենթակառուցվածքների և ծառայությունների թվայնացմանը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա զբոսաշրջության, հայրենական արտադրության և այլ ծառայությունների զարգացման համար: