Նախաձեռնութեամբ «Կաքաւիկ» մանկական հանդէսի տնօրինութեան եւ հովանաւորութեամբ Սպահանի Հայոց թեմի Կրօնական խորհրդի, յունիսի 13-ի երոկոյան, Հայ դատի Նոր Ջուղայի կենտրոնատեղիի սրահում կայացաւ մանկական օրօրոցային կրօնական պատմութիւններ պարունակող «Օրօր ու նանի» եւ Հայկական–եկեղեցական, պետական-ազգային տօների մասին պատմող-ուսուցանող մուլտֆիլմ եւ Puzzel «Մանկական տօնախաղ» խորագրերով տեսա-լսողական սկաւառակների շնորհանդէսը: Միջոցառմանը ներկայ էին թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, քահանայից դասից , ազգային մարմիններից, միութիւններից ու դպրոցներից ներկայացուցիչներ, սկաւառակների իրականացմանը մասնակից անձիք եւ անհատ հրաւիրեալներ:
«Քրիստոնէական դաստիարակութեան վերաբերեալ այս կարեւոր գաղափարի ներկայացնողը եղել է «Կաքաւիկ» մանկական հանդէսի տնօրէն Ժուլիետ Դաւթեանը՝ հովանաւորութեամբ Սրբազան հօր, Կրօնական խորհրդի, եւ գործակցութեամբ Քրիստոնէական դաստիարակութեան խորհրդի: Նոր Ջուղայում իր տեսակի մէջ առաջինը համարւող ազգային եւ հոգեւոր բնոյթ կրող այս աշխատանքը ծառայելու է մանուկ-պատանիներին, որպէսզի իրենց գիտակցութեան ձեւաւորման առաջին իսկ պահերից ստանան քրիստոնէական հայեցի դաստիարակութիւն»,- ասաց օրւայ հաղորդավար Թովմա սրկ. Գալստանեանը, ով ծանօթացման գծով հատւածներ ցուցադրելով նշեալ սկաւառակներից՝ խօսեց նրանց բովանդակութեան մասին :
«Կաքաւիկ» հանդէսը մանկական աշխարհ է մուտք գործել 2010 թւականից Լոս Անջելեսում եւ ունեցել է բազմատեսակ ներկայացումներ ու հրատարակութիւններ: Սոյն հանդէսի առաքելութիւնն է հայ մատաղ սերնդին սովորեցնել հայոց լեզուն, հայկական սովորոյթներն ու աւանդոյթները, փոխանցել ազգային արժէքները, մանուկների ոգին լցնել հայ լինելու հպարտութեամբ եւ դա անել ամենամանկական եւ զւարճալի ու հետաքրքրաշարժ միջոցներով»,- իր խօսքում ասաց «Կաքաւիկ» հանդէսի տնօրէն եւ սկաւառակների հեղինակ Ժուլիետ Դաւթեանը: Նա իր խօսքը աւարտեց շնորհակալական խօսքերով՝ ուղղւած բոլոր նրանց, ովքեր աջակցել եւ մասնակից էին եղել սկաւառակների իրականացման աշխատանքներին:
Կրօնական Խորհրդի անունից շնորհաւորանքի խօսքով հանդէս եկաւ Սաքօ Տէր- Յովհաննիսեանը եւ նման աշխատանքը որակեց հայի ինքնութեան եւ արժէքների պահպանման ու զարգացման միջոց:
Վերջում առաջնորդ Սրբազան հայրը, հայրական օրհնանքի ու շնորհաւորանքի կողքին, իր ուրախութիւնն ու հպարտութիւնը յայտնեց նման մարդակերտման ու հայակերտման աշխատանքների մտայղացման ու յատկապէս իրականացման համար եւ անհրաժեշտ համարեց նրա շարունակականութիւնը:
Նշելի է, որ սոյն աշխատանքի իրակացմանն աջակցել են Դրօ Մարգարեանը եւ երիտասարդ ասմունքողներ Լեռնիկ Ծատուրեանն ու Մհեր Պօղոսեանը:
Յիշեցնենք, որ2013 թ.նոյեմբերին ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը Ժուլիետ Դաւթեանին Հայապահպանութեան գործում ներդրած ջանքերի, հայ մանուկներին հայոց լեզւի ուսուցման եւ հայեցի դաստիարակութեան համար պարգեւատրել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Մայրենիի դեսպան» մեդալով:
Երանուշ Թահմազեան
Իրան(Նոր Ջուղա)