Ռուբէն Յովակիմեան
(շարունակութիւն)
«Ազնիւ մարդու անաչառ աչքը միշտ
անհանգստացնում է խաբեբային»
Ժան Ժակ Ռուսօ․
Ջղագրգիռ֊կատաղած֊կռուարարութիւն: Արատների այս եռեակը կարող է լինել հիւանդածին կամ անկրթութեան, թոյլութեան, ինչպէս նաեւ՝ համոզիչ փաստերի բացակայութեան հետեւանք: Իրար հետ սերտօրէն կապուած են եւ իրար փոխադարձ լրացում կարող են լինել: Անհատական միջավայրում ան կարող է անցնել հեշտ ու աննկատ, մինչդեռ անթոյլատրելի եւ ամօթալի է երբ նման տեսարաններ են լինում հասունացած, կարեւոր պատասխանատւութիւն ունեցող անձանց միջեւ, մանաւանդ ամբիոնից՝ խորհրդարանի դահլիճում: Այս պարագային նշանաւոր են ԲՀ խմբակցութիւնից մի քանիսը, որոնց ելոյթները ուղղակի պատերազմի բնոյթի են, անշուշտ կան այլ խմբեր եւս, որոնք սրանցից ետ չեն մնում եւ բացառուած չէ, որ երբեմն վէճերը վերջանան ծեծկռտուքով: Չեմ կարծում, թէ այլուր նման վիճակի առկայութիւնը մխիթարելի է: Կարելի է մեկնաբանել, որ պատահական մարդիկ են, որ կեղծ ընտրութեան միջոցով դառնում են պատգամաւոր՝ ինչ-որ մէկին կամ նպատակի ծառայելու պատգամով: «Կլանային» համակարգը գործում է լաւ իւղած մեքենայի նման: Զո՞րն ասեմ կամ զո՞րն խոստովանեմ, երկար ճանապարհ ունենք անցնելիք:
Անտարբերութիւն: Մարդկային մեծ արատներից է այս մէկը: Զարհուրելի է, երբ ոմն լինում է կայուն կերպով անտարբեր իր միջավայրի, շրջապատի եւ բոլոր տեսակի երեւոյթների նկատմամբ, բացի իր անձին պատկանող: Անհատական անտարբերութեան կողքին աճում եւ հասակ է առնում խմբային անտարբերութիւնը, իսկ այն համընդհանուր լինելու պարագային դառնում է ճակատագրական ողբի ու մինչեւ իսկ կործանումների՝ եղեռնի պատճառ: Մենք՝ հայերս, շատ լաւ, մօտից ծանօթ ենք 1915֊23֊ի դէպքերին: Ո՞ւր էր համաշխարհային հանրութիւնը այդ տարիներին, երբ խօսում էր միայն եաթաղանը: Հազարամեակներ ապրած ժողովուրդ էր ոչնչացւում, իսկ լուսաւոր արեւմուտքը թուիստ էր պարում, ինչո՞վ էին զբաղուած բիւզանդական զօրքերը, երբ մոնղոլ֊ թաթար սելջուկեան հեծեալները մի ամբողջ երկիր էին ասպատակում: նրանք անտարբեր սպասում էին, թէ ինչ է լինելու վերջը, եւ վերջը եղաւ այն, որ իրենք եւս՝ իրենց հերթին նոյն բախտին արժանացան, որ չէին սպասում: Հնարաւո՞ր է արդեօք կռահել, թէ ի՞նչ կը լինէր երկրորդ համաշխարհայինի վերջը, եթէ ԱՄՆ ժամանակի կառավարութիւնը անտարբեր մնար ու չմիանար միւս երկրներին եւ ի՞նչ էր լինելու մեր անտարբերութեան հետեւանքները, եթէ հայկական ջոկատները եւ հայ զինուորը մասնակից չլինէր Արցախի դժուարին ազատագրման պայքարին:
Անհերքելի փաստ է՝ իրականութիւն, որ անտարբեր լինելը չարիք է թէ անհատական եւ թէ հանրային միջավայրում, այն դատապարտելի յանցանք է:
Անկիրթ֊գաւառականութիւն: Այն չի նշանակում գիւղի կամ գաւառում ապրողի յատկութիւն, որը ընդունելի է եւ տանելի, երբ իր բնական ամբողջականութեան (contexte) ոլորտում է: Լինում է, որ անհատներ կամ խմբեր անյայտ պատճառներով ուսում առնելու հնարաւորութիւն չեն ունեցել եւ մնացել են իրենց գիւղական միջավայրում, որի պատճառով նրանց կենցաղն ու կեցուածքը մինչեւ իսկ խօսելաձեւը մնացել է հին աւանդականը, որ ոչ միայն թերի եւ արատ չէ, այլ գովելի, քանզի դա է մեր աւանդոյթներն ու բարբառները փրկելու եւ պահելու միակ ճանապարհը:
Գաւառականութիւնը՝ ուսումն առած կամ երբեմն կիսագրագէտ քաղաքաբնակների այն կեղծ քաղքենի հասարակութիւնն է, որի ապրելակերպը յագեցուած է դրսից եկած առոգանութեամբ եւ պարզամտութեամբ:
Նրանց արտաքինը՝ ըստ պատշաճին յատուկ չգրուած կանոնի պիտի լինի ամերիկեան կամ նրան նմանուող, իսկ գործածած «ապերոյական» խօսելաձեւը՝ հայ֊ռուսո֊ամերիկեան խառնուրդ, որի հայկական մասը շուկայից կամ բանտային խցիկներից է եկած: Եթէ այս կնճռոտ պատկերը տիրէր միայն փողոցում կամ թաղի բակերում, թերեւս աննկատ լինէր, բայց ողջ ողբալին այն է, որ այն բեմադրում եւ ցուցադրում են հպարտութեամբ, ապա տարածում հեռատեսիլով: Պիտի յիշեմ մի դէպք, որ աւելի քան ցաւալի է: Ծանօթներիցս մէկի դուստրը աւարտեց Պետական համալսարանը գերազանց գնահատական֊ներով եւ դիմագրքի (facebook) կայքով աւետեց լուրը, որի մէջ օժանդակ բայը ա էր եւ ոչ է: Շնորհաւորանքի գրութեանս մէջ նշեցի եւ նախատեցի այդ բացթողումը: Պատասխանը եղաւ, որ հասկանում է եւ գիտի այդ տարբերութիւնը, բայց այդ խօսելաձեւով իրար աւելի լաւ են հասկանում իր տարեկիցները:
Ահա գաւառականութեան մի փայլուն օրինակ: Այլեւս այդ բարձր արուեստի տարբեր ձեւերին անդրադառնալ շատ դժուար պիտի լինի, մնում է յուսալ որ այն կը շտկուի, երբ երկիրը իրական տէր ու տիրական ունենայ, միայն թէ անըմբռնելի մի երեւոյթ է զարգանում մեր երկրում, որքան աշակերտների եւ ուսանողների թիւը աւելանում է, նոյնքան բազմանում եւ աճում է կիսագրագէտ գաւառականութիւնը:
«Եկ վարդապետ ու մի խենթացիր»:
Գովազդը դարձել է մեր արդիական կեանքի ամէն օրեայ երեւոյթ եւ այն խտութեամբ ու յաճախականութեամբ, որ մեզ են պարտադրաբար մատուցում՝ համբերութեան եւ ձանձրալի լինելու սահմանները վաղուց է անցել: Բաւական չէ, որ հեռատեսիլը եւ փողոցները յագեցուած են ամէն տեսակի ազդերով ու պաստառներով, վերջին մի քանի տարիներին արդէն աննկատելի սովորութիւն է դարձել այդ նպատակին ծառայեցնել բնակչութեանը՝ այր թէ կին, ահել թէ ջահէլ, նրանց հագուստները նախշելով՝ մտքով չանցած գրութիւնով եւ նկարով: Նման պարագային զաւեշտը այն է, որ տխմարները վճարում են ինչ որ ծանուցում կրել իրենց մարմնի վրայ, որովհետեւ պայմանաւորուած է այն համարել գեղեցիկ: Սրան համազօր, թերեւս աւելի մեծ չարիք է դարձել ձեռքի հեռախօսը, առանց որի կարծես կեանքը կանգ կ՝առնի եւ երկիրը կը դադարի պտտուել, արեւը կը խամրի եւ կեանքը կը դառնայ աննպատակ:
Ի՞նչ արժէք ունեն կապոյտ երկինքն ու արեւի շողերը զմրուխտէ ծառաստանի հետ մէկտեղ, եթէ հեռաձայնդ վերջին տեսակի չէ:
Վարպետ խաչագողները միշտ կարողացել են ճերմակը սեւի տեղ անցկացնել:
Ցաւօք այդ է մերկ իրականութիւնը եւ դարիս ոգին:
25֊8֊20
Ռուբէն Յովակիմեան