https://www.azatutyun.am
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության համոզմամբ՝ խորհրդարանական մեծամասնության հայտարարությունը «միաժամանակ ակնհայտ է դարձնում, որ իշխանությունը կտրականապես մերժում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման սահմանադրական ճանապարհը և, փաստորեն, որդեգրել է առճակատումը խորացնելու դիրքորոշում»։ «Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ իբրև-թե իր իսկ դավանած սկզբունքների՝ ժողովրդավարության և պառլամենտարիզմի կոպիտ ոտնահարում», – շեշտում է Հայ ազգային կոնգրեսը:
«Իմ քայլը» խմբակցությունը, հիշեցնենք, Ղարաբաղյան պատերազմն ավարտելու մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության իրավաչափությունը քննարկելուց առաջ առաջարկել է ընդդիմությանը շատ հստակ ի լուր ողջ հայության և աշխարհի մի քանի հայտարարություն անել.
«1. Կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը,
2. Կողմնակից են ռուսական խաղապահների դուրսբերմանը շփման գծից,
3. Կողմնակից են պատերազմի շարունակմանը»:
«Այս հայտարարությունն անելուց հետո ընդդիմադիր ուժերը պարտավոր են նաև ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը», – ասված է իշխանական խմբակցության հայտարարությունում:
«Իմ քայլը» պնդում է, որ «ստեղծված պատմաքաղաքական իրավիճակում հայտարարված պայմաններն ընդունելը միակ հնարավորությունն էր խուսափելու Արցախի ամբողջական կորստից և հազարավոր մարդկային զոհերից»: