Օրերս «Հայկական ճարտարապետությունը անտիկ ժամանակաշրջանում» մենագրության հեղինակ Դավիթ Քերթմենջյանը ճարտարապետության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով: Շնորհավորում ենք և մաղթում, որ հաջորդ պարգևները լինեն միջազգային գիտական հանրության կողմից՝ կատարված հսկայածավալ հայագիտական աշխատանքը նաև նրանց հասանելի դարձնելու արդյունքում:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Դավիթ Քերթմենջյանի «Հայկական ճարտարապետությունը անտիկ ժամանակաշրջանում» մենագրությունը լույս է տեսել 2020թ.-ին: Անդրադարձ է արվել Հայաստանի անտիկ դարերի քաղաքաշինությանն ու ճարտարապետությանը: Աշխատանքի ընթացքում այլազգի ճարտարապետների հետ համագործակցության վերաբերյալ նշում է. «Որոշ շփումներ ունեցել եմ Թոմ Սինկլերի (Ֆլորենցիայի ճարտարագիտական համալսարան) հետ՝ Տիգրանակերտի գտնվելու վայրի ճշգրտման հարցերով»:
Աշխատանքը ծավալուն է: Ընդգրկում է նախաքրիստոնեական Հայաստանի՝ Երվանդունիների դարաշրջանի, հայկական հելլենիզմի, հռոմեապարթևական հակամարտությունների շրջանի քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը: Այս մասին արվել են մի շարք հրապարակումներ հայաստանյան ամսագրերում, իսկ միջազգային գրախոսվող ամսագրերում հրապարակումները հետագայի ծրագրերում են:
Թեման: Հայկական անտիկ ժամանակաշրջանի կոթողները շատ քիչ են պահպանված։ Պատճառներից են ավերիչ պատերազմները Հայաստանի տարածքում և Քրիստոնեության տարածման ընթացքում բազմաթիվ մեհյանների քանդումն ու վերափոխումը եկեղեցիների։
Դավիթ Քերթմենջյան. «Ուսումնասիրությունների դժվարությունը կապված է նաև պատմական Հայաստանի սահմանների ընդարձակությամբ՝ համեմատած քաղաքական սահմանների հետ։ Հայաստանի հարակից տարածքներում (հարևան երկրներում) հայկական անտիկ ժամանակաշրջանի հնավայրերը մեծամասամբ շրջանցվում կամ ներկայացվում են՝ որպես այլ ազգի մշակութային ժառանգություն»։
Չնայած թեման գլխավոր բնագծերով կատարվել է ներկայացվող աշխատությունում՝ կարիք կա աղբյուրագիտական և հետազոտական վերանայման: Դավիթ Քերթմենջյանը գտնում է, որ ուսումնասիրության մեջ դիտարկված կոթողներից ոչ մեկը լիարժեք պեղումների և հետազոտության չի ենթարկվել: Ավելին՝ տվյալ ժամանակաշրջանը հուշարձանների ուսումնասիրության առումով վերանայման խիստ կարիք ունի. «Մեծ քանակությամբ անտիկ մնացորդներ մեկնաբանվել են որպես ուրարտական»։
Երիտասարդ գիտական կադրեր: Նյութերի նախապատրաստման աշխատանքներին մասնակցել են արվեստաբանության թեկնածուներ Մարտին Հարությունյանը, Մանե Մկրտչյանը, Մերի Կիրակոսյանը և ասպիրանտ Ռուզան Միքայելյանը:
Հայագիտական արդյունքի միջազգայնացման համար անհրաժեշտ է համագործակցել միջազգային հետազոտական կենտրոնների հետ և հրատարակել աշխատություններ՝ անգլերենով: Միտքը ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գրիգորի Քերթմենջյանինն է: Նա նաև կարևոր պայման է համարում միջազգային գրադարանային կապերից օգտվել կարողանալը։
Հերմինե Օհանյան