Ռուբէն Յովակիմեան
«Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում․․․
Գիտենք դեռ չանցած վէրքերից տնքալ‚
Բայց նոր խնդութեամբ ցնծալ ու հրճուել.
Գիտենք թշնամու կողը մխրճուել»։
Պարոյր Սեւակ
Գիտենալով, որ աշխարհում գոյութիւն ունեն մօտ երկու հարիւրի հասնող միջազգային հանրութեան կողմից ճանաչուած պետութիւն եւ մի քանի հարիւր ազգ, ցեղ ու ժողովուրդ, յաճախ եմ հարց տալիս, թէ ի՛նչ տեղ ենք գրաւում մե՛նք՝ հայերս այդ բազմութեան մէջ, ոչ թէ մեր քանակով, այլ մեր որակով եւ բովանդակութեամբ, ի՛նչ է մեր գոյութեան ու գործունէութեան տեսակարար կշիռը՝ չմոռանալով, որ ցեղային տարբերութեան թեման վաղուց ի վեր արեւմուտքում արգելուած է եւ անընդունելի՝ մանաւանդ ձախակողմեան համարուող «ճիշտ մտածող» դասի (islamo-gauchiste) կողմից, որ տիրող են հասարակութեան որոշ շրջանակներում եւ նրանք վարկանիշ տուողներն են:
Գիտակցում եմ, որ ազգայնամոլութիւնը եւ անտեղի ու կեղծ հայրենասիրութիւնը նոյնքան անյարգի են, որքան բոլոր մտաւոր արատները, սակայն նրանցով տառապող հայրենակիցների բանակը բաւական ստուար է. նրանք են, որ աւելի բարձր եւ հուժկու են գոռում իրենց իրաւացի լինելու ցուցադրումով եւ պարտադրանքով:
Յիշում եմ, մեր գրականութեան վանեցի ուսուցչին, որ յաճախ էր կրկնում, թէ հայրենասիրութիւնը անիմաստ եւ սին՝ ոչնչի չծառայող խօսք է, տարածուած ամէնուր, առանց որեւէ պարտաւորութեան ստանձնումի: Այն պէտք է փոխարինել հայրենաշէն գաղափարով, որին յարող իւրաքանչիւր անձ գիտակցելու է, որ անելիք ունի եւ իրեն հասանելի միջոցներով պիտի ծառայի այդ գաղափարին, ինչպէս որ ծնողասէր չեն լինում, այլ լինում են խիստ յարգալից եւ պարտաւորութեան յաւէտ զգացումով ծնողի նկատմամբ: Այս գաղափարները, թէեւ անհատական բնոյթ ունեն, բայց, որեւէ առողջ եւ գիտակից հասարակութեան լինել-չլինելու հիմնական ատաղձն են, քանզի, յաւերժ անքակտելի սկզբունքով իրար հետ կապուած են ընտանիք-հայրենիք-ազգ համակեցութեան տարրերը, որին զիջել պարտաւոր են բոլոր տեսակի անձնական շահերը՝ ընդհուպ մինչեւ իսկ կեանքը: Այդպէս են ծնւում հերոսները:
Սխալուած չեմ լինի, եթէ ասեմ, որ դարերի ընթացքին, գաղափարի եւ հայրենիքի համար պայքարներում բազում են այն հայորդիները, որ իրենց կեանքի գնով են դիմագրաւել հակառակորդին եւ պատուով կատարել իրենց վրայ դրուած յանձնարարութիւնը, բայց պակաս չեն եղել նաեւ մեր պատմութեան անփառունակ էջերը կազմող դաւաճանները: Աւելորդ չեմ համարում ընթերցողին յիշեցնել պատմական մի օրինակ, որ կարող է մեզ դաս լինել: Ո՞ր գրագէտ հային ծանօթ չէ Պետրոս Ա․ Գետադարձ կաթողիկոսի անունը, որի գործն եղաւ բիւզանդացիներին յանձնել Բագրատունիների շէն թագաւորութեան Անի ոստանի բանալիները՝ վերջ դնելով նրա գոյութեանը, որ անառիկ մի ամրոց էր, շրջապատուած իր երկշերտ Աշոտաշէն ու Սմբատաշէն պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնւում էր միջնաբերդը: Այդ ժամանակ՝ ԺԱ դար, Անին ունեցել է 100-200 հազար բնակիչ երբ կային մի քանի համազօր քաղաքներ՝ Կոստանդնուպոլիսը, Կահիրէն, Դամասկոսը, Բաղդադը եւ այլն։
Ինչ՞ն էր պատճառը եւ ի՞նչը դրդեց այդ պետական այրին՝ դիմել այդ յոյժ պատասխանատու քայլին, որ կործանիչ էր նաեւ իր համար, երբ նրան գրեթէ ենթարկւում էին որպէս հոգեւոր պետի, երկրի երկու համաթագաւոր եղբայրներ՝ Սմբատը եւ Աշոտը, որոնք եղբայրասպան բախումներից խուսափելու նպատակով երկիրը կիսել էին եւ իւրաքանչիւրը իր բաժնին էր տիրում՝ իրար սատար լինելով անհրաժեշտ պարագային: Կարծեմ, եզակի ընդունելի պատասխանն է ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹԵԱՆ բացակայութիւնը , որին կարելի է կցել նաեւ մարդկային անեզր ագահութիւնը եւ, ինչո՞ւ չէ, նաեւ տխմարութիւնը փառասիրութեան հետ միասին:
Թոյլատրելի՞ է արդեօք Երեւանում զարգացող եւ ամէն օր աւելի կատաղի տեսք ընդունող աթոռակռիւը բերել նոյն հարթակին՝ վերագրելով այդ յոյժ կարեւոր եւ կենսական պետական մտածողութեան կատարեալ բացակայութեանը, քանզի ամիսներէ ի վեր ցոյցերի հետ մէկտեղ անդադար դաւաճան եւ հրաժարական բառերն են հնչում: Չեմ համարձակւում մտածել, որ նման տհաս եւ պարզամիտ կեցուածքով մեր կորուստը ետ բերելու ոչ մէկ յոյս չթողնելուց բացի՝ հնարաւոր է, որ մնացածն էլ կորցնենք, արդէն գաղտնիք չէ, որ Էրդողանի եւ Ալիեւի ախորժակը նոյնպէս համահունչ են եւ պարզամիտ պիտի լինել հաշուի չառնել, որ Ալիեւը իր կուտակած զէնքերի միայն մի մասն է գործածել եւ միւսը մասը վարձկանների հետ պահեստաւորել է յետագայ գործողութիւններին բեմ հանելու: Նոյեմբեր 9/10-ի չարաբաստիկ զինադադարը չի նշանակում, թէ խնդիրը լուծուել է, մէկ թէ միւս կողմի համար: Ըստ մեզ հասած լուրերի՝ ամէն օր սահմանային տեղական ոտնձգութիւններ են լինում, թերեւս ստուգելու մեր զգայունութեան մակարդակը, իսկ մեր քաղաքական կոչեցեալներին հետաքրքիր է միայն վարչապետի աթոռ գրաւելու՝ իմա վերագրաւելու հանգամանքը նախորդ տասնամեակների թալանը շարունակելու երազանքով: Երեւոյթը՝ որքան ցաւալի՝ իրականութիւնից հեռու չէ:
Չեմ ցանկանում հաւատալ եւ երբեք չեմ հաշտուի այն մտքի հետ, թէ ՀԱՅ-ը կորցրել է իր բանականութիւնը՝ տեղ տալով անասնական բնազդին եւ անհատական շահից այն կողմ այլ հետաքրքրութիւն չի տեսնում: Ո՛չ եւ ո՛չ: Դա մեր եւ մեզ հարազատ կերպարը չէ: Թէեւ ըստ Պարոյր Սեւակի՝ «Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում», բայց աւելի ճիշտ եւ անսխալ կը լինէր, որ գիտակցէինք մեր իրական արժէքը եւ օտարամոլութեամբ չտառապէինք, իսկ շատ ասպարէզներում գերադասել՝ ինչ որ օտար է եւ դրսից եկած: Ոմանք իրենց համարում են ամենակալի ընտրեալ ժողովուրդ՝ իրենց խնդիրները սեփական միջոցներով են լուծում, իսկ մենք անընդհատ ողբում ենք մեր չար բախտի առկայութիւնը՝ սպասելով դրսից եկած որեւէ օգնութեամբ գտնել լուծումներ, մոռանալով, որ յաճախ մեր դժբախտութեան համահեղինակ ենք: Այս դրոյթը ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին յարաբերութիւնների ցաւոտ եւ անբաւարար կողմն է: Արդեօք հպարտանալու տեղ ունե՞նք, երբ երկրի քաղաքական դասակարգը միաձայն պայքար է մղում մի աթոռի տիրանալու մոլուցքով, մինչդեռ հասարակ մահկանացուն եւ պարզ քաղաքացին, անտարբեր է երկրի ղեկավարի անուան եւ անձի նկատմամբ եւ նրանց համար հետաքրքրիր է եւ կենսական նշանակութիւն ունեն ղեկավարի գործելակերպը եւ յետագայ ծրագրերը, որ ծափահարելի եւ մերժելի են մէկ կամ միւս դէպքում:
Հնարաւոր պայմաններում հետեւելով երկրում տիրող կացութեանը, օրէցօր համոզւում եմ, որ մեր ժողովուրդը դեռ լաւ չի ըմբռնել, թէ ի՛նչ է ցանկանում եւ ո՛ւր է գնում, իսկ քաղաքական տեսակով մի փոքր անգրագէտ է, որ կարող է հետեւանք համարուել տասնամեակներ, իր սեփական կարծիքը ունենալու իրաւունքից զրկուած լինելու հանգամանքով, որին պէտք է աւելացնել կենցաղային եւ տնտեսական հոգսերը եւ անցած քսան տարիներին կաշառակերութեան արմատացումն ու զարգացումը, որ դարձել է ապրելակերպ եւ ոչ ոքի չի զարմացնում՝ ապականելով ողջ համակարգը: Մինչդեռ ունէինք բոլոր անհրաժեշտ պայմանները բուժուելու եւ ազատուելու այդ համաճարակից, քանի որ զգոյշ չէինք մեր ղեկավարներին ընտրելու ընթացքին եւ նոյնը լինում է այսօր՝ երբ փողոցի ցուցարարները առաջադրում են մի թեկնածու, որ արդէն ապացուցել է իր ո՛վ եւ ի՛նչ լինելը եւ որին սատար են լինում այդ վիճակը ստեղծողները:
Արթնանալու զանգը հնչել է, եւ յուսամ, որ մահաքունը մերոնց չի պատել, եւ պիտի կարողանանք երկիրը դարձնել իր անցեալի փառքին արժանի միջավայր պայմանով, որ թօթափենք մեր վրայ ծանրացած կեղծ եւ սխալ համոզմունքներից մաքրազարդումով:
5-1-2021
Սեն Ռաֆայել -Ֆրանսա