Էմիլ Օրդուխանյան
1. Արդյո՞ք Ռուսաստանն ուզում է իր հարավային սահմանում ունենալ հզորացող ադրբեջանական պետություն, որն էներգապես ինքնաբավ է և ոչ միայն… (չի մասնակցում որևէ ռուսական միութենական նախաձեռնության՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ) և որի բնական դաշնակիցը լինելու են Թուրքիան և թյուրքական մյուս պետությունները: Հիշեցնենք, որ հետխորհրդային շրջանում Ադրբեջանն անցել է ինդիգենացման փուլ և, մեծ հաշվով, վերադարձել է իր թյուրքական արմատներին:
2. Արդյո՞ք Ռուսաստանը հավատում է, որ Ադրբեջանի <<տարածքային ամբողջականության>> վերականգնման դեպքում իրեն հաջողվելու է Ադրբեջանի վրա պահպանել քաղաքական ազդեցություն: Չէ որ նույնիսկ այսօր, մասնավորապես՝ Արցախյան պատերազմում, ակնհայտ է բոլորին, որ Ադրբեջանում Թուրքիայի քաղաքական ազդեցությունը անհամեմատ մեծ է: Ադրբեջանն անտեսում է Կրեմլի միջնորդությունը՝ ուղղված հրադադարի պահպանմանը և այլն: Էլ ինչ խոսք, եթե ադրբեջանական կողմին հաջողվի Թուրքիայի աջակցությամբ տարածապես ընդարձակել համատեղ ռազմական ներկայությունը: Այս դեպքում Ադրբեջանը դաշնակցելու է Ռուսաստանի՞ն, թե Թուրքիային:
3. Արդյո՞ք Ռուսաստանը չի մտահոգվում, որ եթե թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողվի Մեղրիով Նախիջևան միջանցք բացել կամ մշտական կրակի սպառնալիքի տակ պահել այդ գոտին, ապա ինչպե՞ս է իրականացնելու իր առաջնորդած ԵԱՏՄ-ի ընդլայնման և համագործակցության ծրագիրը, ավելին՝ Մեղրիում Իրանի հետ փոխշահավետ <<Ազատ տնտեսական գոտու>> ձևավորման իր նախագիծը:
4. Արդյո՞ք Ռուսաստանը, հետխորհրդային շրջանում կորցնելով Հարավային Կովկասում իր ռազմական ներկայությունը թե՛ Ադրբեջանում, թե՛ Վրաստանում (նաև՝ քաղաքական ազդեցությունը) չի գիտակցում, որ Հայաստանը և հայկական պետության (Արցախի ընդգրկումով) ընդհանուր շահը նաև իր՝ Ռուսաստանի՝ այս տարածաշրջանում ազդեցության պահպանման միակ իրական հենակետն է: Իսկ Հայկական պետության ձախողման դեպքում Ռուսաստանը կորցնելու է ոչ միայն Հայաստանը, այլև տարածաշրջանը, որտեղ նրա փոխարեն կտեղավորվի ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան:
5. Արդյո՞ք գոնե 20-րդ դարի պատմաքաղաքական փորձը Ռուսաստանին չի հուշում, որ Թուրքիան դիվանագիտական սակարկությունների արդյունքում միշտ խոշոր հաշվով <<գցել է>> իրեն: Եվ այն տարածքներում, որտեղ նախկինում Ռուսաստանի ազդեցությունն էր գերակայում, այսօր Թուրքիան է (նաև որպես ՆԱՏՕ-ի անդամ):
6. Արդյո՞ք Ռուսաստանը չի նկատում, որ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հեռանկարներն էլ ավելի մշուշոտ են դառնալու, եթե թուրք-ադրբեջանական տանդեմը հաջողի իր ծրագիրը: Չէ որ այդ կառույցներում կան թյուրքական պետություններ, որոնք նժարի հավասարակշռության խախտման դեպքում մեծացնելու են թյուրքական տարրի կշիռը:
7. Արդյո՞ք Ռուսաստանը չի ուզում տեսնել, որ Հայկական պետության հաղթանակը, մեծ հաշվով, այս տարածաշրջանում իր քաղաքական ազդեցության պահպանման, նաև որպես դաշնակցի միջազգային հեղինակությունը բարձր պահելու հնարավորությունն է:
Այս բոլոր սպառնալիքները վիժեցնելու ուղղությամբ այսօր գործում է ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՅ ԶԻՆԱԿԱՆ ՈՒԺԸ: Որքա՛ն ՄԵԾ է նրանց ուսերին դրված ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: