«Հայաստան Հիմնադրամի Նոր Ռազմավարութեան Առանցքը Ցանցային Համակարգն Է»
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ. – Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէնի պաշտօնը ստանձնելուց յետոյ հանդէս եկաք մի շարք նախաձեռնութիւններով, այդ թւում՝ նոր ռազմավարութեան մշակմամբ: Ինչպիսի՞ կառուցուածք ունի այն:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ.- Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէնի պաշտօնը ստանձնել եմ 2018թ.ի Հոկտեմբերից: Ամէնամեայ հեռուստամարաթոնն իրականացնելիս էր նաեւ, որ հասկացանք, որ այն տեսլականը, առաքելութիւնը, որ Հիմնադրամը ստանձնել էր ստեղծման ժամանակ՝ 1992 թուականին, եւ 27 տարի շարունակ իրականացրել էր, արդէն ինչ որ չափով ժամանակավրէպ է: Կային տարբեր գաղափարներ՝ իմ, գործընկերներիս, Հայաստանում, Արցախով եւ Սփիւռքով մտահոգ մարդկանց շրջանում, եւ քննարկելու համար որոշեցինք կազմակերպել 80ականներին մշակուած ձեւաչափով հանդիպում, որ յայտնի է ստեղծագործական խաղ անուանումով:
Հրաւիրեցինք Հիմնադրամի աշխատակիցների, Սփիւռքի մեր կառոյցների ներկայացուցիչների, ՀՀ կառավարութեան անդամների՝ նախարարներին, փոխնախարաների, պետական տարբեր ծառայութիւնների ղեկավարների, Սփիւռքի մեր բոլոր գործընկերների, փորձագէտների, եւ 60 անհատների մասնակցութեամբ չորսօրեայ քննարկումների արդիւնքում ստեղծուեց նոր ռազմավարութիւն: Այն Հիմնադրամի հոգաբարձուների հաստատմանը կը ներկայացուի Յունիսի 18ին Երեւանում նախատեսուած նիստի ժամանակ:
Ռազմավարութեան սիւնը ցանցային համակարգի ստեղծումն է, ինչը ենթադրում է, որ չպէտք է Սփիւռքը, Հայաստանը եւ Արցախն առանձին գործեն, այլ գոյութիւն ունեցող կապերը պէտք է ամրապնդուեն եւ դառնան մի ցանց, որ բազում հնարաւորութիւններ կ՛ընձեռի: Մենք կը կարողանանք տեղեկատուութիւնն արագ փոխանցել մի կէտից միւսը, արագօրէն իրականացնել աշխարհի իւրաքանչիւր կէտում գտնուող հայկական համայնքների զօրաշարժ՝ ազգային նշանակութեան ցանկացած հարց լուծելու համար:
Միւս կարեւոր հարցն է, որ մենք փորձում ենք բարեգործութիւնից անցնել զարգացման ծրագրերի: Թէեւ Հիմնադրամի շատ ծրագրեր նաեւ զարգացման ծրագրեր էին, բայց հիմնականում ուղղուած էին Հայաստանում եւ Արցախում ենթակառուցուածքների ստեղծմանը: Մեր նոր առաքելութիւնը, կարծում եմ պէտք է դառնայ Հայաստանի, Սփիւռքի, Արցախի կայուն զարգացումը, այսինքն, ստեղծուած եւ ստեղծուող ենթակառուցուածքների շուրջ պէտք է ապրելու համար գրաւիչ պայմաններ ստեղծենք, եւ ապահովենք մարդկանց կեանքի որակի բարելաւում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ. –Ինչպէ՞ս է գործելու ցանցային համակարգը:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ.- Հիմնադրամը գործել է որպէս ցանց՝ աշխարհի տարբեր երկրներում իր կառոյցներով, որոնք կապուած են իրար հետ, սակայն ցանցայնութիւն մինչեւ վերջ չի ապահովել: Այսինքն, ցանցի հիմնական կենտրոնը եղել է Հայաստանում, եւ կապը գործել է որեւէ երկրի եւ Հայաստանի միջեւ, եւ միւս երկրներն իրար հետ կապ չեն ունեցել: Իւրաքանչիւր կառոյց գործել է առանձին, ըստ իր ծրագրերի, եւ կարիքները Հայաստանում չեն գնահատուել:
Այժմ, մենք հադիպում ենք, օրինակ, մարզպետների հետ, ստանում ենք տուեալ մարզի կարիքների մասին տեղեկատուութիւն եւ յստակեցնում ենք, թէ հիմնադրամը ինչ կարող է անել խնդիրները լուծելու ուղղութեամբ: Ըստ կարիքների կազմուած ծրագրերն ուղարկում ենք մեր կառոյցներին, եւ առաջարկում ենք, որ, օրինակ, Արգենտինայի, ԱՄՆ Արեւելեան ափի եւ Բրազիլիայի կազմակերպութիւնները միասին աշխատեն մէկ նախագծի իրականացման շուրջ:
Եթէ Հիմնադրամը ճիշդ աշխատի՝ հսկայական ներդրում կ՛ունենայ Հայաստանում, եւ խօսքս հիմնականում նաեւ փորձագիտական ներուժի մասին է, որովհետւ այսօր զարգացումը միայն ֆինանսական միջոցներով չի չափւում, այլ՝ նոր մտքերով, գաղափարներով, եւ համայն հայութիւնն այն իւրհատուկ ազգերից է, որ ունի ներուժ, եւ մնում է միայն դրսեւորուել, ինչը կարող է իրականանալ հիմնադրամի ծրագրերի միջոցով:
Մենք կարեւորում ենք հնարաւորինս մեծ թուով մարդկանց ներգրաւուում ծրագրերի իրականացման համար. տասը հազար դոլարանոց ծրագրի դէպքում օրինակ, գերադասում ենք տասը հազար մարդու մէկ դոլարի չափով նուիրատուութիւն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ռազմավարութիւնն ի՞նչ նոր ուղղութիւններ է նախատեսում:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ.- Ցանկանում ենք պիլոտային (փորձնական) մի շարք ծրագրեր իրականացնել՝ ներառելով կրթութեան, մշակոյթի ոլորտները, որոնք կ՛ամբողջացնեն ենթակառուցուածքների ծրագիրը: Օրինակ, դպրոցներին համակարգիչներ տրամադրելուն զուգընթաց, կարող ենք գտնել տարբեր համայնքներից տաղանդաւոր երեխաների, եւ զարգացնել նրանց ունակութիւնները նախատեսուող մշակութային, ստեղծագործական կենտրոնում: Հիմնադրամը պէտք է դառնայ այն հարթակը, որը հնարաւորութիւն կը տայ բացայայտելու եւ նոր սերունդների տաղանդն հայրենիքին ի նպաստ դնելու:
Միւս կարեւոր հանգամանքն այն է, որ մենք ցանկանում ենք ճանապարհ եւ ենթակառուցուածք կառուցողի կերպարից դուրս գալ, եւ աշխատել նաեւ այդ ճանապարհների շրջակայքում կեանք ստեղծելու ուղղութեամբ: Այսինքն, եթէ կայ ճանապարհ, ուրեմն պէտք է լինի նաեւ համայնք, եւ աշխատանք տարուի այդ համայնքը զարգացնելու համար: Իհարկէ, ճանապարհ կառուցելը շատ կարեւոր գործ է, որովհետեւ պետութիւնը հիմնականում չի կարողացել ստանձնել այդ դերը, եւ համահայկական ուժերով է, որ մենք այսօր Արցախում ունենք երկու երեք ճանապարհ՝ Լաչինի, Քարվաճառի, եւ Արցախի հիւսիս-հարաւը: Հիմա ցանկանում ենք այդ ճանապարհները ծառայեցնել համայնքների աշխուժացման համար:
Շատ ենք կարեւորում նաեւ Սփիւռքին ինչ-որ բան վերադարձնելու գաղափարը: Ժամանակն է, որ Հայաստանն էլ աջակցի Սփիւռքին:
Մենք ցանկանում ենք դուրս գալ միայն Հայաստան Արցախ շրջանից եւ դառնալ իրական համահայկական կառոյց:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Գործում են բազմաթիւ բարեգործական հիմնադրամներ թէ՛ Սփիւռքում, թէ՛ Հայաստանում, որոնց նպատակները յաճախ համընկնում են: Արդեօք չկա՞յ մրցակցութիւն, որը կարող է ազդել արդիւնաւէտութեան վրայ:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ.- Հայաստան հիմնադրամը ոչ մէկին մրցակից չի դիտում, մենք գտնում ենք, որ եթէ որեւէ անհատ կամ կազմակերպութիւն նպատակ ունի բարեփոխելու, զարգացնելու հայրենիքը՝ մենք նրանց կողքին ենք:
Վերջին տարիներին բազմաթիւ հիմնադրամների միջոցով հսկայական ֆինանսական միջոցներ են մտել Հայաստան, եւ չեմ կարող ասել որ անարդիւնաւէտ են ծախսուել, բայց վստահ եմ, որ դրա արդիւնաւէտութիւնը կարող էր աւելի մեծ լինել, եթէ ուղղորդուած ու համակարգուած լինէր:
Հայաստան Համահայկական հիմնադրամը կարող է դառնալ մի հարթակ, որտեղ Սփիւռքում եւ Հայաստանում գործող հիմնադրամները կարող են հանդիպել, փոխանակուել մտքերով եւ ծրագրերով, եւ միասնաբար իրականացնել տարբեր ոլորտներին առնչուող ծրագրեր:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կառուցուածքային փոփոխութիւններ իրականացուե՞լ են: Արդեօք քայլեր նախատեսո՞ւմ էք Հիմնադրամի հանդէպ վստահութեան մակարդակը բարձրացնելու ուղղութեամբ:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ.- Հիմնադրամի նոր ռազմավարութիւնը ենթադրում է նաեւ կառուցուածքային փոփոխութիւններ, որոնք սկսուել են 2018թ.ի Հոկտեմբերի 1ից եւ շարունակւում են: Կարեւորն այն է, որ գոյութիւն ունեն ֆինանսական ծրագրային, մրցոյթների մասերը, եւ աւելացել է բոլորին կապող օղակը՝ մոնիթորինգի եւ գնահատման մեխանիզմը, որը նախկինում չկար: Մենք աշխատանքի ենք ընդունել փորձագէտի, ով կը գնահատի ծրագրերի արդիւնաւէտութիւնը: Թափանցիկութեան մասով ասեմ, որ Հիմնադրամի մրցոյթներին այժմ մասնակցում են աւելի շատ շինարարական ընկերութիւններ, քան նախկինում: Ընտրելիս, մենք փորձում ենք առաջնորդուել ոչ թէ ցածր գներով, այլ մի քանի չափանիշներ ենք սահմանել, այդ թւում առաւելութիւն է տրւում որակին, եւ տուեալ կազմակերպութեան փորձին:
Միաժամանակ, մեր որոշումները կայացւում են քննարկումների արդիւնքում, եւ գործադիր տնօրէնը միանձնեայ որոշումներ չի կայացնում: Անդրադառնալով տարբեր երկրներում մեր գործընկեր կազմակերպութիւններին, նշեմ, որ նրանք անկախ են, սակայն փորձում ենք համապատասխանեցնել Հիմնադրամի գործունէութեան հետ, եւ օրինակ, Լոս Անջելեսի կառոյցի հետ սերտօրէն համագործակցում ենք:
Վերջերս մեծ փոփոխութիւններ տեղի ունեցան Լոս Անջելեսի կառոյցում ծախսերի կրճատման ուղղութեամբ, օրինակ՝ արտադրութեան որոշ մասը տեղափոխեցինք Հայաստան, որտեղ տեսանիւթերի պատրաստումն ա-ռաւել մատչելի է:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հիմնադրամի նոր ռազմավարութիւնը ենթադրում է նաեւ առանձին ծրագրերի համար տեղային դրամահաւաքներ: Ի՞նչ ծրագրերի մասին է խօսքը:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ.- Հայաստան հիմնադրամը ծրագիր է իրականացնում Գիւմրիում՝ անօթեւան ընտանիքների համար գնելով, վերանորոգելով եւ կահաւորելով բնակարաններ՝ տնակներից վերջապէս ձերբազատուելու համար: Երեք տարուայ մէջ նման 42 բնակարան է յանձնուել: Սակայն հասկացանք, որ հարցը լուծելու առաւել արդիւնաւէտ ձեւ կայ. Հիմնադրամը այդ ծրագրին յատկացուած գումարով նախընտրելի է, որ գոյութիւն ունեցող շէնք վերցնի, վերանորոգի, եւ մէկ տարուայ ընթացքում աւելի քան քառաուն ընտանիքի ապահովի բնակարանով: Առաջին նման շէնքը շուտով կը դառնայ Հիմնադրամի սեփականութիւնը, եւ կարիք կ՛ունենանք շուրջ 1.5 միլիոն դոլարի՝ մեր գաղափարն իրականացնելու համար: Այն ենթադրում է ոչ միյեան բնակարանների վերանորոգում, նաեւ նոյն շէնքում բնակուող արուեստագէտներին արուեստանոցների տրամադրում, ուր կարող են այցելել եւ դասեր վերցնել տուեալ շէնքի երեխաները: Նախատեսում ենք նաեւ բիզնեսների ստեղծում տուեալ շէնքի բնակիչների համար, որ կը ծառայի նաեւ շրջակայ տարածքի բնակիչներին, օրինակ՝ վարսավիրանոց, հացատուն, եւ այլ:
Յարիր չէ, 21րդ դարում ունենալ քաղաք, որտեղ կան 2500 անօթեւաններ: Այս հարցը պէտք է լուծենք միասնական ուժերով. ունենք ՀՀ վարչապետի, նախագահի, մեր գործընկեր կառոյցների աջակցութիւնը: Յուլիսին, Լոս Անջելեսում կ՛անցկացնենք դրամահաւաք, եւ յուսամ, որ մինչ այդ կ՛ունենանք նշուած ծրագրի համար անհրաժեշտ գումարի կէսն ու Լոս Անջելեսի մեր հայրենակիցների նուիրատուութիւններով կը հաւաքենք միւս մասը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն անդրադառնալով Սփիւռքից հայրենիք բարեգործութիւններին, նշել էր, որ նուիրատուութեան փոխարէն այսուհետ ակնկալում է ներդրում: Այս յայտարարութիւնը կարծես որոշ չափով սառեցրեց նուիրատուութիւնների ընթացքը: Հայաստանն արդեօք այսօր պատրա՞ստ է հրաժարուել Սփիւռքից տրուող բարեգործութիւնից:
ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄԵԱՆ.- Համաձայն եմ վարչապետի մտքի հետ, որովհետեւ պէտք է գայ մի պահ, երբ բարեգործութիւնը կը դառնայ առաւել մարդասիրական արարք՝ կարիքաւոր տարեցներին, երեխաներին, առաւել կարիքաւորների օգնելու, որ գոյատեւեն: Սակայն քանի դեռ Հայաստանում չի ստեղծուել այն իրաւական հարկային դաշտը, ներդրումների համար շահաւէտ միջավայր՝ բարեգործական, մարդասիրական ծրագրերը կարիք կայ որ շարունակուեն:
2018 թուականի Ապրիլ-Մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած փոփոխութիւնները ստեղծել են համախմբման իրական հնարաւորութիւն՝ հզօր հայրենիք եւ ուժեղ Սփիւռք կերտելու համար: Մեր նոր գաղափարախօսութեան ու ռազմավարութեան հիմքն է՝ համախմբուել, միասին աշխատել՝ հանելով մրցակցութեան հասկացութիւնը մեր օրակարգից, յարգել միմեանց եւ միասնաբար կերտել մեր հայկական աշխարհը, մեր ցանցապետութիւնը: