Վարեց՝ ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ղարաբաղցիներն ասում են, որ դուք ղարաբաղցի էք, գորիսեցիները ձեզ գորիսեցի են համարում, իսկ Եղվարդի ժողովուրդը պնդում է, որ դուք եղվարդցի եք… Որտեղի՞ց էք դուք իրականում:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Ես ուրախ եւ շնորհակալ եմ, որ ղարաբաղցիները, գորիսեցիները, եղվարդցիները ինձ իրենցն են համարում: Իրականում՝ հայրս գորիսեցի է, մայրս՝ ղարաբաղցի (քարինտակցի): Ես ծնուել եմ Շուշիում, ապրել եմ Շամխորի շրջանի Աթաբեկ գիւղում: Այնուհետեւ մեր ընտանիքը տեղափոխուել է Նաիրիի շրջան եւ բնակութիւն հաստատել այդտեղ: Ծնողներս մանկավարժներ էին եւ զինուորականի նման ստիպուած են եղել տեղից տեղ տեղափոխուել, աշխատել տարբեր վայրերում: Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ճշդապահութիւնը, բարեխղճութիւնը, արդարամտութիւնը, օրինաւորութիւնը կենսակերպ էին: Թերեւս վայրից վայր տեղափոխուելու հետեւանքն էլ է դեր խաղացել, որ ծնողներս մեծ ուշադրութիւն դարձնեն իրենց երեխաների դաստիարակութեանը եւ նախանձախնդիր լինեն նրանց վարքի եւ բարոյականութեան հանդէպ: Ծնողներս յարգուած էին, ինձ մշտապէս պարտաւորեցրել է ծնողներիս հեղինակութիւնը…
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Դուք ինչպիսի՞ն էիք մանկութեան տարիներին:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Ես խաղաղ էի, պարկեշտ, օրինաւոր, աշխատասէր… Գիտէք, դպրոցական տարիներին ես լիդեր չեմ եղել, բայց ունեցել եմ իմ տեղն ու դիրքը ընկերական շրջապատում, իմ խօսքը, իմ վերաբերմունքը, իմ կարծիքը… Դպրոցում ինձ սիրում էին, որովհետեւ ես օգնում էի ընկերներիս… այդ գիծը ի սկզբանէ եղել է իմ մէջ: Ես սիրում եմ օգնել մարդկանց՝ հեռու-մօտիկ, ծանօթ-անծանօթ… Ինչ որ մէկին ինչ որ բանով օգնելը իմ կեանքի թերեւս ամենակարեւոր գաղափարն է…
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Կարեկցանքի՞ց դրդուած…
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Ե՛ւ կարեկցանքից, ե՛ւ կողքինի համար, կողքինի ճակատագրի հանդէպ պատասխանատուութիւն կրելու պարտաւորութիւնից: Դպրոցում սիրում էի ճշգրիտ առարկաները: Լաւ եմ սովորել յատկապէս ֆիզիկան, մաթեմատիկան… Սպորտով եմ զբաղուել՝ ըմբշամարտով, ե՛ւ դպրոցական տարիներին, ե՛ւ ռազմական բուհում:
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ո՞ր առարկան չէք սիրել:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Քիմիան… Չգիտես ինչու: Շատ էի սիրում նաեւ հայոց լեզու եւ գրականութիւն առարկան, պատմութիւնը: Իսկ զինուորական դառնալ մտադրուել եմ դպրոցական տարիքից: Խորհրդային տարիներին մի հաղորդում կար՝ «Ծառայում եմ Սովետական Միութեանը», շատ էի սիրում այդ հաղորդումը եւ կլանուած դիտում էի: Ինձ դուր էին գալիս զինուորական համազգեստով մարդիկ, բանակային կեանքը…
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Կարելի՞ է ասել, որ բարձրագոյն զինուորական ուսումնարանում սովորելու տարիներին դուք զինուորական դարձաք:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Թերեւս ինքնաբացայայտման տարիներ էին: Ես հասկացայ, որ մասնագիտական ճիշդ ընտրութիւն եմ արել՝ դա իմ աշխարհն էր՝ կարգապահութիւն, պարտաճանաչութիւն, հայրանասիրութիւն, խիզախումի, նուիրուածութեան, մաքառումի, պայքարի, պատասխանատուութեան աշխարհը… Դա իմ տարածքն էր, ու այդտեղ ես լիդեր էի:
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ի՞նչ է պէտք մարդուն առաջնորդ լինելու համար, որո՞նք են լիդերին բնորոշ յատկանիշները… Ինչպիսի՞ մարդիկ են կարողանում իշխել…
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Իշխելն ու առաջնորդելը տարբեր բաներ են: Իշխել կարող են նաեւ բռնութեամբ, հարկադրաբար, օգտագործելով տուեալ պահին շահեկան դիրքդ… Իսկ առաջնորդելու համար պէտք են մտաւոր բարձր ունակութիւններ, հարուստ ներաշխարհ, առաքինութիւններ, հոգեբանական յատկանիշներ, արդար, վստահելի, արժանաւոր, յուսալի լինելու կարողութիւն, հռետորական ձիրք… Վճռականութիւն… որոշումներ կայացնելու եւ դրանց համար պատասխանատուութիւն կրելու խիզախութիւն… Առաջնորդը գնում է առջեւից եւ պատրաստ է իր վրայ վերցնելու առաջին հարուածը…
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Դժուա՞ր էր առաջխաղացումը զինուորական հրամանատարական աստիճաններով:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Անշուշտ, հեշտ չէր, իւրաքանչիւր յաջողութեան հետեւում ահռելի աշխատանք կայ, ջանքեր, տքնանք: Եղել են նաեւ ձախողումներ… Բայց ուզում եմ շեշտել, որ ես երբեք (մինչ օրս) որեւէ մէկին չեմ դիմել պաշտօնի առաջխաղացման համար, չի եղել որեւէ մէկի հովանաւորութիւնն ու աջակցութիւնը: Առաջխաղացման միակ հենքն ու դրդապատճառը եղել է իմ աշխատանքը: Սա դժուար, ճիշդ ու ազնիւ ճանապարհ է:
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ո՞վ է եղել ձեր զինուորական ուսուցիչը, այսպէս ասած, ձեր զինուորական կնքահայրը:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Երբ կուրսանտ էի, ինձ համար զինուորականի չափանիշ էր իմ դասակ հրամանատարը՝ իր արդարամտութեամբ, խստապահանջութեամբ, միեւնոյն ժամանակ՝ գթասրտութեամբ ու հոգատարութեամբ: Երբ գումարտակի հրամանատար էի, սովորում էի իմ գնդի հրամանատարից: Իսկ պաշտպանութեան բանակում ծառայելու տարիներին ինձ համար օրինակ էր երկրի ներկայիս նախագահը: Ես իմ ուսուցիչ եմ համարում նաեւ Նժդեհին, մարշալ Բաղրամեանին, ծովակալ Իսակովին, Մոնթէին…
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ո՞րն էր Արցախեան պատերազմի ամենամեծ բացայայտումը ձեզ համար եւ ամենակարեւոր դասը մեր ժողովրդին:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Արցախեան պատերազմը հայրենական կռիւ էր՝ իր բոլոր բնորոշիչներով: Այն մէկ անգամ եւս հաստատեց, որ հայրենիքի զգացողութիւնն ու հայրենասիրութեան գաղափարը շատ ուժեղ են մեր հոգում, մեր արեան ու մեր գիտակցութեան մէջ: Արցախեան պատերազմը վեր հանեց, մաքրեց, բարձրացրեց յաղթող հայի կերպարը ու աներկբայ ցոյց տուեց, թէ ինչպիսին պէտք է լինենք, որպէսզի կարողանանք յաղթել… Արցախեան պատերազմի ամենամեծ բացայայտումը մեր միասնականութեան ֆենոմենն է: Ու մենք պիտի միշտ ականջալուր լինենք այդ պատգամին:
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Դուք Արցախի ազգային հերոս էք: Ինչպէ՞ս է մարդը հերոսանում:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Անհոգի, անշունչ ու գետնամած ժամանակները հերոսներ չեն ծնում: Հերոսները բարձրանում են, երբ կայ համապատասխան մթնոլորտ, պաթոս, բարոյականութիւն, մղում: Երբ ժամանակները, բարքերը, արժէքներն ու գաղափարները հերոսական են: Եւ ընդհանուրից առանձնանում են մարդիկ, ովքեր ստանձնում են առջեւից գնալու քաջութիւնը, ովքեր խիզախելու ու սխրագործելու ուժ են գտնում իրենց մէջ: Ամէն դէպքում, այնքան դժուար չէ հերոսանալը, որքան հերոսի կերպարն ու հեղինակութիւնը անխաթար պահելը… Երբ մարդիկ քեզանից պահանջում են հերոսի վարք ու քաջութիւն նաեւ խաղաղ ժամանակներում: Եւ դու պարտաւոր ես հերոսաբար ապրել… Եթէ ցանկանում ես հերոսներ ունենալ, պիտի հերոսանալու միջավայր ստեղծես: Սա կոչ է հրամանատարիներին… Ի վերջոյ, եթէ չասեմ իւրաքանչիւր զինուորի, ապա շատ շատերի մէջ նստած է հերոսը, պարզապէս պիտի արթնացնես նրան, գտնես արթնացնելու ճանապարհը…
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Դժուա՞ր է նախարար լինելը:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Դժուար է: Եւ ամենադժուարը ոչ այնքան ֆիզիքական ծանրաբեռնուածութիւնն է, որքան՝ հոգեբանական լարուածութիւնը, պատասխանատուութեան ահռելի բեռը: Երբ դու պատասխանատու ես ե՛ւ հայրենիքի անվտանգութեան, ե՛ւ իւրաքանչիւր զինուորի ֆիզիքական, հոգեբանական, բարոյական պաշտպանուածութեան համար:
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ինչպէ՞ս էք վերաբերւում ձեր հասցէին հնչած քննադատութեանը:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Ե՛ւ իմ, ե՛ւ բանակի հասցէին հնչած քննադատութիւնն ընդունում եմ երախտագիտութեամբ, եթէ այն նպատակ ունի մեզ աւելի լաւը դարձնելու: Չարախօսութիւնն ու բամբասանքը, զրպարտութիւնն ու ամէն ինչ անտեսելու մոլուցքը վտանգաւոր է եւ, բնականաբար, չի կարող չարժանանալ հակակրանքի ու հակազդեցութեան:
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ձեզ համար կարեւո՞ր է, թէ ինչ են մտածում մարդիկ ձեր մասին կամ ինչպիսի տրամադրութեամբ հեռացան ձեր ընդունարանից:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Անչափ կարեւոր է: Ես չեմ կարողանում գտնել տեղս, երբ ստիպուած եմ լինում նեղացնել որեւէ մէկին:
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ձեր մտերիմներն ասում են, որ ձեր պրագմատիկ, հաւասարակշիռ, սառնարիւն, անխոցելի կերպարի տակ թաքնուած է զգայուն սիրտ, զգացմունքային հոգի եւ փխրուն ներաշխարհ:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Ես պարտաւոր եմ յոյզերս, ապրումներս պահել ներսում եւ լինել հաւասարակշիռ, սառնարիւն եւ պրագմատիկ: Ես իրաւունք չունեմ ի ցոյց դնելու իմ ներքին խնդիրները: Այլ բան է, երբ կողքիս մտերիմ մարդիկ են, հարազատներ, ընկերներ:
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Դուք շա՞տ ընկերներ ունէք:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Ո՛չ, ես քիչ ընկերներ ունեմ եւ շատ մտերիմ եմ նրանց հետ:
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Իսկ կանայք կա՞ն ձեր մտերիմ ընկերների շրջանում: Կարո՞ղ էք ընկերութիւն անել կնոջ հետ:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Ինչու ոչ… Օրինակ իմ կնոջ հետ շատ լաւ ընկերներ ենք: Ընկեր նշանակում է համախոհ, գաղափարակից… Մէկը, որ ունի քո բարոյական սկզբունքները, արժեհամակարգը…
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Իսկ որքանո՞վ են հաւաստի պտտուող լուրերը, թէ նախարարը այնքան էլ չի վստահում կանանց եւ չի խրախուսում կանանց առատութիւնը պաշտպանական համակարգում:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Չէ, դա այդպէս չէ: Պարզապէս ես չեմ ցանկանում կանանց տեսնել այնպիսի ոլորտներում, որոնք աւելի բնորոշ են տղամարդկանց: Համակարգում աշխատում են բազմաթիւ կանայք, որոնք բարեխղճօրէն են կատարում իրենց պարտականութիւնները: Ես խրախուսում եմ կանանց ներկայութիւնը բանակում, նրանք իւրայատուկ սէր, քնքշանք եւ բարութիւն են սփռում:
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ձեզ դո՞ւր է գալիս, երբ կինը զինուորական համազգեստ է կրում:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Եթէ կինը գեղեցիկ է, խելացի, ունի հարուստ ներաշխարհ, համազգեստը բազմապատկում է նրա հմայքը:
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ինչպիսի՞ կանայք են ձեզ դուր գալիս:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Կինը պէտք է խելացի լինի: Կնոջ ինտելեկտը առաջնային նշանակութիւն ունի ինձ համար: Ինչու ոչ, կարեւոր է նաեւ գեղեցկութիւնը: Կինը պէտք է հարուստ ներաշխարհ ունենայ: Ես ու կինս խառնուածքով փոխլրացնում ենք միմեանց: Իմ հանդարտութեան կողքին կնոջս եռանդն ու աշխուժութիւնը, ինչպէս նաեւ կատարեալ փոխըմբռնումը մեր յարաբերութիւնները դարձրել են առաւելագոյնս ներդաշնակ: Ինձ համար շատ կարեւոր են ընտանեկան յարմարաւէտութիւնը, ջերմութիւնը, անդորրը: Ես նախանձախնդիր եմ ընտանիքիս հեղինակութեան հանդէպ: Հպարտանում եմ, որ երկու որդիներս զինուորական են եւ ծառայում են Ղարաբաղի բանակում: Նրանք չափաւոր են, զուսպ եւ գիտեն, որ նախարարի որդի լինելը ոչ թէ արտօնութիւն է, այլ առաւել օրինաւոր լինելու պարտականութիւն: Այդպէս եմ դաստիարակում նաեւ փոքրիկներիս: Եւ իմ ամբողջ ընտանիքն է ապրում այդ մտածողութեամբ:
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Մարդկային խառնուածքի ո՞ր գծերը չէք կարող հանդուրժել:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Սնապարծութիւնն ու ամբարտաւանութիւնը: Չեմ սիրում յաւակնոտ մարդկանց, մանաւանդ՝ եթէ նրանց մտաւոր, հոգեւոր ու բարոյական կարողութիւնները շատ հեռու են իրենց յաւակնութիւններից:
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Իսկ մարդու ո՞ր առաքինութիւնն էք կարեւորում ամէնից շատ:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Սկզբունքայնութիւնը: Չեմ սիրում պատեհապաշտներին: Սկզբունքներին հաւատարիմ մնալու քաջութիւնը կարեւոր առաքինութիւն է: Չեմ վստահում ճկուող մարդկանց:
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Պարոն Օհանեան, ի՞նչն է ձեզ յուզում այսօր մեր իրականութեան մէջ ամէնից շատ:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Հանդուրժողականութեան պակասը: Սեփական սխալների վրայ աչք փակելու, ուրիշի վրիպումները խոշորացոյցի տակ դնելու մտայնութիւնը, մեղաւորներ փնտռելու մոլուցքը: Երբ նուազում է հանդուրժողականութիւնը, նշանակում է նուազել են սէրն ու միասնականութիւնը:
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Իսկ ո՞րն է ձեր լաւատեսութեան ամենամեծ երաշխիքը, ակունքը, նախադրեալը:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Սահմանին կանգնած զինուոր… Զինուորի ամրութիւնը, քաջութիւնը, ոգին, հայրենասիրութիւնը: Ես ամէն պահի «զգում եմ» զինուորին, իմ միտքը երբեք չի հեռանում սահմանից, իմ միտքը երբեք չի ազատւում սահմանին կանգնած զինուորի պատկերից: Այն զինուորը, որ երկու տարի պահել է սահմանը, յետոյ վերադարձել է հասարակութիւն, իր հետ տանելու է «սահմանի» ուժը, ոգեղենութիւնը, սէրը, հայրենիքի զգացողութիւնը… «Սահմանի» բարոյականութիւնը… Ու հետզհետէ մաքրելու է հասարակութիւնը խորթ գաղափարներից ու բարքերից:
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Կա՞յ մէկը, որին կը ցանկանայիք շնորհակալութիւն ասել:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Սահմանի պահող զինուորին: Ամուր սեղմում եմ նրա ձեռքը ու յայտնում իմ երախտագիտութիւնը:
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Իսկ կա՞յ մէկը, որից կը ցանկանայիք ներողութիւն խնդրել:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Այն ծնողից, որի որդին չի վերադարձել բանակից, իմ պարտութիւնների ու ձախողումների մէջ դա ամենացաւոտն է, ամենադժուարը…
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Պարոն նախարար, մեր նախորդ այցի ժամանակ ասացիք. «Ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը «մոռանայ» պատերազմը եւ ապրի խաղաղ օրերի ռիթմով: Որ մենք դադարենք հերոսութիւնը նոյնացնել պատերազմական սխրանքների հետ: Մեզ խաղաղ ժամանակների հերոսներ են պէտք»: Ո՞վ է մեր հերոսն այսօր: Մեր ժամանակի հերոսը:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- «Զինուոր» հասկացողութիւնը շատ ընդգրկուն է: Զինուորն իր գործի անմնացորդ ու ինքնազոհ նուիրեալն է ե՛ւ բանակում, ե՛ւ քաղաքացիական կեանքում: Զինուորը խիզախութեան, ազնուութեան, արդարութեան, տքնանքի, նուիրումի խորհրդանիշ է: Մեր ժամանակի, մեր իրականութեան հերոսը Զինուորն է, որը Զինուոր է ե՛ւ պատերազմի ժամանակ, ե՛ւ խաղաղ ժամանակներում: Նա, ով իր տքնանքով երաշխաւորում է Հայաստանի վաղուայ օրը:
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Մեր ժամանակի հերոսը զինուո՞րն է, թէ զինուորը պէտք է լինի:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Անշուշտ, մենք ահռելի աշխատանք ունենք անելու, որպէսզի Զինուորի կերպարը բարձրացնենք, տեղ յատկացնենք նրան մեր ազգային-պետական արժեհամակարգի ամենավերին հորիզոնականում, որ նա դառնայ բարձրացող սերնդի եւ հասարակութեան իւրաքանչիւր անդամի հերոսը: Մենք անցնելու ճանապարհ ունենք, ինքնամաքրուելու, կատարելագործուելու, ճշդելու մեր բարոյական առաջնահերթութիւնները եւ չափանիշները:
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ի՞նչ է փոխել նախարարի պաշտօնը ձեր մարդկային նկարագրի մէջ, ձեր կերպարում ի՞նչ է վերցրել ձեզնից եւ ի՞նչ է տուել ձեզ:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Այս պաշտօնը ինձ է փոխանցուել այնպիսի գործիչներից, ինչպիսիք են Վազգէն Սարգսեանը, Սերժ Սարգսեանը… եւ շատ մեծ է պատասխանատուութիւնը պահելու այն նշաձողը, որ նրանք են բարձրացրել, պահպանելու նրանց ձեռքբերումները եւ աւելացնելու սեփական վաստակը այս ամէնին: Ես շատ հաճոյքներից եմ զրկել ինձ, որպէսզի վաստակեմ այն հպարտութիւնը, որ ունեմ այսօր: Եղել են ե՛ւ ձեռքբերումներ, ե՛ւ ձախողումներ, բայց ես աշխատել եմ ուժերի գերլարումով եւ ամէն ինչ ստորադասել եմ աշխատանքին: Մարդկային նկարագրի մէ՞ջ… Ինձ համար դժուար է «ո»չ ասել մարդուն, բայց այս պաշտօնն ինձ ստիպում է «ո»չ ասել, երբ դա անհրաժեշտ է: Հիմա, երբ ես ստիպուած եմ լինում ընտրութիւն անել գթասրտութեան եւ արդարութեան միջեւ, ես ընտրում եմ արդարութիւնը…
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ձեր բնաւորութեան ո՞ր գիծն էք ամէնից բարձր գնահատում:
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Մարդուն լսելու կարողութիւնը… Ուրիշի հոգսին հաղորդակցուելու ունակութիւնը…
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Որո՞նք են ձեր կեանքի փոքրիկ ուրախութիւնները…
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ.- Երբ ես տանն եմ, լիարժէք սիրոյ, ներդաշնակութեան ու խաղաղութեան մէջ եմ… Ամբողջովին լիցքաթափւում եմ, երբ խաղում եմ փոքրիկներիս հետ: Ամէն Աստծոյ օրը, բարի խաղաղ առաւօտը, որ բացւում է Հայաստանի ու հայ զինուորի համար, իր ուրոյն, իր մեծ խորհուրդն ունի, եթէ դու անցել ես պատերազմի բոցերով ու տեսել ես, թէ ինչպէս է զոհւում զինուորդ աչքիդ առաջ… Իմ «փոքրիկ ուրախութիւնները» շատ-շատ են, որովհետեւ ես գիտեմ դրանց արժէքը…
ԳԱՅԻԱՆԷ ՊՕՂՈՍԵԱՆ.- Պարոն նախարար, շնորհաւորում եմ ձեր տարեդարձը: Խորին խոնարհում ձեր վաստակի՝ պատերազմական սխրանքների եւ խաղաղ ժամանակաշրջանի ձեռքբերումների առջեւ: Երջանիկ եղէք, միշտ շրջապատուած սիրով, ջերմութեամբ, հոգատարութեամբ: Անկորուստ անցէք ձեր յետագայ ուղին: Մաղթում եմ բեղուն աշխատանք՝ ի փառս մեր բանակի, ժողովրդի եւ պետութեան: