Փակելով Սփիւռքի Նախարարութիւնն Առանց Խորհրդակցելու՝ Իրենք Մերժում Են Սփիւռքը
«Առաջին լրատուական»ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիէր» թերթի հրատարակիչ եւ գլխաւոր խմբագիր Յարութ Սասունեանը:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Պարոն Սասունեան, առաջիկայում կը լուծարուի Սփիւռքի նախարարութիւնը, եւ այդ նախարարութեան գործառոյթները կ՛իրականացնի Արտաքին գործոց նախարարութիւնը (ԱԳՆ): Դուք երկար տարիներ աշխատում էիք Սփիւռքի նախարարութեան հետ: Հիմա ինչպէ՞ս էք գնահատում այս նախարարութեան լուծարումը:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ.- Սփիւռքի նախարարութեան ձեւաւորման առաջին օրուանից արդէն տասը տարի ծառայել եմ որպէս այդ նախարարութեան վարչութեան անդամ եւ մօտիկից ծանօթ եմ բոլոր աշխատանքներին, որոշումներին, ծրագրերին: Եւ հասկանալի կը լինէր, եթէ մեր իշխանութիւնները ցանկանային ուսումնասիրել Սփիւռքի նախարարութեան իրականացրած ծրագրերը եւ աշխատանքները, եւ դրանց վերանայումը շատ նորմալ եւ բնական կը լինէր, բայց ինձ թւում է՝ այն, ինչ կառավարութիւնն արեց, երկու լուրջ սխալ կար այդտեղ: Մէկն այն է, որ այս նախարարութիւնը կոչւում էր Սփիւռքի նախարարութիւն, այսինքն՝ առնչւում է Սփիւռքի հետ: Ինչպէ՞ս կարելի է որեւէ լուրջ որոշում կայացնել այս նախարարութեան հետ կապուած՝ առանց խորհրդակցելու սփիւռքահայ մտաւորականների, սփիւռքահայ կազմակերպութիւնների հետ: Երկրորդ՝ նոր իշխանութիւնը շատ գեղեցիկ յայտարարութիւններ է արել՝ ասելով, որ ուզում են Սփիւռքը ներգրաւուի հայաստանեան կեանքին ներդրումներով, միասնաբար աշխատելով: Վարչապետն էլ յայտարարել է, որ Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ սահմանը ջնջել են, որ ամէն ձեւով սփիւռքահայութիւնը պէտք է ներգրաւուի հայաստանեան կեանքի մէջ: Նոյնիսկ Սփիւռքի նախարարն իր նշանակման առաջին օրը յայտարարեց, որ իրենց օրակարգում է երկպալատ խորհրդարան ունենալը, որտեղ սփիւռքահայերը կարող են ներկայացուել: Սակայն յետագայում այլեւս որեւէ բան չասաց: Մի անգամ էլ վարչապետն ասաց, որ ըստ Սահմանադրութեան՝ սփիւռքահայերը չեն կարող որպէս նախարար աշխատել, եւ պէտք է տեսնենք՝ ինչ կարելի է անել, որ փոփոխութիւններ լինեն:
Ամփոփելով ասեմ՝ իշխանութիւնները, որ եկան ըստ պաշտօնների, ամենադրական, ամենաազնիւ եւ բարեացակամ խօսքերն ասացին Սփիւռքի մասին, ինչը բոլորս էլ բարձր գնահատեցինք եւ սատարեցինք մեր իշխանութիւններին, բայց այս իշխանութիւնները կատարեցին իրենց սխալը. այսպիսի մի բարեացակամ իշխանութիւն, երբ յայտարարում է, որ Սփիւռքի նախարարութիւնը լուծարուելու է, չեն հասկանում, որ նման խօսքերով սխալ պատգամ են ուղարկում Սփիւռքին, որը հակասում է իրենց նախկին բոլոր յայտարարութիւններին: Եւ փակելով նախարարութիւնն առանց խորհրդակցելու՝ իրենք մերժում են Սփիւռքը: Վստահ եմ, որ իրենց նպատակը Սփիւռքը մերժելը չէ, իրենք յայտարարում են, որ ուզում են գործակցել Սփիւռքի հետ, ես հաւատում եմ այդ խօսքերին, բայց այն, ինչ անում են, իրենց գործը չի համապատասխանում իրենց խօսքին: Չես կարող նախարարութիւնը փակել՝ առանց խորհրդակցելու եւ առանց հիմնաւորելու, թէ ինչ ես ուզում անել, երբ փակում ես: Պարզապէս ասել, որ պէտք է փակել կամ փոխել, սա շատ վատ տպաւորութիւն է թողնում Սփիւռքի վրայ: Եւ այս երկու կարեւոր եւ լրջագոյն սխալներն արեցին այս որոշման մէջ:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Նախարարը նշում էր, որ յեղափոխութիւնից յետոյ Սփիւռքի սպասելիքները Հայաստանից ահռելի մեծ են: Իսկապէս այսօր մե՞ծ են Սփիւռքի սպասումները իշխանութիւնից:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ- Անշուշտ, Սփիւռքը սպասելիքներ ունի ոչ միայն այս իշխանութիւններից, մենք նախկին իշխանութիւններից նոյնպէս սպասելիքներ ունէինք, որոնք այդքան էլ չարդարացան: Մենք միշտ ունենալու ենք սպասումներ, եւ ՀՀ կառավարութիւնն էլ միշտ սպասումներ է ունենալու Սփիւռքից: Մենք մէկ ազգի զաւակներ ենք եւ բոլորս էլ պէտք է գործակցենք իրար հետ: Եւ մեր ընդհանուր հայ ժողովուրդը Սփիւռքում եւ հայրենիքում պէտք է զարգանայ եւ առաջ գնայ: Ես չեմ կարող պատկերացնել մի հայ, ով չի ուզում, որ մենք առաջընթաց արձանագրենք: Բայց դա կեանքի կոչելու համար մենք պէտք է իրար հետ նստենք, խորհրդակցենք: Անշուշտ, հասկանալի է, որ վերջին խօսքը պատկանում է պետութեանը, եւ իրենք վերջին որոշումը կարող են կայացնել: Բայց պէտք է մի քիչ ազնիւ լինել եւ հարցնել Սփիւռքին՝ ինչ են մտածում այս որոշման մասին: Խորհրդակցել եւ միայն դրանից յետոյ որոշում կայացնել, եւ ոչ թէ հակառակը՝ որոշում կայացնել եւ յետոյ յայտարարել այդ մասին: Պէտք է նախ յայտարարէին, որ ուզում են Սփիւռքի նախարարութիւնը տարբեր ձեւերով զարգացնել. հրաւիրէին սփիւռքահայ գործարարների, Սփիւռքի մասնագէտների, ովքեր իրենց ասելիքը կ՛ասէին, կը լսէին դիմացինին, յետոյ նայէին, թէ ինչ ուղղութեամբ ընթանայ: Կառոյցն ինքնին կարեւոր չէ, կառոյցը միջոց է նպատակն իրագործելու համար: Նախ պէտք է որոշուէր՝ ինչն է Սփիւռքի նախարարութեան նպատակը, յետոյ նոր մտածէին, թէ որ կառոյցը պէտք է այն իրականացնի՝ արտգործնախարարութիւնը՞, թէ՞ փոխվարչապետը, ո՞րն է լաւագոյն ձեւը: Չմոռանամ ասել, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որ ունեցել է Սփիւռքի նախարարութիւն: Շատ երկրներ երկար տարիներ Սփիւռքի նախարարութիւն ունեն, բայց արդեօք մեր իշխանութիւնները հետաքրքրուե՞լ են, թէ միւս երկրների Սփիւռքի նախարարութիւններն ինչպէս են աշխատում, ինչպէս են ծրագրում իրենց աշխատանքը, որ երկրում է նախարարութիւն, եւ որ երկրում այն ունի տեսչութեան ձեւ կամ այլ նախարարութեան մաս է կազմում: Սա էլ պէտք է ուսումնասիրուի: Պէտք չէ նոր հեծանիւ ստեղծել, առաջինը մենք չենք, որ մտածում ենք՝ ինչպէս անել Սփիւռքի նախարարութեան հետ աշխատանքը, կայ այլ երկրների փորձ, եւ եթէ նրանց փորձը յաջողուած է, վերցնել նրանց փորձը: Միշտ օգտակար է նախքան որոշում կայացնելը մի քիչ աշխատել եւ ուսումնասիրել ուրիշների փորձն ու գիտելիքները:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Հնարաւո՞ր է, որ այս նախարարութիւնը երկար տարիներ բովանդակային առումով իրեն չի արդարացրել, եւ չկայ այդպիսի նախարարութիւն ունենալու անհրաժեշտութիւն: Գուցէ դա՞ է լուծարման պատճառը:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ.- Ես վստահ եմ, որ Սփիւռքի նախարարութիւնը չի կատարել այդ բոլոր աշխատանքները, որ կարող էր կատարել: Նաեւ արդար լինելու համար պէտք է ասեմ, որ Սփիւռքի նախարարութիւնն առնչւում է հարիւր երկրներ ցրուած եօթ միլիոն հայերի հետ: Սփիւռքի նախարարութեան աշխատանքը շատ դժուար աշխատանք է, եթէ ուզում ես հարիւր երկրների մէջ ցրուած եօթ միլիոն ժողովրդի հետ կապուել, նրանց հասնել, հարցերը հոգալ: Սփիւռքի մէջ մի քանի Սփիւռք կայ, հին Սփիւռք կայ, նոր Սփիւռք կայ, տարբեր կուսակցութիւններ եւ միութիւններ կան, եւ յաճախ այս բոլորը իրար հետ չեն համագործակցում, իրար հետ խնդիրներ ունեն, եւ այս բոլորի հետ առնչուելը շատ լուրջ հարց է: Վերջին 25 տարիներին ծառայում էի Միացեալ հայութեան ֆոնդին, որ եօթ սփիւռքահայ մեծագոյն կազմակերպութիւնների համադրումն էր, եւ գիտեմ, թէ ինչ է նշանակում եօթ տարբեր կազմակերպութիւնների միացում, շատ լաւ հասկանում եմ այդ դժուարութիւնները:
Գալով ձեր հարցին՝ եթէ Սփիւռքի նախարարութիւնը ինչ-որ բաներ լաւ չի արել, կարելի է արածները եւ չարածները ուսումնասիրել, տեսնել՝ ինչպէս կարելի է բարելաւել, նաեւ հասկանալ՝ ինչն է այդ նախարարարութեան նպատակը, եւ դրանից յետոյ միայն տեսնել, թէ այդ նպատակի իրականացման համար որ կառոյցն է աւելի նախընտրելի: Փորձել են աշխատանքներ իրականացնել, բայց միշտ եղել են բացթողումներ: Ես՝ որպէս Սփիւռքի նախարարութեան վարչութեան անդամ, շատ յաճախ հարցը բարձրացրել եմ նախկին նախարարի եւ նախարարութեան վարչութեան միւս անդամների առաջ: Եւ չի կարելի ասել՝ այս նախարարութիւնը լաւ չի աշխատում, փակենք, պէտք է մտածել՝ եթէ այս նախարարութիւնը լաւ չի աշխատում, ինչպէս կարող ենք հասնել նրան, որ լաւ աշխատի: Իշխանութիւններն ասում են, որ կարեւոր է Սփիւռքը իր ներդրումներով, նաեւ մշակութային, մտաւորական ներդրումներով: Եօթ միլիոնը մեծ թիւ է փոքր ազգի համար, որ Հայաստանից դուրս է ապրում, եւ կարեւոր է, որ այդ մարդկանց վերաբերեալ ցանկացած որոշում լինի ծրագրուած որոշում եւ ոչ թէ հապճեպ:
Յաջորդ հարցը, որին ուզում եմ անդրադառնալ, այն է, որ իմ կարծիքով՝ իշխանութիւնները որպէս մեկնակէտ որոշել են, որ պետական ապարատը կրճատեն, նախարարութիւնները 17ից 12ի վերածեն, այսինքն՝ իրենք սկսում են կրճատման ծրագրից: Եւ եթէ մէկ անգամ որոշել են կրճատել, երկրորդական է դառնում՝ այս նախարարութիւնը կարեւո՞ր է, թէ՞ կարեւոր չէ, լաւ գործ արե՞լ է, թէ՞ չի արել. իրենց գլխաւոր նպատակը կրճատումն է, եւ այդ կրճատումն էլ կարելի է տարբեր ձեւերով անել: