Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՓՈՐԹՈՒԿԱԼԻ ՍԻՄՖՈՆԻՔ ՆՈՒԱԳԱԽՈՒՄԲԻ ԵՒ «ՅԱՐՈՒԹԻՒՆ ԴԵԼԼԱԼԵԱՆ» ԵՌԵԱԿԻ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ

March 7, 2014
in Հարցազրոյցներ
0
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՓՈՐԹՈՒԿԱԼԻ ՍԻՄՖՈՆԻՔ ՆՈՒԱԳԱԽՈՒՄԲԻ ԵՒ «ՅԱՐՈՒԹԻՒՆ ԴԵԼԼԱԼԵԱՆ» ԵՌԵԱԿԻ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ

Ստորեւ կը ներկայացնենք ջութակահար Նարինէ Դելլալեանի հետ irakan.info կայքի ունեցած հարցազրոյցը.

irakan.info.- Հայաստանի անկախանալուց յետոյ բազմաթիւ արուեստագէտներ նախընտրեցին ապրել ու ստեղծագործել արտասահմանում: Պատճառը միայն սոցիալակա՞ն պայմաններն էին, թէ այլ պատճառներ էլ կային:
ՆԱՐԻՆԷ ԴԵԼԼԱԼԵԱՆ.- Կոնկրետ մեր դէպքում պատմութիւնը լրիւ այլ էր: 1989 թուականին աշխատանքային պայմանագրով հրաւիրուեցինք Պորտուգալիա: Այդ օրուանից մեր կեանքում սկսուեց տարբեր փորձութիւններով լի նոր փուլ: Մեր առջեւ բացուեցին եւրոպական մշակոյթի աւանդոյթներով երաժշտական աշխարհի նոր դռներ: Այդ տարիներին Խորհրդային Միութիւնը կամ յատկապէս Հայաստանը փակ երկիր էր: Մեր պատկերացումները եւրոպական իրական կեանքի վերաբերեալ այստեղից-այնտեղից լսած, արտասահմանում եղած հազուադէպ մարդկանց պատմածների հիման վրայ ձեւաւորուած պատկերներ էին:
Անչափ հետաքրքիր էր իրական շփումը միջազգային ճանաչում ունեցող յայտնի երաժիշտների հետ: Նմանատիպ շփումները հարստացնում են արուեստագէտին որպէս մտածող, կատարող ու նաեւ հնարաւորութիւն տալիս բացուել աշխարհի առջեւ: Կոնկրետ ինձ այն տուեց ինքնահաստատման, նաեւ ինքնաճանաչման մեծ հնարաւորութիւններ: Աւելի շուտ սա աշխարհը ճանաչելու երկարատեւ ճամբորդութիւն էր, որը մի օր, անշուշտ, աւարտուելու է:
Իսկ իմ տունը իմ Երեւանն է, որով ապրում եմ մինչ այսօր: Աւելի շատ տեղեակ եմ Հայաստանի անցուդարձից, քան թէ նրանից, ինչ տեղի է ունենում այստեղ՝ իմ կողքին, ասենք քաղաքականութեան մէջ: Որեւէ իրադարձութեան համար իմ սիրտը այնպէս չի բաբախում, ինչպէս Հայաստանում տեղի ունեցող երեւոյթների համար:

irakan.info.- Դուք յաճախ էք լինում Հայաստանում՝ այստեղ ունենալով նաեւ համերգներ: Վերջին տարիներին ի՞նչ միտումներ, փոփոխութիւններ էք նկատում Հայաստանի մշակութային կեանքում, յատկապէս երաժշտութեան ոլորտում:
ՆԱՐԻՆԷ ԴԵԼԼԱԼԵԱՆ.- Մի քիչ անարդար կը լինի համեմատել ահաւոր դժուարութիւններից դուրս եկած նախորդ տարիները այսօրուայ հետ: Կեանքը առաջ է գնում, բնականաբար էական փոփոխութիւններ էլ պէտք է լինեն եւ անշուշտ կան: Արդէն ունենք մի քանի աւանդական դարձած, հրաշալի փառատօներ, որոնք թէպէտ երիտասարդ, բայց արդէն պատմութիւն ունեն: Հայ ունկնդրին օդի ու ջրի պէս անհրաժեշտ է ներկայ լինել անուանի նուագախմբերի, մենակատարների ելոյթներին հէնց այստեղ: Այս ամէնը հրաշալի է:
Բայց, դժբախտաբար, օրինաչափութիւն են դառնում անընդունելի երեւոյթները եւս, որոնք գնալով խորանում ու իրենց տեղն են հաստատում մեր կեանքում: Օր օրի կորցնում ենք մեր արժեհամակարգը: Այն, ինչ տարիներ առաջ անընդունելի էր իր ցածրագոյն մակարդակի պատճառով, այսօր հեշտութեամբ յայտնւում է ամէնուր, կարծես դա հէնց այն է, ինչ սերնդից սերունդ փոխանցուել է որպէս մեր մշակոյթ:
Այս վտանգաւոր երեւոյթները կասեցնելու մտահոգութիւնը պէտք է կրեն պետական այրերը, որոնց ձեռքին է դրանք փոխելու հնարաւորութիւնը: Մեր փոքրիկ երկիրը ցանկութեան դէպքում շատ կարճ ժամանակահատուածում հնարաւոր է վերադարձնել այն բարձրութեանը, ուր եղել է: Պարզապէս պէտք է ցանկութիւն լինի աղտից մաքրել մեր գանձերը եւ վերադարձնել տիրոջը:
Այլապէս ամէն լաւ ու առողջ երեւոյթ անհատական բնոյթ է կրում, քանի որ մենք բոլոր բնագաւառներում ունենք աննման անհատներ, որոնք եւ Հայաստանի համն ու հոտն են: Նրանք հրաշալիօրէն անում են իրենց գործը, որը, սակայն, սահմանափակ շրջանակներում է մնում: Պարզապէս շատ ցաւալի է տեսնել, թէ ինչ արժէքների վրայ են մեծանում նոր սերունդները: Զաւեշտալին այն է, որ այս մասին խօսւում է ու խօսւում, սակայն ոչ մի փոփոխութիւն:

irakan.info.- Անուանի դիրիժոր Արամ Ղարաբէկեանի մահը նորից ակտիւացրեց խօսակցութիւններն այն մասին, որ Հայաստանում իսկական արուեստագէտները լաւագոյն դէպքում գնահատւում են մահուանից յետոյ: Պատճառը միայն իշխանութիւնների՞ մշակոյթի նախարարութեա՞ն վերաբերմունքն է, թէ նաեւ հասարակութեանը:
ՆԱՐԻՆԷ ԴԵԼԼԱԼԵԱՆ.- Ես աւելի ցաւալի բան կը յիշատակէի: Արդեօք մահը բաւարա՞ր է, որ սթափութիւն բերի, եւ իրապէս գիտակցենք կորուստների անդառնալի չափերը: Այս Յունուարին լրացան Փարաջանովի եւ Սեւակի 90ամեակները: Խօսքը նման հսկաների մասին է: Չհաշուած զուտ անհատների ձեռնարկումները՝ կ՛ուզենայի իմանալ՝ ի՞նչ արուեց այդ կապակցութեամբ: Պետական ատեաններում յիշեցի՞ն այդ մասին: Ես տեղեակ չեմ:
Անշուշտ, մեծերին չեն յիշում յոբելեանական թուերի պատճառով: Բայց երբ տարին 12 ամիս լռութիւն է, ուրեմն գոնէ այդ օրերին, գոնէ յանուն նոր սերունդների դաստիարակչական պարտաւորութիւնների՝ այդ յոբելեանները պէտք է առատաձեռնօրէն նշուէին: Փարաջանովի ֆիլմերը, որ ամէն երկրի կինեմատոգրաֆիային փառք կը բերէին, Սեւակի կեանքը, թողած ամէն մի բանաստեղծութիւնը արդէն դաստիարակչութեան անգնահատելի դպրոց է:
Ձեռքից բաց չթողնելով նման առիթները՝ հեռուստատեսութիւնը, ռադիօն պէտք է թնդային նրանց մասին զրոյցներով՝ ետդարձի կանչելով կորսուած մեր շատ արժէքներ: Իսկ կենդանութեան օրօք եթէ կարողութիւնը չկայ արժանւոյնս օգնելու, ուրեմն գոնէ բարի լինեն պարզապէս չխանգարել: Մի փաստ, որով լեցուն է մեր պատմութիւնը: Հէնց Կոմիտասը, Նարեկացին, Սեւակը, Մինասը…
Վերջերս կորցրինք եւս մէկ արժէք՝ Արամ Ղարաբեկեան: Արամը իր մասնագիտական արժանիքներով կարող էր լինել ցանկացած երկրի ցանկացած նուագախմբի առջեւ: Բայց նա նախընտրեց իր Հայրենիքը… Իրականում արտիստը, արուեստագէտը կարիքը չունի օգնութեան, այլ՝ փայփայանքի: Իսկ այսպիսի կորուստներով մենք ենք աղքատանում, մենք ենք զրկւում: Ո՞ւմն է մեղքը: Թերեւս բարձր գիտակցութեան բացակայութեանը ամէնուր:

irakan.info.- Թէեւ Հայաստանում յաճախ են կազմակերպւում բարձրորակ երաժշտութեան համերգներ, փառատօներ, սակայն եթերը հեղեղուած է անորակ, յաճախ ռաբիս երաժշտութեամբ ու իմաստազուրկ տեքստերով երգերով: Համամի՞տ էք այն տեսակէտին, որ սա դիտաւորեալ է արւում:
ՆԱՐԻՆԷ ԴԵԼԼԱԼԵԱՆ.- Ես սարսափով եմ մտածում այդ դիտաւորութեան մասին: Եթէ չասենք դիտաւորութիւն, ապա՝ անհոգութիւն, քթից այն կողմ տեսնելու ունակութեան բացակայութիւն: Բոլորս էլ գիտենք, որ որքան էլ խորը լինեն ծառի արմատները, եթէ նա սկսի փտել, փոքր քամին էլ բաւարար է նրան տապալելու համար: Եւ եթէ շուտափոյթ չկանգնեցուի այս ցեխագունդը, որն օր օրի գլորուելով մեծանում է, ապա մի օր մենք այլեւս չենք ունենայ ոչ ազգային ինքնագիտակցութիւն, ոչ ազգային գաղափարախօսութիւն, ոչ էլ ազգային բարոյականութիւն: Իմ յոյսը մեր ազգի առողջ առանցքը կազմող անհատների վրայ է:

irakan.info.- Ըստ ձեզ՝ որո՞նք են այն հիմնական գաղափարները, հաղորդագրութիւնները, որոնք Հայաստանի այսօրուայ իրականութեան մէջ արուեստը, այդ թւում նաեւ երաժշտութիւնը պէտք է հասցնի մարդկանց:
ՆԱՐԻՆԷ ԴԵԼԼԱԼԵԱՆ.- Հաղորդագրութիւնը տեղ հասնելու համար պէտք է լինի այն ընդունելու պահանջը: Պէտք է լինի համապատասխան կրթուածութիւն Արուեստի ասելիքը ընկալելու համար: Լաւը վատից տարբերելու համար անհրաժեշտ են գիտելիքներ, ճաշակ: Իսկ այդ ամէնին երկար տարիների ու ջանքերի շնորհիւ են հասնում:
Երբեմն թերթում եմ հայրիկիս գրած յօդուածները, ուր ակնյայտ են նրա խոհերը, մտահոգութիւնները ընդհանրապէս: Դեռ տարիներ առաջ նա ահազանգում էր, որ փոքր հասակից երեխային անհրաժեշտ է տալ երաժշտութեան եւ արուեստի հետ շփման հնարաւորութիւն: Այն երեխաները, որոնք ունեն այդ շփումը, ձեռք են բերում շատ կարեւոր դրական յատկութիւններ: Այստեղ անշուշտ այդ պարտականութիւնը ընկնում է մշակոյթի եւ կրթութեան նախարարութիւնների վրայ, քանի որ ամէն ընտանիք չէ, որ կարող է ապահովել այն:
Երաժշտութիւնը հաղորդակցման մէկ այլ, բոլորովին «ոչ միամիտ» լեզու է: Այն արտայայտման ամենացայտուն լեզուներից մէկն է, որը վեհացնում, մաքրում է մարդկանց հոգիները: Ես դա տեսնում եմ ամէն անգամ որեւէ գեղեցիկ ու լաւ մատուցուած համերգից կամ ներկայացումից դուրս եկող մարդկանց դէմքերին. նրանք բոլորը երջանկացած են լինում, եւ դա անպայման թողնում է իր հետքը: Արուեստը կեանքի շունչն է: Ուստի, նրան պէտք է պահպանել մաքրամաքուր ձեւով:

irakan.info.- Ձեր հօր՝ վաղամեռիկ կոմպոզիտոր Յարութիւն Դելլալեանի «Տոպոֆոնօ» («Շարժուող հնչիւն») կոնցերտը 1987թ. Կալիֆորնիայի կինոյի եւ հեռուստատեսութեան խորհրդի կողմից պարգեւատրուել է Super Star ու Ոսկէ փառապսակով եւ ճանաչուել ամերիկեան երաժշտութեան փառատօնում կատարուած տար-ուայ լաւագոյն ստեղծագործութիւնը: Որ՞ն է այն հիմնական ուղերձը, որը ձեր հայրը փոխանցել է մարդկանց այդ ստեղծագործութեամբ:
ՆԱՐԻՆԷ ԴԵԼԼԱԼԵԱՆ.- Հօրս ստեղծագործութիւնների, լինի դա «Տոպոֆոնօ»ն կամ մէկ այլ գործ, առանցքը միշտ հայ ժողովրդի պատմական անցեալն է, Եղեռնը, գաղթը… Նրա ստեղծագործութիւնների ներքին բովանդակութիւնը բողոք է, իր հոգու գոռոցն է աշխարհի անարդարութեան դէմ, ձօն է՝ նուիրուած մեր նահատակներին, որոնք, սակայն, խեղճ ու կրակներ չեն, այլ ուժեղ են, յաղթական: Եւ չնայած ստեղծագործութիւնների առանցքը մեր պատմութեան տխուր պահերն են, բայց այդ տխրութեան միջով անցնում են անզուգական լուսաւորութիւն, տխրութեան գեղեցկութիւն:
Կոնկրետ «Տոպոֆոնօ»ն իր հզօրութեամբ ու ներքին ուժով բացառիկ ստեղծագործութիւն է: Երբ ազգայինի հիմքով ասելիքդ բովանդակութիւն է ունենում, այն վերածւում է համամարդկայինի, անտարբեր չի թողնում ունկնդրին, ինչ ազգի էլ նա պատկանի: «Տոպոֆոնօ»ն ամերիկեան կատարումներից յետոյ Բոստոնի The Watertown Press թերթը գրեց. «Դելլալեանի «Տոպոֆոնօ» կոնցերտի կատարումը, անկասկած, ամենագրաւիչ ու յիշարժան երեւոյթն էր Բոստոնի այս համերգաշրջանի ընթացքում»: Իսկ Los Angeles Times-ը գրեց. «Ցնցող տպաւորութիւն է թողնում Դելլալեանի մտքի վսեմ խորութիւնը: Ահա թէ ինչպիսին պէտք է լինի ժամանակակից երաժշտութիւնը»:

irakan.info.- Յարութիւն Դելլալեանի ստեղծագործութիւնները 1980-90ականների մամուլը բնորոշել է որպէս բացառիկ ինքնատիպ, խորը, դրամատիկ, ազգայինին հաւատարիմ եւ համաշխարհային մտածողութեան արտայայտչական ձեւերը իւրացրած, բայց միաժամանակ նաեւ գրուել է, որ նրա գործերն անսովոր են ու խնդրայարոյց: Ինչո՞ւ էր ձեր հայրն ընտրել «անսովոր» գործեր ստեղծելու ճանապարհը այն դէպքում, երբ աւելի «թեթեւ» երաժշտութիւնը շատ աւելի մեծ լսարան է ձեռք բերում գոնէ Հայաստանում:
ՆԱՐԻՆԷ ԴԵԼԼԱԼԵԱՆ.- Արդեօք իսկական արուեստագէտը, որ անկեղծ է ինքն իր հետ, կարո՞ղ է նման ընտրութեան առջեւ կանգնել: Իսկական արուեստագէտը երբեք նժարների վրայ չի դնում իր անելիքը, նա նման խնդիր չունի: Իր խնդիրներն այլ են, այլ բարձրութիւնների վրայ: Իսկ ստեղծագործութիւնները արուեստագէտի հոգու հայելին են, եւ նա պարզապէս անում է այն, ինչ թելադրում է իր հոգին: Ես շատ ուրախանում եմ նման մեկնաբանութիւնների համար: Էլ ի՞նչ բարձր արուեստ, եթէ այն խնդրայարոյց չլինի: Այն էլ երաժշտութեամբ ասուածը, որը չասուած բառերի գաղտնիքն է:
Իսկ ով ծանօթ է Յարութիւն Դելլալեանի կեանքին, նրա կենսագրութեանը, կը հասկանայ նաեւ, որ նման «անսովոր» կեանքով ապրած մարդու ասելիքը «սովորական ու թեթեւ» չէր կարող լինել: Նա անսպասելիօրէն յայտնուեց ինչպէս հրաբուխ եւ անսպասելիօրէն էլ հեռացաւ դէպի անծայր տարածութիւններ, այնտեղից մեզ լոյս ուղարկելու միտումով…

 

 

Previous Post

Կը Շարունակուի Սփիւռքի Կրթօճախներուն Ուսումնական Գրականութեան Եւ Ուսումնաօժանդակ Նիւթերու Տրամադրման Ծրագիրը

Next Post

ՄԵԾԱՐՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ՝ ՎԵՐԺԻՆԷ ՍՎԱԶԼԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ 80 – ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.