Տարոն Մարգարյանն Արցախում այցելել է խրամատներ։ Զինվորական հագուստով։ Եվ սպան նրա առջև ձգվել է զինվորական ողջույնի բոլոր կանոններով։ Ո՞վ է Տարոն Մարգարյանը։ Հայտնի փաստ է՝ բանակում չի ծառայել։ Ինչպես ես։ Բայց քանի դեռ ես սահմանից հեռու եմ, իմ գոյությամբ չեմ վիրավորում նրանց։
Ես սահմանին կանգնած զինվորականին առաջարկելու ոչինչ չունեմ։ Հաստատ նրանց գլխին Հայրենիքի կարևորության քարոզ չեմ կարդա։ Հաստատ չեմ հասկացնի, որ իմ ներկայությունն այս երկրի ինչ-որ կետում արդեն իմաստավորում է նրանց ծառայությունը։ Որովհետև ես գիտեմ, քանի դեռ նրանց առաջարկելու ոչինչ չունեմ, երկրի ինչ-որ կետում խոնարհ ապրելուց բացի ոչինչ չեմ կարող անել։ Իմ խոնարհությունը պետք է լինի նրանց զգաստության իմաստը։ Ես գիտեմ, որ սահմանի զինվորին հանգիստ թողնելու այլ տարբերակ չկա, քան իմ անհոգ ազատությունը, իմ զենք չտեսած աչքը շարային չանցած քայլը, կանոնակարգ չսերտած շուրթերը պետք է հեռու պահել սահմանին կանգնած զինվորից, որովհետև իմ բանակ չկրած ազատությունը,- այդպես է, թե՝ ոչ,-ծառայողին դարձնում է բանտարկյալ։
Իսկ Երևանի քաղաքապետը, վստահ եմ, նման զգացումներ չունի։ Ինչու՞։ Որովհետև կեղծ պաշտոնյա է, Սահմանադրություն չկարդացած պաշտոնյա է, ընտրություն չիմաստավորած պաշտոնյա է։ Խրամատում Տարոն Մարգարյանը նույնն է, ինչ Մհեր Սեդրակյանը՝ ԱԺ-ում, ինչ Սամվել Ալեքսանյանը՝ բիզնեսում, ինչ Գագիկ Խաչատրյանը՝ ֆիննախում, ինչ՝ Վազգեն Մանուկյանը՝ Հանրային խորհրդում, ինչ՝ Նվեր Մնացականյանը՝ հեռուստատեսությունում, ինչ՝ Սերժ Սարգսյանը՝ Բաղրամյան 26-ում, ինչ Արթուր Բաղդասարյանը՝ ընդդիմությունում, ինչ Գագիկ Հարությունյանը՝ ժողովրդի մեջ, ինչ Միքայել Մինասյանը՝ դիվանագիտության մեջ, ինչ Ալեքսանդր Սարգսյանը՝ ազատության մեջ։
Նրանք բոլորն իրենց արդեն պարտադրել են Հայաստանի Հանրապետություն կոչվող այս կիսահաշմանդամ օրգանիզմի վրա, որովհետև ոչ ոք Սահմանադրության ծնունդ չէ։ Սահմանադրության մեջ նրանք մտնում են այնպես, ինչպես Տարոն Մարգարյանը խրամատ և այնտեղ հանդիպում են մարդկանց, որոնք դեռ մի հատ էլ պետք է ձգվեն պատվի առնած։ Տղերք, դուք արդեն երկիրը հոշոտել եք, արդեն հարց է, թե ինչ ռեսուրս ունի այն ինքնուրույն, առանց ձեզ ոտքի կանգնելու, բայց բանակից հեռու մնացեք ոչ թե որ բանակը սուրբ է, այլ որ հազարավոր երիտասարդներ այնտեղ պատմություն ունեն, ընկերներ են գտել, սովորել են՝ ինչ է պատիվը, ինչ է ծառայությունը, հասկացել են, որ կյանքը քաղցր բան է ոչ թե ավելի լավ ապրելու հեռանկարով, այլ պարզապես մահը աչքի առաջ ունենալով։ Ոչ ոք նրանց չի օգնել այդ մահից կես քայլ հեռու լինելու, երբեք նրանց արտոնյալ լինելու շանս չի տրվել, երիտասարդներ կան, որոնք իրենց շրջապատում չեն ունեցել գոնե կես բարեկամ, որը չի ծառայել։ Նրանց խնայեք։
Ձեզ խաբել են, եթե ասել են, որ բանակը էթիկական արժեքներից դուրս է։ Բանակի էթիկական արժեքը ծառայությունից չխուսափելն է, որևէ մեկից լավը չլինելն է։ Ես և դուք արդեն արհամարհել ենք այդ արժեքը չծառայելով, բայց ձեր ներկայությունը, տղե՛րք, մի՛ դարձրեք ընտրությունների ժամանակ բաժանվող 5 հազար դրամ հանուն Սահմանադրության թիկունքում մուրացող «լեգիտիմության»։ Բանակում ծառայող և երբևէ ծառայած լինելուց զատ լեգիտիմ լինելու այլ տարբերակ չկա։
Եթե գիտության կամ մշակույթի մարդ ես, եղիր ըստ այդմ, զինվորը քեզ կհասկանա, որովհետև ինքը գիտի,- եթե նույնիսկ կյանքում գիտությունն ու մշակույթը դեր չունեն,- որ թեման, մայրական թեման միշտ օրինակելի մարդն է։ Ձեզ ո՞վ պիտի օրինակ բերի մարդու մասին խոսելիս։ Ու՞մ համար են թեմա վերը թվարկված անունները։ Հեռու մնացեք բանակից, որովհետև այն մահվան հետ «հարազատությունն» է, որովհետև խրամատները սրբագործված են այն ձեռքերով, որոնք փորել են դրանք, որոնք հայ-ադրբեջանական հակամարտությունը կրում են իրենց մարմնին ոչ որպես գաղափարախոսական անհրաժեշտություն հանուն իշխանության «իմաստավորման»։ Զինվորի «ինվենտարիզացիան» հանցագործություն է, որովհետև մենք հո գիտենք, թե ով է զինվորը ձեզ համար հատկապես ընտրությունների ժամանակ։ Զինվորը կեղծ քվեն է։ Զինվորը բոլոր ընտրությունների «մսացուն» է, դուք արդեն իսկ կեղծել եք նրան՝ ըստ այդմ կեղծելով հակամարտության «մաքուր» արյունը՝ պատերազմում նրանց դերը։
Բանակից հեռու մնացեք, որովհետև այնտեղ մարդիկ ապրում են բանակում կամ բանակով։ Որովհետև այնտեղ ինչ-որ բան ձախողողը բանակային է, հաջողություն ունեցողը՝ նույնպես։ Որովհետև կենդանի զենք է նրանց բռնածը, իսկ կենդանի զենքը ձեռքին ապրելը մի բան չէ, տղերք։ Դա նույնն է, որ քո տան մեջ նռնակով մտնես անկողին։ Անհրաժեշտաբար սպանելը արդեն իսկ հաշմանդամ է դարձնում նրանց։ Հեռու մնացեք, որովհետև ձեր առջև զինվորական ողջույն տվող զինվորի մայրը չունի նրան տեսնելու նույն թեթևությունը, նրա հալը հարցնելու աշխուժությունը, որը հանիրավի դուք ունեք։ Հեռու մնացեք, որովհետև, հեչ բացառված չէ, որ այստեղ էլ դուք նրա մորն եք արժեզրկել։ Դա ձեզնից հեռու չէ։ Հեռու մնացեք, որովհետև բանակում մեռնում են։ Իսկ դուք մեռնող պտուղ չեք։