Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

ՀՀ ԳԱԱ «Ակադեմիա» մրցանակի անդրանիկ դափնեկիր Վազգեն Սարգսյանը` երիտասարդական գիտական մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչների մասին

June 4, 2013
in Հարցազրոյցներ
0
ՀՀ ԳԱԱ «Ակադեմիա» մրցանակի անդրանիկ դափնեկիր Վազգեն Սարգսյանը` երիտասարդական գիտական մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչների մասին

Երիտասարդ գիտնականի ամբիոն

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Ակադեմիա» ամենամյա մրցանակը սահմանվել է 2012 թվականին՝ մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների համար: Յյուրաքանչյուր տարի մրցույթը հայտարարվում է գիտության որոշակի ոլորտի աշխատանքների համար և նախատեսված է ազդեցության գործակից (Impact Factor) ունեցող գրախոսվող գիտական ամսագրերում հրապարակված գիտական աշխատությունների (շարքի) համար, որոնք հրապարակվել են երիտասարդ հեղինակների կողմից մրցույթին նախորդող երկու տարիների ընթացքում։ Մրցանակակրին տրվում է ՀՀ ԳԱԱ դիպլոմ և համապատասխան դրամական պարգև։

2012 թ. մրցանակը շնորհվել է ֆիզիկայի ոլորտում: Հաղթող է ճանաչվել ազդեցության գործակցի գումարային ամենաբարձր ցուցանիշով` Վազգեն Սարգսյանի «Ոչ հավասարակշիռ պրոցեսների դերը ենթա-արգելքային էներգիաներով միաձուլման ռեակցիաներում և նոր ծանր, գերծանր և էկզոտիկ միջուկների ստացման ժամանակ» վերնագրով աշխատանքների շարքը:

Վազգեն Սարգսյանը նաև առաջին տեղն է գրավել 2011 թ.՝  «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան էջի նախաձեռնությամբ և «Գ. Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացված՝ ազդեցության գործակից ունեցող գրախոսվող գիտական ամսագրերում հրապարակած գիտական աշխատությունների համար մրցույթում, որտեղ հաշվի էին առնվում երիտասարդ հեղինակների կողմից 2010թ. ընթացքում տպագրված աշխատանքները։

Բացի այդ, Վազգենը հաղթող է ճանաչվել ՊԳՖԱ-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 2012 թ. իրականացված՝ մինչև 40 տարեկան երիտասարդ գիտնականների՝ առավելագույն հղում ունեցող հոդվածների մրցույթում՝ 2005-2012թթ. տպագրած հոդվածների համար, ինչպես նաև մտել է եզրափակիչ եռյակ` Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» մրցանակի «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգում։

Զրուցեցինք երիտասարդական գիտական մրցանակաբաշխությունների հետ առնչվող մի քանի հարցերից։ Նշենք, որ Վազգեն Սարգսյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, աշխատում է Երևանի պետական համալսարանի Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնում։ Զբաղվում է տեսական միջուկային ֆիզիկայով՝ ծանր իոններով միջուկային ռեակցիաների մեխանիզմների բացահայտման, նոր գերծանր միջուկների ստացման և այդ միջուկների կառուցվածքի ուսումնասիրությամբ:

Վազգեն, ի՞նչ կասեք ընդհանրապես «Երիտասարդ գիտնական» հասկացության մասին։

Ընդհանրապես, «երիտասարդ» հասկացությունը կախված է մասնագիտական բնագավառից: Օրինակ, հասարակության տեսակետից 30 տարեկանը բավականին հասուն մարդ է, և, հետևաբար, պետք է կարողանա իր վրա վերցնել որոշակի պարտավորություններ, որոնք բնորոշ չեն, օրինակ, դեռահասին: IT ոլորտում այդ հասունությունը շատ ավելի վաղ է տեղի ունենում, և երևի թե դժվար կլինի 25 տարեկան ծրագրավորողին անվանել երիտասարդ:

Գիտության մեջ հասունությունը գալիս է ավելի ուշ: Սովորաբար մինչև 35 տարեկան գիտնականը համարվում է երիտասարդ:  Եվ ստացվում է որոշակի տարիքային շեղում հասարակական և գիտական ընկալումների միջև:

Պատկերացրեք 30 տարեկան գիտնականի: Մի կողմից,  այդ տարիքում գիտական մեծ հաջողություններ արձանագրելը համարյա անհնար է, քանի որ կա հմտության, գիտելիքների և գիտական կապերի պակաս, իսկ մյուս կողմից՝ կա արդեն «հասարակական» պարտավորություններ՝ ապահովել ընտանիք, փորձել լուծել նյութական խնդիրներ և այլն:

Եվ ստացվում է, որ երիտասարդ գիտնականները հայտնվում են ամենախոցելի իրավիճակում և կանգնում է երկընտրանքի առջև. թողնել գիտությո՞ւնը, թե՞ համատեղել այլ աշխատանքի հետ: Սովորաբար երկրորդ տարբերակը չի հանդիսանում լուծում:

Ո՞րն է ելքը

Պետության կողմից առաջարկվող լուծումներից մեկը, որ հիմա իրագործվում է, դա երիտասարդներին տարբեր դրամաշնորհների մեջ ընդգրկելն է: Բայց, իմ կարծիքով, դա կարող է լինել արդյունավետ միայն այն դեպքում, երբ ընդհանրապես գիտության ֆինանսավորման խնդիրը լուծվի: Իմ կարծիքով, կարելի է փորձել այդ խնդիրը լուծել, եթե  ստեղծվեն հնարավորություններ՝ երիտասարդներին ուղղարկելու տարբեր արտասահմանյան կենտրոններ:

Դա մի կողմից նրանց հնարավորություն կտա աճելու և կայանալու՝ գիտնական ամենաբարձր նորմերին համապատասխանող մրցակցային միջավայրում, իսկ մյուս կողմից, թույլ կտա կապեր հաստատել տարբեր հայկական և միջազգային գիտական խմբերի միջև: Թվում է, թե դրանով կօժանդակվի «ուղեղների արտահոսքը», և կդատապարտենք «հայկական գիտությունը», սակայն, համոզված եմ, որ դա սխալ ընկալում է:

Իրականում` չկա գիտության բաժանում՝ հայկականի և ոչ-հայկականի: Այն միակն է, և հայկական ատոմները շարժվում են նույն օրնենքներով, ինչ մոզամբիկականները: Ավելին, արդեն նշել էի, որ ժամանակակից գիտությունն առաջ է ընթանում ինտեգրման ճանապարհով, և մենք կամ կկարողանանք ինտեգրվել այդ պրոցեսներին, կամ կմեկուսանանք, և այդ դեպքում մեր գիտական կենտրոնները կդառնան անիմաստ: Արդի գիտություն ունենալու համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ՝ ազատ տեղաշարժվելու և ազատ համագործակցելու: Ընդ որում ոչ միայն Հայաստանից դեպի արտասահման, այլ նաև հակառակ ուղղությամբ:

Ձեր կարծիքով, ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում գիտական աշխատանքի արժեքը՝ տպագրությունների քանա՞կը, ամսագրերի ազդեցության գործակիցնե՞րը, թե՞ հղումների թիվը։

Այս հարցը երևի համացանցում ամենամեծ քննարկում առաջացրած հարցերից է: Դրա պատճառն այն է, որ իրոք շատ դժվար է որոշել գիտական աշխատանքի արժեքը և տալ օբյեկտիվ գնահատական: Առավել դժվար է համեմատել տարբեր գիտնականների նվաճումները: Նշեմ, դա ոչ միայն մեզ մոտ է քննարկման առարկա, այլ նաև ամբողջ աշխարհում: Համոզված եմ, որ բացարձակ օբյեկտիվ գնահատական չկա և չի կարող լինել այն պարզ պատճառով, որ գիտությունն անընդհատ փոխվում է, և այն, ինչ շատ արդիական է այսօր և հուզում է բոլորին, կարող է մոռացվել վաղը: Եվ հակառակը՝ այն, ինչին այսօր բավարար ուշադրություն չի դարձվում, կարող է դառնալ շատ պահանջված՝ որոշ ժամանակ անց: Այդ իմաստով պետք չէ նույնիսկ սպասել, որ մշակված գնահատման մեխանիզմները կբավարարեն բոլորին:

Սակայն գնահատման այն մեխանիզմները, որ նշված են, գնահատումը դարձնում են անկախ գնահատողից: Ճիշտ է, որպեսզի աշխատանքը հայտնվի ինդեքսավորվող ամսագրերում, այն անցնում է գրաքննություն, և որոշումը, միևնույն է, տրվում է սուբյեկտիվ չափանիշներով, բայց, միևնույն է, այդ մեխանիզմը բավականին արդար է՝ գիտական աշխատանքի որակը որոշելու համար: Շատ հանգամանքներ պետք է համընկնեն, որպեսզի անորակ աշխատանքը տպագրվի, և, հակառակը, որպեսզի որակյալ աշխատանքը մերժվի: Դժվար է Ձեր հարցին միանշանակ պատասխանել:

Եթե շատ կոպիտ համեմատություն անենք, ապա հարցը կհնչի այսպես. ի՞նչն է լավ՝ մեկ անգամ լավ աշխատել, հետո չաշխատել, թե՞ անընդհատ աշխատել, բայց ոչ շատ լավ: Պետք է հաշվի առնել նաև աշխատանքի բնագավառը: Օրինակ, հայտնի է, որ կենսաբանական գիտություններում աշխատանքները ստանում են ավելի շատ հղումներ, քան, օրինակ, ֆիզիկայի բնագավառում: Կամ նույն ֆիզիկայի բնագավառում փորձարարական աշխատանքներն ավելի շատ են հղում ստանում, քան տեսական աշխատանքները: Ի վերջո, գիտության մեջ նույնպես կա իր «նորաձևությունը»:

Այնուամենայնիվ, գտնում եմ, որ վերը նշված երեք մեխանիզմներն էլ ընդունելի են, իսկ թե դրանցից ո՞րն է ավելի շատ համապատասխանում, օրինակ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Հայկյան մրցանակի «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգին կամ Գիտությունների ազգային ակադեմիայի «Ակադեմիա» մրցանակին, ապա, որպես շահագրգիռ կողմ, չեմ պատասխանի 🙂

Ընդհանրապես, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը՝ տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին։ Դրանք կարո՞ղ են բավականաչափ փոխել իրավիճակը։

Բազմիցս ասել եմ, որ գիտության վիճակը հիմնովին կարող է փոխվել միայն տնտեսության հիմնովին ձևափոխման ժամանակ: Բայց այդ, մրցանակների կարևորությունը և նպատակը ես տեսնում եմ ոչ թե իրավիճակի հիմնովին փոփոխության մեջ, այլ ընդհանրապես գիտական հանրությանը ցույց տալու, որ նրանց աշխատանքը կարող է գնահատվել և լինել տարբեր ատյանների ուշադրության կենտրոնում: Դա ես համարում եմ շատ կարևոր: Ավելին, հատկապես մասնավոր հիմնադրամների համար նման մրցանակաբաշխությունները կարող են դառնալ փոխշահավետ գործակցություն: Գիտական հանրության համար նրանք կապահովեն լրացուցիչ առողջ մրցակցություն, իսկ հիմնադրամների համար կարող են ծառայել՝ որպես իմիջային և հեղինակության բարձրացման գործիք:

Դա ընդունված գործելակերպ է ամբողջ զարգացած աշխարհում և իմ կարծիքով այստեղ կարելի է հասնել որոշակի հաջողությունների, եթե հնարավոր լինի մասնավոր հիմնադրամներին ցույց տալ նման PR-ի բոլոր առավելությունները: Բացի այդ, կարծեմ, առաջին անգամ հենց այդ մրցանակաբաշխությունների ժամանակ մեզանում առաջարկվեցին գնահատման նշված համակարգերը և ոմանք առաջին անգամ լսեցին տպագրության ամսագրերի ազդեցության գործակցի կամ հոդվածների հղումների քանակի կարևորության մասին:

Ինչպե՞ս գնահատել համահեղինակությամբ արված աշխատանքները։ Օրինակ, Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։

Իմ դեպքում համահեղինակների առկայությունը կախված է տվյալ աշխատանքի մեջ նրանց ներգրավվածությամբ, և, բնականաբար, փոխվում են՝ կախված աշխատանքից: Կան աշխատանքներ, որոնց արդյունքներն ստացվել են փոքր խմբով կատարած հետազոտությունների արդյունքում, իսկ կան նաև աշխատանքներ, որոնք համեմատաբար մեծ թվով տարբեր խմբերի համագործակցության արդյունք են:

Իհարկե, տարբեր մարդիկ տարբեր ներդրում են ունենում աշխատանքում, և հաճախ դժվար է հստակ գնահատել աշխատանքի մեջ ներդրման չափը, բայց մենք հետևում ենք մի կանոնի՝ աշխատանքի առաջին հեղինակը նա է, ով կատարել է հիմնական աշխատանքը: Այսինքն, լինել առաջին հեղինակ, նշանակում է՝ կատարել աշխատանքի ավելի քան 50-60 %–ը:

Այստեղ պետք է կատարել նաև մի հստակեցում: Չնայած մեր աշխատանքները տեսական բնույթի են, սակայն մենք միշտ փորձում ենք պահպանել կապը փորձարարների հետ: Այդ կապը հնարավորություն է տալիս ոչ միայն կատարել ինչ-որ մի երևույթի տեսական հետազոտություն կամ կանխատեսում, այլ նաև հնարավորություն է տալիս ստուգել այն իրական փորձում: Եվ, որպես այդ համատեղ հետազոտության արդյունք, առաջանում են աշխատանքներ՝ փորձարարների հետ համատեղ:

Կա նաև մեկ այլ նրբություն. ժամանակակից գիտությունը բավական բարդ է և ծավալուն, և, որպես կանոն, գիտնականը մասնագիտանում է որոշակի ասպարեզում: Սակայն առաջանում են խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է լինում ներգրավել նաև այլ ասպարեզի մասնագետների: Եվ որպես արդյունք` ստացվում է համատեղ աշխատանք՝ շատ համահեղինակներով:

 

Մանե Հակոբյան

Previous Post

Սոսի Գևոնյանի «Մինչ հոգիներու աճուրդը» նկարազարդ գիրքը` ըստ Օրորա կամ Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» վեպի

Next Post

Վռամ Մուղնեցյան. Մեր երկրին անհրաժեշտ են ոչ միայն գիտության էնտուզիաստներ, այլ նաև գիտական լուրջ դպրոցներ, որոնց զարգացումը ենթադրում է լուրջ ֆինանսական ներդրումներ

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.