ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեպի Հայք» (Birthright Armenia) կազմակերպության գործադիր տնօրեն Սևան Կաբակյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստան այցելող կամավորների համար կազմակերպում են հայոց լեզվի ուսուցման դասընթացներ, ճանաչողական ծրագրեր: Կազմակերպությունը մինչ օրս հյուրընկալել է ավելի քան 1600 կամավորի 45 երկրից:
Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա Հայ կամավորների միության (Armenian Volunteer Corps ( AVC)) գործադիր տնօրեն կանադահայ Թանիա Շիշմանյանն էլ հավելել է, որ 2002 թվականից գործող միությունն առ այսօր ընդունել է 49 երկրից ժամանած շուրջ 800 կամավորի: Նրանց թվում ոչ միայն սփյուռքի մեր հայրենակիցներն են, այլև արտասահմանցիներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով:
«Ուրախ եմ, որ ձեր գործունեությունը տարածվում է նաև մարզերում, որովհետև կա տպավորություն, որ ամեն ինչ կենտրոնացված է Երևանում, ու դրանից շատ են տուժում մարզերը: Այն անկումային տրամադրությունները, որ կան մարզերում, նաև մշակութային մթնոլորտի բացակայության արդյունքն են»,-ասել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Նա տեղեկացրել է, որ փորձում են ելքեր գտնել մշակութային կյանքը մարզերում ակտիվացնելու ուղղությամբ, և այդ հարցում ակնկալում է նաև կամավորների աջակցությունը: Հյուրերի կողմից հնչել է տեսակետ, թե Սփյուռքը մեծ ցանկություն ունի օգնելու հայրենի մշակույթին, բայց հաճախ չգիտի՝ ինչպե՞ս: Հայաստանի մշակույթի նախարարությունն, ըստ հնչած տեսակետի, կարող է մեկ ընդհանուր դաշտ բերել առանձին-առանձին գործող տարբեր կառույցները և աշխատանքը մշակույթի ոլորտում դարձնել առավել արդյունավետ ու համակարգված:
Լիլիթ Մակունցը կամավորներին հրավիրել է մասնակցել նախարարության նախաձեռնությամբ իրականացվող մասնագիտական քննարկումներին. առաջիկայում կինոյի մասին օրենքի շուրջ քննարկումներն են:
«Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում իրականացվող միջոցառումների կազմակերպման գործում ևս մենք կունենանք ձեր օժանդակության կարիքը»,-ասել է նախարարը:
«Դեպի Հայք» կազմակերպությունը հիմնադրվել է 2004 թվականին: Նպատակը՝ Հայաստանից դուրս ապրող 21-32 տարեկան հայ երիտասարդներին հայրենիքը ոչ զբոսաշրջիկի հայացքով ճանաչելուհնարավորություն տալն է: Ծրագիրը հիմնված է կամավորության սկզբունքի վրա. սփյուռքահայ երիտասարդներն իրենց ներդրումն են ունենում հայրենիքի զարգացման գործում ամենատարբեր ոլորտներումիրականացվող կամավորական աշխատանքի միջոցով: Կամավորներն այժմ գործունեություն են իրականացնում ոչ միայն Երևանում, այլև Վանաձորում, Գյումրիում, մի քանիսն այս պահին աշխատում ենԱրցախում: