Սիրելի´ հայրենակիցներ,
2018 թվականն աշխարհասփյուռ հայության համար նշանավորվում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանով, որը հայոց պատմության մեջ ազգային միասնականության ամենավառ արտահայտություններից մեկն է:
Այն մեր փրկության ու վերածննդի տոնն է, որ տվեց մեզ պետականություն և ճանապարհ բացեց դեպի այսօրվա Հայաստանի Հանրապետություն:
Անսահման է յուրաքանչյուրիս երախտագիտության զգացումը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների հիշատակի և հանրապետությունը կերտողների առաջ, որը պարտավորված և պատասխանատու է դարձնում ապրողներիս՝ պահպանելու նախնյաց ժառանգությունը և զարգացնելու մեր Հայրենիքը:
Հարյուրամյա հեռավորությունից հայ ժողովուրդը հպարտությամբ է հիշում իր զավակների մեծագույն նվիրումն ու հայրենասիրության ներդրումը, իսկ անկախության սերունդը, վստահաբար, այդ ժառանգության արժանապատիվ հետևորդն ու պետությունը զորացնողն է՝ իր մրցունակությամբ, խելքով, համարձակությամբ ու արարումով:
Հայաստանի Հանրապետությունում ողջ տարվա ընթացքում նախատեսվում է տոնին նվիրված ամենատարբեր միջոցառումների իրականացում, որոնք մեր հավաքականության, պատմական անցած ուղին վերաիմաստավորելու և առաջ նայելու խորհուրդն ունեն իրենց մեջ:
Այս առիթով ՀՀ սփյուռքի նախարարությունը կոչ է անում ձեզ, եթե նպատակահարմար գտնեք, մայիսի 20-28-ը համայնքներում անցկացնել ՀՀ և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված մշակութային շաբաթ՝ կազմակերպել համերգներ, պոեզիայի տոներ, դասախոսություններ, հանդիպումներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ՝ մասնակիցը դառնալով համահայկական, համազգային նշանակության այս տոնակատարության:
Շաբաթը կդառնա մեր համահավաք համերաշխության յուրօրինակ մի ստուգատես:
Թող որ հայ ժողովուրդը միայն մայիսներ՝ հաղթանակներ տոնելու, հաղթանակի շուրջ համախմբվելու առիթներ ունենա՝ երբեք ու երբեք չունենալով նոր ու ապրիլներ:
Սիրով՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ սփյուռքի նախարար