Սիլվա Յուզբաշյանի գրառումներից
1993թ.-ի ամռանը , /որ Բանաստեղծի վերջին ամառը եղավ / Համո Սահյանը վատառողջ էր, հայտնի «Լեչկոմիսիա» կոչված հիվանդանոցում բուժում էր ստանում, /հիմա՝ «Նաիրի» բժշկական կենտրոն/:
Բանաստեղծը տարիներ շարունակ այդ հիվանդանոցում էր բուժվում՝ շատ բարեկեցիկ, արտոնյալ պայմաններում, բժիշկների, շատ ազդեցիկ պետական պաշտոնյա Ալեքսան Կիրակոսյանի հոգածությամբ․․․
Ի դեպ , այս դեպքերում Սահյանի հոգեհարազատ գրչակից ընկեր Վահագն Դավթյանը միշտ կատակում էր, որ Մատվեիչը էլի հերթական ռեմոնտի /վերանորոգման/ է կանգնեցրել Համոյին, այ մարդ, Մատվեիչը ինձ էլ է միշտ համոզում ,որ գնամ բուժվեմ, , էս անտեր լյարդս ասում են հինգ մատ մեծացած է, բայց առայժմ երևի լավ չի համոզում Մատվեիչը․․․
Հաճախ լուրեր էին քաղաքում պտտվում, թե Սահյանը մահամերձ է: Վահագն Դավթյանը բնավ չէր անհանգստանում և ասում , որ Համոն որքան էլ ծանր հիվանդ լինի, 50 տարվա ընկերս է, ես իրեն լավ գիտեմ, հանգիստ եղեք, ոչ մի վատ բան չի պատահի, նա մեր ժողովրդի նման՝ վերածնվելու հատկություն ունի: Իսկապես, ծայրահեղ ծանր վիճակից Սահյանը ողջ-առողջ ոտքի էր կանգնում։
1992 – ին երբ Ամերիկայում էինք Սահյանի վիճակը վատացավ, տագնապի մեջ էինք, հայ բժիշկներ եկան, հիվանդանոց տարանք, ամերիկացի բժիշկը ասել էր, դժվար հասցնենք հայրենիք, Դավթյանը էլի հանգիստ էր, տասը օր հյուրանոցում միասին խնամեցինք, դեղորայք ընդունեց և Լոս- Անջելեսից գնացինք Բոստոն, Հարվարդի համալսարանից հրավերք ունեինք․․․
Բայց վերջին անգամ 1993 թ․-ի հուլիսին Դավթյանը հիվանդանոց այցելելուց հետո շատ հուսախաբ էր, տխուր ու մտահոգ՝ ընկերոջ կյանքի համար․․․ Ասաց․- այս անգամ վախենում եմ Համոյին կորցնենք․․․ Այդպես էլ եղավ․․․
Ես էլ այցելեցի, երբ տեսա, թե ինչ հիվանդասենյակում է կյանքի վերջին օրերն ապրում բանաստեղծը, պարզապես ապշեցի տեսարանից։ Մի ավերակ ու անշուք հիվանդասենյակ, ջարդուխուրդ եղած սեղան ու աթոռ, պատռված վարագույրներ… կարծես հենց նոր երկրաշարժ էր եղել… / լսել էի, որ պետական ամեն ինչ՝ գործարան, մանկապարտեզ, հիվանդանոց սեփականաշնորհելուց առաջ ավերակ էին դարձնում այդ տարիներին,որ գինը զրոյացնեն,․․․․մտածեցի երևի սեփականաշնորհման ցանկում է/ ․
Ասացի․
-Համո Սահակիչ…էս ու՞ր են Ձեզ բերել , առաջներում այս հիվանդանոցի Ձեր պալատն իսկական պալատ էր կնմանիր, հիմա ավերակ է , սիրտս ցավում է, սա ի՞նչ վերաբերմունք է, Ձեր հանդեպ, անհավատալի է, ասացի․
-Է՜, Սիլվա ջան, էդ ժամանակը կոմունիստների ժամանակն էր,
և էդ ժամանակ ես Համո Կիրակոսյանն էի, Անկախ Հայաստանում ես ո՞վ եմ, ընդամենը Համո Սահյան բա ի՞նչ էիր ուզում…