ՓՕԼ ԿՈՊԼ
Ադրբեջանի բնիկ ժողովուրդների խնդիրը դանդաղ, բայց վստահ ընթացքով ներթափանցում է տարածաշրջանի անվտանգութեամբ զբաղուող հետազօտական կենտրոնների օրակարգ: Թէ՛ Արեւմուտքում եւ թէ Ռուսաստանում թալիշներին, աւարներին, լեզգիներին վերաբերուող հիմնահարցերը երկար ժամանակ փորձել են շրջանցել: Աշխարհաքաղաքական կենտրոններն այստեղ միշտ կոնկրետ վտանգներ են տեսել տարածաշրջանային իրենց շահերի համար՝ համարելով, որ էթնիկ նոր հակամարտութիւնները Ադրբեջանում կարող են աւելի գլոբալ եւ հեռուն գնացող ծրագրերի սկիզբ դառնալ: Բայց զարգացումների տրամաբանութիւնը յուշում է, որ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների խնդիրների անտեսումն է՛լ աւելի պայթունավտանգ կարող է դարձնել տարածաշրջանը: Թալիշները, աւարները եւ լեզգինները հետզհետէ վերածւում են քաղաքական գործօնի, որի հետ հաշուի չնստելն օր օրի աւելի անհնար է դառնում: Եւ ահա տարբեր փորձագէտներ, վերլուծական կենտրոններ սկսում են անդրադառնալ այս խնդիրներին՝ զուգահեռաբար փորձելով գնահատել Ադրբեջանի բնիկ ժողովուրդներից բխող ռիսկերն ու հնարաւօր օգուտները:
Այսօր ձեզ ենք ներկայացնում նման հետազօտութեան մի փորձ: Դրա հեղինակը ամերիկացի յայտնի վերլուծաբան Փօլ Կոպլն է: Արեւմուտքի փորձագիտական շրջանակներում վերջինս վաղուց է յայտնի, որպէս Ադրբեջանի շահերի ջերմ պաշտպան: Լեզգիներին վերաբերող նրա ստորեւ ներկայացուելիք յօդուածը նոյնպէս յեղեղուած է Ադրբեջանի հակահայկական թէզերով: Չնայած դրան, սակայն, Politics.am-ը որոշել է թարգմանել նրա աշխատութիւնը եւ ներկայացնել հայ ընթերցողին: Նպատակը մէկն է. ցոյց տալ, որ Ադրբեջանում բնակուող բնիկ ժողովուրդները՝ լեզգիները, թալիշները, աւարները եւ այլք, այն չմշակուած դաշտն է, որտեղ ՀՀ դիւանագիտութիւնը շատ մեծ անելիքներ ունի…
Ղարաբաղեան մարտերը ուժեղացնում են Ադրբեջանում լեզգիների անջատողականութիւնը:
Երեւանի եւ Բաքուի միջեւ գրաւեալ տարածքների վերաբերեալ վերջին լարուածութիւնը անջատողականութեան նոր ալիք բարձրարցեց Ադրբեջանի լեզգիների շրջանում: Էթնիկ այդ համայնքը հաշուարկել էր, որ լարուած իրավիճակն իրենց նոր հնարաւորութիւն է ընձեռում ինքնավարութիւն ստանալու Մոսկուայի ջանքերի միջոցով, ով ձգտում է լրացուցիչ լծակ ձեռք բերել Բաքուի վրայ՝ առանց Դաղստանում իրավիճակը պայթեցնելու իր դէմ:
Ադրբեջանն այսօր առաւել քան երբեւէ իր պատմութեան մէջ էթնիկապէս միատարր է, սակայն այն ունի երկու նշանակալի էթնիկական փոքրմասնութիւն՝ լեզգիները՝ հիւսիսում եւ թալիշները՝ հարաւում: Վերջինս շուրջ 100,000 բնակչութեամբ իրանական էթնոս է, որը վերջին տասնամեակի ընթացքում այնքան էլ մեծ խնդիր չէ Բաքուի համար: Սակայն լեզգիները, որոնք շուրջ 350,000 մարդ են կազմում Ադրբեջանի հիւսիսում եւ 400,000՝ ադրբեջանա-ռուսական սահմանին, ուրիշ բան են: Ինչպէս շատ մեկնաբաններ նշում են, մինչ թալիշները Բաքուի հետ գործ են ունենում մենակ, ապա լեզգիների թիկունքում կանգնած է Ռուսաստանը:
Ադրբեջանի լեզգիները երկար ժամանակ բողոքել են Ադրբեջանի խտրական քաղաքականութիւնից, իսկ Դաղստանի լեզգիները երկար ժամանակ բողոքել են Բաքուի ջանքերից՝ իր ազդեցութիւնը տարածելու դէպի հիւսիս: Երկու դէպքում էլ Մոսկուան օգտագործում է լեզգիներին Բաքուի դէմ, երբ ցանկանում է Բաքուին աւելի թոյլ տեսնել կամ երբ Մոսկուան լրացուցիչ լծակներ է փնտռում Ադրբեջանի վրայ ճնշում գործադրելու՝ հետեւելու իրեն ցանկալի քաղաքականութեան:
1993թ.ին լեզգիները յարձակուեցին ադրբեջանական սահմանային դիրքերից մէկի վրայ, իսկ մէկ տարի անց նրանք ահաբեկչական գործողութիւն կազմակերպեցին Բաքուի մետրոյում: Հիմա, ինչպէս նկատել է մեկնաբաններից մէկը. «Հաշուի առնելով ուկրաինական դէպքերը, Ղրիմի վերամիաւորումը Ռուսաստանի հետ, Հարաւային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչումը, լեզգի ազգայնականներն իրենց ամէն րոպէ կարող են հարց տալ. եթէ օսերն ու աբխազները եւ ղրիմցիները Ռուսաստանի օգնութեամբ եւ Ղարաբաղի մարդիկ Հայաստանի օգնութեամբ կարողացան անջատուել, ապա ինչո՞ւ նոյնը չեն կարող անել լեզգիները՝ Ռուսաստանից օգնութիւն խնդրելու միջոցով»:
Ռուս քաղաքագէտ եւ պատմաբան Անտոն Եւստարովը նշել է. «Դաղստանի տարածքում ապրող լեզգիները խնդիր են ոչ միայն Բաքուի համար: Նրանք խնդիր են նաեւ Մոսկուայի համար, քանի որ ձգտում են մեծ ինքնավարութեան հասնել Դաղստանի կազմում, որը ՌԴի ամենանաէթնիակապես բազմազան հանրապետութիւնն է:
Եւ երբ նրանք ստանան Մոսկուայից ակնկալուող օգնութիւնը, լեզգիները չեն ամաչի վերածուելու Հիւսիսային Կովկասի ամենառադիկալ խումբը»:
Իսկապէս 1990թթ.ի սկզբին Սադվալ շարժումը մշտական համագործակցութեան մէջ էր Չեչնիայում Դուդաեւի հետ: Այսպիսով, լեզգիները կարող են լինել երկկողմանի սուր:
Այնուամենայնիւ, թւում է Մոսկուան պատրաստւում է այն օգտագործել Բաքուի դէմ՝ յիշեցնելու ադրբեջանական իշխանութիւններին, որ նրան կարող են բախուել երկու կամ երեք ճակատանի պատերազմի հետ, եթէ ցանկանան ուժի միջոցով յետ վերադարձնել գրաւուած տարածքները: Միեւնոյն ժամանակ լեզգիները կարող են ինքնուրոյն գործել՝ մեծ գլխացաւանքներ պատճառելով Բաքուին եւ Մոսկուային:
Jamestown Foundation Blog,
ԱՄՆ