«Յաղթանակի Կարեւորութիւնը Պէտք Է Արժեւորենք»
ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Պարոն նախարար, երբեմն թւում է, որ մեր հասարակութիւնը միշտ չի ռացիոնալ (տրամաբանութեամբ-Խմբ.) ընկալում «պատերազմ» եւ «խաղաղութիւն» եզրոյթները:
ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Ես այդպէս չեմ կարծում: Միգուցէ խաղաղութեան ընկալման խնդիրները պայմանաւորուած են այն անկայուն անվտանգային միջավայրով, որում մենք ապրում ենք:
Բայց պատերազմի ընկալումը շատ յստակ է, քանի որ Հայաստանում դժուար է գտնել ընտանիք, որն այս կամ այն կերպով փոխկապակցուած չէ զինուորականների հետ: Պատերազմի ընկալումը, ընդհակառակը, շատ սուր է մեր մարդկանց մօտ, եւ նրանք վտանգները շատ ռացիոնալ են գնահատում:
ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Վերջին ամիսներին, երբ միջնորդները խօսում են «ժողովուրդներին խաղաղութեան պատրաստելու» մասին, դա յաճախ բացասական արձագանգի է արժանանում մեր հասարակութեան մօտ: Ինչո՞ւ են մարդիկ անհանգստանում խաղաղութեանը պատրաստուելու մտքից:
ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Կարծում եմ՝ ձեւակերպման հեղինակները փոքր-ինչ այլ միտք են դնում այդ արտայայտութեան մէջ, իսկ Հայաստանում այն այլ կերպ է ընկալւում: Խաղաղութիւնը ընկալւում է որպէս պարտութիւն: Դա նոյն անկայուն անվտանգային միջավայրով ու նաեւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան պահուածքով է պայմանաւորուած:
ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Հէնց դա նկատի ունէի նախորդ հարցում, երբ ասում էի, որ ընկալումը, երբեմն, ռացիոնալ չէ: Խաղաղութիւն ասելով՝ ինչո՞ւ ենք բացասական բան ընկալում:
ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Թերեւս դա երկար տարիներ պաշտպանողական կեցուածք ունենալու, եղածով բաւարարուելու մօտեցման հետեւանք է:
Խնդիր կայ նաեւ այն առումով, որ մեր հասարակութիւնում ոմանք չեն գիտակցում, թէ ինչ է կատարուել մինչեւ 1994 թուականը, երբ հաստատուեց զինադադարը: Մարդիկ յաճախ լաւ չեն պատկերացնում, թէ մենք որտեղ ենք գտնւում, ինչ խնդիր ենք լուծում, ինչ առաքելութիւն ունենք: Ինձ համար շատ վիրաւորական է, երբ ծնողները, երբեմն, ասում են. «Ինչո՞ւ պէտք է իմ որդին ծառայի Պաշտպանութեան բանակում» կամ ծառայութիւնն Արցախում ընկալում են որպէս պատիժ կամ փորձանք:
Մենք խնդիրներ ունենք հասարակութիւնում, որոնք պէտք է լուծենք: Յաղթանակի կարեւորութիւնը պէտք է գիտակցուի եւ գնահատուի:
Մարդիկ, երբեմն, յայտնւում են հարեւան երկրի վարած տեղեկատուական քաղաքականութեան ազդեցութեան տակ. Ադրբեջանը պնդում է, որ իրենք շատ ուժեղ են, հզօր են: Ադրբեջանին թւում է, որ մենաշնորհ ունեն խօսելու յաղթանակների կամ տարածքների մասին: Նման մենաշնորհ իրենք չունեն եւ չեն ունենալու:
ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Բանակցային գործընթացի մասին որքանո՞վ էք տեղեկացուած: Երբ ԱԳ նախարարը կամ վարչապետը հանդիպում են իրենց պաշտօնակիցներին, դուք տեղեկատուութիւն ստանու՞մ էք:
ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Չգիտեմ, թէ նախկինում պաշտպանութեան նախարարները ինչ ծաւալով են տեղեկացուած եղել բանակցային գործընթացի մասին, բայց ես ունեմ բաւարար տեղեկութիւններ եւ գիտելիքներ, որոնք ինձ եւ Գլխաւոր շտաբի պետին թոյլ են տալիս ճիշդ կազմակերպել մեր աշխատանքը:
Ինչպէս արդէն մի քանի անգամ ասել եմ, զինուորականների գլխաւոր խնդիրն է նպաստաւոր պայմաններ ապահովել երկրի քաղաքական ղեկավարութեան համար, որը բանակցութիւններ է վարում:
ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- 2018թ. Յուլիսին դուք ներկայացրեցիք ձեր տեսլականը պաշտպանութեան համակարգի զարգացման վերաբերեալ, որը, կարծում եմ, շատ քիչ քննարկուեց փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում: Ձեր տեսլականի առանցքային կէտերից մէկը սա էր. «Պէտք է անցնենք իմացական վերափոխում՝ պարտականութեան զգացողութիւնը փոխարինելով առաքելութեան զգացողութեամբ»: Ի՞նչ պէտք է անել, որ այս բառերը գործողութիւններ դառնան: Եւ արդեօ՞ք այդ առաքելութեան զգացողութիւնը մինչ այդ չկար:
ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Այդ շեշտադրումն անելիս ես խօսել եմ ոչ միայն Զինուած ուժերի եւ պաշտպանական համակարգի, այլեւ մեր ամբողջ հանրութեան մասին:
Երբ հանրութիւնն ընկալում է Զինուած ուժերին զուտ որպէս պարտականութիւն կատարողի, դա նշանակում է, որ բանակը սահմանափակ թուով խնդիրներ ունի լուծելու: Հայ ժողովուրդը եւ մեր Զինուած ուժերը պէտք է իրենց առջեւ թռիչքային նպատակներ դնեն, եւ հիմքում պէտք է առաքելութիւնը լինի: Չենք կարող սահմանափակել մեզ կանոնադրութեամբ, ժամանակով կամ տարածութեամբ: Երբ առաջնորդւում ենք առաքելութեամբ, անում ենք առաւել, քան մտածում ենք, առաւել, քան պլանաւորում ենք, առաւել, քան կարող ենք:
ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Նախորդ տարուայ քաղաքական փոփոխութիւններից յետոյ իրաւապահ մարմինների ուշադրութեան կենտրոնում յայտնուեցին ինչպէս Զինուած ուժերը՝ «Մարտի 1ի» գործով, այնպէս էլ մարդիկ, որոնք դերակատարութիւն են ունեցել բանակի ստեղծման եւ կայացման գործում՝ Մանուէլ Գրիգորեանը, Եուրի Խաչատուրովը, Միքայէլ Յարութիւնեանը, Սէյրան Օհանեանը: Փոփոխութիւններ եղան Պաշտպանութեան բանակի ղեկավարութիւնում: Յաճախ կարելի է կարծիքներ լսել այն մասին, որ թիրախաւորուած պայքար է տարւում Զինուած ուժերի դէմ:
ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Նախ եւ առաջ, մենք պէտք է սառնասրտօրէն սպասենք հետաքննութեան եւ դատական գործընթացների աւարտին: Իմ խորին համոզմամբ՝ 2008թ. Մարտի 1ի դէպքերի հետ կապը Զինուած ուժերի նախաձեռնութեամբ չի եղել: Զինուած ուժերը իրականացրել են որոշակի գործառոյթներ, եւ եթէ ապացուցուի, որ եղել են ոչ իրաւաչափ գործողութիւններ, պատասխանատուները պէտք է պատժուեն:
Ինչ վերաբերում է բանակի դերակատարութեանը երկրի կեանքում, ապա մենք վարչապետի հետ համակարծիք ենք, որ Զինուած ուժերը այլեւս երբեք չպէտք է որեւէ մասնակցութիւն ունենան քաղաքական, նախընտրական կամ հետընտրական գործընթացներում:
ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Տեսլականում ասել էք, որ «կոռուպցիոն որեւէ դրսեւորում տեղ չպէտք է ունենայ բանակում»: Այսօր նման դրսեւորումներ կա՞ն:
ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Ռիսկայնութիւնը շարունակում է բարձր մնալ, բայց ջանքեր են գործադրւում ռիսկերի նուազեցման համար: Զինուած ուժերում կոռուպցիոն երեւոյթները ոչ թէ պատճառ են, այլ որոշակի խնդիրների հետեւանք: Դրանց թւում են ռեսուրսների ոչ բաւարար լինելը, սոցիալական որոշ խնդիրներ լուծելու ցանկութիւնը, անկատար ինստիտուցիոնալ կարգաւորումները, երկրի տնտեսական հնարաւորութիւններին անհամապատասխան քանակով Զինուած ուժերը:
ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Ի՞նչն ենք համարում կոռուպցիոն դրսեւորում:
ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Հիմնական խնդիրը կապուած է գնումների հետ՝ փակ համակարգերում ռիսկայնութիւնը սովորաբար բարձր է լինում: Եւ պէտք է շատ բաց խօսեմ նաեւ այն մասին, որ գնումներին վերաբերող օրէնսդրութիւնը կոռուպցիոն դրսեւորումների համար մեծ հնարաւորութիւններ է ստեղծում:
ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Տեսլականում նշել էիք. «Թոյլ չենք տալու, որ հակամարտութեան կարգաւորման գործընթացում, ինչքան էլ այն երկարաձգուի, հակառակորդը մեզ հետ խօսի ուժի դիրքերից եւ հետամտի առաւելապաշտական նպատակներ»:
ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Իշխանութեան ընդդիմախօսներն ասում են, որ 2018թ. աշնանը Դուշանբէում Փաշինեանի եւ Ալիեւի ձեռք բերած պայմանաւորուածութիւնը՝ լարուածութեան նուազեցման մասին, կաշկանդում է բանակին, երբ կարիք կայ հակառակորդի հետ խօսել ուժի լեզուով:
Մենք մեզ որեւէ ձեւով կաշկանդուած չենք զգում: Միմեանց չթիրախաւորելու պայմանաւորուածութիւնը մինչ օրս հիմնականում պահպանւում է, սակայն եթէ հակառակորդը որոշակի քայլեր ձեռնարկի, խստօրէն կը պատժուի:
ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- 2016 թուականի Փետրուարին՝ Ապրիլեան պատերազմից մօտ 2 ամիս առաջ, երբ պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալն էիք, ասել էիք, որ հայկական զինուած ուժերը «ստատիկ պաշտպանութիւնից» կ՛անցնեն «սանձահարման/զսպման համակարգին»: Ինչ-որ բան կանխազգո՞ւմ էիք:
ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Ես դա կանխազգացում չէի անուանի: Պարզապէս սառը հաշուարկ էր:
ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Վերջերս Նիւ Եորքում ասացիք, որ աւելացնելու էք գրոհային ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են մարտական գործողութիւններ վարել հակառակորդի տարածքում: Կարո՞ղ էք որոշակի մանրամասներ ներկայացնել այդ ստորաբաժանումների մասին:
ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Դրանք յատուկ գործողութիւններ իրականացնող ստորաբաժանումներն են, որոնք անհրաժեշտութեան դէպքում մեզ հնարաւորութիւն կը տան գործողութիւնները տեղափոխել հակառակորդի տարածք: Սադրանքի դէպքում հակառակորդի հետ առերեսուելու ենք իր տարածքում:
ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Այսպէս կոչուած «ասիմետրիկ (անհամապատասխանօրէն աւելի ուժեղ-Խմբ.) պատասխա՞ն» ենք տալու:
ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Սանձելու ենք հակառակորդին, որպէսզի յաջորդ անգամ նման քայլերի չդիմի: Խօսքը ոչ ստանդարտ (սովորական-Խմբ.) քայլերի մասին է: Անհրաժեշտութեան դէպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում:
ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Այսինքն, օրինակ, A կէտում՝ հանդիպելով սադրանքի, մեր Զինուած ուժերը կարո՞ղ են հարուած հասցնել B կէտում:
ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Ոչ միայն B կէտում: Նաեւ C, D, E կէտերում:
ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Ձեր՝ նախարար դառնալուց յետոյ սկսեցին քայլեր ձեռնարկուել Զինուած ուժերը բազմաֆունկցիոնալ ռազմական ինքնաթիռներով համալրելու համար: Սա ե՞ւս պէտք է դիտարկել ստատիկ պաշտպանութիւնից հրաժարուելու համատեքստում:
ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Սա կարող էք համարել «ասիմետրիկ պատասխան»: Մենք հնարաւորութիւն կ՛ունենանք մեծ հեռաւորութեան վրայ ներազդել հակառակորդի վրայ:
ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Շուտով կը լրանայ մէկ տարին, ինչ դուք աշխատում էք վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ: Գո՞հ էք ձեր աշխատանքային յարաբերութիւններից:
ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Այո՛, մենք ամենօրեայ կապի մէջ ենք: Վարչապետը մեծ ուշադրութիւն է դարձնում Զինուած ուժերին, ինչպէս եւ միշտ արել են Հայաստանի ղեկավարները: Վարչապետը շատ լաւ պատկերացնում է մեր առջեւ ծառացած խնդիրները եւ սրտացաւ է դրանց լուծման հարցում:
ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Դուք երկար տարիներ աշխատել էք Սերժ Սարգսեանի ենթակայութեան ներքոյ: Երբ համաձայնուեցիք նախարար դառնալ Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնում, որոշ մարդիկ «դաւաճանութիւն» անուանեցին դա: Ի՞նչ կ՛ասէք այդ մարդկանց:
ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Եթէ պաշտպանութեան նախարար դառնալը կարող է «դաւաճանութիւն» գնահատուել, դա մտածելակերպի խնդիր է:
Ես համոզմունք ունեմ, որ Հայաստանում ցանկացած քաղաքական փոփոխութեան պարագայում պաշտպանական համակարգը պէտք է պահպանի ամրութիւնն ու կայունութիւնը: Եւ այդ գիտակցումը եղել է բոլոր ղեկավարների մօտ՝ բոլոր ժամանակահատուածներում:
ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Պարոն նախարար, ձեր որդին ծառայում է Արցախում, իսկ ձեր աշխատանքի մեծ մասը կապուած է Արցախում նոր պատերազմի հաւանականութեան հետ: Ի՞նչ զգացումներ էք ապրում:
ԴԱՒԻԹ ՏՕՆՈՅԵԱՆ.- Ես զգում եմ, որ այսօր Էդգարն իմ ուշադրութեան պակասն ունի: