«Կայուն Խաղաղութիւնը Մէկ Օրում Չի Հաստատւում»
Վարեցին՝ ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ
ԵՒ ԹԱԳՈՒՀԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլաւ Լայչակն Մարտի 12ին այցելեց Հայաստան: Այցի նախօրէին նա բացառիկ հարցազրոյց է տուել Մեդիամաքսին:
ՀԱՐՑՈՒՄ.- ԵԱՀԿ գործող նախագահ դառնալուց յետոյ ինչպիսի՞ զարգացումներ էք տեսել տարածաշրջանում:
ՄԻՐՈՍԼԱՒ ԼԱՅՉԱԿ.- Հարաւային Կովկասը շարունակում է մնալ միջազգային ուշադրութեան կենտրոնում, եւ վերջերս մենք մի շարք ուշագրաւ զարգացումների ականատեսը եղանք: Մասնաւորապէս, ի նկատի ունեմ Հայաստանում հետընտրական զարգացումները եւ շնորհաւորում եմ հայ ժողովրդին խաղաղ եւ ժողովրդավարական փոփոխութեան կապակցութեամբ: Իմ այցելութիւնը տարածաշրջանի երեք երկրներ, ներառեալ Հայաստանը, վկայում է, որ տարածաշրջանի կարեւոր տեղ ունի մեր օրակարգում:
Տարածաշրջանում ԵԱՀԿն ունի եզակի եւ միգուցէ նաեւ անփոխարինելի դեր, յատկապէս երբ խօսքը վերաբերում է հակամարտութիւններին: Վրաստանի պարագայում ԵԱՀԿն հանդիսանում է Ժնեւեան միջազգային քննարկումների համանախագահ եւ աջակցում է Միջադէպերի կանխարգելման եւ արձագանքման մեխանիզմներին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափում շարունակում է ներգրաւուած լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացում: Մի շարք այլ կարեւոր քայլեր են իրականացւում՝ նպատակ ունենալով աջակցել տարածաշրջանի կայունութեանն ու անվտանգութեանը:
Ոչ մի այլ կազմակերպութիւն չի կիրառում այսչափ համապարփակ մօտեցում անվտանգութեան հարցերին: Երբ ասում ենք «համապարփակ», նկատի ունենք անվտանգութեան բոլոր մակարդակները՝ աշխարհաքաղաքականից մինչեւ անհատական: Հիմնական ուշադրութիւնը կենտրոնացուած է մարդկանց, երկխօսութեան ու կայունութեան վրայ, որոնք եւ հանդիսանում են Սլովակիայի՝ ԵԱՀԿում նախագահութեան առանցքը:
Եւ սա շատ կարեւոր է, որովհետեւ, վերջին հաշուով, ԵԱՀԿն տարածաշրջանում ապրող մարդկանց մասին է: Մարդկանց, որոնք կառուցելով ընդհանուր ապագան, արժանի են ներկայում ունենալ խաղաղ ապրելու հնարաւորութեան:
ՀԱՐՑՈՒՄ.- Որո՞նք են լինելու ձեր այցի արդիւնքում քննարկուելիք հիմնական հարցերը:
ՄԻՐՈՍԼԱՒ ԼԱՅՉԱԿ.- Իմ ծրագիրը դեռեւս վերջնական չէ, բայց ես նախատեսում եմ հանդիպումներ ունենալ քաղաքական ղեկավարութեան հետ՝ ճշդելու, թէ մենք ինչպէս կարող ենք լաւագոյնս նպաստել Հայաստանին՝ ԵԱՀԿ հանդէպ ստանձնած յանձնառութիւնների իրականացման, խաղաղութեան հաստատման գործընթացի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունէութեան առնչութեամբ:
Եւ իհարկէ, ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսում (համաժողովին-Խմբ.) քննարկուող հակամարտութիւնից բացի՝ ԵԱՀԿ նախագահութեան հետաքրքրութիւնների շրջանակում է բոլոր անդամ-պետութիւնների միջեւ բաց եւ անկեղծ երկխօսութեան, ինչպէս նաեւ լաւ յարաբերութիւնների պահպանումը, հէնց տեղում առաջընթացին նպաստելը: Իմ բոլոր այցերի ժամանակ ես կարեւորում եմ հանդիպումները մեր այն գործընկերների հետ, ովքեր տեղում աշխատում են ստեղծուած իրավիճակից ամենաշատը տուժած մարդկանց հետ: Մենք չպէտք է մոռանանք, որ ի վերջոյ, այն ամէնը, ինչ մենք անում ենք ԵԱՀԿում, նպատակ ունի թեթեւացնել մարդկանց կեանքը:
Հարաւային Կովկաս իմ այցերի ընթացքում ես փորձում եմ բացայայտել այն ոլորտները, որտեղ հարկաւոր է մեղմել հակամարտութեան հումանիտար (մարդասիրական-Խմբ.) հետեւանքները եւ արդիւնաւէտ կերպով կիրառել բազմակողմ մօտեցումներ՝ բոլոր մարդկանց համար աւելի ապահով ապագայ կառուցելու համար:
ՀԱՐՑՈՒՄ.- Սլովակիայի նախագահութեան առաջնահերթութիւնները Յունուարի 10ին Վիեննայում մշտական խորհրդին ներկայացնելիս՝ դուք խօսել էիք նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան համատեքստում երկխօսութեան ակտիւացման (աշխուժացման-Խմբ.), հրադադարի ռեժիմի (կարգի-Խմբ.) խախտման եւ զոհերի նուազեցման մասին: Դրանից մէկ շաբաթ անց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպեցին Փարիզում, որից յետոյ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդէս եկան բաւականին լաւատեսական յայտարարութեամբ: Ին՞չ էք կարծում, կա՞յ արդեօք իրատեսական հնարաւորութիւն 2019 թուականին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացում զգալի արդիւնքների հասնելու համար:
ՄԻՐՈՍԼԱՒ ԼԱՅՉԱԿ.- Մենք ողջունում ենք վերջին վեց ամիսների ընթացքում զինադադարի խախտման հետ կապուած դէպքերի ու զոհերի թուի նուազեցումը:
Ես նաեւ գնահատում եմ կողմերի շարունակական ջանքերը՝ գործընթացի առաջընթացին նպաստող միջավայրի պահպանման հետ կապուած: Մեզ ոգեւորում են վերջին ամիսների տեղի ունեցած շփումները:
Ես բաւականին իրատեսօրէն եմ տրամադրուած առաջիկայ մարտահրաւէրների եւ երկխօսութեան փխրունութեան առնչութեամբ, բայց նաեւ լաւատես լինելու լաւ առիթներ ունեմ: Եւ ես ուրախ եմ, որ Սլովակիայի նախագահութիւնը ԵԱՀԿում կարող է նպաստել այս գործընթացին՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին ու ներգրաւուածութեանը:
Ես վերանշանակել եմ Անջէյ Կասպշիկին՝ որպէս իմ անձնական ներկայացուցիչ: Մենք հաւատում ենք Մինսկի գործընթացին եւ կ՛ապահովենք այն աջակցութիւնն, որն անհրաժեշտ է յաջողութեան հասնելու համար: Ես սերտ կապի մէջ եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահերի հետ եւ, մասնաւորապէս, դրական եմ գնահատում Փարիզում արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը: Նրանց ընկալումը, որ կոնկրէտ միջոցներ են անհրաժեշտ ժողովուրդներին խաղաղութեան պատրաստելու համար, արժանի է մեր աջակցութեանը:
ՀԱՐՑՈՒՄ.- Հնարաւոր կը լինի՞ հաւասարակշռութիւն գտնել տարածքային ամբողջականութեան եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միջեւ: Եւ ի՞նչ էք մտածում «տարածքներ խաղաղութեան դիմաց» բանաձեւի մասին:
ՄԻՐՈՍԼԱՒ ԼԱՅՉԱԿ.- Տարիներ շարունակ բանակցային սեղանին են եղել մի շարք սկզբունքներ, որոնք արտացոլել են այս տարրերից որոշները, եւ կողմերից որեւէ մէկը չի մերժել դրանք: Մենք միայն կարող ենք նպաստել այս քննարկումներին եւ աջակցել՝ գտնելու հակամարտութեան խաղաղ լուծում՝ հիմնուած ԵԱՀԿ հիմքը հանդիսացող միջազգային յանձնառութիւնների եւ սկզբունքների վրայ:
ՀԱՐՑՈՒՄ.- Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յայտարարութիւնների՝ նախարարները «համաձայնել են կոնկրէտ միջոցներ ձեռնարկել ժողովուրդներին խաղաղութեան պատրաստելու ուղղութեամբ»: Ինչպէ՞ս կարելի է դա անել գործնականում՝ Ադրբեջանում տասնամեակներ շարունակ տեւած հակահայկական քարոզչութիւնից եւ 2016 թուականի Ապրիլեան պատերազմից յետոյ:
ՄԻՐՈՍԼԱՒ ԼԱՅՉԱԿ.- Ի լրումն կայուն հրադադարի՝ մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նուազեցնել հռետորաբանութիւնը եւ աշխատել խաղաղութեան համար հեռանկարներ ստեղծելու ուղղութեամբ: Հարաւային Կովկասի ժողովուրդներն արժանի են խաղաղութեան: Հայերը եւ ադրբեջանցիները որպէս հարեւաններ ապրելու երկարատեւ պատմութիւն ունեն: Մենք ողջունում ենք հաշտեցմանն ուղղուած անկեղծ ջանքերը, անցեալին բախուելն ու ապագան միասին քննարկելը:
ԵԱՀԿում Սլովակիայի նախագահութեան ընթացքում մեր դիրքորոշումը հետեւեալն է. մենք ցանկանում ենք համոզուած լինել, որ ամէն ինչ արւում է մարդկանց, երկխօսութեան եւ կայունութեան համար: Ժողովուրդներին խաղաղութեան պատրաստելու համաձայնութիւնը արժանի է մեր լիակատար աջակցութեանը, քանի որ այդ առանցքային նշանակութիւն ունի բոլոր երեք առաջնահերթութիւնների տեսակէտից:
Հակամարտութեան կարգաւորման համընդգրկուն մօտեցման շրջանակում մենք բոլորս դերակատարութիւն ունենք՝ ժողովուրդներին խաղաղութեան պատրաստելու համար:
Ներառական մօտեցումը յատկապէս կարեւոր է երկարատեւ եւ ձգուող հակամարտութիւնների պարագայում: Կայուն խաղաղութիւնը մէկ օրում չի հաստատւում: Տարիներ տեւած հակամարտութիւնից յետոյ՝ տեւական եւ կայուն խաղաղութեան համար անհրաժեշտ է ձեռնարկել փոքր քայլեր եւ հասարակութիւնների ներսում կառուցել միջավայր, որը կը նպաստի խաղաղութեանը: Հակամարտութիւնների լուծման մէջ, ինչպէս նաեւ քաղաքական գործընթացներում, խիստ կարեւոր է կանանց դերը եւ այն չի կարող անտեսուել: Նմանապէս, կայ նաեւ երիտասարդների միջեւ երկխօսութիւն ծաւալելու կարիքը՝ անկայունութեան պատճառներն արմատախիլ անելու, դրանք նորարարական ճանապարհներով լուծելու եւ, որ ամենակարեւորն է՝ աւելի ապահով ապագայ կառուցելու համար: Երբ տեղի բնակչութիւնները ներգրաւուած եւ ներկայացուած են այս գործընթացում, երբ նրանց լսում են, ապա աւելի հաւանական է, որ նրանք կը զգան իրենց դերը խաղաղութեան գործընթացում: Նրանք նոյնպէս կարող են առաջարկել կառուցողական, եզակի գաղափարներ ու լուծումներ, որոնք կարող ենք օգտակար լինել բոլորի համար:
ՀԱՐՑՈՒՄ.- 2011 թուականին, երբ դուք զբաղեցնում էիք ԵՄ արտաքին գործերի եւրոպական ծառայութեան Ռուսաստանի, Արեւելեան Հարեւանութեան եւ Արեւմտեան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրէնի պաշտօնը, ասել էիք, որ «ԵՄն պէտք է աւելի յստակ ազդակներ յղի ուժի չկիրառման եւ ղարաբաղեան հակամարտութեան բացառապէս խաղաղ կարգաւորման մասին»: Հիմա էլ կարծու՞մ էք, որ ԵՄն կարո՞ղ էր կամ պէ՞տք է այդպէս գործի:
ՄԻՐՈՍԼԱՒ ԼԱՅՉԱԿ.- Անցել է շուրջ 8 տարի, եւ ես կարծում եմ, որ ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ եւ յարատեւ կարգաւորման սկզբունքները իրական են: Նոյնը վերաբերում է նաեւ այն արժէքներին եւ սկզբունքներին, օրինակ ուժի չկիրառման սկզբունքին, որոնք ամրագրուած են ՄԱԿի Կանոնադրութեան մէջ եւ Հելսինկեան Եզրափակիչ ակտում: ԵՄ կողմից ազդակ յղուել է: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան 2018 թուականի համաձայնագրի նախաբանը դրա ապացոյցն է:
ՀԱՐՑՈՒՄ.- Մշտապէս շահարկումներ են հնչում ԼՂ կարգաւորման հարցում Ռուսաստանի դերի մասին: Տեղի եւ արտաքին մի շարք փորձագէտներ կարծում են, որ հակամարտութեան լուծումը չի բխում Ռուսաստանի շահերից, քանի որ դրա գոյութիւնը թոյլ է տալիս Մոսկուային վերահսկել թէ՛ Հայաստանը եւ թէ Ադրբեջանը: Ին՞չ կարծիք ունէք Ռուսաստանի դերի մասին:
ՄԻՐՈՍԼԱՒ ԼԱՅՉԱԿ.- Մենք ողջունում ենք Ռուսաստանի ներգրաւուածութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութիւնում: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը կիսում է մեր ցանկութիւնը՝ տեսնել կայունութիւն տարածաշրջանում եւ խուսափել ռազմական գործողութիւնների նոր բռնկումից:
ՀԱՐՑՈՒՄ.- Դուք Հայաստան կ՛այցելէք յեղափոխութիւնից եւ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ: Հայաստանի վարչապետի կուսակցութիւնը յաղթել է ընտրութիւններում ձայների առաւել քան 70 տոկոսով եւ ամբողջապէս վերահսկում է խորհրդարանը: Արդեօ՞ք լեգիտիմութեան (օրինական-Խմբ.) այսպիսի բարձր մակարդակը իշխանութիւններին տալիս է աւելի շատ վստահութիւն՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգաւորման հարցում կոնկրէտ (հստակ-Խմբ.) քայլեր ձեռնարկելու համար:
ՄԻՐՈՍԼԱՒ ԼԱՅՉԱԿ.- Անշուշտ, այսպիսի կարեւոր հարցի քննարկման պարագայում ներքին աջակցութիւնն ունի անչափ կարեւոր նշանակութիւն: Այս հանգամանքը կարեւոր նշանակութիւն ունի ոչ միայն Հայաստանի, այլեւ իւրաքանչիւր ժողովրդավարութեան համար: Թւում է, որ ընտրութիւնները նոր դինամիկա (զորութենականութիւն-Խմբ.) են հաղորդել երկխօսութեանը, ինչը ցանկալի լրացում է տարածաշրջանային համատեքստի համար:
ՀԱՐՑՈՒՄ.- Երկու տարի է անցել Երեւանում ԵԱՀԿ գրասենեակի փակումից յետոյ: Չնայած Հայաստանի եւ ԵԱՀԿ անդամ-պետութիւնների պատրաստակամութեանը եւ ջանքերին՝ գրասենեակը փակուեց: Ինչպէ՞ս կը գնահատէք Հայաստանի եւ ԵԱՀԿի միջեւ ներկայիս համագործակցութիւնը:
ՄԻՐՈՍԼԱՒ ԼԱՅՉԱԿ.- Հայաստանը ԵԱՀԿի ակտիւ (աշխոյժ-Խմբ.) անդամներից է: Անցած տարիների ընթացքում մեր համագործակցութիւնը երբեք չի դադարել: Ներկայում մենք միասին աշխատում ենք «Հայաստանի համագործակցութեան ծրագրի» շրջանակում եւ վերջերս միջոցառում ունեցանք Երեւանում: Ի լրումն, ԵԱՀԿ հաստատութիւնները, մասնաւորապէս՝ Ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակը (ԺՀՄԻԳ), ակտիւ կերպով աշխատում են հայաստանեան իշխանութիւնների եւ քաղաքացիական հասարակութեան հետ: