«Այսքան չարիք, թէ մոռանան մեր որդիք,
թող ողջ աշխարհ հային կարդայ նախատինք»:
Աւ․ Ահարոնեան
Ռուբէն Յովակիմեան
Դժուար, օրհասական եւ դժոխային կացութիւն է տիրում մեր երկրում Արցախի հետ մէկտեղ, ուր բնակիչները կենաց-մահի դժոխային գոյամարտի մէջ են՝ արդէն աւելի քան մէկ ամիս է: Երեւոյթը նորութիւն չէ եւ վիճակը ծանօթ է բոլորին՝ հուսկ համասփիւռ հայութիւնը ոտքի է կանգնած սատար լինելու մեր հայրենաբնակ հարազատներին, որ ակամայ դիմակայում են թուրք֊ազերի բորենիների պարտադրած բախումին, որոնց կողքին մասնակից են նաեւ տարբեր երկրներից հաւաքագրուած իսլամական վարձկանները, որոնք իրենց ընտրութեամբ, մի քանի դոլլարի համար, դառնում են նահատակ, բայց որոնց խոստացել էին իւրաքանչիւր գլխատած հայի դիմաց հարիւր դոլլար յաւելավճար: Աւելորդ է՞ յիշեցնել, որ Նիս քաղաքի եկեղեցւոյ մէջ այս օրերին ֆրանսաբնակ մի կնոջ գլխատեցին աղօթքի ընթացքին՝ երկու այլ անձանց դանակահարելով, որ կարելի է համարել Էրդողանի անմիջական հրամանի կատարում:
Իրաւ է նաեւ, որ սպասւում էր եւ բոլորը գիտէին, որ ուշ թէ կանուխ այս վիճակը պիտի ստեղծուէր, բայց՝ ո՛չ ճիւաղ թուրք բանակի մասնակցութեամբ: Չեմ կարծում, թէ տարբեր երկրներից հաւաքուած այդ մարդակերների վարձկան խուժանը, թնդանօթային միս լինելուց բացի շատ բանի կարող է ծառայում, ըստ մի քանի գերիների վկայութեան:
Մեր նպատակը չէ թէժ ճակատում եղած դրուագները ներկայացնել, կամ մեկնաբանել, քանզի պարբերաբար՝ մասնագիտական մակարդակով այն անում են մամուլը եւ պաշտպանութեան նախարարութեան լրատուական կենտրոնը՝ ներկայացնելով թոյլատրելի անհրաժեշտ եւ ստոյգ տեղեկութիւններ: Ներկայ դրութեամբ այլեւս ոչ մէկ կասկած կայ, որ պատերազմը ոչ թէ ազերիների, այլ թուրքերի նախաձեռնութիւնն է եւ նրանց նպատակն է 1915-֊23֊ի կիսատ գործը աւարտել՝ մոռանալով, որ այսօր նոյն հայը չէ կանգնած նրանց առջեւ, իսկ մենք չենք մոռացել եւ պատրաստ չենք մոռանալ մեր ծնողների Գողգոթան: Դարը փոխուել է եւ նրա հետ նաեւ հայը:
Այս գորշ եւ ծանր օրերին, համաճարակի չարաբաստիկ ներկայութեամբ յայտնուել են անցեալի կարօտախտով տառապող անհատներ, որ երկար տարիներ ձրիակերի աթոռ են զբաղեցրել, նոր արթնացել են եւ փորձեր են անում երկրի կացութիւնը ներսից թուլացնել՝ թերեւս գաղտնի յոյս փայփայելով, թէ նախկինների վերադարձը կարող է նրանց պորտաբոյծի վիճակը վերականգնել: Նրանք բազում են եւ պտտւում են ռոբ֊սերժական կլանի շուրջը եւ ամէն քայլ անելու պատրաստ են, միայն թէ պահպանեն իրենց փայաբաժինը:
Ընթերցողի ուշադրութեանն եմ ներկայացնում օրերս հրատարակուած հազուագիւտ քանքարաւոր մի միտք, որի հեղինակն է կարծեցեալ փորձառու քաղաքական գործիչ, որ մոսկովեան հրահանգով, նոյնիսկ երկրի վարչապետի աթոռն է զբաղեցրել, անկախութեան սկզբնական տարիներին. «Այս կառավարութիւնը պէտք է հրաժարական տայ՝ ողջ իշխանութիւնը բանակին յանձնելով, ընդ որում դա պէտք է անի կամաւոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել»։ Իմաստութեան եւ հոգատարութեան որպիսի՜ փայլուն եւ անսպառ օրինակ: Այս եւ նման մտայնութեամբ ձայնակից գործիչները բաւական բազմաթիւ են, որ նրանց ճիշտ ժամանակին չմաքրելու[1] հետեւանք է: Կարծում եմ, թէ նման բարբաջանքը, ոչ միայն խեղդուող, այլ արդէն վաղուց խեղդուածների կանչն է, որ որեւէ տեղ չի կարող հասնել:
Այս եռագլուխ (Համաճարակ, թուրք֊ազերի, ներքին թշնամի) հրէշի դիմաց պայքարելու եւ առաւելապէս յաղթելու համար գերբնական յատկութիւններ են պէտք եւ յուսանք, որ վարչապետը բաւարար կարողութիւն, ուժ եւ իմաստութիւն կ՝ունենայ իր շրջապատը ամրապնդել նուիրեալ եւ ունակ գործակիցներով, որոնք կարողանան այդ հսկայական բեռի գէթ մի մասը վերցնել իրենց ուսերին: Սա ցանկութիւն չէ, անհրաժեշտութի՛ւն է, քանզի բացառուած չէ, որ նախկինների ահազանգած հինգերորդ շարասիւնը կազմողների մի մասը՝ ենթադրաբար թաքնուած է որոշ պատասխանատու պաշտօնի պիտակի տակ: Թերեւս ազգային անվտանգութեան ծառայութեան ղեկավարի պարբերական փոփոխումը այդ է նշանակում:
Տիրող թոհուբոհի մէջ հնչեց «Արցախը ձեր կարիքն ունի» պատգամը, որին արձագանքեցին աշխարհով մէկ սփռուած մեր հայրենակիցները՝ իւրաքանչիւրը բերելով իր լուման, ըստ իր կարողութեան, որ գովելի երեւոյթ է, նոյնիսկ պարտականութիւն, բայց կ’ուզէի իմանալ, թէ երկրի թալանով միլիարդաւոր դոլլարներ կուտակած ճիւաղները արդեօք մասնակցեցի՞ն այդ սուրբ գործին: Աւելորդ չէ կրկին յիշեցնել, որ ներկայ արտակարգ մարտական պայմաններում վարչապետը լիիրաւ կարող է պարտաւորել ամէն մի սակաւապետի՝ որոշակի գումար յատկացնել բանակին եւ նրանցից առաջինը պիտի լինեն Արցախի ու Հայաստանի նախկին չորս նախագահները, որ դրամատների բաժնետէր են: Այդ մասին խօսք չկայ:
Մէկ այլ կէտ, որ դժուար է մարսել, երբ թշնամին քարուքանդ է անում բնակավայրերը հիւանդանոցներով եւ դպրոցներով, ինչո՞ւ մերոնք չեն ռմբակոծում Թուրքիա հասնող գազատարը, որ Գանձակի կողքին է եւ հասանելի է մեր հրետանուն: Երեւի ռազմավարական խնդիր է եւ մեզ անհասանելի: Միեւնոյն է յաղթելու ենք:
3֊11֊20
[1] Այդ վոհմակի անբաժան անդամներն են՝ գլխաւորութեամբ Վազգէն Մանուկեանի՝ Հրանտ Բագրատեանը, Խոսրով Յարութիւնեանը, Դաւիթ Շահնազարեանը, Էդուարդ Անտինեանը եւ բազում այլք, որ բոլորին նշել անհնար է: