ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քառօրյա պատերազմի մասնակիցներին բարոյապես և ֆինանսապես աջակցելու նպատակով «Շնորհակալությո′ւն, հայ զինվոր» բարեգործական համերգի տոմսերի ողջ հասույթը կփոխանցվի վերականգնողական նոր կենտրոնի կառուցմանը։ Համերգային ծրագիրը տեղի ունեցավ հունվարի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
«Այս համերգային ծրագրի շրջանակում մենք հնարավորություն ունենք համախմբվել մեկ գաղափարի շուրջ: Ցանկանում ենք մեր վերաբերմունքը ցույց տալ, մեր շնորհակալությունը հայտնել զինվորներին: Համերգից ստացված գումարն ուղղվելու է զինվորների առողջության վերականգնման գործին, և մենք, իբրև հասարակության մասնիկ, կարող ենք մեր թեկուզ փոքրիկ ներդրումն ունենալ այս հարցում»,–«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, երգիչ Արսեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝այն, որ մենք ունենք երգելու, պարելու, ապրելու հնարավորություն հայ զինվորի շնորհիվ է: «Հաճախ ենք կարևորում առհասարակ բարոյականությունը, մշակույթը և այլն, սակայն շատ կարևոր է նաև մեր ֆիզիկական գոյությունը, որի երաշխավորը հայ զինվորն է: Շնորհակալ ենք նրան»,-շեշտեց Արսեն Գրիգորյանը:
Համերգին իրենց սիրված և հուզիչ կատարումներով հանդիսատեսի ծափերին արժանացան Շուշան Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Վարդան Բադալյանը, Զարուհի Բաբայանը, Էրիկ Կարապետյանը, «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթը, «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը և այլք:
Ներկա էին հայրենիքի պաշտպանության համար ծանր վիրավորում ստացած տղաները։
Համերգային ծրագիրն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության և «Դիրքապահ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
http://armenpress.am/arm/news/