ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ մեր մայրաքաղաքում: Այսօր մենք անցկացրեցինք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, իհարկե ոչ բոլոր հարցերի շուրջ հաջողվեց հասնել կոնսենսուսի, 17 որոշումներից 15-ն ընդունվեցին:
Հույս ունեմ, որ այս ձևաչափով մեզ կհաջողվի քննարկել մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը, որը շատ հագեցած է: Պետք է ընդգծել, որ մեր երկկողմ տնտեսական կապերը զարգանում են մեծ տեմպերով: Ես նկատեցի, որ այս տարի Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 80 տոկոսով: Իհարկե, դա կապված է լոգիստիկ շղթաների որոշ փոփոխություններով, բայց դա փաստ է, որը ստեղծում է նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության համար:
Իհարկե, մենք այսօր արդեն քննարկել ենք և կքննարկենք տարածաշրջանային բնույթի հարցեր, տարածաշրջանային անվտանգության հարցեր: Կան բազմաթիվ հարցեր, ՀԱԽ նիստում ես խոսեցի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման մասին, որոնք մենք Ձեր օգնությամբ և միջնորդությամբ ընդունել ենք Ադրբեջանի նախագահի հետ: Դրանք շատ կարևոր հարցեր են, որոնք իհարկե պետք է քննարկենք, ինչպես նաև քննարկենք օրակարգը, որը հույս ունենք կբերի մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության»: