Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Մուդրոսի զինադադարի կնքումից հետո քաղաքական մթնոլորտը Թուրքիայում. Հայոց ցեղասպանության հարցի արծարծումը օսմանյան մամուլում և խորհրդարանում

June 5, 2013
in Յօդուածներ
0

Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո երկրում տիրում էր ծանր իրավիճակ: Երբ 1918 թ. սեպտեմբերի 15-ին դաշնակից պետությունների զորքերը, Մակեդոնիայում ճեղքելով ռազմաճակատի գիծը, սկսել էին ուղղակիորեն սպառնալ Ստամբուլին, իթթիհադական ղեկավարները հաշտություն էին խնդրել, սակայն դաշնակիցները չէին ցանկացել բանակցությունների մեջ մտնել նրանց հետ[1]: 1918 թ. հոկտեմբերի 7-ին Թալեաթ փաշայի կառավարությունը հրաժարական էր տվել, իսկ նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը երիտթուրքական յոթ պարագլուխներ, ի դեմս վարչապետ Թալեաթի, նախարարներ Էնվերի, Ջեմալի, դոկտոր Նազըմի, Հատուկ կազմակերպության (Teşkilât-ı Mahsusa) ղեկավարներից մեկի` Բեհաեդդին Շաքիրի, ինչպես նաև` ոստիկանապետեր Բեդրիի և Ազմիի, գերմանական հածանավով ճողոպրել էին Օդեսա« այնտեղից էլ` Գերմանիա[2]: 1918 թ. հոկտեմբերի 30-ին դաշնակից տերությունների հետ զինադադարը Մուդրոսում կնքել էր նոր սադրազամ (վարչապետ) Ահմեթ Իզզեթ փաշայի կառավարությունը, որն օսմանյան խորհրդարանում հավանության քվե էր ստացել 1918 թ. հոկտեմբերի 19-ին[3]: Ի դեպ` Ահմեթ Իզզեթը սադրազամի պաշտոնում էր նշանակվել Թալեաթ փաշայի նախաձեռնությամբ, քանի որ վերջինս, պատերազմի տարիների հանցագործությունների, այդ թվում նաև` քրիստոնյաների ոչնչացման համար պատասխանատվության կանչվելու մտավախությամբ նախընտրել էր կառավարության ղեկավարի պաշտոնում տեսնել «իր մարդուն»[4]: Զինադադարի կնքումից հետո դաշնակից պետությունների զորքերը` Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ, մտել էին Ստամբուլ և սկսել ռազմակալել Օսմանյան պետության տարածքները: Թեև զինադադարի պայմանները սպասվածի չափ ծանր չէին, բայց և այնպես` օսմանյան կառավարությունն ու հասարակությունը տագնապալից սպասման մեջ էին, թե ինչպիսին պիտի լինեն վերջնական հաշտության պայմանագրի դրույթները[5]:

Նորընտիր վարչապետ Ահմեթ Իզզեթի` 1918 թ. հոկտեմբերի 19-ին օսմանյան խորհրդարանում ներկայացրած ծրագրում ոչ մի քննադատություն չկար` ուղղված պատերազմի ժամանակ Միություն և առաջադիմություն (İttihat ve Terakki) կուսակցության վարած քաղաքականությանը: Անգամ «տեղահանության դեպքը» բացատրվում էր «պատերազմական դրության անհրաժեշտությամբ»[6]: Հարկ է նշել, որ Ահմեթ Իզզեթ փաշան ոչ միայն արգելք էր դարձել իթթիհադականների հետաքննությանը, այլև` անգամ հրահանգել ոչնչացնել այն բոլոր փաստաթղթերը, որոնք հնարավորություն կընձեռեին հետաքննություն սկսել ոճրագործների նկատմամբ[7]: Սադրազամ (վարչապետ)  դառնալուն պես նա հրամայել էր անմիջապես դադարեցնել Հատուկ կազմակերպության աշխատանքները և վերացնել տվյալ կազմակերպության արխիվը, բացի այդ` ապահովել էր, որպեսզի հայերի կոտորածների կապակցությամբ հետապնդվող կասկածյալներն ազատ կերպով հեռանան Ստամբուլից[8]: Իզզեթ փաշայի կառավարության կազմում ներկայացված էին առնվազն չորս հայտնի իթթիհադականներ, որոնք զբաղեցնում էին ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի պաշտոններ, ինչպիսիք էին, օրինակ, արդարադատության, ռազմածովային և ներքին գործերի նախարարների աթոռները: Դրանք էին ներքին գործերի նախարար Ալի Ֆեթհի Օքյարը, արդարադատության նախարար Հայրի էֆենդին, որը նախկինում շեյխուլիսլամ (կրոնական առաջնորդ) էր եղել, ռազմածովային նախարար Ռաուֆ Օրբայը և ֆինանսների նախարար Ջավիդ բեյը[9]: Ավելին` նախքան Իզզեթը սադրազամի պաշտոնում առաջադրված Ահմեթ Թևֆիկ փաշայի առաջ Թալեաթը պայման էր դրել, որ վերջինս իր վարչակազմում ընդգրկեր Միություն և առաջադիմություն կուսակցության երկու անդամի, հատկապես` Ջավիդին, սակայն Թևֆիկը չէր համաձայնվել Իթթիհադի վերնախավին պատկանող անձանց ներգրավել իր կառավարության կազմում ու չդիմանալով ճնշումներին` հրաժարվել էր սադրազամ դառնալու առաջարկից, և վարչապետ էր նշանակվել Ահմեթ Իզզեթը[10]:

Երիտթուրքական և հանրապետական շրջաններում պատգամավոր եղած հայտնի լրագրող և իթթիհադական Յունուս Նադի Աբալըօղլուի համաձայն` Թալեաթը հրաժարական տալուց առաջ ձգտում էր ապահովել երկու բան` Միություն և առաջադիմություն ընկերության (cemiyet) ցանցի` ամեն կերպ պահպանումը և իրեն հաջորդող կառավարության ոչ պատահական լինելը[11]: Դա բնականաբար պայմանավորված էր պատերազմի տարիներին կատարված ոճրագործությունների և հատկապես հայերի տեղահանման և ոչնչացման համար պատասխանատվության ենթարկվելուց խուսափելու նպատակով:

Մուդրոսի զինադադարի կնքումից երկու օր անց` 1918 թ. նոյեմբերի 1-ին, տեղի է ունենում Միություն և առաջադիմություն կուսակցության համագումարը: Մոտ 120 պատվիրակ, կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից մշակված և համագումարին առաջարկվող բանաձևից անտեղյակ, ունկնդրում են Թալեաթին: Վերջինս մանրամասն ներկայացնում է Բալկանյան պատերազմներից (1912-1913 թթ.) ի վեր կուսակցության գործունեությունը և Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան  կայսրության դրությունը: Համագումարում որոշում է կայացվում Իթթիհաթ վե Թերաքքի կուսակցության լուծարման և վերջինիս ողջ ունեցվածքը նոր հիմնվելիք Թեջեդդյութ (Վերածնունդ) կուսակցությանը հանձնելու մասին[12]: Ինչպես նշում է այդ ժամանակաշրջանն ուսումնասիրած թուրք պատմաբան Օ. Ս. Քոջահանօղլուն, այս որոշումն, անշուշտ, կայացվել էր ոչ թե համագումարի պատվիրակների կողմից, այլ ընդունվել էր իթթիհադական պարագլուխների` օրեր տևած գաղտնի ժողովների արդյունքում, այն հավաքների, որոնց ընթացքում մանրակրկիտ կերպով քննարկվել էր իրենց և կուսակցության դրությունը, և անգամ` նախապատրաստվել երկրից փախչելու ծրագիրը, որից տեղյակ էին ընդամենը 5-6 հոգի[13]: 1918 թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը կուսակցության կենտրոնական կոմիտեի բոլոր փաստաթղթերն իր հետ էր տարել Թալեաթի հետ հեռացած կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ դոկտոր Նազըմը` այդպիսով մեջտեղից վերացնելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող ապացույցները[14]: Նախապես էին որոշվել նույնիսկ նոր` Թեջեդդյութ կուսակցության անվանումը, կանոնադրությունը և այն  անձանց անունները, ովքեր կազմելու էին կուսակցության կորիզը[15]:

Մուդրոսի զինադադարի կնքումից հետո երկրի ներքաղաքական կյանքում ստեղծված տագնապալի դրության առաջացման և վատատես կանխատեսումների մեջ զգալի դեր ուներ երիտթուրքական կառավարության և կուսակցության` Հայոց ցեղասպանության հարցում ունեցած պատասխանատվության խնդիրը:

Հայոց ցեղասպանության պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում երիտթուրքերի չորրորդ համագումարը, որը տեղի է ունեցել 1911 թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 9-ը: Այս համագումարի ժամանակ կուսակցության պատվիրակների մեծ մասն ընդունել է, որ կայսրության օսմանականացման համար գոյություն ունի միայն մեկ ճանապարհ, այն է` ոչ թուրք ժողովուրդների բռնի ուծացումը[16]: Նույն համագումարի փակ նիստում արդեն նախագծվել էին Օսմանյան կայսրության ժողովուրդների, առաջին հերթին` հայերի և հույների բռնի թուրքացման ծրագրի իրականացման կոնկրետ միջոցառումները, որոնց շարքում նախատեսվում էին նաև բնակչության բռնի տարագրումը և բնաջնջումը` աքսորի ճանապարհներին կամ վերաբնակեցման վայրերում[17]: Ինչպես ընդգծում է հայ պատմաբան Ա.Գ. Ավագյանը. «Արևմտյան Հայաստանի բնակչության բնաջնջման ծրագրի նախապատրաստումը, ամենայն հավանականությամբ, վերջնական տեսքի բերվեց երիտթուրքերի` 1913 թ. գարնանը կայացած կենտրոնական կոմիտեի նիստում»[18]:

Այս առումով շրջադարձային եղավ 1913 թ., քանի որ Բալկանյան պատերազմներում պարտությունը երիտթուրքերին դրդեց գոնե կայսրության փոքրասիական մասը, այդ թվում` Արևմտյան Հայաստանը չկորցնելու համար դիմել դեռևս 1911 թ. համագումարում որպես ծայրահեղ միջոց ընդունված ոչ թուրքերի տարագրմանը[19]: Բացի այդ` 1913 թ. հունվարին ռազմական հեղաշրջմամբ բացարձակ իշխանության հասած և հատկապես նույն տարվա հունիսի 11-ին սադրազամ Մահմութ Շևքեթ փաշայի սպանությունից հետո երկրում բռնապետություն հաստատած իթթիհադականները հնարավորություն ստացան իրագործելու 1911 թ. նախանշված ծրագիրը, իսկ վերջինիս, այսինքն` Հայոց ցեղասպանության իրականացման համար հնարավորություն ընձեռեց Առաջին համաշխարհային պատերազմը:

Թեև հայերի առաջին տեղահանությունն սկսվել էր դեռևս 1915 թ. մարտի 2-ին` Դյորթյոլի հայերի տարագրմամբ[20], բայց Ցեղասպանությանն «օրինականություն» հաղորդելու նպատակով ժամանակավոր հորջորջված «Տեղահանության մասին» (Tehcir Kanun-ı Muvvakat) օրենքը հրապարակվեց 1915 թ. մայիսի 27-ին[21], որն ընդունվել էր ապօրինի կերպով, քանի որ սադրազամ Սայիթ Հալիմ փաշան այն ստորագրել էր նախքան խորհրդարանի հավանությանն արժանանալը[22]: Չորս հոդվածից[23] բաղկացած սույն օրենքի ամբողջական անվանումը հետևյալն էր. «Ժամանակավոր օրենք` պատերազմի ընթացքում կառավարության գործադրումների դեմ դուրս եկողների նկատմամբ ռազմական գերատեսչության կողմից ձեռնարկվելիք միջոցառումների մասին» (“Vakt-i Seferde İcraât-ı Hükümete Karşı Gelenler İçin Cihet-i Askeriyece İttihâz Olunacak Tedâbîr Hakkında Kanun-ı Muvvakat”)[24]:

Ինչպես նշում է թուրքագետ Ռ.Ա. Սաֆրաստյանը, Թալեաթի կողմից վերոհիշյալ օրենքի շտապ նախապատրաստումը պայմանավորված էր հատկապես դաշնակից 3 պետությունների` Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունների` 1915 թ. մայիսի 24-ին Օսմանյան կայսրությանը հղած համատեղ նոտայով, որում խստորեն դատապարտվում էին հայերի զանգվածային կոտորածները. «Թալեաթի մոտ այն, ըստ երևույթին, առաջացրել էր մտավախություն, որ ողջ մեղքը այդ ոճրագործությունների համար կբարդվի միայն իր վրա: Փորձելով խուսափել դրանից` նա նախաձեռնեց մի այնպիսի գործընթաց, որի նպատակն էր խուսափել միայնակ պատասխանատու լինելու վտանգից և պատասխանատվությունը ոճրագործների համար դարձնել կոլեկտիվ` տարրալուծելով այն կառավարության անդամների միջև»[25]:

«Տեղահանության մասին» օրենքի ընդունումից հետո Թալեաթը փորձում էր միաժամանակ իրականացնել երկու նպատակ. օրինական տեսք տալ հայերի տեղահանությանը և տարագրման ու կոտորածների պատասխանատվությունը դնել միայն կառավարության ու Միություն և առաջադիմություն կուսակցության վերնախավի առանձին անձանց, այլ ոչ թե կուսակցության վրա: Բացի այդ` Թալեաթ փաշան հետագայում պատասխանատվությունից խուսափելու և հայերի տեղահանումն «արդարացնելու» միտումով 1916 թ. Ներքին գործերի նախարարության կողմից հրատարակել էր «Հայկական կոմիտեների նպատակները և հեղափոխական գործողությունները Սահմանադրության հռչակումից առաջ ու հետո» գիրքը (“Ermeni Komitelerinin Amâl ve Harekât-ı İhtilâliyyesi İlân-ı Meşrutiyetten Evvel ve Sonra”, İstanbul, 1916)[26]:

Թալեաթն իր հուշերում գրում է. «Սկզբունքորեն զինվորական նախազգուշական միջոցառումից բացի` որևէ այլ նպատակ չունեցող տեղահանությունն անխիղճ ու թուլակամ մարդկանց շնորհիվ վերածվել է ողբերգության: Ուզում եմ նշել, որ միայն այդ դեպքերի պատճառով ողջ կառավարությանն ու Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեին, ինչպես նաև` այս գործի հետ ոչ մի առնչություն չունեցած անդամներին մեղադրելն անիրավացի ու կամայական երևույթ է: Միություն և առաջադիմություն կուսակցության կոմիտեի անդամներն անչափ վշտացած են հայերի դեմ կատարված գործողությունների պատճառով և դեպքերը կանխելու համար միշտ ձգտել են ազդել կառավարության վրա»[27]:

Խեղաթյուրելով«ՙՏեղահանության օրենքի»` իր իսկ կողմից մշակված լինելու փաստը` Թալեաթն իր հուշերում փորձում է արդարացնել նաև իրեն և պատասխանատվությունը դնել բանակի Գլխավոր շտաբի վրա. «Դրանից հետո Գլխավոր շտաբում մշակվեց «Հայերի տեղահանության» մասին մի օրենք և ներկայացվեց Նախարարների կազմին: Ես դեմ էի, որ այդ օրենքը լիովին կիրառվեր: Ժանդարմները` ամբողջությամբ, իսկ ոստիկանները` մասամբ, ընդգրկվել էին բանակում, ու նրանց փոխարինել էին պարամիլիտար ուժերը: Գիտեի, որ եթե տեղահանությունն իրականացվեր այդ պայմաններում, շատ տգեղ հետևանքների էր հանգեցնելու: Հետևաբար, ապագայի մասին մտածելով, պնդեցի, որ այդ օրենքը չգործադրվի, և հաջողացրի հետաձգել այդ օրենքի ուժի մեջ մտնելը»[28] :

Մինչդեռ փաստերը վկայում են, որ Հայոց ցեղասպանության ծրագիրը մշակվել էր Միություն և առաջադիմություն կուսակցության ու գործադրվել` ողջ կառավարական ապարատի կողմից: Եվ դա ոչ մեկի համար գաղտնիք չէր. ոճրագործությունն այնքան ակնհայտ էր, և հանցագործները` հայտնի, որ պատերազմի ժամանակ հարկադրյալ լռություն պահպանած օսմանյան մամուլը իթթիհադական կառավարության անկումից հետո սկսեց ակտիվորեն քննարկել հայերի ոչնչացման իրողությունը: Տվյալ ժամանակաշրջանի օսմանյան մամուլը, ինչպես նաև` Ստամբուլում լույս տեսնող այլալեզու թերթերը մեծ տեղ տվեցին հայերի տեղահանությունը և կոտորածները նկարագրող ու լուսաբանող հրապարակումներին[29]: Օսմանյան մի շարք պարբերականներում հայերի հանդեպ կատարվածը հիշվում էր անեծքով: Մամուլում զգալի տեղ էր հատկացված նաև ականատեսների վկայություններին, և օսմանյան թերթերը կարևոր դերակատարում են ունեցել մի շարք հանցագործների բացահայտման խնդրում[30]: Բացի այդ` այս հարցերը սուր վիճաբանությունների տեղիք են տվել տարբեր օրաթերթերի միջև[31]: Այս շրջանում լույս տեսան նաև Իթթիհադի հայաջինջ քաղաքականությունը մերկացնող այնպիսի աշխատություններ, ինչպիսիք են Ահմեթ Ռեֆիքի «Երկու կոմիտե, երկու ոճիրը» (Ahmet Refik (Altınay), İki Komite, İki Kıtal, İstanbul, 1919) և Հասան Ամջայի «Տեղահանության իրական պատկերը» (Hasan Amca, Tehcirin Gerçek Yüzü, Çerkes Hasan Bey’in Hatıraları, “Alemdar”, 19-27 Haziran, 1919)[32]:

Ժամանակի օսմանյան մամուլում տպագրված բազմաթիվ հոդվածներում շեշտվում էր Հայոց ցեղասպանության հարցում Իթթիհադի պատասխանատվությունը: Այսպես` օսմանյան «Ալեմդար» օրաթերթի խմբագիրը` Ռեֆի Ջևադ Ուլունայը, 1919 թ. մարտի 28-ին վերոնշյալ պարբերականում հրատարակված «Տեղահանության և կոտորածների կապակցությամբ» վերնագրով հոդվածում ընդգծում էր կոտորածների խնդրում բոլոր իթթիհադականների` մեղքի բաժին ունենալու հանգամանքը, այդ թվում և նրանց, ովքեր, տեղյակ լինելով հանդերձ, չեն միջամտել. «Ավազակախմբից (նկատի ունի Միություն և առաջադիմություն կուսակցությանը-Մ.Ա.) շատ քիչ թվով մարդ ենք ճանաչում, որ տեղահանության ու կոտորածների խնդրում չունենա իր մեղքի բաժինը: Այդ ոճիրները գործողները մեղավոր են, դրանց գործիք եղողներն էլ են մեղավոր, լռություն պահպանողները` նույնպես: Տեղահանությունը և կոտորածները Միություն և առաջադիմություն կուսակցության երբևէ խաղացած ամենաահասարսուռ ողբերգությունն էր: Անհնար է երկրի անունից չտխրել, մարդկության անունից այն չատել: Լռություն, սպանիչ կերպով լռություն պահպանելը մի՞թե նույնպիսի ոճիր չէ, որպիսին կոտորելն է»[33]:

Զինադադարի կնքումից հետո թուրքական մամուլում ու հասարակայնության մեջ բողոքների և քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց հատկապես Թալեաթի և երիտթուրքական մյուս առաջնորդների գաղտագողի փախուստը երկրից: Ինչպես նշում է ցեղասպանագետ Վ. Դադրյանը, օսմանյան մամուլում այդ ուշացած ափսոսանքի և վշտի ցուցադրումը ոչ միայն պարտության հետևանք էր, այլև` իրենց ևս որպես զոհ ներկայացնելու փորձ[34]: Մինչդեռ, ինչպես իր հուշերում խոստովանում է Առաջին աշխարհամարտի ժամանակ օսմանյան խորհրդարանի նախագահի և արտաքին գործերի ու արդարադատության նախարարների աթոռները զբաղեցրած Հալիլ Մենթեշեն, «Անատոլիայում շատ քիչ թուրքեր կային, որ առնչություն ունեցած չլինեին այդ տեղահանության գործի հետ»[35]: Մեկ ուրիշ Հալիլ` Մենթեշեի անվանակից Հալիլ փաշան (Հալիլ Քութ), ով Էնվերի հորեղբայրն էր և վեցերորդ բանակի հրամանատար էր նշանակվել 1916 թ. ապրիլի 19-ին, հայտնում է, որ երբ «Բեքիրաղա Բյոլյուղյու» կոչված կալանատանն անգլիացի հրամանատարը հարցրել է նրա կողմից 300 հազար հայերի սպանության մասին, ինքը գրավոր կերպով տվել է հետևյալ պատասխանը. «300 հազար հայ… Կարող է ավելի կամ պակաս լինել. չեմ հաշվել: Որտեղ որ հավանական է եղել նրանց ապստամբությունը, քաղաքացիական իշխանություններին հրամայել եմ տեղահանել նրանց և աքսորել եմ տվել»[36]:

Օսմանյան հասարակության մեջ իթթիհադականներին մեղադրելու և նրանցից զատվելու ցանկությունը բնորոշ էր զինադադարի կնքումին հաջորդած առաջին ամիսներին, երբ Օսմանյան կայսրությունը սպասում էր դաշնակից պետությունների վճռին: Այս ժամանակ մամուլում խիստ մեղադրանքներ էին տպագրվում` ուղղված իթթիհադականներին, ինչպես նաև սուր քննադատությունների էր ենթարկվում վերջիններիս վարած քաղաքականությունը, հատկապես` հայերի նկատմամբ: Անգամ Մուստաֆա Քեմալ փաշան հայերի զանգվածային բնաջնջմանը տվել էր «խայտառակություն» բնորոշումը[37], իսկ նրա աջակցությունը վայելող «Մինբեր» օրաթերթը հայերի ոչնչացման գործողությունը որակել որպես «պատմության նկատմամբ կատարված ամենամեծ և ամենաաններելի»[38] գործողություն:

Օսմանյան կայսրության, առաջին հերթին` Ստամբուլի հակաիթթիհադական, ընդդիմադիր իթիլաֆական զանգվածը մամուլի միջոցով պահանջում էր ձերբակալել ու խստորեն պատժել հայերի տեղահանության և կոտորածների պատասխանատուներին: Այսպես` «Ալեմդար» օրաթերթը գրում էր. «…կախաղաններն արժանի չեն այս մարդկանց: Այդ գլուխները, որ պետք է ջախջախել, անհրաժեշտ է կոճղերի վրա կտրել և օրեր շարունակ պահել` որպես խրատ»[39]:

Օսմանյան մամուլի` Հայոց ցեղասպանությանն առնչվող խնդիրների հանդեպ ցուցաբերած մեծ հետաքրքրությունը շարունակվեց նաև հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով դատաքննությունների սկսվելուց  հետո[40]: Այս առումով հատկանշական էր հատկապես «Ալեմդար» օրաթերթը, որը նաև սուլթանական պալատի բանբերն էր: Այսպես` օրաթերթի 1919 թ. ապրիլի 25-ի համարում տպագրվել էր սույն պարբերականի տնօրեն Ահմեթ (Փեհլիվան) Քադրիի բաց նամակը` ուղղված Ռազմական ատյանի նախագահ Նազըմ փաշային[41]: «Ալեմդարի» տնօրենը բաց նամակում պատմում էր հայերի կոտորածների վայրագության մասին, նշում մի քանի պաշտոնյաների անուններ, ովքեր պաշտոնազրկվել էին կառավարության կողմից` կատարված չարագործությունների վերաբերյալ համապատասխան մարմիններին տեղեկացնելու պատճառով, Ռազմական ատյանի նախագահին խնդրում ավելի լուրջ վերաբերվել ականատեսների վկայություններին և պատժել բոլոր հանցագործներին[42]:

Հիշատակման է արժանի նաև «Ալեմդարի» գլխավոր խմբագիր Ռեֆի Ջևադ Ուլունայի հոդվածաշարը` նվիրված Հայոց ցեղասպանության խնդրին: «Ալեմդար» օրաթերթի գլխավոր խմբագիրը հայերի տեղահանությանն ու կոտորածներին, ինչպես նաև` դրանց վերաբերյալ հարուցված դատական գործերին անդրադարձող իր առաջնորդող հոդվածներում հատկապես շեշտում էր երիտթուրքերի դատաքննություններն արագ իրականացնելու և հանցագործներին անմիջապես պատժելու անհրաժեշտությունը: 1919 թ. փետրվարի 14-ին տպագրված «Տեղահանության և կոտորածների կապակցությամբ» վերնագրով հոդվածում նա իր մտահոգությունն էր արտահայտում այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան հայերի կոտորածների դատաքննություններն իրականացնում էր հարկադրված, և որ դատավարությունների շարժառիթ էր ծառայել ոչ թե արդարության վերականգնումը, այլ` ընդամենը Եվրոպայի առջև արդարադատ երևալու ցանկությունը[43]: Նույն հոդվածում Ռեֆի Ջևադն ընդգծում էր հայերի կոտորածների զանգվածային բնույթը. «Կառավարությունը տեղահանության և կոտորածների խնդրի կապակցությամբ դատարանին հանձնեց երեքից-հինգ հոգու: Մի՞թե խնդիրն այդքանով ավարտվում է: Ինչպե՞ս կարելի է տեղահանությունն ու կոտորածները սահմանափակել նման շրջանակում»[44]: 1919 թ. փետրվարի 20-ին հրատարակված «Ինչպիսի՞ն են եղել ուղեկառքի ձիերը» հոդվածում «Ալեմդար»-ի խմբագիրը շեշտում էր այն, որ Յոզղատի դատավարության մեղադրյալներից Բողազլըյան գավառի կայմակամ (գավառապետ) Մեհմեթ Քեմալը, ոճրագործ լինելով հանդերձ, ընդամենը պարզ գործիք է եղել Հայոց ցեղասպանության հեղինակների` գլխավոր պատասխանատուների ձեռքում, իսկ վերջիններս ոչ միայն դեռ չեն պատժվել, այլև նույնիսկ չեն էլ կալանավորվել. «Ո՞վ է Քեմալ բեյը. եթե ճշմարտությունը որոնելու լինենք, այն բաղկացած կլինի մի արյունոտ կացնից: Արդարադատությունը պետք է կտրի այդ կացինը գործել տված ձեռքը, իսկ այդ ձեռքերը, այդ ուղեղները դեռ ազատ շրջում են մեր մեջ»[45]: «Ալեմդար» օրաթերթի խմբագիրը 1919 թ. ապրիլի 9-ի համարում տպագրված «Ի պատասխան մի պաշտպանության» վերնագրով հոդվածում ընդգծում էր հայերի կոտորածների կանխամտածված բնույթը, մտահղացողի և կատարողի միասնական լինելը. «Ենթադրենք` որևէ մեկը հանցագործություն է կատարել: Բնականաբար չենք կարող այդ ոճրագործությունը նյութած ուղեղը և ի կատար ածած ձեռքը միմյանցից բաժանել: Դա ո’չ օրենքը թույլ կտա, ո’չ էլ բանականությունը: Եթե Բեհաեդդին Շաքիրը ողբերգություններ հղացած ուղեղն էր, ապա Քեմալ բեյն ու իր հանցակիցները այդ ուղեղի չարագործությունները նախապատրաստած ձեռքերն էին: Օրենքը ձեռքն էլ է կտրում, ուղեղն էլ` հանգցնում»[46]: Ռեֆի Ջևադը մեկ այլ հոդվածում շեշտում էր ոճրագործներին ըստ արժանվույն պատժելու անհրաժեշտությունը. «Ընդամենը արդարություն ենք պահանջում մեր հոդվածներով: Արդարություն ասելով` ի նկատի ունենք` բռնությանը համարժեք պատիժ: Այսօր քաղաքակիրթ աշխարհն ու մարդկությունը չեն կարող անտարբեր մնալ պատռված աղիքների, հանված աչքերի, ջնջխված ուղեղների հանդեպ: Չի կարելի մեծ հայրենասեր համարել այդ ողբերգական տեսարանների հեղինակներին: Միակ բանը, որ պարտավոր ենք անել, մի ողջ ժողովրդի դեպի բնաջնջում տարած մարդասպաններին պատժելն է»[47]:

Զինադադարի շրջանում օսմանյան հասարակության և մամուլի կողմից հնչեցված սուր քննադատությունների ճնշման տակ հայերի տեղահանության և կոտորածների խնդիրն ընդգրկվեց նաև տվյալ ժամանակաշրջանի օսմանյան խորհրդարանի[48] օրակարգ, ու վերջինս դարձավ թեժ քննարկումների թատերաբեմ[49]: 

Թալեաթ փաշայի հրաժարականից հետո (1918 թ. հոկտեմբերի 7) օսմանյան խորհրդարանն իր աշխատանքները շարունակեց մինչև 1918 թ. դեկտեմբերի 21-ը[50]: Հարկ է նշել` քանի որ պատերազմի պատճառով հնարավոր չէր եղել խորհրդարանային ընտրություններ անցկացնել, պատգամավորների պալատի օրինական ժամկետը մեկ տարով երկարաձգվել էր` 1876 թ. Սահմանադրության 70-րդ հոդվածին մեկ դրույթ ևս հավելելու միջոցով[51]:

1918 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատգամավորների պալատում և սենատում ամենաշատ քննարկված խնդիրը դարձավ Օսմանյան կայսրությունն Առաջին աշխարհամարտի մեջ ներքաշելու և հայերի կոտորածները կազմակերպելու մեջ մեղադրվողներին դատական պատասխանատվության ենթարկելու հարցը: Իթթիհադականների` քաղաքական թատերաբեմից առերևույթ հեռանալու և հատկապես պարագլուխների փախուստից հետո մինչ այդ լռություն պահպանած պատգամավորները սկսեցին քննադատությունների տարափ տեղալ նախկին կառավարության հասցեին: 

Թեժ քննարկումներն ու սուր վիճաբանությունները օսմանյան խորհրդարանում սկսվեցին 1918 թ. հոկտեմբերի 19-ի նիստում, որի ժամանակ իր վարչակազմի ծրագիրն էր ներկայացրել Ահմեթ Իզզեթ փաշան: Ծրագրի ընթերցումից հետո պատգամավորները խստորեն քննադատեցին կառավարության ներկայացրած ծրագիրը[52], որովհետև Իզզեթ փաշան իր ծրագրում չէր ընդգրկել պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունները հետաքննելու հարցը[53]: Քննադատություններին ի պատասխան` Ահմեթ Իզզեթը հայտարարեց. «Մենք անպայման արդարադատություն ենք խոստանում, որը գործադրելու ենք»[54]: Հարկ է նշել, որ նորանշանակ Ահմեթ Իզզեթը ծրագրում միայն անդրադարձել էր հայերի և այլ քաղաքացիների` հետզհետե իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու թույլտվության և ամեն տեսակի վնասների փոխհատուցման անհրաժեշտությանը[55]:

Հայերի կոտորածների հարցով լարված քննարկումներ են եղել նաև խորհրդարանի 1918 թ. նոյեմբերի 4-ի նիստում: Թեժ վիճաբանությունների տեղիք էր տվել հատկապես 1918 թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը երիտթուրքական յոթ պարագլուխների փախուստը երկրից: Այս նիստում հայկական ջարդերի հարցն օրակարգ է բերվել տարբեր գրավոր առաջարկների, դիտողագրերի և հարցապնդումների միջոցով: Այսպես` նախ Այդընի պատգամավոր Էմանուել էֆենդին բարձրացրել է խորհրդարանի վերընտրության հարցը և ընդգծել, որ այս մեջլիսը կապ է ունեցել նախկին կառավարության գործած ոճիրների հետ, և որ նրա որոշ անդամներ, այդ թվում նաև` խորհրդարանի խոսնակ Հալիլ Մենթեշեն, անմիջականորեն առնչվել են տվյալ հանցագործություններին[56]:

Այս սուր քննարկումներին մասնակցում էին նաև 7 հայ պատգամավորներ. Քոզանի (Սիսի) պատգամավոր Մատթեոս Նալբանդյանը, Իզմիրի (Զմյուռնիա) պատգամավոր Օննիկ Իհսանը, Էրզրումի (Կարինի) պատգամավոր Հովսեփ Մադաթյանը, Հալեպի պատգամավոր Արթին Բոշգեզենյանը, Մարաշի պատգամավոր Հակոբ Խըրլաքյանը, Մուշի պատգամավոր Գեղամ Տեր-Կարապետյանը, Սվասի (Սեբաստիայի) պատգամավոր Տիգրան Պարսամյանը[57], որոնք բոլորն էլ ընտրվել էին Միություն և առաջադիմություն կուսակցության ընտրացուցակով[58]:

Նույն նիստում Բաղդադի սանջակներից (գավառ) մեկից` Դիվանիեից ընտրված պատգամավոր Ֆուադ բեյը ներկայացրել է 10 կետից բաղկացած մի առաջարկ (takrir), որը հետագայում հիմք է տվել պատերազմական վարչակազմերի անդամներին հարցաքննած օսմանյան խորհրդարանի Հինգերորդ հանձնախմբի (Beşinci Şube) ստեղծմանը: Թեև Ֆուադ բեյը վերոնշյալ առաջարկը խորհրդարանին էր հղել դեռևս 1918 թ. հոկտեմբերի 28-ին, սակայն Հայոց ցեղասպանության պատասխանատուներից մեկը հանդիսացող խորհրդարանի խոսնակ Հալիլ Մենթեշեի կողմից հարցը ձգձգելու պատճառով այն օրակարգ է բերվել միայն նոյեմբերի 2-ին, իսկ քննարկման առարկա դարձել` նոյեմբերի 4-ին[59]:

Անմիջականորեն հայերի կոտորածները քննարկելու մասին 1918 թ. նոյեմբերի 4-ի նիստում առաջարկ են ներկայացրել նաև Այդըն նահանգից ընտրված պատգամավոր Էմանուել էֆենդին ու ևս երկու հույն պատգամավորներ: Վեց կետից կազմված սույն առաջարկով պատգամավորները պահանջել են պատժել Թալեաթին և վերջինիս հանցակիցներին` հայ ժողովրդի նկատմամբ կիրառված բռնությունների համար[60]: Առաջարկի առաջին կետում նշված էր հետևյալը. «Հայ ազգին պատկանելուց բացի այլ մեղք չունեցող մեկ միլիոն մարդ, այդ թվում նաև` կանայք ու երեխաներ, սպանվել են և ոչնչացվել», իսկ հինգերորդ կետն անդրադառնում էր հայազգի պատգամավորներ Զոհրապի և Վարդգեսի սպանությանը[61]: Առաջարկը ներկայացնելուց հետո ելույթ ունեցած Էմանուել էֆենդին ընդգծել է, որ  այդ դեպքերի համար պատասխանատուների թիվը չի կարող սահմանափակվել միայն 3-4 հոգով, և որ այս հանցանքները գործվել են մի ուժեղ հոսանքի կողմից: Պատգամավորն ակնարկել է նաև, թե այդ իրադարձությունների մեջ պատասխանատու էր ոչ միայն հիշյալ հոսանքը, այլ նաև` բոլոր նրանք, ովքեր աջակցել էին այդ հոսանքին, նույնիսկ` ողջ ազգը[62]: Էմանուել էֆենդու ակնարկը հարուցել է թուրք պատգամավորների դժգոհությունը: 1918 թ. նոյեմբերի 4-ի նիստում նաև արձանագրվել է այս խնդրի շուրջ առաջին քաղաքական առճակատումը` թուրք և հայ ու այլազգի պատգամավորների միջև. «…հայ երեսփոխաններ մերթ փաղաքշելով, մերթ սաստելով, մերթ ալ երկիմաստ կամ թաքուն արտայայտութիւններով, իրենց թուրք պաշտօնակիցներուն ասպարէզ կարդացին Մեծ եղեռնի առնչութեամբ գործուած ոճրապարտ արարքներուն համար»[63]:

Վերոհիշյալ նիստում հայերի տեղահանմանն ու ոչնչացմանն առնչվող երկրորդ առաջարկ է ներկայացրել Քոզանի պատգամավոր Մատթեոս Նալբանդյանը` մի քանի ընկերոջ հետ միասին: Սույն առաջարկով պահանջվում էր չեղյալ հայտարարել «Տեղահանության» և «Լքյալ գույքերի» մասին ժամանակավոր օրենքները, և որպես հիմնավորում նշվում էր այդ օրենքների հակասահմանադրական բնույթը: Այս առաջարկին կառավարության անունից պատասխանած ներքին գործերի նախարար Ալի Ֆեթհի Օքյարը խոստանում է այդ կապակցությամբ հետաքննություն սկսել[64]:

Հայերի կոտորածների վերաբերյալ քննարկումներն օսմանյան խորհրդարանում շարունակվել են նաև Իզզեթ փաշային հաջորդած Թևֆիկ փաշայի վարչապետության օրոք: Քննարկումները վերսկսվել են 1918 թ. նոյեմբերի 18-ին, երբ խորհրդարանի հաստատմանն է ներկայացվել Թևֆիկ փաշայի կառավարության ծրագիրը: Հալեպի հայ պատգամավոր Արթին Բոշգեզենյանը շեշտել է, որ եթե կառավարությունն իրոք ակնկալում է հաշտության բանակցություններից դրական արդյունք ստանալ, ապա դրա միակ ճանապարհը հայերի կոտորածների մեղավորներին դատապարտելու ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկելն է[65], իսկ ի պատասխան ներքին գործերի նախարարի արած այն արտահայտությանը, թե հետաքննություն սկսելու համար իրենք հայցերի են սպասում, պատգամավորն ասել է, որ այդ վերաբերմունքը ճիշտ չի կարող լինել, քանի որ մարդ չի մնացել, որ կարողանա բողոքել[66]:

Հայկական ջարդերի խնդիրը քննարկման նյութ է դարձել նաև 1918 թ. նոյեմբերի 23-ի նիստում, որի ընթացքում հայ և հույն պատգամավորները չեն սահմանափակվել միայն Միություն և առաջադիմություն կուսակցությանը մեղադրելով, այլ նաև խոսել են թուրքերի հավաքական պատասխանատվության խնդրի մասին[67]: Նույն նիստում Տրապիզոնի պատգամավոր Մեհմեթ Էմինը կարևոր տեղեկություններ է հաղորդել հայերի կոտորածների մասին` հայտնելով, որ հայերին Սամսուն ուղարկելու պատրվակով նստեցրել են նավերը և ջրախեղդ արել[68]:

Հաջորդ նիստում հայ պատգամավորներից Մատթեոս Նալբանդյանը շեշտելով, թե «հայերը բնաջնջվել են», իսկ «Անատոլիան վերածվել համատարած գերեզմանոցի», ընդգծել է նաև, որ թուրքերը, որպես ազգ, չեն կարող խուսափել պատասխանատվությունից, իսկ որպես խնդրի լուծում` պահանջել բոլոր հանցագործների բացահայտումն ու պատժումը[69]:

Հայերի տեղահանության ու կոտորածների հարցը քննարկվել է նաև օսմանյան սենատում: Սենատում սույն խնդրով առաջին քննարկումը տեղի է ունեցել 1918 թ. հոկտեմբերի 19-ին[70], երբ սենատի բացման առթիվ ելույթ ունեցած սենատի նախագահ (Իթթիհադի նախկին առաջնորդներից) Ահմեթ Ռըզան խոսքի մեջ հիշեցրել է «վայրենաբար սպանված հայերի» մասին[71]: Երկու օր անց Ռըզան, ավելի հեռուն գնալով, հայտարարել է, թե հայերը բնաջնջվել են «պետության ձեռքով» կիրառության մեջ դրված «պաշտոնական» քաղաքականության արդյունքում[72]: 1918 թ© նոյեմբերի 4-ի նիստում, երբ միևնույն ժամանակ հենց նույն խնդրի շուրջ թեժ քննարկումներ էին տեղի ունենում նաև պատգամավորների պալատում, Հայոց ցեղասպանության ընթացքում վարչապետ եղած Սայիթ Հալիմ փաշան, որը սենատի անդամ էր, առաջարկ է ներկայացրել սենատին, ըստ որի` առաջարկվում էր անհրաժեշտ հարցաքննությունն իրականացնելու համար հիմնել Գերագույն դատարան[73]: Սենատի անդամները, որպես ուղեցույց ընդունելով Չյուրյուքսուլու Մահմութ փաշայի առաջարկը, որոշել են, տվյալ պահին սենատում առկա յոթ հանձնաժողովից բացի, սենատի 5 տարբեր մեծ հանձնաժողովների անդամների մասնակցությամբ ստեղծել նաև մի նոր` Հատուկ հանձնաժողով (Encümen-i Mahsus)[74]: Ութ հոգուց բաղկացած այդ հանձնաժողովի վրա դրվել են նույն պարտականությունները, ինչ` խորհրդարանի Հինգերորդ հանձնախմբի[75], այսինքն` կառավարությանը հարցաքննել պատերազմի ընթացքում գործված ոճրագործությունների կապակցությամբ: Սենատի կողմից կազմված այդ Հատուկ հանձնաժողովը աշխատանքներն ամփոփել է 1918 թ. նոյեմբերի 9-ին, իսկ նրա ամփոփիչ զեկույցը ներկայացվել է նոյեմբերի 14-ի նիստում: Հանձնաժողովը որոշել էր հրապարակել Չյուրյուքսուլու Մահմութ փաշայի ձեռքի տակ գտնվող նյութերը, սակայն այս բոլոր նախաձեռնություններն անարդյունք են մնացել` 1918 թ. դեկտեմբերի 21-ին օսմանյան խորհրդարանի լուծարման պատճառով[76]: 

Այսպիսով, թե’ օսմանյան մամուլում, թե’ պատգամավորների պալատում և թե’ սենատում տեղի ունեցած այս թեժ քննարկումների ժամանակ փաստվել է Հայոց ցեղասպանության եղելությունը, և հիմնվել օսմանյան խորհրդարանի Հինգերորդ հանձնախումբը, որը հարցաքննության է ենթարկել պատերազմի ընթացքում երկիրը ղեկավարած Սայիթ Հալիմ ու Թալեաթ փաշաների կառավարության անդամներին` ի թիվս այլ հանցագործությունների և չարաշահումների` նաև հայերի տեղահանությունն ու կոտորածները կազմակերպելու կապակցությամբ:

Մելինե Անումյան

Պատմական գիտությունների թեկնածու

 

[1] Шамсутдинов, Национально-освободительная борьба в Турции, 1918-1923 гг, Москва, 1966, с. 15.

[2] Տատրեան Վ., Հայկական ցեղասպանութիւնը խորհրդարանային եւ պատմագիտական քննարկումներով, տպ. «Պայքար», Մասաչուսեթս, 1995, էջ 5: 

[3] Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu. İttihat ve Terakki’den Kurtuluş Savaşı’na, 2. Baskı, İmge Kitabevi, İstanbul, 2002, s. 390.

[4] Նույն տեղում, էջ 388: Ինչպես իր հուշերում արձանագրում է թուրք լրագրող ու հանրապետական շրջանի պատգամավոր Ֆալիհ Ռըֆքը Աթայը. «Այն ժամանակ անձանց վրա դրված կնիքը «մարդ» բառն էր` Ջեմալ փաշայի մարդը, Էնվեր փաշայի մարդը, Թալեաթ փաշայի մարդը… Նրանցից ամեն մեկն էլ իր «մարդիկ» ուներ: Երբ խմբերը մեծացան, այլևս ճիշտ դարձավ ասել` Էնվեր փաշայի թիմը (tayfa), Թալեաթ փաշայի թիմը, Ջեմալ փաշայի թիմը», տե’ս Atay F.R., Zeytindağı, Bateş, İstanbul, 1981, s. 38.

[5] Dadrian V., Akçam T., “Tehcir ve Taktil”, Divan-ı Harb-i Örfî Zabıtları, İttihad ve Terakki’nin Yargılanması 1919-1922, Bilgi Üniversitesi Yayınları, İstanbul, 2008, s. 6. 

[6] Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu, s. 390.

[7] Նույն տեղում, էջ 391:

[8] Նույն տեղում:

[9] Tunaya T.Z., Türkiye’de Siyasal Partiler, Cilt 3, İttihat ve Terakki, Bir Çağın, Bir Kuşağın, Bir Partinin Tarihi, İletişim Yayınları, İstanbul, 2000, s. 40.

[10] Selek S., Anadolu İhtilali, Cilt 1, Kastaş Yayınevi, İstanbul, 2000, s. 40. Շատ չանցած Ահմեդ Թևֆիկը հաջորդում է Իզզեթին:

[11] Nadi Y., Kurtuluş Savaşı Anıları, Erdini Basım ve Yayınevi, İstanbul, 1978, s. 8. 

[12] Kocahanoğlu O.S., İttihat Terakki’nin Sorgulanması ve Yargılanması (1918-1919), Temel Yayınları, İstanbul, 1998, s. 18. 

[13] Նույն տեղում:

[14] Դոկտոր Նազըմը, լինելով կուսակցության հիմնադիրներից մեկը և ամենահեղինակավոր անդամը, միաժամանակ կազմակերպության դիվանապահն էր: Նրա մոտ էր պահվում կուսակցության ողջ արխիվը, որի անհետացումը ևս կապում են Նազըմի անվան հետ, տե’ս Bleda M.Ş., İmparatorluğun Çöküşü, Remzi Kitabevi, İstanbul, 1979, s. 112. Կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Միթհաթ Շյուքրյուն այդ փաստը հաստատում է նաև երիտթուրքական կուսակցության անդամների դատավարության երկրորդ նիստում` 1919 թ. մայիսի 4-ին, տե’ս Takvîm-i Vekayi, 8 Mayıs, 1919, s. 20.

[15] Kocahanoğlu O.S., İttihat Terakki’nin Sorgulanması ve Yargılanması (1918-1919), s. 18.

[16] Авакян А. Геноцид 1915 г.: Механизмы принятия и исполнения решений/ НАН РА, Музей Геноцида армян / [Отв. ред. Г. Р. Симонян], Ереван: Гитуцюн, 1999, ր. 14.

[17] Նույն տեղում, էջ 16-17:

[18] Նույն տեղում, էջ 31: Նման պնդման ապացույց է նաև Հայոց ցեղասպանության ծրագրի հիմնական մշակողներից և իրականացնողներից Բեհաեդդին Շաքիրի այցը Արևմտյան Հայաստան 1913 թ. ու նահանգապետերին հրահանգներ պարունակող գաղտնի ծրագրերի հանձնումը, տե’ս Ավագյան Ա., 1915 թ. ցեղասպանության նախապատրաստական փուլից. Բեհաեդդին Շաքիրի այցն արևելյան նահանգներ, Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ IV, Երևան, Ասողիկ, 2006, էջ 245-251:

[19] Երիտթուրքական կազմակերպությունում փոքրամասնությունների տեղահանման, փոխանակման և արտաքսման գաղափարներն սկսել են շրջանառության մեջ դրվել ու քննարկվել դեռևս 1909 թ. դոկտոր Նազըմի կողմից “Journal de Salonique” թերթին տված հարցազրույցով, տե’ս Bayur Y.H., Türk İnkılâbı Tarihi, Cilt 1, Giriş: Berlin Muahedesinden Trablus-Garp Savaşına Kadar, Maarif Matbaası, İstanbul, 1940, ss. 305-306. 

[20] Osmanlı Belgelerinde Ermeniler (1915-1920), T.C. Başbakanlık Devlet Arşivleri Genel Müdürlüğü, Ankara, 1994, s. 20.

[21] Հայերի տեղահանության մասին որոշման ընդունման ժամանակ  կատարվել են իրավական մի շարք խախտումներ, որոնք հետագայում բացահայտվեցին ու քննադատվեցին օսմանյան խորհրդարանի Հինգերորդ հանձնախմբի կողմից կատարված հարցաքննության ընթացքում: Հարկ է նշել, որ Էնվերի` «Չկա օրենք, ստեղծի’ր այն» (“Yok kanun, yap kanun!”) մոտեցմամբ պատերազմի ժամանակ հրապարակվեցին բազմաթիվ ժամանակավոր օրենքներ (Kavanin-i Muvakattiye), այդ թվում և` «Տեղահանության» ու «Լքյալ գույքերի» ժամանակավոր օրենքները:

[22] Տատրեան Վ., Հայկական ցեղասպանութիւնը խորհրդարանային եւ պատմագիտական քննարկումներով, էջ 20:

[23] Ցեղասպանությունից վերապրած հետազոտող Հայկազն Ղազարյանը հայտնում է, թե Տեղահանության մասին օրենքն իրականում բաղկացած է եղել 8 հոդվածներից, որոնցից 5-ը գաղտնի են պահվել, քանի որ վերաբերել են հայերի ունեցվածքի բռնագրավմանը, տե’ս Ղազարեան Հ., Ցեղասպան թուրքը, Համազգային տպարան, Պէյրութ, 1968, էջ 328:

[24] Bardakçı M., Talât Paşa’nın Evrak-ı Metrûkesi, İstanbul, Everest Yayınları, 2009, s. 25-26. Տե’ս նաև` “Meclis-i Vükela’nın Tehcir Kararı”, 30 Mayıs 1915, Osmanlı Belgelerinde Ermeniler, ss. 30-32.

[25] Սաֆրաստյան Ռ., Օսմանյան կայսրություն. Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը (1876-1920 թթ.), Երևան, 2009, էջ 174-176: 

[26] Միություն և առաջադիմություն կուսակցության անունը չվարկաբեկելու, տեղահանությունն արդարացնելու, տարագրյալների ոչնչացման պատասխանատվությունից խուսափելու և դա միայն մի քանի մասնավոր անձանց վրա բարդելու միտումն ակնհայտ է նաև Թալեաթ փաշայի հուշերում: Ի դեպ` հենց այս հանգամանքն է եղել հուշերը գրելու հիմնական դրդապատճառը, տե’ս Herbert A., Ben Kendim. A Record of Eastern Travel, Hutchinson, London, 1924, pp. 323-324. 

[27] Çavdar T., Talât Paşa, Bir Örgüt Ustasının Yaşam Öyküsü, 4. Baskı, İmge Kitabevi, İstanbul, 2001, s. 402. 

[28] Talât Paşa’nın Hatıraları, H. Yalçın’ın Önsözüyle, Yeni Matbaa, İstanbul, 1958, s. 59. 

[29] Օսմաներեն և Ստամբուլում հրապարակվող այլալեզու մամուլում տպագրված նյութերի որոշ մասը հրատարակել է Գրիկէրը (Գրիգոր Կերկերյան): Տե’ս Գրիկէր, Եոզղատի հայասպանութեան վաւերագրական պատմութիւնը, Նիւ Եորք, 1980, էջ 11-67: Օրաթերթերում տպագրված հոդվածները մանրամասն վերլուծված են նաև Ջ. Կիրակոսյանի «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» վերնագրով աշխատության երկրորդ հատորում, Երևան, 1983:

[30] Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu, s. 397.

[31] Այդ մասին ավելի մանրամասն տե’ս` Անումյան Մ., Մեծ եղեռնը հավաստող վկայություններ օսմանյան «Ալեմդար» օրաթերթում, «Բանբեր Հայաստանի արխիվների», N 1 (107), Երևան, 2006, էջ 310-317: 

[32] Այս գրքերը թարգմանվել ու հրատարակվել են նաև հայերեն, տե’ս Ահմեդ Ռեֆիկ, Երկու կոմիտե, երկու ոճիր, թարգմանությունը թուրքերենից ու առաջաբանը` Ս.Պ. Մուրադյանի, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 1998, Հասան Ամջա, Տեղահանություն և ոչնչացում (Տեղահանության իրական պատկերը), օսմաներենից թարգմանությունը, ներածականն ու ծանոթությունները` Ա.Գ. Ավագյանի, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 2007:

[33] Անումյան Մ., նշվ. աշխ., էջ 312-313:

[34] Dadrian V., Akçam T.,  “Tehcir ve Taktil”, s. 11.

[35] Osmanlı Mebusan Meclisi Reisi Halil Menteşe’nin Anıları, Hürriyet Vakfı Yayınları, İstanbul, 1986, s. 239. 

[36] Halil Paşa, İttihat ve Terakki’den Cumhuriyet’e Bitmeyen Savaş, Derleyen: Taylan Sorgun, Kamer Yayınları, İstanbul, 1997, s. 274. 1919 թ. օգոստոսի 8-ին բանտից փախած Հալիլ Քութը երիտթուրքական կուսակցության անդամների դատավարության մեղադրական ակտում հիշատակվում էր որպես Հատուկ կազմակերպության անդամ, տե’ս Takvîm-i Vekayi, No 3540, 5 Mayıs 1919, s. 5. 

[37] Dadrian V., Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 11.

[38] Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu, s. 395.  

[39] Akşin S., İstanbul Hükümetleri ve Milli Mücadele, Öztürk Matbaası, İstanbul,  1983, s. 199. 

[40] Այս մեղադրանքով կայացած առաջին` Յոզղատի դատավարությունն սկսվեց 1919 թ. փետրվարի 5-ին:

[41] «Ալեմդար»-ում տպագրված սույն հոդվածի ամբողջական թարգմանությունը տե’ս` Անումյան Մ., Յոզղատի և Տրապիզոնի տեղահանության ու կոտորածների դատավարությունները ըստ «Ալեմդար» օրաթերթի, «Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր», N 9, Երևան, 2004, էջ 72-74: 

[42] Ahmed Kadri, Divan-ı Harb-i Reisi Nazım Paşa Hazretlerine Açık Mektup, “Alemdar”, 25 Nisan 1919.

[43] Refi Cevad, Tehcîr ve Taktil Münasebetiyle, “Alemdar” 14 Şubat 1919.

[44] Refi Cevad, Tehcîr ve Taktil Münasebetiyle, “Alemdar” 14 Şubat 1919.

[45] Refi Cevad, Arabanın Beygirleri Nasıl İmiş?, “Alemdar”, 20 Şubat 1919.

[46] Refi Cevad, Bir Müdafaa Karşısında…, “Alemdar”, 9 Nisan 1919.

[47] Refi Cevad, Ne Diyoruz, Ne İstiyoruz, “Alemdar”, 10 Nisan 1919.

[48]Օսմանյան խորհրդարանը բաղկացած էր երկու պալատից` պատգամավորների պալատից ու սենատից:

[49]Օսմանյան խորհրդարանում կայացած քննարկումների մասին ավելի մանրամասն տե’ս Տատրեան Վ., Հայկական ցեղասպանութիւնը խորհրդարանային եւ պատմագիտական քննարկումներով:

[50] Tunaya T. Z., Türkiye’de Siyasal Partiler, cilt III, s. 654.

[51] Kocahanoğlu O. S., İttihat Terakki’nin Sorgulanması ve Yargılanması, s. 26.

[52] Ata F., İşgal İstanbulu’nda Tehcir Yargılamaları, Türk Tarih Kurumu, Ankara, 2005, ss. 21-22.

[53] Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu, s. 398.

[54] Նույն տեղում, էջ 399:

[55] Ata F., İşgal İstanbulu’nda Tehcir Yargılamaları, s. 21.

[56] Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu, s. 400. 

[57] Տատրեան Վ., Հայկական ցեղասպանութիւնը խորհրդարանային եւ պատմագիտական քննարկումներով, էջ 12: 

[58] Dadrian V. , Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 21. Հայերի բնաջնջմանը նվիրված իր գրքում օսմանյան սենատի անդամ Ահմեթ Ռեֆիկը զարմանք էր արտահայտում, թե այն ժամանակ, երբ Անատոլիայի հայերը քշվում էին Դեր-Զոր և կոտորվում, հայ պատգամավորները Ստամբուլում շարունակում էին ջերմ կապեր պահպանել Թալեաթի և հայերի ոչնչացումը կազմակերպած Իթթիհադի այլ պարագլուխների հետ, տե’ս Refik A., Kafkas Yollarında. İki Komite İki Kıtal, İstanbul, Temel Yayınları, 1998, s. 177.

[59] Dadrian V. , Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 21.

[60] Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu, s. 401. 

[61] Խոսքը հայ պատգամավորներ Գրիգոր Զոհրապի և Վարդգես Սերենգուլյանի մասին է: Նույն տեղում, էջ 401-402:

[62] Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu, ss. 403-404:

[63]Տատրեան Վ., Հայկական ցեղասպանութիւնը խորհրդարանային եւ պատմագիտական քննարկումներով, էջ 19: 

[64] Akçam T., İnsan Hakları ve Ermeni Sorunu, ss. 405-406.

[65] Նույն տեղում, էջ 409:

[66] Նույն տեղում, էջ 409-410:

[67] Նույն տեղում, էջ 411-412:

[68] Նույն տեղում, էջ 414:

[69] Նույն տեղում, էջ 415-416:

[70] Ata F., İşgal İstanbulu’nda Tehcir Yargılamaları, s. 30.

[71] Dadrian V. , Akçam T., “Tehcir ve Taktil”, s. 32. 

[72] Նույն տեղում:

[73] Նույն տեղում, էջ 32: 

[74] Նույն տեղում:

[75] Նույն տեղում:

[76] Նույն տեղում, էջ 37:

 

Previous Post

ԹԱՔՍԻՄԸ ԿՐՆԱՅ ԴԱՌՆԱԼ ԹՈՒՐՔԻՈՅ ԹԱՀՐԻՐԸ

Next Post

Վարդան Ափինյան. Գիտության արհամարհումից առաջացած խորը բարոյական ճգնաժամն առավել ակնհայտ է, երբ վերադառնում ես արտասահմանից և նոր հայացքով ես նայում Հայաստանյան անցուդարձին

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.