Ռուբէն Յովակիմեան
«Զրպարտութիւնը հարուածում է
սովորաբար ազնիւներին, ինչպէս
որդերն են գերադասում լաւ պտուղները»:
Ջ․ Սվիֆթ
Չեմ ուզում հաւատալ, թէ համատարած տխմարութիւն է տիրում մեր երկրում, բայց ակնյայտ է, թէ ինչ-որ թաքնուած քաղաքական եւ դաւադիր ուժեր կարողանում են իրենց շահերից ելնելով հիպնոսացնել պարզամիտ եւ ամէն տեսակի հոգսերից ձանձրացած ամբոխին, որին խթան եղան համաճարակի ու պատերազմի տուած անգնահատելի կորուստները, որի հետեւանքով նրանք մի տեսակ մրափի վիճակ ունեն՝ հոգեբանական երերուն կեցուածք, եւ բազում են, որ նայում եւ ունկնդրում են, բայց չեն լսում եւ տեսնում՝ ընդհուպ շփոթելով ազատութեան եւ անկարգութեան արժէքները: Նրանք դեռ լիովին չեն իւրացրել մի կարեւոր սկզբունք, որ իւրաքանչիւրի իրաւունքը վերջանում է այնտեղ, ո՛ւր սկսուում է ուրիշինը: Արթնացնել պէտք է այդ մրափից, քանի որ հետեւանքները կարող են աւելի մեծ չարիքի առջեւ կանգնեցնել՝ չմոռանալով թուրք-ազերի զուգապարը, եւ որ նրանց նեցուկ է Իսրայէլի զինուորական արդիւնաբերու-թիւնը՝ ինչից մենք զուրկ ենք: (sic)․
Ներկայ տիրող մթնոլորտը երկրում գերլարուած բնոյթի է, որի միակ յանգերգը վարչապետի դաւաճան որակումն է՝ հրաժարականի պահանջով, որ որեւէ տրամաբանական հիմք չունի եւ այն թէժացնողները՝ ցաւօք պատասխանատու եւ գործի իրականութեանը մօտիկից ծանօթ են, հոգեւոր դասից սկսած մինչեւ երկրի նախագահ՝ Արմէն Սարգսեանը, որ իր պաշտօնը սերժիկից ստացաւ կապոյտ եզրով սկուտեղի վրայ, որպէս նուէր եւ խրամատի ո՞ր կողմը գտնուելը անյայտ է, իսկ գործունէութիւնը՝ պղտոր, մինչեւ իսկ հանդիպումներ է ունենում 17-ի անդամների հետ եւ ցուցադրական լուսանկարուում մամուլին տալով, մինչդեռ նրա առաջին եւ գլխաւոր պարտքն է հանդարտութիւն եւ իրար հասկանալու ջանքեր թափել՝ հաշուի առնելով իր իմացականութեան եւ կրթութեան մակարդակը եւ նաեւ զբաղեցրած դիրքը,:
Յիշեցնեմ դարաւոր այն սկզբունքը, որ յաղթանակը նշում են բազմամարդ, ամէն մարդ իր խիզախութիւնը առաջ տանելով, մինչդեռ պարտութեան պարագային պատժուող է լինում մէկը, ըստ յայտնի սկզբունքի․ թէ «Յաղթանակը բազում հայրեր է ունենում, մինչ պարտութիւնը միշտ որբ է», որ տանում է աղէտի ողջ տարողութիւնը եւ այսօր այդ դերը ընդդիմադիրները նախկինների մեկենասութեամբ փորձում են դնել վարչապետի ուսերին՝ այն համարելով լաւ առիթ ետ գալու ճամփան հարթելու եւ որպէս անցողական փուլ ցանկանում են ստեղծել ժամանակաւոր իշխանութիւն, Վազգէն Մանուկեանի ղեկավարութեամբ, մարդ, որը այն հարցին, թէ ի՞նչ ծրագիր ունի, պատասխանում է, թէ «ե՛րբ դառնամ վարչապետ՝ գիտե՛մ թէ ինչ պիտի անեմ, շեշտելով, թէ եթէ վարչապետը կամաւոր չհեռանայ՝ նրան կը յօշոտեն»: Ահա մի պատասխան, որ դատարկութիւնից հեռու չէ: Այս պարբերութիւնը յիշեցնում է, մի քանի տարի առաջ շրջանառութեան մէջ եղած հինգերորդ շարասիւն որակուող գաղափարը: Ողբալի է:
Շատ ծանր է Նիկոլի քաշած բեռը, որին նա մասամբ է առնչւում եւ չնայած իր մեղքի բաժինը ունենալով՝ մնում է նրան վերագրել վերջին երեսուն տարիների բոլոր այն մեղքերը, որ հիւծել են երկիրը՝ սակաւապետութիւնը, կաշառքը, ազգականապաշտութիւնը (népotisme), որ ծնեցին համատարած նենգութիւն, խաբէութիւն, անիրաւութիւն: Այս դժբախտ պարտութիւնը, որից խուսափելու ոչ մէկ հնար կար եւ վստահօրէն կարելի է ասել, որ եթէ մեր դիմացը լինէր միայն ազերի բանակը՝ առանց թուրքերի, նոյնիսկ իր գերհագեցած սպառազինութեամբ՝ մեր քաջարի մարտիկները կը յաղթէին, ինչպէս առաջուայ բախումներին, իսկ թուրքերի եւ վարձկաններին դիմակայել անհնար էր, որին անհրաժեշտ է աւելացնել մեր բանակի ներքին դաւերը, իսկ նախկինները 17-ի հետ միասին մթնոլորտը ապականելով փորձում են առաջ քաշել իրենց ճակատագրական լեգենդային դերը՝ երկիրը վերականգնելու եւ միջավայրը առողջացնելու ձգտումով, բայց միայն տխմարներն են որ չեն հասկանում, որ նրանց միակ նպատակը թալանի վերադարձն է եւ ում համար է գաղտնիք, որ այսօրուայ վիճակի հիմնական հեղինակները հէնց իրենք են: Ըստ իրենց վարժութեան, ինչպէս ընտրութիւնների ընթացքին, նախկինները ցոյցի են հանում մի քանի հազար ցուցարարներ, որոնք տնտեսապէս խախուտ եւ գործազուրկ են, իսկ իրենց մասնակցութիւնը վճարւում է, թերեւս արդէն աւանդոյթ եւ սկզբունք դարձած պիցցայով :
Մենք բոլորս ենք ողբում քառասուն չորս օր տեւած դժոխքի հետեւանքները, բայց այդ սուգը իրաւունք կը տա՞յ այսօր ոտքի տակ տալ ամէնը, ինչ ձեռք ենք բերել մինչ այդ: Դա կը լինի առնուազն առողջ բանականութեան անգոյութիւն: Ես չեմ կարող բացառել վարչապետի որոշ բացթողումները եւ սխալները, թերեւս Մոսկուայի հետ յարաբերութիւնների ոլորտում անզգոյշ է եղել՝ հաշուի չառնելով ուժեղների մօտ դիւրազգացութեան առկայութիւնը եւ գիտակցելով, որ մեր միակ սատարը Պուտինն է եւ նրանից հեռու մնալը վտանգաւոր է եւ կարող է ծանր հետեւանքներ ունենալ, բայց այդ որակել դաւաճանութիւն՝ հեռու է ճշմարտութիւնից, մինչդեռ այն լայն դուռ բացեց բոլոր տեսակի խարդաւանքի, նենգութիւնների հեղինակ վարպետների համար, որոնց ո՞վ լինելը եւ նպատակը եւս գաղտնիք չէ: Բայց արդեօք նման սխալնե՞րն են եղել մեր պարտութեան պատճառը, որի դիմաց կարելի է նշել մեր կատարեալ անպատրաստ լինելը ի դէմս ազերի-թուրքական հզօրութեանը, որ հետեւանք էր քսան հինգ տարիների ընթացքին բանակին յատկացուելիք գումարների՝ դէպի մասնաւոր անհատական ոլորտ տանելը՝ մոռանալով բանակի արդիականացումի անհրաժեշտութիւնը:
Կարեւոր է յիշեցնել, թէ ի՞նչ պատճառով եւ նպատակով, երկու տասնամեակ շարունակ ռուսների հետ բանակցելով երկրի պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերը, չի պարզուել Արցախի համակեցութիւնը Հայաստանի հետ: Այդ չէ՞ր պատճառը, երբ դիմեցին Պուտինին բախումների թէժ պահին խաղաղ բնակչութեան ռմբակոծման եւ ֆոսֆորային լուծոյթներ կիրառելու մասին, պատասխանը եղաւ, թէ իրենք Արցախի հետ պայմանագիր չունեն: Այստեղ պիտի փնտրել, թէ ո՞վ է դաւաճան եւ ո՞վ մեղաւոր:
Վերջապէս, հրաժարականի մոլուցքով տառապողներ մէկ հասարակ հարց կարող են տալ, թէ՞ վարչապետի հեռացումով երկու հանրապետութիւնների պաշտպանութեան խնդիրը լուծելի պիտի դառնա՞յ, ո՞վ պիտի այն ձեռնարկի եւ եթէ կայ այդպիսի մէկը, ապա ինչո՞ւ է լռել մինչեւ այսօր եւ ինչպե՞ս եւ ի՞նչ պայմանով է լուծումը: Ոչ մէկ ապացոյց եւ պատճառ կայ, որ Ալիեւը ազգային հերոսի պատմուճանը ուսերին կարողանայ յարգանքով մօտենալ մեր որեւէ խնդրի նկատմամբ, երբ ամէնուր յայտարարում է, թէ Սեւանը իրենցն է եւ ուշ թէ կանուխ այն եւս պիտի գրաւեն:
Ժամանակն է, որ մերոնք, ի՞նչ մտքի ու համոզմունքի էլ լինեն, թօթուեն մրափից, դադարեն իրար ուտելուց՝ հրաժարուելով մոլուցքներից եւ կուրօրէն գործելուց, ամէն ինչի տալով իր համապատասխան արժէքը: Վազգէն Մանուկեանը եւ 17-ից ոչ մէկը որեւէ առաւելութիւն ունի Նիկոլի համեմատ, իսկ եթէ ունենային՝ կը տեսնուէր անցած տարիների ընթացքին, իսկ «քաշուի՛ր տեղ տո՛ւր»-ի սկզբունքով երկիր չի կառուցուի, այլ դէպի անդունդ ուղին բաց է: Իւրաքանչիւր հայ պիտի մտածի, որ մեր լինել-չլինելու հարցը սեղանի վրայ է, կամ մազից կախուած, թող ոչ ոք չմոռանայ, որ ռուս խաղաղապահները եկել են ոչ մեր, այլ իրենց շահերը պաշտպանելու եւ հաստատուն ոտքի տեղ ունենալու նպատակով:
Իսկ փողոցների անմիտ ցոյցերի հետեւանքն այն է, որ միայն այսօր պսակաձեւ ժահրով վարակուել է մօտ 1200 անձ, որ գրեթէ տասնապատիկն է քան ամիսներ առաջ եւ կարելի է՞, որ դարձեալ վարչապետն է մեղաւոր: Այն դէպքում, երբ բոլոր երկրները սահմանափակումներ են հաստատում՝պայքարելու համաճարակի դէմ մեր, տխմարները ցոյցեր են անում՝ գրեթէ առանց դիմակի եւ հետեւանքը յայտնի է:
Արթնացէք քանզի Դամոկլեան սուր կայ մեր գլխին:
16-12-2020