ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԼՂՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆԻ ՀԵՏ
ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարէն Միրզոյեանը հարցազրոյց է տուել Karabakh-open.info-ին:
ՀԱՐՑ.- Պարոն Միրզոյեան, նախորդ տարի ԵԽԽՎում ընդունուեցին որոշումներ ԼՂՀին առնչուող երկու զեկոյց պատրաստելու մասին՝ «Բռնութեան սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ բռնագրաւուած տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները կանխամտածուած ձեւով զրկուել են ջրից» անուանումներով: Կա՞ն որեւէ զարգացումներ այս հարցում: Նախատեսւո՞ւմ է, արդեօք, զեկուցողների այցը Արցախ:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- Ինչ վերաբերում է զեկուցողների այցին Արցախ, ապա, համաձայն ընդունուած կարգի, նրանք նման խնդրանքով պէտք է դիմեն անմիջապէս ԼՂՀ իշխանութիւններին: Մինչ օրս տարբեր միջազգային առաքելութիւնների բոլոր այցերն Արցախ տեղի են ունեցել ԼՂՀ իշխանութիւնների համաձայնութեան եւ աջակցութեան պայմաններում: ԼՂՀ իշխանութիւնները զեկուցողների այցի հետ կապուած որոշում կ՛ընդունեն համապատասխան դիմումի առկայութեան եւ այցի նպատակայարմարութեան դէպքում: Դեռեւս նման դիմում չենք ստացել, ուստի այցի հաւանականութեան քննարկումը վաղաժամ ենք համարում:
Դրա հետ մէկտեղ հարկ եմ համարում նշել, որ թէ՛ այդ զեկոյցների վերնագրերը, թէ՛ մինչ օրս դրանք պատրաստող պատգամաւորների յայտարարութիւնները մեզ մօտ խորը կասկած են առաջացնում նրանց անկողմնակալութեան շուրջ: Համոզուած ենք, որ ԵԽԽՎի պէս հեղինակաւոր կառոյցը պէտք է խուսափի Ադրբեջանի քարոզչական թեզերին համահունչ միակողմանի ձեւակերպումներ պարունակող փաստաթղթերից, որոնք ոչ միայն միտուած են դառնալու զուտ շահարկումների առարկայ Ադրբեջանի կողմից, այլեւ ընդունման պարագայում կարող են լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին: Յուսով ենք, որ ԵԽԽՎն կը ցուցաբերի քաղաքական հասունութիւն եւ թոյլ չի տայ իր հարթակը վերածել Ադրբեջանի քարոզչութեան ամբիոնի:
ՀԱՐՑ.- Օրերս ԵԽԽՎում ընդունուեց «Ժողովրդավարական հաստատութիւնների գործունէութիւնը Ադրբեջանում» խորագրով զեկոյց: Զեկոյցի նախագծում տեղ գտած «Լեռնային Ղարաբաղի եւ յարակից 7 շրջանների օկուպացիա» եզրը վերջնական տարբերակում փոխարինուեց «Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւն» ձեւակերպումով: Սա Ադրբեջանում ընդունուեց ոչ միանշանակ: Եղան նոյնիսկ մեկնաբանութիւններ առ այն, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ Եւրոպայի խորհրդից:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- Ադրբեջանն աւանդաբար ձգտում է օգտագործել միջազգային կազմակերպութիւնների, այդ թւում ԵԽԽՎի կողմից տրամադրուող միջազգային հարթակն իր քարոզչութեան ու ապատեղեկատուութեան համար: Մինչդեռ Եւրոպայի խորհուրդը մարդու իրաւունքների պաշտպանութեան, իրաւական պետութեան ու իրաւունքի գերակայութեան սկզբունքների պաշտպանման համաեւրոպական առաջատար կառոյց է, որը չի կարող անտեսել Ադրբեջանում ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների հետ կապուած անմխիթար իրավիճակը: Եւրոպայի խորհրդին երկակի ստանդարտների կիրառման մէջ մեղադրելու փոխարէն տեղին կը լինէր կատարել ստանձնած պարտաւորութիւնները՝ ուղղուած օրէնքի գերակայութեան, ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների ամրապնդմանն Ադրբեջանում: Դա ոչ միայն բխում է Ադրբեջանի ժողովրդի շահերից, այլեւ տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատման կարեւորագոյն պայմաններից է:
ՀԱՐՑ.- Օրերս ՄԻԵԴը ընդունել է երկու որոշում: Դրանցից մէկը՝ «Չիրագովը եւ ուրիշներն ընդդէմ Հայաստանի» գործով ՄԻԵԴի վճիռը Ադրբեջանը ներկայացնում է որպէս յաղթանակ եւ իւրովի մեկնաբանում այն՝ իբրեւ միջազգային հանրութիւնը ճանաչում է, թէ «Հայաստանը բռնազաւթել է Լեռնային Ղարաբաղը»: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք Ադրբեջանի այս փորձերը:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- Ադրբեջանի փորձերը՝ շահարկել ՄԻԵԴի վճիռը, զուրկ են տրամաբանութիւնից եւ լիովին համահունչ են վերջինիս կողմից որդեգրած քաղաքականութեանը՝ բոլոր հնարաւոր միջոցներով խեղաթիւրելու ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան էութիւնն ու խոչընդոտելու հակամարտութեան լուծմանն ուղղուած ջանքերը:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան քաղաքական կարգաւորման հարցերը ՄԻԵԴի իրաւասութիւնների շրջանակներում չեն, ինչի մասին միանշանակ կերպով նշուած է նաեւ դատարանի որոշումների մէջ: Հետեւաբար, դատարանի վճիռը բանակցային գործընթացի ենթատեքստում դիտարկելու փորձերը զուրկ են որեւէ հիմնաւորումից: ՄԻԵԴի որոշումը վերաբերում է, բացարձակապէս, անհատական առաջին հերթին՝ գոյքային իրաւունքների իրաւական պաշտպանութեանը:
ՀԱՐՑ.- Ինչպէ՞ս կարող են անդրադառնալ «Չիրագովը եւ ուրիշներն ընդդէմ Հայաստանի» եւ «Սարգսեանն ընդդէմ Ադրբեջանի» գործերով ՄԻԵԴի վճիռները փախստականների խնդիրը լուծելու վրայ:
ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ.- Նշուած վճիռները կրկին արդիական են դարձրել փախստականների եւ տեղահանուած անձանց խնդիրը: Այն ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի բաղկացուցիչ մասն է եւ ի յայտ է եկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքն ուժով ճնշելու ադրբեջանական իշխանութիւնների փորձերի արդիւնքում ծագած հակամարտութեան հետեւանքով:
Ադրբեջանը յամառօրէն անտեսում է, որ ՄԻԵԴը զուգահեռաբար քննում էր նաեւ «Սարգսեանն ընդդէմ Ադրբեջանի» գործը, որի դէպքում նոյնպէս դրական վճիռ է կայացրել: Կարծում եմ, դրանով ՄԻԵԴը ցոյց է տուել, որ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան արդիւնքում տեղահանուած անձանց փոխհատուցման հարցը պէտք է լուծուի փոխադարձութեան եւ հաւասարութեան սկզբունքների հիման վրայ:
ԼՂՀն ի տարբերութիւն Ադրբեջանի մշտապէս հանդէս է եկել հաւասարութեան, փոխադարձութեան եւ արդարութեան սկզ-բունքների հիման վրայ փախստականների խնդիրների լուծման օգտին: Ադրբեջանական իշխանութիւնների կողմից իրականացուող խտրական քաղաքականութիւնը՝ հաւաքական պատժի ենթարկելու ԼՂՀում բնակուող հայ փախստականներին՝ զրկելով նրանց միջազգային պաշտպանութիւնից ու օգնութիւնից, հակասում է փոխադարձութեան, արդարութեան եւ մարդկանց հաւասարութեան սկզբունքին:
Մասնագիտացուած կազմակերպութիւնների, մասնաւորապէս, ՄԱԿի փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի՝ ԼՂՀ այցին խոչընդոտող Ադրբեջանի իշխանութիւնների ապակառուցողական դիքորոշման հետեւանքով, Լեռնային Ղարաբաղում բնակուող փախստականները զրկուած են միջազգային պաշտպանութիւնից եւ աջակցութիւնից: Ադրբեջանական իշխանութիւններն այդպիսով շարունակում են խախտել տուեալ կատեգորիայի (դասի-Խմբ.) անձանց հիմնարար իրաւունքները: