ԵՐԵՒԱՆ.- Երեքշաբթի, 8 Մայիսին, Ազգային ժողովի յատուկ նիստին, Նիկոլ Փաշինեան ընտրուեցաւ Հայաստանի վարչապետ: Խորհրդարանին մէկ երրորդին կողմէ Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնին առաջադրուած Նիկոլ Վովայի Փաշինեանին կողմ քուէարկեցին 59 եւ դէմ՝ 42 պատգամաւորներ:
Փաշինեանին կողմ քուէարկեցին «Ելք» դաշինքի, ՀՅԴ եւ «Ծառուկեան» խմբակցութեանց պատգամաւորները: Անոնց միացան Հայաստանի Հանրապետական կուսակցութենէն 11 պատգամաւորներ:
Ընտրուելէ ետք, Փաշինեան միացաւ Հանրապետութեան հրապարակ հաւաքուած բազմահազար զօրակցողներուն, որոնց ուղղեց իր շնորհաւորական խօսքը:
Փաշինեան ապա իր կնոջ հետ մեկնեցաւ Բաղրամեան 26՝ վարչապետի նստավայր:
Նշենք, որ Փաշինեան Չորեքշաբթի, 9 Մայիսին, Արցախ պիտի մեկնի՝ մասնակցելու Շուշիի ազատագրութեան 26րդ տարեդարձի տօնակատարութեան:
Ստորեւ կը ներկայացնենք կառավարութեան կայքին վրայ տեղադրուած Նիկոլ Փաշինեանի կենսագրութիւնը.
«Նիկոլ Փաշինեանը ծնուել է 1975թ. Յունիսի 1ին, Իջեւանում:
1991 թուականին աւարտել է Իջեւանի թիւ 1 դպրոցը, նոյն թուականին ընդունուել է ԵՊՀ բանասիրութեան ֆակուլտետի ժուռնալիստիկայի (լրագրութեան-Խմբ.) բաժին: Ըստ Նիկոլ Փաշինեանի՝ չնայած գերազանց առաջադիմութեանը, հինգերորդ կուրսում՝ աւարտական քննութիւնների մեկնարկից մի քանի օր առաջ, վարչական որոշմամբ հեռացուել է Երեւանի Պետական համալսարանից (1995թ.):
1992 թուականից ակտիւօրէն զբաղուել է լրագրութեամբ: 1994-1998 թուականներին «Լրագիր» թերթի հետ համագործակցում է որպէս լրագրող:
1998-99 թուականներին «Օրագիր» օրաթերթի գլխաւոր խմբագիրն էր:
1999թ.ից «Հայկական Ժամանակ»ի գլխաւոր խմբագիրն է: Լրագրողական գործունէութեան ընթացքում մի քանի անգամ Փաշինեանի դէմ յարուցւում են քրէական գործեր, նոյնիսկ դատապարտւում է ազատազրկման, սակայն պատժաչափը պայմանականօրէն չի կիրառւում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆ
1998 թուականին ՀՀ նախագահի թեկնածու Աշոտ Բլէեանի նախընտրական շտաբի անդամ էր:
2006 թուականին մասնակցում է «Այլընտրանք» հասարակական-քաղաքացիական (հ/ք) նախաձեռնութեան հիմնադրմանը:
2007 թուականին «Ժողովրդավարական Հայրենիք», «Պահպանողական» կուսակցութիւնների եւ «Այլընտրանք» հ/ք նախաձեռնութեան կազմած «Իմպիչմենթ» նախընտրական դաշինքի անդամ, նախընտրական ցուցակի 1ին համար: «Իմպիչմենթ» դաշինքի նախընտրական հանրահաւաքների ժամանակ հանդէս է եկել «Ո՛չ դոդացմանը, ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը» կարգախօսով:
2008 թուականին եղել է ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տէր Պետրոսեանի նախընտրական շտաբի անդամ:
2008թ. Մարտի 2ին, քաղաքական հետապնդումներից խուսափելով, Փաշինեանն անցնում է ընդյատակ:
2009 թուականի Յուլիսի 1ին, 1 տարի 4 ամիս ընդյատակում մնալուց յետոյ ինքնակամ ներկայանում է ՀՀ դատախազութիւն եւ ձերբակալւում:
2010 թուականի Յունուարի 19ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը դատաւոր Մնացական Մարտիրոսեանի նախագահութեամբ Նիկոլ Փաշինեանին ՀՀ ՔՕ 225 յօդուածի առաջին մասով դատապարտում է 7 տարուայ ազատազրկման: Պատժի սկիզբը հաշուառւում է 2009 թուականի Յուլիսի 1ից: Յետագայում Փաշինեանի պատժի ժամկէտը կիսով չափ կրճատւում է, իսկ 2011 թուականի Մայիսի 28ին՝ Հայաստանի անկախութեան 20ամեակի առթիւ յայտարարուած համաներման շրջանակներում, ազատ է արձակւում:
2012 թուականի Մայիսի 6ին ընտրուել է ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր՝ ՀԱԿ համամասնական ընտրացուցակով:
2013 թուականին համահիմնադրել է «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միաւորումը:
2017 թուականի խորհրդարանական ընտրութիւններին մասնակցում է «Ելք» դաշինքով եւ 7 տոկոս ձայներով դաշինքով մտնում է խորհրդարան եւ ընտրւում որպէս խմբակցութեան ղեկավար:
2018 թուականին Նիկոլ Փաշինեանի առաջնորդութեամբ մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնութիւնը, որը Գիւմրիից դէպի Երեւան քայլարշաւ էր կազմակերպել ընդդէմ Սերժ Սարգսեանի վարչապետութեան: Նրա ղեկավարած նախաձեռնութիւնը համագործակցում էր Սերժ Սարգսեանի իշխանութեան դէմ պայքարող այլ ուժերի հետ եւ լայն աջակցութիւն ստացաւ բնակչութեան տարբեր հատուածների կողմից: Քաղաքացիական հասարակութեան կողմից սկսուած մասշտաբային անհնազանդութեան ակցիաների հետեւանքով Ապրիլի 23ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը հրաժարական տուեց իր պաշտօնից:
Նիկոլ Փաշինեանն ամուսնացած է, ունի երեք դուստր եւ մէկ որդի: Կինը՝ Աննա Յակոբեանը, «Հայկական Ժամանակ» թերթի գլխաւոր խմբագիրն է: Զաւակներն են Մարիամը (ծնուած 1998 թուականի Նոյեմբերի 14ին), Աշոտը (ծնուած 2000 թուականի Մարտի 11ին), Շուշանը (ծնուած 2007 թուականի Յուլիսի 17ին) եւ Արփին: